Նրան մնում է բավարարվել աֆղանցի փախստականներով
Օգոստոսի 15-ին, երբ թալիբները մայրաքաղաք Քաբուլի գրավումով վերահսկողություն հաստատատեցին Աֆղանստանի ողջ տարածքում, նույն օրը BBC-ին տված հարցազրույցում «Թալիբան»-ի խոսնակ Սուհեյլ Շահինը հայտարարեց. «Ակնկալում ենք, որ իշխանությունն ու մայրաքաղաք Քաբուլը խաղաղ ճանապարհով հանձնվի Աֆղանստանի Իսլամական Էմիրությանը»: Այնուհետեւ թալիբները համաներում շնորհեցին երկրում, աշխատանքի վերադառնալու կոչ արվեց նախկին կառավարության աշխատակիցներին, կանանց իրավունքները շարիաթի շրջանակներում հարգելու, աղջիկ երեխաներին դպրոց հաճախելու հնարավորություն տալու հավաստիացումներով:
Օգոստոսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , հորդանանցի գործընկերոջ հետ կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսում նշեց, որ դրական է գնահատում թալիբների խոսնակի հաղորդած ազդանշանները, իրենք շարունակում են երկխոսությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ, թալիբները ներառյալ, եւ Թուրքիան Աֆղանստանի կայունությանը առավել նպաստող երկրների շարքում է: Նա խոսեց նաեւ Քաբուլի «Համիդ Քարզայի» օդակայանի անվտագությունը պաշտպանելու առնչությամբ Անկարայի ստանձնած պարտավորությունների մասին, բայց վերապահությամբ:
Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Թուրքիան կանգնած է Աֆղանստանի գործընթացներից դուրս մղվելու սպառնալիքի առջեւ, որքան էլ Քաբուլի օդակայանի անվտագության պաշտպանությունը նա ստանձնած լինի դեռեւս հունիսի 14-ին, Բրյուսելում կայացած Բայդեն-Էրդողան հանդիպմանը: Հատկանշական է, որ հանդիպմանը արձանագրություն չի կազմվել, որտեղ, հակառակ ընդունված կարգի, թարգմանչի դերում հանդես է եկել ոչ թե արտգործնախարարության աշխատակիցը, այլ նախկին պատգամավորներից տիկ. Մերվե Քաբաքչիի դուստրը, այսինքն մասնավոր անձ:
Այլ կերպՙ Բայդեն-Էրդողան հանդիպման բովանդակությանն անծանոթ է նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը: Գալով աֆղանական գործընթացներից Թուրքիայի օտարմանը, դրա հավանականության մասին է խոսում օգոստոսի սկզբին Քաթարի մայրաքաղաք Դոհայում հրավիրված խորհրդաժողովը, որին թալիբների հետ հրավիրվել էին Աֆղանստանի բոլոր 6 հարեւանները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրոպական միության ներկայացուցիչները, իսկ Թուրքիանՙ ոչ:
Ակնհայտ է, որ եթե թալիբները իշխանություն գալու լինեն երկրում, Քաբուլն էլ, օդակայանն էլ կպաշտպանեն իրենք, առանց Թուրքիայի կարիքը զգալու:
Ավելին, թալիբները Դոհայում, միջազգային լրատվամիջոցների վկայությամբ, հայտարարել են, որ դեմ են Թուրքիայի ներգրավմանը աֆղանական գործընթացին, որոնց այդ հարցում, որքան էլ անսովոր թվա, պաշպանել են Քաթարն ու Պակիստանը, ինչի մասին օգոստոսի 17-ին կալքէջքւմ գրել է BBC-ին: Այդ առումով խիստ հատկանշական է անգլիական գործակալության հրապարակած նյութիՙ «Ինչո՞ւ Թալիբանը խուսափում է համաձայնության գալ Թուրքիայի հետ» ենթավերնագիրը: Համենայն դեպս, եթե Թուրքիան օտարվի Աֆղանստանի գործընթացներից, նրան կմնա բավարարվել աֆղանցի այսպես կոչված փախստականներ ընդունելով, որոնց թիվն արդեն տասնյակ հազարների է հասնում: