Ուսումնական բառարանների կազմման ավանդույթը, թեկուզ եւ սակավ օրինակներով, մեզանում կիրառվել է առավելապես խորհրդային շրջանում. դրանք հիմնականում հասցեագրված են եղել դպրոցինՙ առնչվելով հայոց լեզվի նորմատիվ ուսուցման տարբեր բաժիններինՙ ուղղագրությանը, կետադրությանը, դարձվածքներին, բառակազմությանը, բառերի ձեւաիմաստային դասակարգմանը, լեզվի որեւէ թեմատիկ խմբի բառապաշարին, լեզվաբանական տերմիններին (ինչպեսՙ Ա. Ղարիբյան, Գ. Պարիս, Դպրոցական ուղղագրական բառարան, Ե., 1959, Ա. Նազարյան, Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-ռուսերեն-հայերեն ուսումնական բառարան, Ե., 1993 Հովհ. Զաքարյան, Կետադրական բառարան. ուսումնական տեղեկատու, Ե., 2013, Լ. Խաչատրյան, Գրաբարի ուսումնական բառարան, Վենետիկ, 2016, Պ. Բեդիրյան, Բառերի ճիշտ ընտրությունը. հոմանիշների գործնական-ուսումնական բառարան, Ե., 2017) եւ այլն:
Ասվածի համատեքստում հայ գիտական ու բուհական հանրույթը վերջերս ստացավ մի արժեքավոր համալրումՙ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան» աշխատությունը, որը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը: Հավելյալ կերպով նշենք, որ սա հեղինակի գիտական ժառանգության ցանկում հերթական ուսումնական բառարանն է (Լ. Խաչատրյան, Գրաբարի ուսումնական բառարան, Ե., 2013, համահեղինակությամբ Մ. Միրումյանիՙ Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարան, Ե., 2020):
«Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարանը» նախեւառաջ հասցեագրված է բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողներին եւ ոլորտի պրակտիկ մասնագետներին: Հեղինակի առաջադիր նպատակն է միաժամանակ համակարգել արդի դպրոցական ու բուհական դասընթացներում գործառող լեզվաբանական տերմինները, դրանց նկարագրության եւ մեկնաբանության միջոցով ստեղծել մի հանրամատչելի ուղեցույց ընդհանրապես լեզու եւ լեզվաբանություն ուսումնասիրողների համար:
Բովանդակային առումով հեղինակն ընտրել է նյութի մատուցման շատ ուսանելի տարբերակ. տերմինների մեկնաբանությունները տրվում են դաս-դասախոսության եղանակովՙ դրանով իսկ ավելի դյուրացնելով նյութի յուրացումը: Ի դեպ, ուսումնական բառարանագրության մեջ մեզանում սա նորույթ է: Բառարանում ընդգրկված են լեզվաբանական գիտության տեսական առանցքը կազմող տերմինները, որոնք առնչվում են աշխարհի գրեթե բոլոր լեզուներին: Հեղինակը բառարանի ներածականում գիտնականի բարեխղճությամբ մատնանշում է ընդհանուր լեզվաբանական տերմինների մեկնաբանման տարբեր ժամանակաշրջաններում առկա հայ եւ օտար հեղինակներին (Դավիթ, Մովսես Քերթող, Մխ. Սեբաստացի, Ա. Բագրատունի, Ա. Այտնյան, Վրթ. Չալըխյան, Մ. Չամչյան, Մ. Աբեղյան, Ա. Ղարիբյան, Էդ. Աղայան, Հ. Պետրոսյան, Ֆ. Ֆորտունատով, Վ. Տրետյակով, Վ. Շչերբա, Ժ. Մարուզո, Օ. Ախմանովա եւ այլք), մատնանշում է բառարանագրական այն հսկա ժառանգությունը, որը նպաստել է սույն բառարանի կազմման գործին: Խնդիր է դրվել ուսանողներին մատուցել ընդհանուր լեզվաբանության մի ինքնատիպ ձեռնարկ, որտեղ տերմինները մեկնաբանվենՙ ըստ լեզվաբանության ուսումնասիրության բաժինների եւ ենթաբաժինների: Ի դեպ, թեեւ տերմինների մեկնաբանման նմուշօրինակները տրվում են տարբեր լեզուներով, այնուամենայնիվ նախապատվությունը տրվում է հայերենին: Տերմիններն ընտրված ենՙ ըստ լեզվի կառուցվածքային մակարդակների եւ իրենց տերմինային բնույթի: Ընդ որում, մեկնաբանվում են նաեւ յուրաքանչյուր մակարդակից տրոհված միկրոհամակարգերին առնչվող տերմիններըՙ ամբողջացնելով տվյալ լեզվական մակարդակի տերմինահամակարգը:
Ուսուցողական տեսակետից ուսումնական բառարանագրության ավանդույթում ուշագրավ նորամուծություն կարելի է համարել բառահոդվածների թեմատիկ-իմաստային կամ փնջային սկզբունքով ներկայացնելըՙ հրաժարվելով տերմինների մատուցման ավանդական այբբենական կարգից: Արդյունքում բառահոդվածները ներկայացվում են հասկացական կարգերովՙ պայմանավորված բառախմբերի իմաստային ընդհանրության եւ մերձավորության գործոններով: Ըստ այդմ, օրինակ, Լեզու բաժնում նախ մեկնաբանվում են այն տերմինները, որոնք վերաբերում են լեզվի էության, ծագման եւ բազմազանության տեսություններին (դիցաբանական եւ աստվածաշնչյան, բանահյուսական, աշխատանքային ճիչերի եւն), լեզվի եւ մտածողության հարաբերությանը, լեզվի գործառույթներին ու տարբերակներին, նրա ոճերին, մեկնաբանվում են լեզվին առնչակից այնպիսի տերմիններ, ինչպիսիք են լեզվամտածողությունը, աշխարհի լեզվական քարտեզը, լեզվի փիլիսոփայությունը եւ այլն: Այնուհետեւ տրվում են լեզվի տարբերակները նշանակող տերմինները (բարբառ, խոսվածք, ժարգոն, արգո, սլենգ եւն), ինչպես նաեւ լեզվի տիպերն ըստ գործածության (կենդանի եւ մեռած լեզուներ, ծիսական լեզուներ, շարժումների լեզու եւն):
Տերմինների հասկացական նշանակությունները բացահայտելու նպատակով հեղինակը առաջնահերթ է համարել դրանք մեկնաբանել առանձին-առանձինՙ գերազանցապես կիրառելով նրանց բացատրության իմաստաբանական կամ նկարագրական սահմանումը, եղանակՙ որը երեւան է բերում տերմինային հասկացության բովանդակությունն ու ծավալըՙ միաժամանակ տեսանելի դարձնելով տերմինի եւ լեզվական հասկացության կապը:
Պրոֆ. Լ. Խաչատրյանը բառարանի տերմիններն ամփոփել է, իր խոսքով, տասը պայմանական բաժիններումՙ 1. Լեզու (լեզվական ճաշակ, լեզվագործածություն, լեզվախառնություն, լեզվական իրադրություն, լեզվավիճակ եւն), 2. Հնչյունական համակարգ (հնչյուն եւ հնչույթ, հնչյունական օրենք, հնչյունի դիրք, հնչյունափոխություն եւն), 3. Բառագիտություն (բառ, բառիմաստ, իմաստափոխություն, բառակազմություն, դարձվածքներ եւն), 4. Բառարանագրություն (հանրագիտական, լեզվաբանական, բարբառային, ստուգաբանական, համեմատական-զուգադրական եւն), 5. Լեզվի քերականական կառուցվածք (բառաձեւ, հարացույց, նյութական եւ սպասարկու խոսքի մասեր, բառակապակցություն, նախադասություն եւն), 6. Քերականական իմաստ եւ քերականական կարգ (քերականական իմաստ եւ ձեւ, ներքին թեքում, տարահիմքություն, շարադասություն եւն), 7. Լեզվաբանություն (լեզվաաշխարհագրություն, հոգելեզվաբանություն, լեզվամշակութաբանություն, կիրառական լեզվաբանություն, տեքստի լեզվաբանություն եւն), 8. Լեզվաբանական մեթոդներ (պատմահամեմատական, համեմատական-զուգադրական, նկարագրական, համեմատական-պատմական եւն), 9. Լեզվաբանական տիպաբանություն (լեզուների ձեւաբանական տիպերը, շարահյուսական տիպաբանություն, էրգատիվ եւ անվանական կառուցվածքի նախադասություններ եւն), 10. Լեզուների ցեղակցություն եւ ծագումնաբանական դասակարգում (լեզվաընտանիք, լեզվախումբ, լեզվաճյուղ, դուստր լեզուներ եւն):
Բաժինների նման ընդգրկումը հեղինակը պայմանական է համարում, որովհետեւ այս հարցում լեզվաբանական հանրույթում առկա են որոշակի տարակարծություններ: Այնուամենայնիվ, հեղինակն առաջնորդվել է բուհական ծրագրերով նախատեսված լեզվաբանության այն բաժիններով, որոնք նպաստելու են լեզվաբանական գիտությանը վերաբերող համակողմանի գիտելիքներ ձեռք բերելուն եւ հայագիտական առարկաները յուրացնելուն: Բառարանի ներածականում հեղինակն իրավացիորեն փաստում է, որ որոշ բաժիններ (ոճաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, կետադրություն եւն) միտումնավոր չեն ներկայացվելՙ պայմանավորված նախորդ տարի լույս տեսած «Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարանի» առկայության փաստով, որտեղ նշված բաժինները լիարժեք կերպով ներկայացված են: Հավելենք, որ ուսումնական բառարանի ձեւաչափն արդարացնում է նման միտումը. խուսափել անհարկի կրկնումից:
Սույն ուսումնական բառարանի արժեքավոր կողմերից հարկ է նշել բառահոդվածների մատչելի եւ համառոտ շարադրանքը, նրանց հագեցվածությունը հարուստ նմուշօրինակներով, հաճախՙ նաեւ օտարալեզու, որոշ գլխաբառ-տերմիններիՙ լեզվաբանական գրականության մեջ լայն տարածում գտած օտար համարժեքների առկայությունը (հաղորդակցական-կոմունիկատիվ, արտահայտչական-էքսպրեսիվ, ճանաչողական-կոգնիտիվ, հնչյունի երանգ-տեմբր, առնմանություն-ասիմիլյացիա եւն): Յուրաքանչյուր բաժնից հետո հեղինակը ներկայացնում է բաժնին առնչվող մասնագիտական գրականության ցանկ, իսկ բառարանի վերջումՙ բաժինների տերմինացանկՙ համապատասխան էջանշմամբ, որը դյուրացնում է որեւէ տերմին որոնել-գտնելու եղանակը:
Որպես ամփոփում` վերստին փաստենք, որ պրոֆ. Լ.Խաչատրյանն ստեղծել է ուշագրավ բանասիրական աշխատություն, որը մեծապես նպաստելու է լեզվաբանական գիտության զարգացմանն ու այդ գիտակարգի տերմինների ուսուցմանը` ի նպաստ հումանիտար ոլորտի ուսանողների:
ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ