ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը սպասվածից էլ թեժ է ընթանում: Կարծես դրա առիթը չկա, քանզի մասնակից բոլոր ուժերի նպատակը նույնն էՙ ուժեղ ու հզոր, արդար ու ինքնիշխան Հայաստան երկրի կառուցումը: Թվում է դեպի այդ կանխորոշիչները տանող ճանապարհի ընտրության հարցում էլ լուրջ տարաձայնություններ չկանՙ արդար հարաբերությունների հաստատում, գործարար առողջ միջավայրի երաշխավորում, բիզնեսի վարման դյուրացում, պետական ապարատի միջամտության բացառում ու համանման կարգի խոստումների ավետում: Սովորականից էլ պարզ այս գործընթացում հիմնական անորոշությունն այն է, որ մեր մարդկանց տառապանքն արդեն տասնամյակների փորձ ունի եւ դժվար է այս ամենից գլուխ հանել, թացը չորից զանազանել, թնջուկը պարզել: Եվ հարցըՙ ի՞նչ անակնկալներ սպասել առաջիկայում, հնչում է ինքնաբերաբար:
Առաջիններից մեկը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն է, կապիտալի ներհոսքը: Այստեղ էապես կարեւորվում է սփյուռքահայության դերը, նրանց համար հայրենիքը դիտարկվում թե որպես շուկա, թե աղբյուր: Ավաղ, հատկապես Արցախի պարագայում սպաելիքները չարդարացան, հատկապես նորօրյա իշխանության ապաշնորհ գործողությունների արդյունքում, պարզապես դրսեւորվեցին հինազուրկ գնահատականների տեսքով: Անցած երեք տարիների ընթացքում չիրականացվեց պետության հիմնասյուների հաստատման ոչ մի ձեռնարկում, տնտեսությունը մատնվեց ինքնահոսի, խորացավ իրավապահ համակարգի հանդեպ անվստահությունը: Տնտեսվարական ու տնտեսագիտական միտքը, որքանով որ այն կա, խոստացավ հայկական «Դավոս»-ներ կազմակերպել, երկրի կայացման ուղիների առաջնահերթությունները նախանշել, որոնք մարզերում սպանդանոցներ կառուցելուց անդին չանցան: Գյուղական համայնքների պարբերական քայքայման պայմաններում մասամբ աշխուժության նշաններ ցույց տվեց վերամշակող արդյունաբերությունը, թողարկելով անհասկանալի կաթ պարունակող մթերք, պանրային մթերք, կիլոգրամը մինչեւ 1000 դրամով առաջարկվող նրբահա՜մ նրբերշիկների արտադրանք, երբ տեղական արտադրության մսի կիլոգրամի գինը տատանվում է 3000-5000 դրամի միջեւ:
Անիմաստ է պնդել, որ այսօրինակ միջոցներով ընթացան կայացման ու զարգացման ուղին ընտրած երկրները, որոնցից Հայաստանի հանրապետություն է ներկրվում ինչ պատահի, սկսած դանակ-պատառաքաղից մինչեւ կենցաղին տեխնիկա ու ժամանակակից սարքավորումներ, պարենի առումով էլ սոխ ու սխտորից մինչեւ կաթի փոշի ու խոր սառեցված մսատեսակներ: Այս վիճակի պատասխանատու ՀՀ բարձրագույն գործադրի մարմինը, որն է ՀՀ կառավարությունը, հայաստանյան հանրությանը որեւէ բացատրություն չի տալիս, ձախողումները բացատրելու փոխարեն արդարացումներ է փնտրում, չնկատելու է տալիս կանգնած արդյունաբերական կառույցները վերագործարկելու, հայոցս բարեբեր հողերը մշակելու, այլ իրողությունները կյանքի կոչելու իրենց իսկ տված խոստումները: 2018-ի ոգեւորության շրջանում ասվեց, չէ՞, Վանաձորի «Քիմպրոմը» վերաշահագործելու մասին, քանզի օդից պարարտանյութ է ստացվում, որն օգտագործվում է գյուղոլորտում, միայն թեՙ Վրաստանից ներմուծվելու արդյունքում: Կանգուն վիճակում է Երեւանի էլեկտրական լամպերի գործարանը, որտեղ խոստացվում էր նոր, խնայող ու երկարաժամկետ օգտագործման լուսատուների արտադրություն կազմակերպել: Պահանջարկ վայելող արտադրանք է, որը թանկ գնի պայմաններում էլ ներմուծվում ու սպառվում է: Օրերս ընտրություններին մասնակցող մի ուժի հետ հանդիպման ընթացքում խոհանոցային կահույք արտադրող ընկերության սեփականատերը պահանջում էր ներմուծվող կահույքի վրա բարձր մաքսատուրք սահմանել տեղական արտադրանքը իրացնելու նպատակով: Կարծես մեզանում պահանջ ու ցանկություն չկա որակյալ արտադրանքը նաեւ մատչելի գնով առաջարկելու գնորդի համակրանքին արժանանալու հարցում: Ըստ մի հաղորդման, որտեղ հիշատակվում է մեղվաբույծների ազգային միավորումը, ՀՀ-ում մեղրի տարեկան արտադրանքը կազմում է 1000 տոննա: Այստեղ տեղին է հիշել Ա. Էնշտեյնի այն արտահայտությունը, թե մեղվի վերանալու հետ կվերանա նաեւ մարդկությունը: Այն ահազանգ է Հայաստան պետության համար, քանզի տարիներ առաջ երկրում կար 500000 մեղվաընտանիք, հիմա ստացվում է 50000 մեղվաընտանիք: Բույսերի փոշոտում իրականացնող ժրաջան այս թռչունների նվազումը բերել է գյուղմշակաբույսերի ծավալների նվազման, որակական ու գնային զգալի տատանումների հանգեցման:
Ինչո՞ւ ենք այսչափ անզոր ու անօգնական դարձել, երբ ցուցանիշ է հռչակվում մեկ բնակչի հաշվով տարեկան 4000 դոլար համախառն ներքին արդյունքը: Պարզապես աղքատի հոգեբանություն, քանզի միջին բնակչի հաշվով օրը 10 դոլար արդյունքով որեւէ հիմնավոր խնդիր լուծել հնարավոր չէ: Դրանով ո՛չ կրթության հարցեր կլուծես, ո՛չ առողջապահության, չխոսելով առավել անհրաժեշտ անվտանգային հարցերից: Հիմնադրման շրջանից հարեւանների հետ պատերազմող հրեից երկրում 1 բնակչի հաշվով տարեկան 40000 դոլարի արդյունք է ստեղծվում, մեր տասնապատիկը: Անշուշտ արդարացված է այս պետությունը գերժամանակակից հռչակելը, քանզի ռազմական, առողջապահական, կրթական, մշակութային ու մարզական ոլորտներին զուգահեռ այստեղ նաեւ գյուղատնտեսությունն է առաջնահերթ դիտարկվում: Կրոնական շարժառիթով խոզի միս չսպառող բնակչության սննդային առաջնահերթությունը լուծելու նպատակով երկրում 1 բնակչի հաշվով տարեկան 80 կգ հավի միս է արտադրվում, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 4 կգ է: Սակավահող այս երկրի համար մի զավեշտալի ցուցանիշի էլ հանդիպեցի. հրեից երկրում վերջին տարիներից յուրաքանչյուրում մինչեւ 350 հազար տոննա ստեպղին է արտադրվում, որի մոտ 100 հազար տոննան Ռուսաստան է արտահանվում, մոտ 200 հազար տոննանՙ Եվրոպա: Հայաստանցիներս էլ ենք այդ բարիքից օգտվում, երբ մեր բարեբեր հողերը պարզապես չեն մշակվում, խոպանի են վերածվում:
Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստան երկրի առօրյա հրատապություններն ու հեռահար խնդիրները մոռացության մատնող իշանությունները զբաղվում են երեւութաստեղծ հարցերով, առկա թնջուկն է՛լ ավելի խճողելով: Թե ուր կտանի այս վիճակը, հայտնի չէ:
31.05.2021թ.
Միանշանակ
Եթե անգամ զանգեզուրյան միջանցք հորջորջվածի դիմաց թուրքերը մեզ Մասիսն ու Սիսն առաջարկեն, հայերիս պատասխանը պետք է միանշանակ Մերժում ենք-ը լինի:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 18.05.2021 թ.