Սովորեցինք համավարակի հետ ապրել: Մշակութային հաստատություններն անցել են իրենց բնականոն կյանքին, բայցի այդ, հանրության պահանջները, ակնկալիքները փոփոխվում են, ու պետք է ժամանակին համահունչ մտածել ու աշխատել:
Օրինակՙ թանգարաններ այցելողին էքսկուրսավարի ուղեկցությամբ արխիվային նմուշներին ծանոթանալը, թանգարանում շրջելն այլեւս չի բավարարում: Բոլորը նոր, հետաքրքրական, աշխույժ, ռիթմիկ զգացողություններ են ուզում: Սակայն այս ամենի հետ մեկտեղՙ պետք է պահպանել արվեստի բարձրությունն ու դասականությունը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նաեւ համավարակի ժամանակ է աշխատել, ավելի շատՙ առցանց: Իսկ երբ թանգարանը բառի բուն իմաստով բացեց դռներն այցելուների առջեւ, միանգամից երկու հրատարակություն ներկայացրեց արվեստասերին:
Այս տարի լրանում է «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտության 80 ամյակը: Պրեմիերան 1941 թվականի հունիսի 21-ինՙ Հայրենական մեծ պատերազմից մեկ օր առաջ է տեղի ունեցելՙ Վախթանգովի թատրոնի պատվերով, որին ներկա է եղել նաեւ Արամ Խաչատրյանը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Վախթանգովյան թատրոնից դրամայի պրեմիերային առնչվող արխիվային նյութեր է ձեռք բերել:
«Դիմակահանդես» ներկայացման համար գրված երաժշտությունը 1944 թվականին Արամ Խաչատրյանը դարձրել է սյուիտ, որն առանձին ներկայացվել է աշխարհի տարբեր բեմերում: Հենց այդ սյուիտի դաշնամուրային փոխադրումներն էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրատարակել է:
Տպագրվել են նաեւ դաշնակահար, խաչատրյանագետ Րաֆֆի Խարաջանյանիՙ կոմպոզիտորի ճանաչված ստեղծագործություններիՙ երկու դաշնամուրի համար փոխադրումները:
Րաֆֆի Խարաջանյանի փոխադրումներն առհասարակ լույս են տեսնում առաջին անգամ, դաշնամուրի համար փոխադրված սյուիտը դեռ սովետական տարիներին հրատարակվել էր Մոսկվայում, իսկ 1940-ականներինՙ ԱՄՆ-ում: Այնպես որ, Հայաստանում այն նույնպես լույս է տեսնում առաջին անգամ:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կրթական ծրագրերը պարբերաբար թարմացնում է, նորամուծություններով հագեցնում: 3 տարի առաջ ինտերակտիվ մի ծրագիր էր կիրառվում, որ կոչվում էր «Ճամփորդենք Խաչատրյանի հետ»: Թանգարանի հանրահռչակման բաժնի ղեկավար Աննա Ասոյանը հղացել է այդ ճամփորդական պատմություններն այցելուներին նոր ձեւաչափովՙ անիմացիոն տարբերակով ներկայացնելու միտքը: Բաժնի աշխատակցուհի Լենա Միսակյանն էլ աշխատել է սցենարի վրա: ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմը նկարահանվել է: Այն պատրաստել է ILABS ARMENIA ընկերությունը:
Ֆիլմը չորս լեզվով էՙ հայերեն, անգլերեն, ռուսերեն ու ֆրանսերեն: Հայերենը կարդում է երգիչ Արամոն ՙ Արամ Գեւորգյանը, ռուսերեն տարբերակըՙ ջութակահար Կարեն Շահգալդյանը , ֆրանսերենըՙ Զատիկ Հայկ Տիսերանդը , իսկ անգլերենըՙ Վիդալ Գորդոնը :
«Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմի տեւողությունը 15 րոպե է: Ներկայացված է յոթ պատմությունՙ Արամ Խաչատրյանիՙ յոթ երկիր կատարած ճամփորդության մասին: Շվեյցարիայում նա հանդիպել է Չարլի Չապլինի հետ, որը խնդրել է կոմպոզիտորին մակագրել այն ձայնասկավառակի վրա, որն ամփոփում է Խաչատրյանի ղեկավարմամբ Դավիթ Օյստրախի նվագած «Ջութակի կոնցերտը»: Փոխարենըՙ Չարլի Չապլինն իր լուսանկարներից մեկի վրա է մակագրել ու նվիրել կոմպոզիտորին: Իսկ երբ Արամ Խաչատրյանը պառկած է եղել Ժնեւի հիվանդանոցում, Չապլինը նրան է ուղարկել ալ վարդե մի փունջ:
Արամ Խաչատրյանը հանդիպել է Ելիզավետա թագուհու, Հռոմի պապ Հովհաննես 23-րդի հետ, որը կոմպոզիտորին է նվիրել իր դիմանկարով մեդալը:
Իսկ Կուբայում Արամ Խաչատրյանն ու նրա կինը հյուրընկալվել են Էռնեստ Հեմինգուեյին, որի կնոջ պատրաստած սնկով ապուրը կոմպոզիտորի կինը շատ է հավանել: Հեմինգուեյն էլ իր կիսատ թողած ապուրը լցրել է կոմպոզիտորի կնոջ ափսեի մեջ, որ նա ուտի: Տիկին Նինան չի զզվել, ապուրը կերել է, որովհետեւ այն ոչ ավել, ոչ պակաս Հեմինգուեյինն էր:
Բոլոր հերոսները կերպավորված են, իսկ պատմությունները ներկայացնում է հենց ինքըՙ Արամ Խաչատրյաննՙ առաջին դեմքով:
Անիմացիոն ֆիլմը կհետաքրքրի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, այն կներգրավվի նաեւ թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերում, կներկայացվի առցանց նրանց համար, ովքեր Հայաստան չեն կարող այցելել ու չեն կարող գտնվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Խաչատրյանի հարկի տակ նոր ցուցանմուշ կաՙ կոմպոզիտորի մահադիմակը, որը պատրաստել է նրա մտերիմ ընկերՙ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը:
Երբ թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը համավարակից առաջ «Խաչատրյան» տրիոյի հետ համերգային շրջագայություների է եղել Ռուսատանում, Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում հանդիպել է քանդակագործի դստերՙ Գայանե Նիկողոսյանի հետ, որն էլ համաձայնել է Խաչատրյանի մահադիմակը հանձնել երեւանյան տուն-թանգարանին:
Նիկողայոս Նիկողոսյանի եւս մի ստեղծագործությունՙ Խաչատրյանի կիսանդրին նույնպես ցուցադրված է թանգարանում, նմանատիպ մի կիսանդրի էլ «Նիկո» պատկերասրահում կա:
Միջազգային մշակութային կապերն ու համագործակցությունները համավարակի պատճառով մեծ մասամբ ընդհատվել են: Համերգային շրջագայությունների, մրցույթների ու փառատոների համար Եվրոպան դեռ փակ է, սակայն ռուսաստանյան բեմերի հետ որոշակի աշխուժություն կա:
Արմինե Գրիգորյանն ու Կարեն Շահգալդյանը մի քանի օր առաջ են վերադարձել Եկատերինբուրգից, որտեղ մասնակցել են «Խենթ օրեր» միջազգային փառատոնին: Երեք օրում կազմակերպվել է շուրջ հարյուր համերգՙ հինգ հարյուր երաժիշտների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցել է մի քանի երկիրՙ Ռուսատանը, Ֆրանսիան, Ճապոնիան եւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացրել են դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու ջութակահար Կարեն Շահգալդյանը:
Եկատերինբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականին անցկացնել մեծ փառատոնՙ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյակին:
Արամ Խաչատրյանը մեր այցեքարտն է, եւ այսօր պետք է լրջորեն մտածել մեր երկրի միջազգային վնասված հեղինակությունը գոնե մշակույթի միջոցով վերականգնելու մասին: