Օրերս 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրաճանաչ կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը: Նա այն արվեստագետներից էր, ում անվան հետ են կապված է հայ կինոյի պատմության բազում դրվագներՙ 50-ական թվականներից սկսած: Նկարահանել է քառասունից ավելի խաղարկային ու վավերագրական ֆիլմ: Հարկ է նշել, որոնց շարքում կարելի է առանձնացնել «Ավդոյի ավտոմեքենան» (ռեժ.ՙԴմիտրի Կեսայանց ), «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Վերադարձ» (ռեժ.ՙ Արման Մանարյան),«Քաոս» (ռեժ.ՙ Լաերտ Վաղարշյան), «Զինվորն ու փիղը», «Աղետ» (ռեժ.ՙ Դմիտրի Կեսայանց), «Բովտուն» (ռեժ.ՙ Ալբերտ Մկրտչյան), «Աքսորական 011» (ռեժ.ՙ Լաերտ Վաղարշյան), «Վառած լապտեր» (ռեժՙ. Աղասի Այվազյան), «Հատակում» (ռեժ.ՙ Ֆրունզիկ Մկրտչյան»), «Որտեղ էիր, մարդ աստծո» (ռեժ. Առնոլդ Աղաբաբով) … Իսկ 2008 թվականին, երբ պատկառելի տարիքում էր, շարունակում էր արարել եւ Ալբերտ Մկրտչյանի հետ ստեղծեց Արցախյան պատերազմի մասին պատմող «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը:
…Լեւոն Աթոյանցի հայ կինոարվեստում թողած ավանդը ու նրա կերպարը ներկայացնելու համար զրուցել ենք ՀՀ եւ ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանի հետ, որ եղել է վարպետի մտերիմներից եւ նրա հետ առնչվել երկար տարիներ: Սեղանին հետաքրքրական գրքույկ էՙ «Դիմանկարի էսքիզ. Լեւոն Աթոյանց»: Սույն գրքույկը գրվել է դեռ 2017-ին, երբ Վարպետն արդեն 87 տարեկան էր:
Ահա թե ինչ է պատմում մեր զրուցակիցըՙ Ռոբերտ Մաթոսյանը.
– Հետաքրքիր մի երեւույթ: Թվում էՙ մարդուն մոտիկից ճանաչում ես, գործի բերումով ականատես ես եղել նրա նկարահանած ֆիլմերին, գնահատել ես կինոօպերատորի նրա տքնաջան աշխատանքը, ուրեմն նրա դիմանկարը ստեղծելու որեւէ խնդիր լինել չի կարող: Սակայն, երբ գրելու առիթով ես հանդիպում, բացվում է մի այնպիսի նոր շերտ, որ ինքդ էլ զարմանք ես ապրում: Մտածում եսՙ ինչքան բարդ է մարդ արարածը, այսքան տարի գիտեիր, կարծես նոր-նոր ես ճանաչում: Այսպիսի զգացողություն ունեցա, երբ դիմանկարի էսքիզ գրելու առիթով եղա հայկական կինոյի ճանաչված օպերատորներից մեկի 87-ամյա Լեւոն Աթոյանցի տանը: Սկզբից եւեթ ասեմ, որ չնայած մի քանի տարի առաջ նա ծանր հիվանդություն տարավ, սակայն այն ներքին կամային ուժը, եռանդը, անընդհատ աշխատելու ցանկությունը Աթոյանցի ապրելակերպը դարձավ: Զինվորականի նման աշխատանքային ռեժիմ էր իր համար սահմանել: Արթնանում էր առավոտյան ժամը 5-6-ը ու անմիջապես սկսում էր աշխատել ննջարանի մոտ գտնվող համակարգչի վրա: Հետո, նայած թե ինչ թեմատիկայով էր առաջնորդվում, անցնում էր երկրորդ` մոնտաժային համակարգչին: Երբ ես այնտեղ էի, միաժամանակ երեք գրքերի վրա էր աշխատում:
– Պարոն Մաթոսյան, Լեւոն Աթոյանցի նկարահանած ֆիլմերը դիտել են սերունդներ: Ի՞նչն էր նրան առանձնացնում կինոարվեստում:
– Թիֆլիսյան կոլորիտը, նիստուկացը, անշուշտ, իր ազդեցությունն է թողել ապագա կինոօպերատորի ստեղծագործական կյանքում: Ավելին, ասում էր` մինչեւ այսօր էլ թողնում է եւ երբեք էլ չի ձերբազատվել: Ի դեպ, Թիֆլիսը ներշնչման աղբյուր է դարձել նաեւ Ռուբեն Մամուլյանի, Լեւ Կուլիջանովի, Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի եւ շատ շատերի համար: Պատմում էր, որ Թիֆլիսի մեյդանը հազվադեպ երեւույթ է աշխարհիս երեսին: Այդ հրապարակում զուգահեռվում են բոլոր կրոնների խորհրդանիշները: Հետաքրքրական պատմություններ էր հիշում այդ թաղում իր նկարահանածՙ ռեժիսոր Աղասի Այվազյանի «Վառած լապտեր» ֆիլմի մասին: Մտահոգված ասում էր, որ վրացիները Փիրուսմանիին նվիրված իրենց ֆիլմը մշտապես ցուցադրում են, իսկ Վանո Խոջաբեկյանին նվիրվածը մենք զլանում ենք ցուցադրել: Թբիլիսիի մասին խոսելիս մի տեսակ ոգեւորվում էր: Ասում էր` միշտ գնում գալիս եմ, նույնիսկ այս վիճակով: Թիֆլիսը մի ուրիշ տեսակի էներգիա է տալիս: Հետո ընկնում էր կինոաշխարհ մուտք գործած իր առաջին քայլերի գիրկը: «Մեր տունը, որտեղ ես ծնվել եմ, հենց այդ փողոցում է, որտեղ Համո Բեկնազարյանը նկարահանել է հայկական առաջին հնչունայինՙ «Պեպո» ֆիլմը: Մի 7-10 րոպե ճանապարհի վրա էր գտնվում «Գրուզիաֆիլմ» ստուդիան, որը միշտ երեխաներիս ձգում էր եւ մենք ականտես էինք լինում այդ խորհրդավոր աշխարհում կատարվող իրադարձություններին: Ասում էրՙ այստեղ մի հայ օպերատոր կար` Լեւոն Արզումանովը, որն ինձ «լիլիպուտ» լուսանկարչական սարք նվիրեց եւ այդ օրվանից խորամուխ եղա կինոաշխարհի գաղտնիքներին…:
Ռոբերտ Մաթոսյանն իր հեղինակած «Դիմանկարի էսքիզ. Լեւոն Աթոյանց» գրքույկում ներկայացրել է հայ կինոյի նվիրյալի կենսագրությունն ու թողած ժառանգությունը: Լեւոն Աթոյանցը Լենինգրադի կինոյի ինստիտուտում սովորելու ընթացքում «Լենֆիլմ» կինոստուդիայում աշխատել է` որպես օպերատոր: Հետագայում տեղափոխվել է Հայաստան եւ աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: Բացահայտում ենք նաեւ, որ Թբիլիսիում ծնված արվեստագետը մայրական կողմից սերում էր արցախցի հայտնի Մանուչարովների տոհմից, իսկ հայրական արմատներովՙ մշեցի էր :
– Պարոն Մաթոսյան, Լեւոն Աթոյանցի ո՞ր ֆիլմերի վրա կուզենայիք կանգ առնել: Ի՞նչ մանրամասներ կպատմեք:
– Իմ այս գրքույկը գրելու ժամանակ Լեւոն Աթոյանցի հետ միասին դիտում էինք նրա նկարահանած առաջին` «Ավդոյի ավտոմեքենան», որը 1966 թ, էկրանավորվել է արձակագիր Վալտեր Արամյանի գործի հիման վրա:
Այս կինոնկարը զարմանալի արդիական հնչեղություն ունի նաեւ այսօր: «Ավդոյի ավտոմեքենան», թող վերամբարձ չհնչի, այն ինչ նկարահանում է Կուստուրիցան, մատուցման եւ կինոոճի առումով չի զիջում. ֆիլմի ռեժիսոր Դմիտրի Կեսայանցը նկարահանել է այն դեռեւս 40 տարի առաջ: Պարզապես պետք է եւս մեկ անգամ դիտել «Ավդոյի ավտոմեքենան»: Դա ռեժիսորի ճակատագրից բխող, որի մանկությունը անցել է աքսորում, կինոստեղծագործություն է, որը ժամանակին կրճատվել- ֆիլմից դուրս են մղվել հետաքրքրական էպիզոդներ, եւ լիամետրաժ ժապավենը դարձել է կարճամետրաժ կինոնկար, այդուհանդերձ պահպանելով դրմատուրգիայի ոգին: Լեւոնը պատմում էր ոգեւորված, որ Ավդոն երիտասարդ Մայիս Կարագյոզյանն է, այս մեկը ջահել Ազատ Շերենցն է` նրա առաջին դերը կինոյում, իսկ սա Արմեն Խոստիկյանն է, ահա եւ Մուրադ Կոստանյանը: Կինոօպերատորը դրվագ առ դրվագ ներկայացնում էր հին Երեւանի շինությունները, այսօր արդեն գոյություն չունեցող նեղլիկ փողոցներն ու բակերը: Հետաքրքրական, պատմական արժեք հանդիսացող մի ինքնատիպ կոլորիտ կա այս ֆիլմում: Լեւոնը «Ավդոյի ավտոմեքենան» նկարահանել է գրեթե առանց շտատիվի: Ինչպիսի դինամիկա, թեման ներկայացնելու ճշմարիտ արտահայտչականություն: Մեկ նախադասությամբ ասենք, որ ֆիլմի սյուժեն ՆԷՊ-ի տարիներն են: Գործողությունների սրընթաց զարգացում, ռեժիսորական վարպետություն, մոնտաժի աներեւակայելի դինամիկա եւ այդ ամենին գումարածՙ սարկազմ ու ենթատեքստ: Ափսոսանքով կարելի է նշել, որ այդ ֆիլմի մասին չի խոսվում եւ չի ցուցադրվում: Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցի մոտ հայկական կինոյի տարեգրությունն էր պահպանվում: Նա իր փոքրիկ ստուդիայում ցուցադրում էր տարիներ առաջ նկարահանած իր մանկության օրրանը` Թբիլիսին, ոգեւորված պատմում ու ցույց տալիս այն տները, որտեղ ծնվել են Ռ. Մամուլյանը, Ս. Փարաջանովը, Ա. Այվազյանը… Քուռ գետի ափին գտնվող ջրաղացները, որոնցից երկուսի տերը սպիտակցիներ են, անընդհատ հուշեր եւ հիշողություններ: Ասում էի` Լեւոն, թվարկիր այն լավագույն ֆիլմերը, որոնք դու ես նկարել:
– Դժվարանում եմ, – ասում էր նա,-ո՞ր մեկը թվարկեմ… Որպես կոմբինացված նկարահանումների օպերատորՙ սկսել եմ Արտաշես Հայ-Արտյանի «Հյուսիսային ծիածան» ֆիլմից: Այնուհետեւ Ստեփան Կեւորկովի եւ Էրազմ Մելիք- Քարամյանի «Արտակարգ հանձնարարությունում»: Աշխատել էր օպերատորի օգնական: Առաջին ինքնուրույն աշխատանքը, որ նկարահանել էր, ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի «Սովի ժամանակից» ֆիլմն էր:
Նա առանձին մի ջերմությամբ էր պատմում Մաքսիմ Գորկու «Հատակում» ֆիլմում իր կատարած աշխատանքների մասին, որը Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի առաջին ռեժիսորական գործն էր: Այս կինոնկարը ինքնատիպ մի ստեղծագործություն է, որտեղ բացահայտվում է Մկրտչյան արտիստը եւ բեմադրիչը: Խոսք է բացվում իր կատարած օպերատրական աշխատանքների գնահատման մասին: Ասում էր. «Ես բազմաթիվ փառատոներում մրցանակների եմ արժանացել, բայց այդպես էլ ոչ մի կոչում չունեմ, չեմ զբաղվել, համարել եմ երկրորդական մի բան: Բայց պարզվում է, այդպես չէ, այդ ամենը մեզանում կարեւոր էր ե՛ւ երեկ, կարեւոր է ե՛ւ այսօր:
Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում Լեւոն Աթոյանցի նկարահանած «Մորգանի խնամին» (ռեժ.` Արման Մանարյան) աչքի է ընկնում լուսային ինքնատիպ լուծումներով եւ ամենակարեւորըՙ հեռուստակինոյին բնորոշ խոշոր պլանների չափի զգացողության պահպանումը, որով էլ ավելի է ընդգծում հանրաճանաչ արտիստներ Ավետ Ավետիսյանի (Մինթոեւ) եւ Վարդուհի Վարդերեսյանի (Մագթաղ) խաղը: Ինչպես գիտեք, հեռուստաէկրանը գրեթե կիսով չափ կորստյան է մատնում դերասանական խաղը, իսկ նույն կադրերը մեծ էկրանին ցուցադրելիս այնքան է խոշոր ստացվում, որ ուղղակի դիտողի համար անսովոր է դառնում: Ահա այս երկու էկրանների համար նրա ընտրած ոսկե միջինը ֆիլմը դարձնում է առինքող ու դիտարժան:
Մի պահ վերհիշենք Ալ. Շիրվանզադեի վեպի հիման վրա էկրանավորված «Քաոս» ֆիլմում նավթահանքերի հրդեհի տեսարանը: Ավելի քան քառասուն տարի առաջ նկարահանված կինոնկարի այդ հատվածը այնքան հավաստի ու ճշմարտացի է, որ կարծում ես, թե ամբողջ Բաքուն հրդեհի մեջ է: Սա փայլուն օպերատրական աշխատանք է, որի հավաստիությունն ինչ-որ տեղ իրականության արտացոլանք է: Եվ այդ ամենը Լեւոն Աթոյանց կինոօպերատրի ջանքերի շնորհիվ,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը եւ շարունակում.
…Լեւոն Աթոյանցը նաեւ Արցախյան պատերազմի վավերագրողն էր: Նրա հետ բոլոր զրույցները մնացին անավարտ: Անցյալ տարի պատերազմի օրերին Հայրենիքի ճակատագրով ապրող արվեստագետը իր դիմագրքում տեղադրել էր հայ զինվորների շուրջ 50 լուսանկարներ ու մակագրել. «ГЕРОИ ВЧЕРА. СЕГОДНЯ. ЗАВТРА! ВСЕГДА!!!»: Կինոյի Վարպետի համար հայ զինվորը մեր երեկվա, այսօրվա ու վաղվա սերունդների հերոսն էր:
Նկար 1. «Հատակում» ֆիլմի նկարահանման ընդմիջման պահ.- Ձախիցՙ Ռուզան Սուքիասյան («Ֆիլմ» թերթի աշխատակից), Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանՙ բեմադրող ռեժիսոր, Լեւոն Աթոյանցՙ բեմադրող օպերատոր, Ռոբերտ Մաթոսյան( «Ֆիլմ» թերթի խմբագիր) եւ Սարգիս Պետրոսյանՙ երկրորդ ռեժիսոր:
Նկար 2. «Հեղնար Աղբյուր» ֆիլմի նկարահանման պահ.- Կինոռեժիսոր` Արման Մանարյան, բեմադրող օպերատորՙ Լեւոն Աթոյանց:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ