Արման Թաթոյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ՖԲ-ի էջից)
ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաեւ լրագրողական կազմակերպություններից:
Օգոստոսի 2-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրություն:
Տեղի է ունեցել մի քանի քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի եւ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ երկու հաստատությունների աշխատակազմերի միջեւ: Հարցերը քննարկվել են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, ինչպես նաեւ իրականացվել է միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն:
Որպես կարեւոր դրական փաստերՙ ի գիտություն են ընդունվել սահմանափակումների առնչությամբ լրագրողական ՀԿ-ների օգոստոսի 3-ի հայտարարությունը, ինչպես նաեւ ԱԺ նախագահի եւ լրագրողների միջեւ օգոստոսի 4-ի քննարկումը:
Պարզվել է, որ լրագրողների նկատմամբ սահմանափակումները կիրառվում ենՙ որպես ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների մաս:
Ըստ այդմ, ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում լրագրողների մասնագիտական աշխատանքի օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հիմնականում հանգում են հետեւյալին.
1. Բողոքների ու ահազանգերի հիմնական էությունն այն է, որ լրագրողներին ու օպերատորներին օգոստոսի 2-ից սկսած անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից:
ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում եւ լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Նրանք ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացվում:
2. Օգոստոսի 2-ից գործող անվտանգության կանոնների համաձայնՙ ԱԺ-ում պետք է լինեն հատուկ վերահսկելի գոտիներ, որտեղ արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ:
Ընդ որում, հատուկ վերահսկելի գոտին ներառում է ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, ԱԺ նախագահի ընդունարանը, ԱԺ նախագահի որոշմամբՙ նաեւ այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո:
Հարցն այն է, որ առկա չէ որեւէ ակտ, որը կսահմաներ, թե որոնք են այլ դահլիճները կամ առկա չէ սպառիչ տեղեկություն, թե կոնկրետ որ վայրերում է արգելվում լրագրողական աշխատանքը:
3. Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվումՙ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:
Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը երկրում ժողովրդավարության հիմքերից մեկիՙ խոսքի ազատության գրավական է: Այն պետության մարմինների եւ պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է:
4. Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսեւորումը: ԱԺ պատգամավորների դեպքում խոսքը նաեւ քաղաքացիների նկատմամբ պարտավորության մասին է:
Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի մասին տեղեկություն ստանալը մարդուՙ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է: Դա գլխավորապես ապահովվում է լրագրողի աշխատանքով:
5. Պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է:
Լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը եւ նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը:
6. Ազգային ժողովի նստավայրի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչեւ ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում աշխատող հավատարմագրված լրագրողների հետ:
Այն պետք է հաշվի առնի նաեւ լրագրողական ոլորտի կազմակերպությունների եւ մասնագետների դիրքորոշումները:
7. Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարեւորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետեւում:
Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը:
Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է եւ հետոՙ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվումՙ համապատասխան սարքերով, եւ նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է:
Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:
8. Լրագրողի աշխատանքը, ասենք, ԱԺ շենքի միջանցքներում կամ նախասրահներում ինքնանպատակ չէ:
Լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվումՙ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:
Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվումՙ աշխատելով, օրինակ, միջանցքներում:
Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակՙ Մանդլին եւ այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mոndli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ եւ այլն):
Ուստի, առաջարկը, թե լրագրողների աշխատանքը պետք է սահմանափակվի բացառապես հատուկ առանձնացված մի քանի վայրում ու դա արվի այնպես, որ հնարավոր չլինի նրանց մուտքը ԱԺ շենք կամ դրա մի մաս, անընդունելի է:
Չի կարող ընդունելի լինել նաեւ այն հիմնավորումը, թե միեւնույն էՙ լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել եւ հարցազրույց վարել ԱԺ բակում:
Այդ կերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի:
Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվումՙ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը:
Դա նաեւ ուղղակիորեն բխում է սենսացիոն կամ «տաք» տեղեկություններ անհապաղ ստանալու քաղաքացու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:
Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորներըՙ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում:
9. Բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անելՙ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձեւակերպումներ կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողիցՙ հստակ իմանալով, որ այդ կերպ առավել թիրախավորում են լրագրողին եւ սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը:
10. ԱԺ-ում օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների հետ կապվածՙ խիստ խնդրահարույց է այն, որ այդ սահմանափակումները հսկելու համար ներգրավված են զինվորական համազգեստով ծառայողներ, որոնք արգելքներ կիրառելիս լրագրողին որեւէ պատճառաբանություն չեն ներկայացնում:
Ավելին, բացարձակ անընդունելի է պնդումը, թե լրագրողները պետք է բացառեն նրանց տեսանկարահանելը կամ լուսանկարելը ու առավել եւս այդ հիմքով ներգործության ենթարկելըՙ լրագրողի մուտքը ԱԺ արգելելով:
Նման վառ օրինակ է այսօրՙ օգոստոսի 5-ին, «Panorama.am» լրատվամիջոցի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը: Ըստ լրագրողին ուղղված պաշտոնական հրապարակված գրությանՙ նման որոշում կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Այս գրությունը հատկապես խնդրահարույց է այն առումով, որ լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս:
Ուստի, ԱԺ աշխատակազմը պետք է այլ հիմնավորումներովՙ բարձր ստանդարտով ցույց տա, թե ինչու չի կարելի լուսանկարել կամ տեսանկարել անվտանգությունն ապահովող աշխատակիցներին, եւ լրագրողը (առավել եւս ֆոտոլրագրողը կամ օպերատորը) ինչպես անի, որ դա տեղի չունենաՙ հաշվի առնելով, որ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները տեղակայված են ԱԺ շենքի բոլոր միջանցքներում ու մասնագիտական աշխատանքն առանց դրա օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել:
11. Որեւէ պարագայում չի կարելի ԱԺ-ում լրագրողների աշխատանքը համեմատել Կառավարության կամ գործադիր իշխանության այլ մարմնի շենքում լրագրողի աշխատանքի հետ ու լրագրողի աշխատանքի կանոններ, այդ թվումՙ սահմանափակումներ նախատեսել ըստ այդմ:
Ազգային ժողովի դեպքում խոսքը գնում է Խորհրդարանի եւ քաղաքացիների ուղիղ քվեով ընտրված պատգամավորների մասին: Հենց այստեղ, հենց Խորհրդարանի շենքում են բախվում կարծիքներ, ձեւավորվում է հանրային դիսկուրս եւ բանավեճ: Խորհրդարանն է երկրի ժողովրդավարության համակարգի գլխավոր երաշխավորը:
Ավելին, գործադիր իշխանության համակարգի այն պաշտոնյաները, որոնք, օրինակ, օրենսդրական ինչ-որ նախագծի քննարկման համար եկել են ԱԺ, պետք է նկատի ունենան, որ լրագրողների հետ հարաբերվելիս նրանք զրկվում են այն «պաշտպանությունից», որ ունեն իրենց վարչական շենքերում աշխատելիս:
12. Վերը նշվածի հետ միասին, լրագրողներն իրենք պետք է ապահովեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան մասնագիտական աշխատանքի ծավալումը, այդ թվումՙ Խորհրդարանում աշխատանքի: Դա լրագրողին դարձնում է անխոցելի եւ նաեւ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել նրա իրավունքների պաշտպանությունը:
13. Ուստի, անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքների սահմանափակումները եւ լրագրողների կողմից այդ սահմանափակումները պահպանելու համար անվտանգության ծառայողներ տեղակայումը պետք է վերացնել:
Փոխարենըՙ պետք է սահմանել կանոններ, որոնք կամրագրեն ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները:
Այս ամենը պետք է անել պատշաճ իրավական ակտովՙ լրագրողների, առաջնահերթՙ ԱԺ-ում հավատարմագրվածների հետ նախապես քննարկելով: