Արդյո՞ք Ռուսաստանի գործուն մասնակցությամբ «3+3» ձեւաչափի տեսքով նոր հարթակներ ստեղծելու անվան տակ ընդամենը «փոքր քայլերով» հումանիտար առաքելություն իրականացնող «Մինսկի խմբի» աշխատանքների արդյունավետությունը մշտապես կասկածի տակ դնող Թուրքիայի ջանքերն այս անգամ էլ են հաջողությամբ պսակվելու․․․
Թուրքիանՙ «3+3» ձեւաչափի նախաձեռնող
Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով գործում է միջազգային մանդատով օժտված «Մինսկի խումբը», որի ձեւավորման մասին որոշումն ընդունվել է 1992 թվականինՙ ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհրդի կողմից։ Խմբի առաքելությունն իրականացնում են եռանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Գրեթե երեսուն տարի մեզ ուղեկցող, բայց Բաքվի տեսակետովՙ գոյություն չունեցող այդ ձեւաչափի մասին գիտենք էլի շատ մանրամասներ։
Սակայն Թուրքիայի կողմից վերջերս շրջանառվող «3+3» ձեւաչափի մասին գրեթե ոչինչ չգիտենք։ Մեզ հայտնի է միայն նոր հարթակ ստեղծելու եւ տարածաշրջանային խնդիրներում իր անմիջական մասնակցությունն ապահովելու հարցում դրա նախաձեռնողիՙ Անկարայի անսքող շահագրգռվածության մասին։
Նաեւ մեզ հայտնի է, որ «Մինսկի խմբի» գործունեության բոլոր ժամանակաշրջաններում Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց ձգտել են համանախագահողի մակարդակով ապահովել Անկարայի մասնակցությունն այդ խմբի աշխատանքներին։ Նաեւ տեղյակ ենք, որ թուրքական կողմի «3+3» ձեւաչափի գաղափարը սաղմնավորվել է դեռեւս 2000-ական թվականներին, եւ աշխարհաքաղաքական իմաստով դրա բովանդակության հիմքում այն մոտեցումն էր, որ ռեգիոնալ խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ու տերությունների ներգրավմամբ, եւ տարածաշրջանից դուրս գտնվող պետություններն ու շրջանակները չպետք է ներգրավվեն խնդիրների լուծման գործընթացում։ Ի դեպ, գրեթե նման մոտեցման կողմնակիցներից է եղել նաեւ Իրանը։
Այս գաղափարը նոր երանգավորում ստացավ ԻԻՀ նախկին արտգործնախարար Զարիֆի տարածաշրջանային այցի շրջանակներում Թուրքիա կատարած այցի ընթացքումՙ Չավուշօղլուի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Թուրքիայի ԱԳ նախարարն իր իրանցի գործընկերոջ հետ հունվարի 29-ի հանդիպմանը հայտնել էր, որ ԹՀ իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթակըՙ ձեւավորելով «3+3» ձեւաչափը։ «Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Այնպես որ, մենք ծրագրում ենք համագործակցել «3+3» ձեւաչափով»,- նշել է Չավուշօղլուն։ ԹՀ արտգործնախարարը նաեւ ընդգծել է, որ Հարավային Կովկասում միայն հարաբերությունների կարգավորման ցանկությունը բավարար չէ։ Ըստ նրաՙ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր, որոնք համագործակցության ընդլայնման միջոցով հնարավորություն կտան հասնել հրադադարի մշտական ապահովմանը։
Վեցակողմ համագործակցության ձեւաչափի մասին ավելի վաղ խոսել էին նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ։
Ռուսաստանն ու «3+3» ձեւաչափը
Վեցակողմ հարթակ ստեղծելու Թուրքիայի ձգտումներին վերջերս ջանասիրաբար միացել է նաեւ Ռուոսատանը, որը փորձում է իր ակտիվ մասնակցությունն ապահովել հարթակի ձեւավորման գործում։
Ռուսաստանի այդ ձգտումներն առավել թափանցիկ տեսքով ի հայտ եկան Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանի հոկտերմբերի 6-ին Մոսկվա այցելության ժամանակ, երբ ռուսական կողմի նախաձեռնությամբ քննարկման դրվեց «3+3» ձեւաչափի հարցը։
Իսկ «3+3» ձեւաչափի ձեւավորման հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը նույնպես անհնար է չնկատել։ Ըստ ամենայնի, այն պայմանավորված է «Մինսկի խմբում» ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակտիվությունը չեզոքացնելու եւ Հարավային Կովկասի հարցերում միանձնյա ներկայությունն ընդգծելու ձգտմամբ։ 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվայի կողմից «Մինսկի խմբի» մյուս համանախագահողների հետ հարցերի կիսահամաձայնեցումը հենց դրա մասին է վկայում։
«3+3» ձեւաչափի հարցում Իրանի դիրքորոշումը
Վեցակողմ հարթակ ստեղծելու նախաձեռնությանը Մոսկվայի առաջարկին Իրանի դրական արձագանքի մասին Լավրովի հայտարարությունից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է «3+3» ձեւաչափի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը։ Նույն ասուլիսի ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը Հարավային Կովկասի խնդիրների մասին խոսելիս, ընդամենն անդրադարձել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությանը։
Եթե ընդունենք, որ դեսպաններն արտահայտում են իրենց երկկրների պաշտոնական տեսակետները, ապա կարելի է, հղում անելով Բաքվում ԻԻՀ դեսպան Մուսավիին , արձանագրել, որ Իրանը նույնպես ողջունել է թուրքական կողմի «3+3» նախաձեռնությունը։
Հարկ է նշել, որ 1992 թվականի Իրանի միջնորդական առաքելության ձախողումից հետո, Թեհրանը ժամանակ առ ժամանակ հանդես է եկել խնդրի կարգավորմանը մասնակից դառնալու առաջարկություններով։ Սակայն միջնորդական առաքելությամբ զբաղվելու իրանական կողմի ձգտումները կորցրեցին իրենց արդիականությունն արցախյան երկրորդ պատերազմում Թեհրանի պատեհապաշտական դիրքորոշման բացահայտումից հետո։ Դրա փոխարեն, 2020 թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ընդունումից հետո, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի Բաքու եւ Երեւան այցելությունների ընթացքում ի հայտ եկավ նորՙ «Իրան + Հարավային Կովկասի երեք հանրապետություններ» ձեւաչափի գաղափարը, որը նոր երանգավորում ստացավ Զարիֆի տարածաշրջանային այցի ամփոփման ժամանակ Թուրքիայում Չավուշօղլուի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո։
«3+3» ձեւաչափում Վրաստանի մասնակցության հավանականությունը
Իրանի արտգործնախարարի հետ մոսկովյան հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը , անդրադառնալով վեցակողմ ձեւաչափում Վրաստանի ներգրավվածության հնարավորությանը, հույս է հայտնել, որ «Վրաստանը, չնայած իր առջեւ ծառացած խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնարար շահը` ստեղծել այս տարածաշրջանի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների եւ որոշումների համաձայնեցման մեխանիզմ, որը կապահովի այս տարածաշրջանի արագացված զարգացումը, որը երկար ժամանակ զսպվում էրՙ գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով»։
Արձագանքելով առաջարկվող ձեւաչափում Թբիլիսիի մասնակցության մասին Լավրովի լավատեսությանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պարզաբանել է, որ Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձեւաչափին, սակայն, վստահ է, որ երկիրն ինչ-որ ձեւով պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական մեծ նախագծերում։
Ավելի վաղ, մարտի սկզբին, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ նույնպես առիթ է ունեցել քննարկելու «3+3» ձեւաչափով համագործակցությանը Վրաստանի ակտիվ մասնակցության հարցը, որի կապակցությամբ հայտնել էր հետեւյալ տեսակետը․ «Իհարկե, մենք երախտապարտ ենք Թուրքիային, որը հավատարիմ է տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ջանքերի մեջ։ Տարածաշրջանի կայունությունը մեծապես կախված է այն ծրագրերից, որոնք իրականացվելու են, եւ որոնք տնտեսապես ընդունելի կլինեն բոլոր երկրների համար, բայց այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված իրավական նորմերի վրա: Առաջին հերթին նկատի ունեմ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դժվար է պատկերացնել համագործակցություն մի երկրի հետ, որը գրավել է մեր տարածքների 20 տոկոսը եւ, ցավոք, շարունակում է անօրինական գործողություններ իրականացնել»։ Նախարարը նշել է, որ առաջին հերթին պետք է ամրապնդվեն Հարավային Կովկասի երեք երկրների (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) միջեւ կապերը տարբեր ոլորտներում:
Այնուամենայնիվ, «ինչ-որ ձեւով աշխարհաքաղաքական մեծ նախագծերում ներկա գտնվելու» մասին Դավիթ Զալկալիանիի զգուշավոր հայտարարությունն անգամ հոկտեմբերի 9-ին վերախմբագրվեց Վրաստանի ԱԳ նախարարության կողմից, ինչը վկայում է խնդրի նկատմամբ վրացական կողմի խիստ վերապահ մոտեցման մասին։
Իսկ Վրաստանի վարչապետի հոկտեմբերի 9-ի Երեւան այցի ժամանակ հայկական կողմի հետ Թուրքիայի ու Ռուսաստանի նախաձեռնած հարթակի շուրջ հնարավոր քննարկումների մասին առայժմ միայն կարող ենք ենթադրություններ անել։
Քննարկվող ձեւաչափն ու հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը
Այս վտանգավոր որոգայթի մեջ Հայաստանին ներքաշելու մտադրությամբ գործի է անցել ռուսական կողմը։ Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Լավրովը խոստովանել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաեւ հայկական կողմի հետ։ Սակայն ռուս նախարարը չի նշել, թե հայկական կողմին համոզելու աշխատանքներն ինչպիսի բնույթ են կրելու։ Լավրովը չի նշել, որ հայկական կողմին «համոզելու» ինչպիսի լծակներ են օգտագործվելու։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է «3+3» ձեւաչափի մասին հայտարարություններին, նշելով․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է նախ հասկանաՙ դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են դրանք իրագործվում, ի՞նչ պայմաններում են գործելու, ի՞նչ սկզբունքներով են գործելու։ Եվ բազմաթիվ այլ մանրամասներ են պետք, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտենք»։
Հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում եւ պարզաբանել․ «Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն ամբողջական ու ներառական է»։ Նախարարի տեսակետովՙ ձեւաչափը պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջեւ փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում, հավելել է նախարարը, դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձեւաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձեւաչափի, թե՛ երկխոսության խաթարմանը:
Արդյո՞ք Ռուսաստանի գործուն մասնակցությամբ «3+3» ձեւաչափի տեսքով նոր հարթակներ ստեղծելու անվան տակ ընդամենը «փոքր քայլերով» հումանիտար առաքելություն իրականացնող «Մինսկի խմբի» աշխատանքների արդյունավետությունը մշտապես կասկածի տակ դնող Թուրքիայի ջանքերն այս անգամ էլ են հաջողությամբ պսակվելու։ Եվ արդյո՞ք մատուցվող ձեւաչափի ձախողման հուսադրող հավանականությունը պայմանավորված է լինելու միայն այն իրողություններով, որ Թբիլիսին տրամաբանորեն (նաեւ ֆիզիկապես) չի հանդուրժում միեւնուն «ակումբում» Ռուսաստանի հետ համակեցությունը, իսկ Թեհրանն էլ, իր շուրջը ձեւավրված հակաիրանական տրամադրությունների խորապատկերի վրա, առաջարկվող հարթակի ջատագովների հետեւում նշմարում է Իսրայելի ականջները։