ՀՀ կառավարության հեռարձակվող նիստերը դիտելով մեր մարդկանց որոշ մասի մոտ տպավորություն է կազմավորվում, որ երկրի գործադիր մարմինն այսուհանդերձ ինչ-որ բան անում է: Այդ ինչ-որը գոհացնում է թե ոչ, խնդրի մի կողմն ու մասն է, որը քաղաքացու առօրյայի հետ շատ հաճախ նշմարվող կապ չունի: Ասենք, որեւէ ներդրումային ծրագրի հեղինակի մաքսային ու հարկային արտոնություն է տրվում կամ վճարումները հետաձգվում են որոշակի տարիներ: Առաջին հայացքից գործընթացը կարելի է դրական դիտարկել, բայցեւՙ ռիսկային, քանզի ՀՀ բյուջեին այսօ՛ր են գումարներ անհրաժեշտ: Կառավարության գործունեության որակի մասին է խոսում նաեւ պարբերաբար արձանագրվող արդեն իսկ հաստատված բյուջեից, որն օրենքի ուժ ունի, փոփոխությունների իրականացումը: Ստացվում է, որ լի ու բոլ հաստիքներով կոմպլեկտավորված պետական կառույցները լավագույնս չեն կանխատեսել ընդամենը ամիսներ անց իրականացվելիք աշխատանքները եւ հարկ է որ կառավարությունը սխալների ուղղման միջոցով կարգավորի հարցերը:
Նման մի խնդրի շուրջ քննարկում ծավալվեց ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստում, Սեւանա լճից ջրառի փաստով: Հայտնի է, որ վերջին տարիներին Գեղամա գեղեցկուհուց վերցվող ջրի քանակ է սահմանված, տարեկան առավելագույնը 170 մլն խորանարդ մետր: Քննարկումից շաբաթներ առաջ ՀՀ վարչապետի մոտ անցկացված աշխատանքային հանդիպման ընթացքում ջրաքանակի մասին խոսվել է, լրացուցիչ ջրառի մասինՙ ոչ: Վարչապետի այն դիտարկմանը, թե ինչուՙ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այն բացատրությունը տվեց, թե ջերմային ռեժիմի աննախադեպ բարձրացումը դժվար էր գուշակել: Նման արդարացումը թողնենք նախարարի խղճին, քանզի հայտնի է, որ ՀՀ հիդրոմետն ամիսներ առաջ էր նախազգուշացրել սպասվող շոգերի մասին: Նիստը վարողը հնարավորինս մեղմ մոտեցավ թիմակիցների արդարացումներին, միաժամանակ նշելով խնդրին այլեւս չանդրադառնալու պահանջը: Ահա այստեղ սկսվում է գործողության երկրորդ արարը:
Հայտնի է, որ հողօգտագործողների համար վերցվող Սեւանի ջուրը մինչ այգիներն ու դաշտերը հասնելը անցնում է Հրազդան գետ-ջրանցքով, որի վրա թվով վեց հիդրոէլեկտրակայաններ են կառուցված, 554 մգվ ընդհանուր հզորությամբ: Հիդրոհամալիրը ողջ հզորությամբ շահագործելու պարագայում ջրի օրական հոսքը 5 մլն խմ է: Հայ հիդրոշինարարների գերազանց հաշվարկների շնորհիվ հիդրոհամալիրը կարող է լիարժեք աշխատել նաեւ կես հզորությամբ, ջրի օրական 2,5 մլն խմ-ի պարագայում, որը եւ պարբերաբար իրականացվում է: Ստացվում է, որ լրացուցիչ պահանջվող 75 մլն խմ ջրառը, օրենքով սահմանված 170 մլն խմ-ին գումարելով, կազմում է 245 մլն խմ, որը եւ հնչեցվեց կառավարության նիստում: Նաեւ ասվեց, որ ջրառն արդեն սկսվել է մայիսի 25-ից, սահմանված ժամկետից 10 օր շուտ: Պարզ թվաբանության արդյունքում ստացվում է, որ 245 մլն խմ ջրաքանակը 100 օրերի ծախս է, աննշան շեղումով, որը կլրանա սեպտեմբերի 5-ին, ընդունենքՙ 10-12-ին: Թե ինչ կլինի դրանից հետո, կապրենք-կտեսնենք:
Քննարկման ընթացքում նաեւ անդրադարձ եղավ հիշյալ ջրաքանակը հիդրոկայաններով անցկացնելու, տուրբիններ պտտեցնելու ու այդկերպ գեներատորների միջոցով էլեկտրական հոսանք ստանալու եւ դրա իրացումից ակնկալվող գումարների խնդրին: Տարօրինակորեն թվեր չհնչեցվեցին, թեեւ դրանք մասնագիտական որոշ շրջանակներում պարզից էլ պարզ են, ինչպես ասենքՙ ալյուրի ինչ քանակից ինչքան հաց է ստացվում կամ խաղողի կիլոգրամից ինչքան գինի: Այնպես որՙ 245 մլն խմ-ն էլ իր էլարտադրության քանակն ունի:
Ակամայից հիշեցի լրագրողիս 20 եւ ավելի տարիներ առաջ իրականացրածս որոշակի, թող որ սիրողական մակարդակով ուսումնասիրություններս: Այն առնչվում էր Սեւանի մակարդակի պարբերաբար իջնելու հետ, որը բացատրվում էր ամենաանհեթեթ արդարացումներով: Ձմեռային մի օր սուրբ Սարգիս եկեղեցի այցելությանս ավարտից հետո բակ դուրս գալով նկատեցի, որ փոքր ներքեւում գտնվող ջրանցքում ջրի զգալի հոսք կա: Պարզվեց այն սկսվում է Հարազդանի ձորում գտնվող «Երեւանգես»-ից, որի տուրբինների աղմուկը հուշում էր, որ կայանն աշխատում է: Այցելեցի մոտակայքում գտնվող «Հայհիդրոմետ», ապաՙ Սարյան փողոցի վրա գտնվող ՀՀ ջրային կոմիտե, պարզելու, թե ինչ ջուր է հոսում Արտաշատի ու Էջմիածնի ջրանցքներով ձմռան այդ ցուրտ շրջանում: Անորոշ, անհասկանալի, անհասցե պատասխաններ տվեցին, հիշեցրեցին Հրազդանի վտակ Մարմարիկ գետակը, անգամ ասվեց, որ հնարավոր է տուրբիններն աշխատում են Երեւանի կոյուղաջրերի կուտակման արդյունքում: Իրավիճակը խճողվում էր, պարզելը բարդանում, քանզի լինում էին նաեւ ջրառի դադարեցման օրեր: 2002 թվականի հունվարյան մի օր արձանագրելով ջրառի հերթական փաստըՙ դիմեցի մոտակայքում գտնվող Ա1+-ի խմբագրությանը, առաջարկելով նկարահանում իրականացնել եւ հարցը հանրայնացնել. իվերջոՙ ինչ ջուր է հոսում Երեւանի տարածքով անցնող ջրանցքներով: Նկատեմ, որ շրջապատիս ներկայացուցիչներից ոմանք հաճախ էին ակնարկում էլեկտրիկի մարդուց սահմանված սակագնից ցածր գնով կիլովատեր ձեռք բերելու մասին, թե ինչպեսՙ պետք է վստահության կարգավիճակ ունենալ:
Ա1+-ում ընդառաջեցին առաջարկիս եւ լրագրողուհի Դիանայի, ազգանունը չեմ հիշում, իր օպերատորի հետ հայտնվեցինք «Երեւանգես»-ի տնօրենի աշխատասենյակում, կարծեմ Հակոբյան ազգանվամբ (*): Նա սկսեց ներկայացնել կայանի պատմությունը, որը ազատ լրագրողի կարգավիճակով հանդես եկող զրույցի մասնակիցս ընդհատեցի մեզ հետաքրքրող հարցով. ի՞նչ ջրով է աշխատում հիդրոկայանը: Սպասվող հերթական անհեթեթության փոխարեն տնօրենի տրամադրությունն ակնթարթորեն փոխվեց, նա պահանջեց ընդհատել նկարահանումն ու ազատել աշխատասենյակը: Մեզ մնում էր ենթարկվել տանտիրոջ պահանջին: Արդյունքումՙ շաբաթներ անց Ա1+-ը փակվեց, որն ինչքանով կապ ուներ մեր այցի հետ, դժվար է անգամ գուշակել, թեեւ ենթադրելու տեղՙ ինչքան ուզես: Այս մասին հիշեցի արդեն նշված ՀՀ կառավարության նիստում վարչապետի այն պահանջի առումով, որ վերահսկողական ծառայությանը հանձնարարեց ստուգել Սեւանից ջրառի հետ կապված նախորդ տարիների ողջ գործընթացը: Թե ինչքանով այն արժանահավատ կիրականացվի, ում դուր կգա եւ ում կզայրացնի, ցույց կտան իրադարձությունները:
Կապրենք կտեսնենք:
Այսուհանդերձ, Սեւանն ամենահաս է: Այն մեզ խմելու ու դաշտ-այգիների ծավալը հագեցնելու ջուր է տալիս, անչափ անհրաժեշտ էլեկտրական էներգիայով է ապահովում, լճում արդյունաբերական ձկնաբուծություն է իրականացվում, իսկ ափերին մարդիկ իրենց հանգիստն են կազմակերպում: Հիշենք նաեւ մեր նկարիչներին ու բանաստեղծներին, երգ-երաժշտության հեղինակներին, Սեւանը համաշխարհայնացնող հարյուր հազարավոր զբոսաշրջիկներին: Ո՞վ է այսչափ տալիս ու նվազագույն ուշադրություն ակնկալում: Իհարկեՙ մեր գեղեցկուհին, որի հանդեպ ինչ-որ բան արվում է, երբ առավելագույնն անգամ բավարար չէ: Մեծահոգի է Սեւանը, որը հասկանալ է պետք:
Ահա այսպիսի կառավարում:
10.08.2021թ.
*) Խոսքը հավանաբար վերաբերում է հայտնի լրագրող Դիանա Մարկոսյանին: Խմբ.: