ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ, Բելգրադ
Անցած հունվարի 22-ին «Ազգի» ինտերնետային համարում կարդացի.
«Երեկ ծննդյան տարեդարձն էր մեր բազմաշնորհ եւ հմայիչ աշխատակից, արվեստաբան, կինոգետ, վիպագիր, լեզվագետ ու թարգմանիչ Արծվի Բախչինյանի: Ծննդյան առիթով, խմբագրության եւ բազմահազար ընթերցողների անունից ջերմորեն շնորհավորում ենք նրան, ինչպես նաեւ տիկնոջը, 4 զավակներին, քրոջը եւ ծնողքինՙ Հենրիկին ու Հեղինեին:
Գիրդ թող միշտ փայլատակի, միտքդ պայծառ թող մնա, աշխարհասփյուռ ծանոթություններիդ շրջանակը թող է՛լ ավելի ընդլայնվի, սիրելի՛ Արծվի»:
Ես էլ ուզեցի մի անդրադարձ գրել մեր քաղաքի այսՙ հետաքրքիր մարդկանցից մեկի մասին, անկախ նրա 50-ամյակից:
Նրան կարելի է տեսնել ամեն տեղՙ Երեւանի տարբեր մասերում արագ քայլելիս, մշակութային միջոցառումներում, գիտաժողովներում, քաղաքացիական ակցիաներում, որեւէ դրսի հյուրի հետ սրճարանում նստած ինչ-որ բան քննարկելիս, նրանց Հայաստանի տարբեր վայրեր տանելիս: Ձեռքին գրեթե միշտ գիրք ու մամուլ կա: Միշտ մեկին ինչ-որ բան ունի փոխանցելու, ինչ-որ բան պատմելուՙ լինի տեսած նոր ֆիլմը թե մի թարմ անեկդոտ (որպես կանոնՙ «բաց»), ինչ-որ գաղափարի մասին կիսվելու ու նոր ծրագիր կազմելու: Նրա ընկերների ու ծանոթների շրջապատն ընդգրկում են գրողներ, թարգմանիչներ, թատրոնի, կինոյի գործիչներ, պարողներ, նկարիչներ, հայագետներ…
Նրա հետ Երեւանում քայլելը նման չէ ուրիշ մեկի հետ քայլելուն: Նրան հաճախ ողջունում ու ողջագուրում են, ամեն մի վայրի մասին մի հետաքրքրական բան ունի պատմելուՙ անցյալից ու ներկայից, մեկ էլ տեսարՙ մեկը կզանգահարի ու կճշտի հայ կամ համաշխարհային գրականության կամ արվեստի որեւէ դրվագ, կհարցնեն, թե ունի՞ արդյոք ծանոթ, ենթադրենք, Թաիլանդում կամ Ավստրալիայում, ու կամ էլ արտասահմանից կզանգեն ու կուզեն նրան ծանոթացնել Հայաստան այցելող իրենց ծանոթի կամ ծանոթի ծանոթի հետ:
Ու Արծվին ժամանակ կգտնի բոլորի համար ու միշտ կասի.
– նձ համար կյանքում ամենահետաքրքիր բանը մարդն էՙ իր կյանքով ու գործերով, իսկ եթե այդ մարդն էլ իմ հայրենակիցն էՙ ապա կրկնակի հետաքրքիր է: Ինչպես ասում էր իմ սիրելի գրող Վիլյամ Սարոյանըՙ «Ի՞նչ կա ավելի հետաքրքիր բան, քան հետաքրքիր մարդու հետ հանդիպելը»:
Ու այդպես Արծվին ողջ կյանքում հետաքրքրվում ու գրում է հետաքրքրական մարդկանց ու հայերի մասին, լինեն անցած-գնացած ժամանակներից թե մեր ժամանակակից: Դեռեւս մինչեւ ինտերնետի ու գուգլի գալը նա կարողանում էր գիրք ու մամուլից պեղել անհայտ ու հայտնի հայրենակիցների ու հոդվածների ու գրքերի ձեւով մեզ տեղեկացնել նրանց մասին: Իսկ մեր օրերում էլՙ հարցազրույցների ձեւով, հայերեն ու անգլերեն, երբեմնՙ նաեւ ռուսերեն ու ֆրանսերեն:
– ատերն են հարցնումՙ ինչպե՞ս ես գտնում կորած-մոլորած հայերի ու հայության հետ կապ ունեցողների: Մեր ինտերնետային ժամանակներում այլեւս դրա վրա չեն զարմանա: Նաեւ արդեն իրենք են սկսել ինձ գտնել,- ասում է Արծվին, որն իր կյանքի գործի նշանաբանը դարձրել է Գարեգին Սրվանձտյանցի խոսքերը. «Հայը հային ծանոթացնել, հայը հային սիրել տալ, ահա միակ նպատակս ու ջանքս»:
Հայը հային սիրել տալու նրա ջանքը սակայն հեռու է ազգայնականությունից: Ինքըՙ Արծվին, շատ էլ կոսմոպոլիտ է, որն իր ազգայինի կողքին նկատում, գնահատում է օտարի լավը ու չի վարանում ամենաանխնա կերպով քննադատել նաեւ իր ժողովրդին հատուկ թերությունները: Ամենից շատ նա վրդովվում է հայրենակիցների խելքի պակասից ու պատմությունից դասեր չքաղելուց, այդ առիթիվ էլ հիշելով Մարտիրոս Սարյանի խոսքը. «Մենք տաղանդավոր, բայց անխելք ժողովուրդ ենք»:
Նա կարողանում է մարդկանց կապել միմյանց, գաղափարներ հուշել, կանգնել նոր նախաձեռնությունների ետեւում, հատկապես եթե այդ գործը մեզ ճանաչելի կդարձնի աշխարհում: Ու այս ամենըՙ անշահախնդրորեն, հանուն գաղափարի ու լավ գործի: Իր ընկեր-ծանոթների հաջողությունների համար ուրախանում ու հպարտանում է, ինչպես սեփականի համար:
– ամանակ չունենալու պատճառով որեւէ բանով չզբաղվելը պատրվակ է, ուրեմնՙ մարդու մտքին չկա,- ասում է Արծվին:- Մարդ միշտ ժամանակ կգտնի զբաղվելու այն բանով, ինչով ուզում է զբաղվել:
Եվ նա զբաղվում է: Նա իր պետության քաղաքացին է, ոչ անտարբեր ու սրտացավ քաղաքացին, որը դեռ 1988 թվականից իր մասնակցությունն է բերում անօրինության դեմ սկսված ամեն տեսակ պայքարիՙ լինի Արցախի ինքնորոշման պաշտպանության, բնապահպանական թե մարդու իրավունքների: Սակայն մտքով էլ չի անցնում մոտ գնալ քաղաքականությանը, քանի որ մտավորական ու արվեստագետ մարդու կոչումն այլ է: Ինչ խոսք, հայ մշակույթի, Սփյուռքի, հայագիտության տարբեր բնագավառների իր իմացությամբ նա կարող էր օգտակար լինել նաեւ մեր քաղաքական դաշտում, բայց կարիերան Արծվիին երբեք չհետաքրքրեց, քանի որ նա նախընտրում է լինել ազատ մտավորական: Ցավոք, չզբաղվեց նաեւ դասավանդումով, չնայած նա տարիներ շարունակ եղել է Վենետիկի հայագիտական ամառային դպրոցի ուսուցիչ:
Արծվիին ճանաչում եմ 1988 թվականից, երբ պարապում էինք բարձրագույն բանասիրական կրթության համար: Նա ավարտեց պետհամալսարանի բանասիրականը ու թեկնածուական պաշտպանեց գրականությունից, բայց գրականագիտությունը երբեք նրան չէր հետաքրքրում: Արծվիի տարերքը պատմաբանասիրական հետազոտություններն են ու արվեստի պատմությունը, ուստիեւ նա մեծ մասամբ գրում է որպես պատմաբանասերՙ գրելիս լինի կինոյի, պարարվեստի կամ որեւէ երկրի հայ համայնքի մասին: Աշխատելով Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտումՙ նա նվիրվեց քիչ ուսումնասիրված կամ չուսումնասիրված հայ համայնքների պատմությունը գրելուն: Ինձ, որպես Սերբիայում բնակվողի, ուրախացրեց այն փաստը, որ Սկանդինավյան երկրների, Չեխոսլովակիայի, Ալբանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Սիբիրի, Աֆրիկայի հայ համայնքների հետ մեկտեղ նա տարիներ շարունակ նյութեր է հավաքել նաեւ նախկին Հարավսլավիայի հայերի ներկայության մասին, որի արդյունքը հրատարակվեց 2020-ին, Բելգրադումՙ բնագրով եւ իմ կատարած սերբերեն թարգմանությամբ: Նա գիտի համարյա բոլոր երկրների ու ժողովուրդների հետ հայերի ունեցած հեռու-մոտիկ կապերը: Երբ մի անգամ կատակով հարցրի, թե Անտարկտիդայում հայկական հետքեր կա՞ն, «Իհարկե,- անմիջապես պատասխանեց Արծվին,- մի հայի անունով լեռ է կոչվում, մի հայի անունով էլՙ լիճ»: Ու մեջբերում է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի խոսքը. «Մազալո՜ւ ազգ ենք»:
Սակայն Արծվին ողջ օրը գրադարաններում ու արխիվներում անցկացնող գիտնականը չէ: Նրա կյանքում կարեւոր դեր է խաղում արվեստը, ուստիեւ իր կյանքի մի ժամանակահատվածում նա հասցրեց լինել երգչախմբի անդամ (այն էլ այնպիսի պրոֆեսիոնալ կոլեկտիվի, ինչպիսին է «Հովեր» կամերային երգչախումբը), մասնակցել կինոփառատոների ու կինոնախագծերի, իսկ 38 տարեկանում առաջին անգամ սովորեց Գագիկ Գինոսյանից պարել մեր ավանդական պարերը… Բայց կա մի բան, որ Արծվին արել է ողջ կյանքումՙ գրելը: Գեղարվեստական գործերը նկատի ունեմ: Ու չնայած իր առաջին պատմվածքների գիրքը նա տպագրեց համեմատաբար ուշ, 2014-ին, կարող ենք ասել, որ նա կայացավ այսօրվա հայ արձակումՙ մեր երկրին հուզող խնդիրները գրական նյութ դարձնելով իր խաղացկուն, չարաճճի ոճով, իր երկու վեպերի հերոսներիՙ Մուչիկի ու Հնազի կյանքի միջոցով հիշեցնելով մեր բոլորիս ապրած տարիները, հույզերն ու հույսերը: Առհասարակ, նրա գրվածքներում ամենքս դրվագներ ենք տեսնում մեր կյանքից ու մեր փորձառություններից:
Նա հայ արվեստի երկրպագու ու գիտակ է, մեծարողը հայ մեծերի, որոնցից ոմանց մասին նա հանդես է եկել ու գալիս հանրային դասախոսություններովՙ Դիանա Աբգար, Կոմիտաս, Ռուբեն Մամուլյան, Վիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր, Փարաջանով, պարուհի Արմեն Օհանյան: Նրանց մասին պատմում է այնպես, կարծես ճանաչել է անձամբ: Դրան նպաստում է ինչպես բնածին արտիստիզմը, այնպես էլ սուր հիշողությունը (չէ, աչքով չեմ տա): Նա հաճախ է տարբեր մարդկանց հիշեցնում նրանց իսկ կյանքից իրողություններՙ իրենց իսկ կողմից մոռացված, ուստիեւ մի անգամ ասել եմ, որ Արծվին նման է մեր այն հին ձեռագրերին, որոնց բնագրերը կորել են ու պահպանվել են հայերեն թարգմանությամբ…
Եվ որքան էլ նա սիրում է դրսի կյանքը, միջմշակութային շփումները, որքան էլ հանրային մարդ է, նրա համար առաջնայինն ընտանիքն է, մեկը մյուսից անուշիկ զավակները ու իրեն համախոհ կինըՙ շվեդական գրականության թարգմանչուհի Աշխեն Բախչինյանը:
Չէ, ես այս հոդվածը չգրեցի Արծվիի 50-ամյակի առթիվ: Նա գրում է բոլորի մասին, իսկ ինչո՞ւ չգրել նրա մասին:
Ես ուրախ եմ, որ Արծվին իմ ընկերն է, իսկ դո՞ւք:
…Նա ասում էր, որ իր կեսդարյա հոբելյանը ցանկանում է նշել երկու նոր գիրք հրատարակելով ու Երեւանի մշակութային կենտրոններից մեկում կազմակերպել շնորհանդես-տարեդարձի օրՙ ներկայությամբ իր 50 ամենամտերիմ մարդկանց (թեեւ վստահաբար ավելի շատ թվով մարդկանց կուզեր հրավիրել): Տեղի չունեցավ. ինչպես ամեն գիտակից հայ, նա խորապես ծանր է տանում հերթական ազգային աղետը ու նրա հետեւանքները:
Մաղթենք, որ բոլորիս տրամադրությունը բարելավված լինի հաջորդ տարի, ու մեր բոլորի Արծվին էլ իր տարեդարձը նշի 51 ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ…
Մայիս, 2021