Հարցազրույց Հայաստանում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ներկայացուցչի հետ
-Պարոն Ներսեսսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA):
-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հարցազրույցի համար, սա առիթ է, որպեսզի միասին քննարկենք մեր կազմակերպության մտածելակերպը և գործունեությունը Հայաստանում: Ինչ վերաբերում է Հայ Ավետարանչական ընկերակցությանը, ասեմ, որ պատմականորեն այն այսօր 104 տարեկան է: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հիմնադրվել է 1918թ. հունիսի 7-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում : Հայ ավետարանականները հավաքվեցին՝ քննարկելու, թե ինչպե՞ս աջակցել ցեղասպանությունից փրկվածներին: Ընկերակցության առաջնահերթ նպատակը ցեղասպանությունից տուժածներին աջակցելն էր, այդ ժամանակ տեղյակ չէին լիովին, թե ի՞նչ է կատարվում, տակավին հույս ունեին, որ հայերը կմնան իրենց հայրենի հողում և կվերակառուցեն իրենց բնակավայրերը, սակայն հետո պարզ դարձավ, որ այդ միտքը իրատեսական չէ, և իրենք աջակցեցին Միջին Արևելքում, Ֆրանսիայում և այլ երկրներում ապաստարան գտած հայերին: Տասնյակ տարիների ընթացքում կազմակերպությունը զարգացավ, ընդլայնվեց, այսօր 24 երկրներում ունի ծառայություններ, ամենամեծը՝ Հայաստանում և Արցախում, բնականաբար, նաև մեծ ծառայություն ունի Միջին Արևելքում, այնտեղ, որտեղ հայերը շատ են, և ունենք որոշ ծառայություններ Եվրոպայում, Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում:
Ավետարանչական ընկերակցության ծառայություններն ունեն 4 ուղղություն: Առաջինը և ամենակարևորը՝ կրթությունն է․ ունենք դպրոցներ, որոնց աջակցում ենք, ունենք մանկապարտեզներ, ցերեկային կենտրոններ, ուսման վարձի վճարման ծրագրեր այստեղ և Հյուսիսային Ամերիկայում, բազում կրթական ծրագրեր:
Երկրորդ ուղղությունը հոգեվոր և քրիստոնեական դաստիարակությունն է, ընդ որում մենք քարոզչություն չենք տանում, եկեղեցի չենք, սակայն աջակցում ենք Հայ Ավետարանական եկեղեցուն, որպեսզի քրիստոնեական դաստիարակությունը տարածվի հայ ազգի մեջ, որովհետև մենք հավատում ենք քրիստոնեության արժեքների կարևորությանը՝ առողջ ազգ, կայացած պետություն ձևավորելու համար: AMAA-ն նաև ակտիվ է հրատարակչության մեջ, հատկապես՝ գրքերի և պարբերականների, որոնք նպաստում են քրիստոնեական հավատի, մտածելակերպի և արժեքների զարգացմանը։
Երրորդ ուղղությունը մարդասիրականն է, երբ ասում ենք մարդասիրական, դա ո’չ միայն օգնություն տրամադրելն է, որը կարևոր է, քանի որ կան տարեց մարդիկ, կարիքավորներ, որբեր, որբևայրիներ, ովքեր հնարավորություն չունեն եկամուտ ստեղծել: Այսպիսիներին աջակցում ենք՝, թե՛ բժշկական, թե՛ նյութական օգնությամբ: Մինչդեռ մենք օգնությունից ավելի կարեվոր ենք համարում եկամտի ապահովման ծրագրերը, որպեսզի մարդիկ ֆինանսապես անկախանան եվ արժանապատվորեն հոգան սեփական կարիքները:
Եվ չորրորդ ուղղությունը երիտասարադականն է, նկատի ունեմ անչափահասներին, մեծ ուշադրություն ենք դարձնում մանուկներին: Ունենք ճամբարներ՝ քրիստոնեական դաստիարակության ուղղվածությամբ, մանկական կրթական, մշակութային շատ խմբակներ: Պա՛րզ է, ինչու ենք մեծ ուշադրություն դարձնում երեխաներին, քանի որ նրանք մեր ապագան են:
-Դուք Ավետարանական կառույց եք: Ավետարանական մտածելակերպը ի՞նչ ազդեցություն ունի ձեր գործելակերպի և աշխատանքի մեջ:
-Ավետարանական շարժումը սկսվեց 1800-ականներին, օսմանյան կայսրությունում, հիմնականում՝ Կոնստանդնուպոլսում, դա արդյունքն էր մտավոր վերածննդի՝ շատ հայեր գնացին Եվրոպա, զարգացան և իրենց հետ բերեցին ժամանակակից մտքեր, և դա խթան դարձավ, որ Աստվածաշունչը կարդան եվ մեկնաբանեն օբյեկտիվ մոտեցումով: Սա ծնունդ տվեց ավետարանական շարժմանը՝ այսուհետ ավելի շատ կարևորություն տալով Ավետարանին և ղեկավարվելով դրանով: Ավետարանական շարժումը և Ավետարանչական ընկերակցությունը հիմնված են քրիստոնեական արժեքների և մտածելակերպի վրա, և սրանք ղեկավարում են մեր գործունեությունը, մեր աշխատելաոճը:
Կուզենայի շեշտել մի քանի կետ, առաջինը՝ ազատության կարևորությունը, որովհետև յուրաքանչյուր անձ, անհատ ստեղծված է Աստծո պատկերով և հավասար արժեք ունի Աստծո առջև, և վերջինս իրեն տվել է ազատություն, ազատ միտք, և ինքը պետք է կարողանա անկաշկանդ օգտագործել այդ ազատությունը: Երկու բան անհրաժեշտ է, որպեսզի մարդ կարողանա ազատ ապրել, առաջինը՝ պետք է լինի կրթված, գիտակից, և երկրորդ՝ պետք է ֆինանսապես, նյութապես անկախ լինի: Այս երկուսը իրեն հնարավորություն կտան ունենալ տարբերակներ և չլինել ոչ մեկի ստրուկը: Առողջ երկիր կերտելու համար անհրաժեշտ է ունենալ ազատ անհատներ, ովքեր կարող են նաև ազատ մտածել, արտահայտվել և գործել: Սա առաջին արժեքն է, որից մղվելով մենք, կրթական ծրագրերի միջոցով մարդկանց աջակցում ենք, որպեսզի նրանք հզորանան և անկախանան: Երկրորդը, ինչպես նշեցի, Աստծո պատկերով ստեղծված յուրաքանչյուր անհատ արժեք ունի, և մենք պետք է պահպանենք իր արժանապատվությունը: Սա նշանակում է, որ անկախ իր սոցիալական աստիճանից, հարստությունից, տարիքից, իր մտավոր կարողություններից, ամեն մարդ արժեք ունի և արժանի է հարգանքի, սիրո և ուշադրության:
Եվ մենք այս պատճառով ոչ մի խտրականություն չենք դնում, աջակցում ենք բոլորին անխտիր, նույնիսկ անկախ իրենց պահվածքից, վերաբերմունքից, որովհետև շատ հաճախ վատ վերաբերմունքը իրենց տգիտության և ազատության պակասի արդյունքն է: Երրորդ կետը․ մենք մղված ենք Աստծով, այն, ինչ անում ենք, անում ենք, որովհետև մեզ պատվիրում է Աստված, մենք հաշվետու ենք Աստծուն, և ո՛չ թե մարդկանց, և ավելի կարևորում ենք հաճո լինել Աստծուն, քան մարդկանց, մեզ համար ավելի կարևոր է, որ Աստված մեզ ծափահարի, այլ ո՛չ թե մարդիկ: Սա մեծ տարբերություն է առաջացնում մեր գործելաոճի մեջ: Սա նշանակում է, որ մենք մեր լավագույնն ենք տալիս, անկախ այն բանից, մարդիկ տեսնում են, թե ո՛չ, ծափահարում են, թե ո՛չ: Եվ այս մտածելակերպը տարածում ենք նաև մեր աշխատողների մեջ, որովհետև բոլորս առաջին հերթին հաշվետու ենք Աստծո առջև, և սա նաև հանգեցնում է այլ բանի․ մեր հիմնական վարձատրությունը Աստծուց է, ծափահարության տեսքով, շնորհակալության տեսքով և հավիտենական կյանքի վարձատրության տեսքով: Այո՛, ստանում ենք աշխատավարձ, և դա անհրաժեշտ է, որպեսզի մեր գոյությունը պահպանենք, սակայն մեզ առաջ մղող ուժը աշխատավարձը չէ, այլ այն, որ մենք Աստծո պատվերն ենք կատարում՝ մարդկանց սիրելով, և իրենց ծառայելով: Եվ նաև սրանից ելնելով՝ փորձում ենք քրիստոնեական այս արժեքները տարածել փոքրերի և մեծերի մեջ:
–Օրերս Արցախում էիք, ի՞նչ ծառայություններ եք այնտեղ մատուցում:
-Արցախը մեզ համար կարևոր վայր է, քանի որ բնակչության հաշվարկով այնտեղ ավելի մեծ ներդրումներ ունենք, քան Հայաստանում: Օրինակ՝ Արցախում ունենք 100 աշխատող, Հայաստանում՝ 400: Մեր ներդրումների 20 %-ն արվել է Արցախում: Պատմականորեն, Արցախում մեր ծառայությունները սկսել ենք իննսունականներից, Արցախի անկախությունից ո՛չ շատ ուշ: Ճանապարհները սարսափելի վատն էին, Երևանից Ստեփանակերտ հասնելը տևում էր 13 ժամ, սկսեցինք երեխաների համար ճամբարային ծառայություններից: 1997 թվականին ես գնացի ՝ մասնակցելու Ստեփանակերտում մեր գրասենյակի բացմանը: Մինչև 44-օրյա պատերազմը, լայնատարած ծառայություններ ունեինք: Պատերազմի ժամանակ արցախցիներին մեծ աջակցություն բերեցինք, թե՛ Հայաստանում՝ տեղահանվածներին, և թե՛ Արցախում մնացած հայորդիներին: Օրինակ՝ Շուշիի մեր ճամբարում 30-40 մարդ մնաց, նրանք գտան ապաստարան, շատերը մազապուրծ եղան՝ նրանք, ովքեր չէին ուզում Արցախը լքել:
Ստեփանակերտում մեր ծառայակիցները շարունակեցին աջակցություն բերել նկուղներում պատսպարված հայերին, այնպես որ մենք պատերազմի ժամանակ, պատերազմից առաջ, և մանավանդ՝ պատերազմից հետո շարունակում ենք մեր ծառայությունը: Այսօր նաև կատարում ենք մեծ ներդրումներ Արցախի ենթակառուցվածքներում: Կրկին կասեմ, որ Արցախը մեր սրտին մոտ է, մեծ սեր ունենք Արցախի բնակչության հանդեպ: Ի դեպ, նշեմ, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մեր ճամբարի սաներից էր:
–Պատերազմից հետո շատերը՝ և՛ հայաստանցիները, և՛ սփյուռքահայերը մտավախություն ունեն նոր ներդրումներ կատարել Արցախում, որպեսզի չկորցնեն: Ձեր Ընկերակցությունը նման մտավախություն չունի՞:
-Բոլորի մտքում կա այդ հարցումը՝ կապված Արցախի ապագա կարգավիճակի հետ, անշուշտ այդ հարցումները մենք նույնպես տալիս ենք, քանի որ Շուշիում բավականին տարածք կորցրինք, ունեինք մեծ ճամբար այնտեղ, Արցախի միակ ճամբարն էր, որ ունեինք, ունեինք նաև մանկապարտեզ, մանուկների կրթական և սոցիալական ծառայություններ մատուցող «Շող» ցերեկային կենտրոն, ամենը կորցրինք: Դա մեծ ցավ էր մեզ համար, սակայն ոչ մի րոպե չենք զղջացել մեր կատարած ներդրումների համար, որովհետև այդ ներդրումները հիմնականում անհատների կյանքերի մեջ էին կատարված՝ երեխաներ, մեծահասակներ, և այդ ներդրումները մինչ այսօր տալիս են իրենց պտուղները: Ինչպես նշեցի, պրն Արտակ Բեգլարյանը մեր ճամբարի սաներից էր, ով այսօր պետնախարար է և իր աջակցությունն է բերում Արցախին և Արցախի բնակչությանը: Այնպես որ մենք այսօր նոր մանկապարտեզ ենք կառուցում Ստեփանակերտում՝ 180-200 երեխայի համար: Շենքը հատկացրել է պետությունը, մենք հիմնանորոգում ենք այն՝ սեյսմիկ կայունությամբ եվ ամբողջությամբ վերափոխում այն մանկապարտեզի: Նաև ունենք ծրագիր Նախիջևանիկ համայնքում Ասկերանի մոտ ևս կառուցել մանկապարտեզ: Ստացել ենք տարածքի թույլտվություն, ճարտարապետական աշխատանքներն արդեն իսկ սկսված են, կկառուցվի մանկապարտեզ Նախիջևանիկի և հարակից գյուղերի 50 երեխայի համար:
«Սատարենք մեր հերոսներին» կազմակերպության հետ մեկտեղ արդեն իսկ սկսել ենք կառուցել մեկ հարկանի 6 բնակարան՝ հարակից հողատարածքով, որոնք ամբողջությամբ կահավորված պետք է հանձնվեն Հայաստանում բնակվող արցախցիներին, ովքեր կբնակվեն Նախիջևանիկում:
Նշե’մ, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պարոն Զավեն Խանջյանի խորհրդով, հրահանգով է, որ մենք պատերազմի օրերին մեծ թափով աջակցեցինք հազարավոր արցախցիներին, և իր տեսիլքով է, որ պետք է շարունակենք այսօր ներդրումներ կատարել Արցախում:
–Այս տարի Հայ Ավետարանական եկեղեցին նշում է իր հիմնադրման 175-ամյակը, ի՞նչ եք նախատեսում անել:
-Ավետարանական շարժման ազդեցության տակ, մեր մտածելակերպը, մեր ամբողջ արժեքային համակարգը ձևավորվել և ղեկավարվում է դրանով, և մենք շատ կարևոր ենք համարում Ավետարանական եկեղեցու ներդրումը ո՛չ միայն մեր, այլ ամբողջ ազգի կյանքում: Թվով մենք՝ ավետարանականներս, շատ քիչ ենք, հայության 1 % էլ չենք կազմում ամբողջ Հայաստանում և Սփյուռքում, սակայն մեր բարեգործական և կրթական ներդրումները տոկոսային առումով շատ ավելի մեծ են, և այս ամենը բխում է մեր ավետարանական, քրիստոնեական արժեքներից: Աստծուն փառք ենք տալիս այս շարժման համար: Մենք այս շարժման մտածելակերպի, և հավատքի կրողներն ենք: Ամբողջ աշխարհով նախատեսում ենք միջոցառումներ, սակայն ամենամեծը կլինի Հայաստանում, ինչպես միշտ, որովհետև այն մեր սրտի, մտքի, հոգու կենտրոնն է: Հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսում ենք երաժշտական միջոցառում, որտեղ պետք է հնչեն հոգևոր, կոմիտասյան և այլ հայրենանվեր երգեր: Ունենալու ենք նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կլուսաբանեն Հայ Ավետարանական եկեղեցու պատմությունը, ներդրումը հայ ազգի կյանքում:
Նաև հուլիսի 7-ին ունենք Վերապատվելի Ահարոն Շիրաջյանի ծառայությանը նվիրված ներկայացում, ով 1915 թվականի ցեղասպանության տարիներին Հալեպում հոգևոր հովիվ էր, և ով մեծ ներդրում է ունեցել հայ որբերի կյանքում, հիմնել է որբանոցներ, իր զավակն ու թոռներն այսօր ապրում են Ամերիկայում և տեսազանգով հայերեն լեզվով պետք է իրենց խոսքն ուղղեն հանդիսատեսին: Այս երկու միջոցառումներն հրավիրատոմսով են, ովքեր, որ կցանկանան մասնակցել, կարող են դիմել մեր գրասենյակ՝ Աննա Օհանյանին: Նաև նշեմ, որ Ստեփանավանում ևս պետք է նոր ադմինիստրատիվ շենքի բացման արարողություն տեղին ունենա, Ստեփանակերտի Հայ Ավետարանական եկեղեցում կունենանք Հայ Ավետարանական եկեղեցու փառաբանության պաշտամունք՝ նվիրված եկեղեցու 175-ամյակին: Հուլիսի երկուսին կունենանք մեկօրյա համագումար Հայ Ավետարանական հոգեվոր հովիվների և աշխարհիկ առաջնորդների համար, ովքեր պետք է քննարկեն և արժևորեն Հայ Ավետարանական եկեղեցու անցյալը, ներկան և ապագայի համար ուղղություններ մշակեն:
Հուլիսի 2-6-ը 163 հայ ավետարանական երիտասարդ ամբողջ աշխարհից, Հայաստանից և Արցախից կհավաքվի ԱՀԱԸ-ի Հանքավանի «Շողիկ» ճամբարում՝ ուսումնասիրելու, խորհելու և քննարկելու «Անխախտ պահենք մեր հավատքը» թեման, որը հիմնված է Նոր Կտակարանի Եբրայեցիս 10։1–2-ում արձանագրված հրահանգի վրա։
-Շնորհակալություն, պարոն Ներսեսսյան, հարցազրույցի համար։ Ունե՞ք վերջնական մտքեր, որոնցով ցանկանում եք կիսվել մեր ընթերցողների հետ։
-Հետպատերազմյան այս շրջանում մեր ժողովուրդը Հայաստանում և Արցախում ապրում է անորոշության, վախի և մտահոգության ծանր շրջան։ Առաջնորդների մեծ մասը զբաղված է՝ միմյանց մատնացույց անելով և մեղադրելով: Ուրիշներին քննադատելը և մեղադրելը երբեք լավ արդյունք չի տվել: Ես կասկածում եմ, որ դա հիմա ինչ-որ լավ բանի կհասցնի։ Փոխարենը, կոչ եմ անում յուրաքանչյուր հայի արձագանքել քրիստոնեական ձևով և ինքն իրեն հարցնել, թե «ի՞նչ կարող էի անել և չարեցի՝ պատերազմը կանխելու կամ դրա հաղթական արդյունքն ապահովելու համար, և ի՞նչ կարող եմ անել հիմա՝ նպաստելու ազգի հզորացմանը, որը կարող է բարգավաճել, լինել ուժեղ և դիմակայել բոլոր արտաքին ճնշումներին»։
Նման պատասխանը շատ ավելի արդյունավետ կլինի՝ ի նպաստ ուժեղ ազգի ձևավորմանը, քան միմյանց մեղադրելը: