ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից
Հունիսի 24-30-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «ԱրմԱրտֆեստ» անունը կրող հայկական արվեստի համառուսաստանյան առաջին փառատոնը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորվածՙ զանգվածային միջոցառումների տեւական սահմանափակումներից հետո, ասես ձնհալից հետո առաջին ձնծաղիկներՙ վեց օր շարունակ մոսկովյան ամենատարբեր բեմահարթակներից հնչում էր հայ երգն ու պարը, ասմունքը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ցուցասրահներում ցուցադրվում էին հայկական մշակույթի բարձրարժեք նմուշները։
Այս աննախադեպ միջոցառման հյուրերի թվում էին մոսկովյան էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մշակույթի աշխարհի երեւելի դեմքեր, ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ լրագրողներ եւ հեռուստաընկերություններ։
Փառատոնն անցկացվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի հովանու ներքո։ Մշակութային այս յուրօրինակ մարաթոնը նպատակ ուներ ամրապնդելու հայ-ռուսական մշակութային կապերն ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Փառատոնի մասնակիցները ծանոթացան հայ ականավոր գործիչների կյանքին, գործունեությանն ու թողած հարուստ ժառանգությանը, որոնք իրենց հետքն են թողել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա։
Հանդիսավոր միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Վարդան Տողանյանը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարն իր խոսքում նշեց, որ փառատոնը կոչված է նպաստելու ժամանակակից պայմաններում երկու երկրների հասարակությունների միջմշակութային երկխոսության ու կապերի զարգացմանն ու խորացմանը։ Դեսպանը հույս հայտնեց, որ փառատոնի բազմաբնույթ ծրագիրը կգրավի նաեւ ռուս հանդիսատեսի ուշադրությունը, իսկ փառատոնը կընդլայնվի եւ կդառնա ամենամյա։
Փառատոնը հնարավորինս ներառել էր արվեստի բոլոր ժանրերըՙ կերպարվեստ, երաժշտություն, գրականություն, կինո, թատրոն, դիզայն, նորաձեւություն։ Ռուսաստանում ապրող ժամանակակից արվեստագետների գործերից զատՙ միջոցառման ծրագրում ընդգրկված էին նաեւ մեծ վարպետների` Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադեւոսյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Ջոտտոյի, Գառզուի, Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի, Երվանդ Քոչարի, Ժանսեմի եւ շատ այլ հեղինակների գործերի բացառիկ նմուշներ։
Պետք է ասել, որ ռուսաստանաբնակ մեր շատ հայրենակիցներՙ այս երկրում ապրող եւ ստեղծագործող արվեստագետներից մինչեւ շարքային քաղաքացիներ, բարձր են գնահատում վերջին տարիներին հայկական մշակույթի վերածնունդն ու տարածումը Ռուսաստանի Դաշնությունումՙ ընդգծելով, որ դրանում իր անուրանալի դերն ունի դեսպան Վարդան Տողանյանը, եւ հենց դեսպանի ջանքերով, նրա բարձր ճաշակի, պրպտուն մտքի եւ ինտելեկտուալ կարողությունների շնորհիվ է հաջողվել հայ մշակութային ժառանգության արժանի ներկայացումը Ռուսաստանում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքը, իր հիմնական գործառույթներից բացի, նաեւ մշակութային կենտրոն է, մեր պատմության ու մեր մեծերի թողած ավանդի ներկայացման տեղը, եւ հաճախակի կազմակերպվող միջոցառումների օրերին հյուրերը շրջում են դեսպանատան դահլիճներում, ծանոթանում խնամքով պատրաստված ցուցադրություններինՙ որտեղ բացառիկ լուսանկարներ են, կտավներ, ձեռագրեր, նոտաներ, մեր մի շարք մեծերի անձնական իրերից…
«ԱրմԱրտՖեստ» փառատոնի նախագահ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեին խնդրեցի պատմել փառատոնի ստեղծման գաղափարի մասին եւ ամփոփել արդեն կյանքի կոչված ծրագիրը։
– Արդեն չորս տարի է գործում է դեսպանատան մշակույթի կենտրոնը եւ դեսպան Վարդան Տողանյանի ջանքերով վերականգնվել են այս հնագույն շենքի բոլոր սրահներն ու դահլիճները, որտեղ կազմակերպում ենք զանազան միջոցառումներՙ նվիրված հայ մշակույթին, հայ գործիչներին, հայ ժողովրդի պատմությանը, հայ-ռուսական մշակութային կապերը զարգացնելուն եւ ամրապնդելուն ուղղված անչափ կարեւոր գործին։
«ԱրմԱրտՖեստ» անունը կրող այս փառատոնը համառուսաստանյան առաջին փառատոնն էՙ նվիրված հայ մշակույթին։ Այս միջոցառման շրջանակներում մենք փորձել ենք համախմբել Ռուսաստանում գործունեություն ծավալող լավագույն հայ արվեստագետներին բոլոր ոլորտներումՙ գեղանկարչություն, քանդակագործություն, կինո, թատրոն, գրականություն, դիզայն եւ այլն։
Մենք ցանկացել ենք Ռուսաստանում ներկայացնել հայ մշակույթն իր ամենաբարձր տեսակով ու ճաշակով եւ ընդգծել այն իրողությունը, որ ՌԴ-ում ապրող հայ արվեստագետներն իրենց գործունեությամբ կարեւորում են հայ-ռուսական բարեկամությունը պահպանելու, զարգացնելու եւ ամրապնդելու գաղափարը։
Այս դժվար ժամանակներումՙ քաղաքական, տնտեսական եւ համավարակի հետ կապվածՙ նման նախագիծ կազմակերպելն ու կյանքի կոչելը մեծ դժվարությունների հետ էր կապված։ Այնուամենայնիվ, դեսպան Վարդան Տողանյանը եւ ես մեր բոլոր ջանքերը, գաղափարներն ու հնարավորությունները ներդրեցինք, որպեսզի միջոցառումը կայանա եւ անցկացվի ոչ միայն մեկ անգամ, այլ դառնա ամենամյա եւ ավանդական փառատոն Մոսկվայում, ունենա իր ուրույն դեմքը, ճաշակն ու ձեռագիրը եւ փորձի Մոսկվայում ամեն տարի ներկայացնել մեր լավագույն ուժերը, որոնք գտնվելով հայրենիքից հեռուՙ ավելի շատ են նվիրված մեր հայրենիքի մշակույթին, մեր դարավոր պատմությանը, մի խոսքովՙ նպատակ ունենք հայի տեսակը ներկայացնելու աշխարհինՙ բարձր մակարդակով։
Փառատոնի յուրաքանչյուր օրը նվիրված էր մի ոլորտի։ Առաջին օրը մենք բացեցինք երկու ցուցահանդեսՙ ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որտեղ ռուսաստանաբնակ 30 հայ նկարիչների մեկական գործերն են, եւ «Արտ» սրահումՙ «Ժառանգություն» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ կերպարվեստի մեր մեծերը։
Հաջորդիվՙ մեզ մոտ հայ պարարվեստի օրն էր, մյուս օրը ցուցադրվեցին դեկորատիվ կիրառական արվեստի գործերՙ կերամիկա, դիզայն, տարազներ, գորգեր եւ այլն։
Այնուհետեւ հաջորդեց մանկական արվեստի օրը, մշակութային կենտրոնն ամբողջությամբ նվիրված էր երեխաների ստեղծագործական գործունեությանը։
Փառատոնի ամենաերիտասարդ հյուրերը, մեր «Նռան հատիկները» ստուդիայի մշտական ներկայացուցիչների հետ միասին, ընկղմվեցին կոլաժի աշխարհում, եւ մասնակիցներից յուրաքանչյուրը ստեղծեց Հայաստանի իր ուրույն պատկերը։
Այնուհետեւ ցուցադրվեց «Սարյանի գույները» տիկնիկային ինտերակտիվ ներկայացումը, որով մեր երեխաները կախարդական ճանապարհորդություն կատարեցին դեպի հայկական աշխարհ։
Հաջորդըՙ հայ խոհանոցի օրն էր, իհարկե, հայ խոհանոցը որպես արվեստ, որպես հյուրասիրության արվեստ եւ մշակույթ։
Այնուհետեւ հաջորդեց ճարտարապետների օրը, որտեղ ներկայացվեցին ոչ միայն հայ լավագույն ճարտարապետները, որոնք ապրել եւ գործել են Մոսկվայում, այլ նաեւ ռուս պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, նրանցից մեկը Ալեքսեյ Իվանովն է, հայտնի ակադեմիկոս, ճարտարապետ, որը իր աշխատանքներում անդրադարձել է Գյումրիի ճարտարապետությանը եւ ստեղծել է հայկական ճարտարապետության առանձնահատկություններին նվիրված գիրք, որի շնորհանդեսը կայացավ միջոցառման ընթացքում։
Գրականության օրվա միջոցառմանը ներկայացվեցին ոչ միայն հայ գրականագետներն ու գրողները, այլ նաեւ մի շատ հետաքրքիր ռուս երիտասարդ աղջիկՙ գրող եւ նկարիչ Սաշա Զայցեւան, Նովոսիբիրսկից, որը գերված է հայ մշակույթով, բանաստեղծություններ է գրում Հայաստանի, հայ մշակույթի մասին եւ իր գեղանկարներում Հայաստանն է։ Այդ օրը նա կարդաց իր ստեղծագործություններից մի քանիսն ու ցուցադրեց Հայաստանով շնչող իր գեղանկարներըՙ հիացմունք պատճառելով հանդիսատեսին։
Փառատոնի փակումը տեղի ունեցավ դեսպանատան մեծ դահլիճում, իսկ Լազարյան ճեմարանի հանրաճանաչ բակում կայացավ շատ հետաքրքրական միջոցառումՙ երաժշտությամբ, ջազով։
Այնուհետեւ դեսպանատան դահլիճում տեղի ունեցավ գալա-համերգ, որին մասնակցեցին մեր լավագույն երաժիշտները, ճանաչված երգիչ երգչուհիները, ինչպես նաեւՙ Հայաստանից մեր պատվավոր հյուրերըՙ «Վան» կվարտետը եւ հանրաճանաչ Վահագն Հայրապետյանը։
Մոսկովյան յուրօրինակ ու բազմակտավ անդրանիկ փառատոնն ավարտվեց, իսկ մշակութային տոնը մտահղացողներն ու կազմակերպիչներըՙ դեսպան Վարդան Տողանյանն ու դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբենՙ իրենց համախոհների հետ միասին, շարունակում են ծավալել իրենց հայրենանվեր գործունեությունըՙ Ռուսաստանի Դաշնությունում հայ մշակույթը ներկայացնելու, մեր մեծերին ճանաչելի դարձնելու, ըստ արժանվույն գնահատելու, ինչպես նաեւ հայ-ռուսական մշակութային կապերը զարգացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ։