Երկար տարիներ Լիբանանը համարվում էր անվրդով, հովվերգական մի երկիր, իսկական դրախտ երկրի վրա` իր գեղեցիկ բնության եւ ազատամիտ հասարակության պատճառով, որը շքեղ եւ կենսուրախ գիշերային ժամանցի վայրեր էր պարգեւում մարդկանց: Լիբանանը Միջին Արեւելքի ընտրյալ վայրերից էր, որտեղ զբոսաշրջիկների հետ նավթադոլարները եւս հոսում էին բանկային ազատ համակարգի գոյության պայմաններում եւ որտեղ նաեւ կարող էին մուտք գործել ամենատարբեր տեսակի լրտեսներ` հետեւելու համար հարեւան երկրների զարգացումներին:
Լիբանանի բուն բնակիչները փյունիկեցիներն էին, նավագնացությամբ զբաղվող մի ժողովուրդ, որն իր գաղութներն ուներ Հյուսիսային Աֆրիկայում, օրինակ` Կարթագենում: Կարթագենն այնքան էր հզորացել, որ վախ էր սփռում նույնիսկ հռոմեացի կայսրերի հողում: Այդ վախն այնքան սարսափելի էր, որ հռոմեացի հռետոր եւ քաղաքական գործիչ Կատոն իր բոլոր ելույթները ավարտում էր «Կարթագենը պետք է կործանել» կոչով: Եվ իրոք, այն կործանվեց փյունիկեցիների հետ երրորդ պատերազմում մ.թ.ա. 146 թվին:
Իրենց ծովագնաց նախնիների ավանդությանը հետեւելով, Լիբանանի քաղաքացիները ստիպված արտագաղթեցին հեռավոր երկրներՙ նոր համայնքներ կազմավորելով Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում: Բայց նրանք չմոռացան առատաձեռնորեն նպաստել նաեւ իրենց հայրենի երկրի բարգավաճմանը:
Այսպիսով, հայերի նման, լիբանանյան սփյուռքի բնակիչները շատ ավելի են, քան բուն երկրի բնակչությունը: Նախքան երկրի վերջին ճգնաժամը, բուն Լիբանանի բնակչությունը վեց միլիոն էր, իսկ սփյուռքի բնակչությունը կազմում էր 10-14 միլիոն:
Լիբանանը դարձել էր ամենահյուրընկալ ապահով ապաստարաններից մեկը Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար:
Հայկական համայնքն այնտեղ հասել էր 250 հազարի` իր գագաթնակետին: 2009-ին այդ թիվը նվազել էր` դառնալով 112 հազար, իսկ այսօր այն ընդամենը 40 հազար է: Բայց տեղի համայնքներից ոչ մեկը չի կարող իր անդամների ճշգրիտ թիվը բարձրաձայնել, քանի որ լիբանանյան քաղաքական համակարգը հիմնված է կրոնական համայնքների վրա եւ 18 դավանաբանական խմբավորումներ իրենց համամասնական ներկայացուցիչներն ունեն լիբանանյան խորհրդարանում: Դրա հետեւանքում, եթե համայնքը խոստովանի, որ իր անդամների թիվը նվազել է, կկորցնի խորհրդարանում ներկայացուցիչների իր տեղերը:
Ներկայիս հայկական համայնքը խորհրդարանում ներկայացված է 6 անդամներով: 10,500 կմ տարածքի վրա 1943-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր Լիբանանում բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններ են տեղի ունեցել, որոնք խորը սոցիալական փոփոխություններ են առաջացրել երկրում:
Լիբանանցիները ապշեցուցիչ տեսակի վերապրողներ են: Յուրաքանչյուր հակամարտությունից հետո, նրանք դարձյալ միավորվում են «ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ» կարգախոսի ներքո եւ սկսում վերակառուցել երկիրը: Ներկայիս ընթացող ճգնաժամը վերլուծելու համար պետք է ընդարձակել տեսադաշտը եւ վերանայել տարածաշրջանային զարգացումները, որպեսզի կարելի լինի տեսնել դրանց ազդեցությունը Լիբանանի վրա:
Միջին Արեւելքում տեղի ունեցող ալեկոծությունների մեծ մասն առնչվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ, երբ Իսրայելը անկախություն հռչակեց 1948-ին: Դրանից հետո այդ հակամարտությունը ճանապարհ հարթեց նոր տարաձայնությունների, որոնք ավարտվեցին պարտադրելով իրենց գոյությունը:
Արաբական երկրներից հատկապես Եգիպտոսն ու Սիրիան մտադիր էին վերացնելու Իսրայելին եւ բնակչությանն էլ ծովը թափելու: Մինչեւ 1973-ի «Յոմ Կիպուրի պատերազմը» Հորդանանն էր վերահսկում Արեւմտյան ափն ու Արեւելյան Երուսաղեմը, իսկ Եգիպտոսը վերահսկում էր Գազայի շերտը: Փոխանակ այդ տարածքներում հռչակելու պաղեստինյան պետության ծնունդը, նրանք հետամուտ էին լինում կործանելու Իսրայելը: Վերջինիս համար, հակառակ կորուստների, բոլոր պատերազմներն էլ, տարօրինակ կարող է հնչել, բայց ողջունելի էին, քանի որ դրանք ավարտվում էին տարածքային նոր նվաճումներով: 1973-ի պատերազմի հետեւանքում Եգիպտոսը կորցրեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզու մեծ մասը: Հորդանանը կորցրեց Արեւելյան Երուսաղեմը եւ Արեւմտյան ափը, իսկ Սիրիան կորցրեց Գոլանի բարձունքների իր ամենապտղաբեր ու մարտավարական նշանակության տարածքները:
Այս բոլորից հետո, արաբական երկրները, բացի Համասից, համակերպվեցին, որ Իսրայելն էլ գոյություն ունենալու իրավունք ունի եւ նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ բանակցում են որպես հարցի կարգավորում երկու պետություն ստեղծելու մտադրությամբ, հույս ունենալով վերանվաճել Արեւմտյան ափը եւ Գազայի հատվածը, որպեսզի կազմավորեն պաղեստինյան պետությունը:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պատճառ դարձավ, որ բազմաթիվ պաղեստինցիներ որպես փախստականներ տեղափոխվեն արաբական այլ երկրներ, ստեղծելով դրանցում հասարակա-քաղաքական եւ զինվորական խնդիրների մի ամբողջ շարք: Լիբանանում նրանք կարողացան կազմակերպվել եւ երկրի կառավարության մեջ կառավարություն կազմել` զայրացնելով երկրի քրիստոնյաներին եւ սպառնալով Իսրայելին:
Արաբական աշխարհի զայրույթն առաջացել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքից: Այդ զայրույթը շեղելու կամ չեզոքացնելու նպատակով Մ. Նահանգների ու Իսրայելի քաղաքականությունը մշակողները նոր մարտավարություն ձեւավորեցին` հավատացնելով արաբներին, որ իսկական թշնամին ոչ թե Իսրայելն է, այլ շիա դավանող Իրանը: Դրանով տարածաշրջանում սկիզբը դրվեց կրոնական տարաձայնություններին: Սաուդյան Արաբիային հանձնարարվեց ստանձնել սուննի արաբների ղեկավարությունը, որովհետեւ նա էր իսլամական սրբազան վայրերի` Մեքքայի եւ Մեդինայի պահապանը: Քչերն էին ակնկալում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան հանդես կգա որպես պաղեստինյան հարցի պաշտպան եւ կհավակնի դառնալ սուննի աշխարհի առաջնորդը` խլելով այդ իրավունքը իսրայելա-ամերիկյան քաղաքականությունը մշակողների նախագծած ծրագրից:
Լիբանանի գլխավոր քաղաքացիական պատերազմը սկսվեց 1975-ին եւ տեւեց մինչեւ 1989-ը, երբ Արաբական Լիգայի հովանու ներքո Թաիֆում (Սաուդյան Արաբիա) ստորագրվեց համատեղ իշխանություն կազմելու համաձայնությունը:
Այդ աղետալի պատերազմում Լիբանանի մահմեդականները պաղեստինցիների կողմն անցան ընդդեմ քրիստոնյաների: Լիբանանյան բանակը` բաժանված երկու ճամբարների դավանաբանական հոսանքների միջեւ, իր ձեռքը վերցրեց երկրի եւ ժողովրդի ճակատագիրը: 1982-ին Իսրայելի բանակը ներխուժեց Լիբանան, հասավ Բեյրութ եւ քանդեց պաղեստինյան զորքերի բոլոր ենթակառույցները: Բայց հակամարտությունը շարունակվեց մինչեւ 1989-ը, երբ խաղաղությունը վերահաստատվեց, եւ Սիրիան ստանձնեց երկրի անվտանգությունը:
Լիբանանահայերը, որոնք 1958-ի հակամարտության ժամանակ ճամբարներից մեկին էին միացել եւ տուժել ծանրորեն, այս անգամ որոշեցին «դրական չեզոքություն» պահպանել, բարկացնելով քրիստոնյա զանգվածին:
Հաջորդող տարիներին տարածաշրջանի եւ արեւմուտքի շատ երկրներ օգնեցին, որ Լիբանանը վերակառուցվի: Մ. Նահանգները դիտավորյալ թերզինված պահեց լիբանանյան բանակը, որպեսզի չխախտի Իսրայելի գերիշխանությունը տարածաշրջանում: Այս քայլն, իր հերթին, ծնունդ տվեց այլընտրանքային մի նոր ուժի` Հզբոլլահի առաջացմանը, որպես Իրանին փոխարինող: Չնայած Արեւմուտքում Հզբոլլահին համարում են ահաբեկչական մի կազմակերպություն, Լիբանանում այն կառուցել է իր քաղաքական ենթակառույցները եւ խորհրդարանի 128 մանդատներից զբաղեցնում է 14-ը:
Հզբոլլահի առաջացումից ի վեր լիբանանյան քաղաքական երկնակամարում պատերազմը շարունակվում է: Մ. Նահանգներն ու Իսրայելը, մի կողմից, փորձում են խորտակել այդ կուսակցությունը, մյուս կողմից Իրանը պաշտպանում ու զինում է Հզբոլլահին: Լիբանանի ժողովուրդը երկուսի արանքում է մնացել: Սաուդյան Արաբիան, որ Լիբանանի գլխավոր բարերարն է, դադարեցրել է ամեն տեսակի օգնություն ցուցաբերելՙ Իսրայելում եւ Մ. Նահանգներում գտնվող իր վերադասների խնդրանքով: Այդ պատճառով էլ Լիբանանի տնտեսությունը հայտնվել է ծանր կացության առջեւ:
Ենթադրվում է, որ Հզբոլլահն իր շարքերում ունի 25 հազար մարտիկներ` զինված ամենաարդիական զինատեսակներով: Այն բազմաթիվ անգամներ կարողացել է ետ մղել Իսրայելի նախահարձակումները եւ երբեմն էլ խորտակել Իսրայելի պաշտպանության ուժերի անպարտելիության առասպելը:
Վերջին մի քանի տարիներին Լիբանանի քաղաքական կյանքն անգործունեության է մատնված, կաթվածահար անելով կառավարական բոլոր աշխատանքները: Լիբանանում հաստատված սաուդյան «խնամակալները» փորձում են Հզբոլլահին դուրս մղել քաղաքական դաշտից, բայց վերջինս այնքան խորն է արմատավորվել, որ ոչ մի կառավարություն երկրում չի կարող ձեւավորվել առանց նրա համաձայնության:
Խնամակալ կառավարության կազմավորումից ամիսներ անց սուննի մահմեդական Նաջիբ Միկատին վերջապես ստանձնեց նոր կառավարության ղեկը` հուսադրելով որոշ մարդկանց, բայց մեծամասնությանը թողնելով հուսահատ վիճակում: Վերջիններս այլ երկրներում են ապաստան որոնում: Նրանց դառնությունը կարելի է հասկանալ, քանի որ «Պանդորայի ծրարների» վերջերս հայտնաբերված տվյալների համաձայն միլիարդատեր Միկատին աշխարհի այն առաջնորդների թվում է, որոնք միլիոնավոր դոլարների օֆշորային հաշիվներ են կուտակել:
Համաշխարհային բանկի հաշվարկներով միայն 19 տարի հետո Լիբանանը կկարողանա հաղթահարել ներկա ճգնաժամը: Բանկը նաեւ համարում է, որ Լիբանանի ներկա ճգնաժամը այն երեք վատագույն ճգնաժամերից է, որ աշխարհը ականատես է եղել վերջին 150 տարիների ընթացքում, իսկ ՄԱԿ-ը իրադրությունը բնութագրել է որպես «կենդանի մղձավանջ»: Վերջինիս հաշվարկներով, բնակչության 78 տոկոսը ապրում է աղքատության սահմանագծից էլ վատ պայմաններում`սովամահ լինելու սպառնալիքի ներքո: Հոսող ջուր չկա երկրում, չկա նաեւ էլեկտրականություն: Չեն գործում տեղական ինքնավարության ծառայությունները: Հիվանդանոցներից շատերը, որոնք գեներատորների միջոցով են աշխատում, վառելիքի կարիք ունեն, որը դժվար ձեռք բերովի է: Իրականում անցյալ շաբաթավերջին ամբողջ երկիրը 24 ժամով հոսանքազրկված էր: Էլեկտրակայանները չէին աշխատում վառելիքի պակասի հետեւանքով: Դրանից առաջ օրական միայն 2 ժամով էր էլեկտրականություն տրամադրվում ժողովուրդին:
Իրանը խոստացել է վառելիք ուղարկել Լիբանան, բայց եթե վերջինս ընդունի «նվերը», ապա Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտած է լինելու: Վառելիքի պակասը արդեն 18 ամիս է ինչ գոյություն ունի եւ դեռ շարունակվում է: Երկրից զանգվածային արտագաղթ է տեղի ունենում: Վերջին ամիսներին 2000 բժիշկներ եւ 1500 բուժքույրեր լքել են երկիրը` կիսաճակատագրական հարված հասցնելով առողջապահության համակարգին, որը փլուզման եզրին է:
Բանկային համակարգն էլ լարված դրության մեջ է: Ամերիկյան դոլարով ավանդներ ունեցող քաղաքացիները չեն կարողանում վերցնել իրենց խնայողությունները մինչեւ չհամաձայնվեն լիբանանյան արժույթով ստանալ դրանք: Իսկ այդ արժույթն արդեն 90 տոկոսով արժեզրկվել է: Ներկայիս ամերիկյան դոլարի փոխանակման երեք սակեր են սահմանվել, 2-ը պաշտոնական, մեկը` սեւ շուկայական:
Փոխանակման պաշտոնական սակագինը 1500 լիբանանյան ֆունդ (լիրա) է մեկ դոլարի դիմաց, երկրորդ` կիսապաշտոնական սակագինը 3.900, իսկ սեւ շուկայականը` 25.000 մեկ դոլարի դիմաց:
Քաղաքացիները չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես գոյատեւեն: Այս բոլորը կարծես բավական չէր, անցյալ օգոստոսին ահավոր մի պայթյուն տեղի ունեցավ Բեյրութի նավահանգստի շրջանում, որն ավերեց մայրաքաղաքը` պատճառելով 15 միլիարդ դոլարի վնաս եւ անտուն թողնելով 300.000 մարդկանց:
Բեյրութի արվարձաններից Բուրջ Համուդը «փոքրիկ Հայաստան» էին անվանում: Այնտեղ մունիցիպալ բոլոր ծառայությունները հայերի ձեռքերում էր: Հիմա հայերի զանգվածային արտագաղթ է կատարվում այնտեղ, բայց քովիդի եւ փախստականների համաշխարհային հիմնախնդրի պատճառով շատ քիչ երկրներ են ընդունում նրանց: Դրանցից առաջինը Հայաստանն է եւ արդեն «փոքրիկ Լիբանան» է կազմավորվել Երեւանում, փոխարինելով Բեյրութի «փոքրիկ Հայաստանին»:
Աշխարհով մեկ սփռված հայկական համայնքները նյութական հսկայական միջոցներ են ներդրել Լիբանանի համայնքային կառույցներում: Քրիստոնեական բոլոր երեք կրոնական հարանվանությունները այնտեղ ունեն իրենց եկեղեցիները, դպրոցները, մարզական ակումբներն ու հասարակական կենտրոնները:
Թվում է, թե գաղթական հայի պատմությունը կրկնվում է: Հնդկաստանի, Եգիպտոսի եւ այլ երկրների հայկական եկեղեցիներն ու հաստատությունները դատարկվել են, քանի որ տեղի հայկական համայնքները լքել են այդ երկրները իրենցից անկախ իրադարձությունների հետեւանքով:
Հայկական համայնքների ճակատագի՞րն է ապրել այդ ձեւով: Լիբանանը դարձյալ հառնելո՞ւ է «ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ» լավատեսական կարգախոսի ներքո: Մեզ մնում է միայն աղոթել, որ դա տեղի ունենա:
Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)