Ես Հայաստանում էի գտնվում ամբողջ հունիս ամսվա ընթացքում։ Վերադարձիս ընկերներիս այն հարցին, թե ինչպես գտա Հայաստանը, համանմանության վրա հիմնվելով պատասխանում եմ` «մարդիկ վերջին պարն են պարում Տիտանիկի վրա»։
Հայաստան հասնելուց առաջ ակնկալում էի, որ մռայլ եւ տխուր մթնոլորտ եմ տեսնելու այնտեղ` հաշվի առնելով մոտ 5000 դեռեւս անթաղ զոհերը, 10 հազար վիրավորները, որոնք պրոթեզների հույսին են եւ Հայաստանի սահմանները ներխուժած ադրբեջանական զորքերի մասին մտահոգիչ լուրերը։ Բայց հակասությունն այնքան շփոթեցնող էր, որ չէի կարողանում որեւէ տրամաբանական բացատրություն տալ տեսածիս։ Մարդիկ կամ դարձել էին չափազանց ճակատագրապաշտ, որ ոչինչ այլեւս չէր սարսափեցնում նրանց, կամ էլ այնքան դիմացկուն էին դարձել, որ դժբախտությունները դիմագրավում էին հույսով եւ խիզախությամբ. երրորդ բացատրությունը այն էր, որ նրանք մի բան գիտեին, որ մենք սփյուռքահայերս չգիտեինք, բայց հնարավոր է նաեւ, որ պատճառը այս բոլորի միաձուլումը լինի։
Հայաստանի քաղաքական մթնոլորտը, հատկապես խորհրդարանի ներսում արտացոլում է այն նույն ջրբաժանը, որ կարող է գոյություն ունենալ քաղաքական ներքին տագնապի եւ երկրի սահմաններից դուրս գտնվող իրականության միջեւ։
Բեւեռականացումը չափազանց խորն է։ Անաչառությունը, անկողմնակալությունը ամբողջովին կորցրել է իր իմաստն ու հարաբերությունը Հայաստանի քաղաքական աշխարհում։ Բեւեռականացումը ցոլանում է նաեւ սփյուռքի վրա, մարդկանց դիրքորոշումներում։ Օրինակ, չես կարող Նիկոլ Փաշինյանին շնորհավորել վարչապետ վերընտրվելու առթիվ եւ ցանկանալ իր թիմին հաջողություն, իսկ հետո քննադատել նրան, եթե նա սխալ քայլ կատարի արտաքին քաղաքականության բնագավառում։ Եթե դու նրան ես պաշտպանում, նրա կողմն ես, կամ նրա հակառակորդի` Ռոբերտ Քոչարյանի համախոհն ես, դու պարտավոր ես հավատալ, որ քո հերոսը անսխալական է։ Քաղաքականությունը, այսպիսով, վերածվել է յուրօրինակ մի կրոնի, որտեղ քո հավատից դուրս գտնվող յուրաքանչյուր անձ համարվում է հեթանոս։
Զարմանալ կարելի է, թե ինչպես է այսքան անհամերաշխ, բաժանված մի երկիր կարողանում միասնական լինել եւ գոյատեւել։
Անցած շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած շոուն շատ գունագեղ կերպով է ներկայացնում այս բաժանումն ու անհամերաշխությունը։ Օգոստոսի 2-ին բացվեց խորհրդարանի 8-րդ գումարման նստաշրջանը։ Խորհրդարանը պետք է ընտրեր ԱԺ նոր նախագահին, նրա տեղակալներին եւ գործող հանձնախմբերի առաջնորդներին։ Ընդդիմությունը խորհրդարան էր եկել խոչընդոտելու նրա բնականոն գործունեությունը եւ ընդդիմադիր առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, որ հետո դարձավ ԱԺ խոսնակի տեղակալներից մեկը, չթաքցրեց այդ մտադրությունը` հայտարարելով, որ պայքարը շարունակելու են մինչեւ իշխող կուսակցությունը պարտվի եւ հեռանա։
Խորհրդարանում շոուն շարունակվեց։ Ընդդիմադիր կուսակցությունների անդամները իրենց կալանավորված ընկերների նկարներով կարճթեւանի շապիկներ (T-Shirts) հագած ծափահարությունների ներքո լքեցին դահլիճը խիստ ցուցադրական ձեւով։ Երկրի իրավիճակին անծանոթ որեւէ մեկը չէր կարող պատկերացնել, որ այս մանկապարտեզային «շքահանդեսը» տեղի է ունենում բազում չլուծված խնդիրներ ունեցող մի երկրի օրենսդրական կառույցում։
Ընտրությունների արդյունքում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի 107 տեղից ստացավ 71-ը, Քոչարյանի «Հայաստան» դաշինքը` 29, իսկ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը` 7, Անվտանգության նախկին առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Ըստ Սահմանադրության դրույթների խոսնակի տեղակալներից մեկը պետք է զբաղեցնի ընդդիմությունը։ Տեղակալի ընտրության հարցը էլ ավելի շիկացրեց կառնավալային մթնոլորտը, որին մասնակից դարձավ պատերազմի հերոս, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը ճանաչված է որպես երկրի զինուժի ամենափորձառու առաջնորդներից մեկը։
Ընտրությունների ավարտին Քոչարյանը հրաժարվեց իր մանդատից, անգլուխ թողնելով ընդդիմությանը։ Ընդդիմությանը տրված ձայների (քվեների) մեծամասնությունը Քոչարյանի օգտին էր, որը մեծ գումարներ էր հատկացրել ընտրարշավին։ Բայց տեսադաշտից Քոչարյանի հեռանալով դիրիժորական ձողիկը բաժին ընկավ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած 17 ընդդիմադիր կուսակցությունների շարժման կազմակերպիչ Սաղաթելյանին, որ նաեւ ներկայացնում էր ՀՅԴ կուսակցությանը։ Այնպես էլ տապալվեց «Ազգային փրկություն» շարժումը։ Լինելով ամենակազմակերպված քաղաքական կառույց, այս կուսակցությունը ընտրություններում այնուամենայնիվ երբեք չի անցել 1,5 տոկոսի շեմը։
Որոշ առումով, կարելի է ասել, որ Քոչարյանը պարզապես իր տեղը զիջեց Սաղաթելյանին, շրջանցելով Սեյրան Օհանյանին, որ դարձել էր ընդդիմության առաջնորդը։ Հօգուտ Քոչարյանի քվեարկածների մեծամասնությունը մտադիր չէր պաշտպանելու Սաղաթելյանին կամ նրա կուսակցությանը։
Իրավիճակը ձեռնտու էր նաեւ Փաշինյանին։ Իշխող կուսակցությունը գոհ էր, որ ԱԺ խոսնակի տեղակալ ընտրվի քաղաքական հմտություններից զուրկ, ամբոխավարական մի թեկնածու։ Ընդդիմության գործողություններն ու պահվածքը առնվազն շփոթեցնող, անհասկանալի էին։ Բայց ճշմարտությունը պահանջում է ասել, որ ընդդիմության այդ պահվածքին նպաստում էր նաեւ իշխող կուսակցությունը։
Ընտրություններից հետո Փաշինյանի իշխող կուսակցությունը խոստացավ օրենքի, օրինականության խստագույն պայմանները գործի դնել երկրում («օրենքի պողպատյա դիկտատուրա»), ինչը ողջունելի համարվեց քվեարկողների մեծամասնության կողմից։ Զգուշացրել էինք, որ նման որոշումը, եթե համատարած էր կիրառվում, կարող էր օգտակար լինել, առնվազն երկրի ներսում անդորրը պահպանելու առումով, բայց եթե օրենքի այդ «բռունցքը» ընտրովի սկզբունքներով էր գործի դրվելու, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, ապա երկիրը առաջնորդելու էր դեպի աղետալի վախճան։ Դժբախտաբար այս վերջինը տեղի ունեցավ, առաջացնելով խառնաշփոթ։
Ընդդիմության շարքերից երկու թեկնածուներ, որոնք ընտրվել էին, խորհրդարանում չհայտնվեցին, որովհետեւ գտնվում էին անազատության մեջ, ընտրական օրենքները խախտելու մեղադրանքով։ Այդ պատգամավորները Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանն էին։ Նույն մեղադրանքով բանտարկված էին նաեւ երկու այլ անձինք։ Իսկ նրանցից առաջ դոկտ. Արմեն Չարչյանն էր կալանավորված։ Վերջինս բանեցնում է մի հիվանդանոց Երեւանում, որ պատկանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, որի տիրոջ` Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Փաշինյանն ու իր թիմը հաշիվներ ունեն մաքրելու։
Այս բոլոր մեղադրանքներն ու դատական գործերը արդարացված կլինեին, եթե օրենքը հավասարապես կիրառվեր բոլորի հանդեպ։
Իրականում, Վանաձորում մի ծանրակշիռ գործ անտեսվում է, քանի որ հանցագործները Փաշինյանի բարեկամներն են։ Այնտեղ Արմինե Պողոսյան անուն-ազգանունով եւ մասնագիտական անբասիր բնութագրմամբ մի բուժքույր, իր ղեկավարի կողմից ազատվել է աշխատանքից խորհրդարանում որպես ընդդիմադիր թեկնածու առաջադրվելու պատճառով։ Հիվանդանոցի տնօրենը նրան հաղորդել է, որ Լոռու մարզի կառավարիչը պահանջել է, որ լքի աշխատանքը, այլապես դատական գործ կհարուցի նրա դեմ։ Մեղադրանքը հաստատվել էր, բայց ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվել, քանի որ Լոռին գտնվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկողության ներքո։
Նման աչառու դեպքերը ջուր են լցնում ընդդիմության ջրաղացին։
Մյուս կողմից Գերագույն դատական խորհուրդը օրենսդրական մի նախագիծ է պատրաստել մաքրագործելու Հայաստանի դատարանները։ ԳԴԽ-ն գլխավորում է նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որ վերջերս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ասել էր. «Բոլոր այն անձինք, ովքեր արդարության դեմ մեղանչել են` պետք է մաքրագործվեն»։
Այս օրինագիծը նախատեսված է նաեւ վերացնելու բոլոր այն դատավորներին, որոնք համահունչ չեն իշխող կառավարության քաղաքականության հետ։
Ի դեպ, մամուլում հաղորդագրություն էր տպագրվել, որ «Ջհանգիրյանը տարաձայնություններ ուներ մարդու իրավունքների պաշտպանների հետ, երբ 1997-ից 2006 թվականներին աշխատում էր որպես Հայաստանի գլխավոր զինվորական դատախազ։ Նրան մեղադրում էին հանցագործություններ ծածկելու եւ իր պաշտոնավարության ընթացքում բանակում նորանոր զանցանքների պատճառ դառնալու մեջ»։
Մենք էլ մեր հերթին պրն. Ջհանգիրյանի հետ գործ ունեցել ենք 1996-ի շինծու դատավարության ժամանակ, երբ հարց էր դրվում «Ազգ» օրաթերթը հանձնել մի խումբ ռենեգատների։ Խնդիրը, բացի տեղականից ստացավ մամուլի արեւմտյան դեսպանատների այպանական արձագանքներ, մինչեւ որ հետագայում մեկ այլ դատավոր շրջեց որոշումը եւ թերթը վերադարձրեց իր օրինական տերերին։ Առայժմ զերծ կմնանք Ջհանգիրյանի դրդապատճառների մեջ խորանալուց։
Նկատելի է, որ Հայաստանը դեռեւս չունի հասուն ու խելամիտ մի ընդդիմություն, որ օգներ խորհրդարանին կատարելու իր բնականոն աշխատանքը։ Չունենք նաեւ մի կառավարություն, որը զուրկ լինի ավանդական դարձած ԽԾԲ-ի որակավորումներից։ Եթե Փաշինյանի թիմը ցուցադրեր հաղթողի մեծահոգություն, բոլորովին տարբեր մի քաղաքական մթնոլորտ կտիրեր երկրում ներկայիս։ Այդուհանդերձ, մենք այլ ընտրանք չունենք, քան պաշտպանելու ներկա կառավարությունը, բայց նաեւ պատասխանատվության կանչելու իր սխալների համար։ Ներկա կառավարությունը ընտրողների ցանկությունն է ներկայացնում։ Ոչ ոք դեռ չի հաշվարկել, որ ընտրություններին չմասնակցողները (մոտ 50 տոկոս) ինչ են մտածում։
Վերհիշելով իմ անցկացրած օրերը Երեւանում, մի վառ հույս մղում է ինձ մաղթելու, որ Տիտանիկը նորից չխորտակվի։
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Armenian Mirror-Spectator)