Նախորդ շաբաթ «Ազգ»-ի ընթերցողներին ծանուցել էինք հունիսի 8-ին Բեռլինում կատարված ողբերգական վրաերթի մասին, որը մեկ ուսուցչուհու մահվան եւ բազմաթիվ վիրավորների պատճառ էր դարձել: Տեղի սղության պատճառով չկրկնենք այն, ինչ գրել ենք նախորդիվ, իսկ մեր՝ այս պատմությանը խիստ մանրամասն հետեւելու պատճառը թերեւս այն է, որ կասկածյալը երկու՝ Գերմանիայի եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, շրջանառվող անվամբ՝ Գոռ Հ-ն է, որ մոտ 10 տարի մոր եւ ավագ քրոջ հետ բնակվում է Բեռլինում ՝նույն տանը՝ Շառլոթենբուրգ թաղամասի սովորական բազմաբնակարան շենքերից մեկում: Մայրը արձակուրդի է մեկնել, քաղաքում չէ, իսկ քույրը, ըստ գերմանական ԶԼՄ-ների, եղբոր մասին արտահայտվելիս ասել է, թե նա բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Հայ համայնքում, ինչպես ներկայացնում են տեղաբնակները, նրան չեն ճանաչում: Հարեւանները Գոռին բնութագրելիս ընդգծում են, որ միշտ սիրալիր բարեւել է:
Ըստ «Վելթի», Գոռ Հ.-ի վերաբերյալ ոստիկանությունը տարբեր տարիներին 21 արձանագրություն է կազմել: Դրանք անձին կամ անձանց մարմնական վնասվածք պատճառելու, վիրավորելու, գողության դեպքեր են: Օրինախախտումները սակայն չեն ներառում քաղաքական, ծայրահեղական գործողություններ: Շեշտվում է, որ կասկածյալն աչքի չի ընկել սահմանադրական կարգը խախտելու գործողություններով:
Դատախազությունը նրան մեղադրում է 1 մարդու սպանության եւ 17-ի հանդեպ սպանության փորձ կատարելու համար:
Կարեւոր է նշել, որ գերմանական մեդիան առավել կենտրոնացած է զոհի, վիրավորների, նրանց ընտանիքների հարազատների տեսանկյունից քննել ողբերգությունը: Անընդհատ փոփոխվում է վիրավորների թիվը՝ առայժմ 32 վիրավորի մասին է գրվում: Բարեբախտաբար չի շեշտադրվում կասկածյալի ազգային պատկանելիությունը, այդպիսի ուղղորդվածություն մեդիայում նկատելի չէ:
Գերմանական սոցցանցային քննարկումներին հետեւելով չեմ նկատել, որ շահարկվի, թիրախավորվի ազգային, քաղաքական որեւէ հանգամանք: Բնականաբար ցավ ու ափսոսանք են հայտնում, եւ ամենակարեւորը՝ օգտատերերը իրավամբ հարց են տալիս՝ ինչո՞ւ են հոգեմտավոր խնդիրներ ունեցող մարդիկ բժիշկների հսկողությունից դուրս, ինչո՞ւ հիվանդանոցում չեն, ինչպե՞ս պաշտպանվել նրանց անկանխատեսելի վարքից: Բժիշկների, հոգեբանների մի խումբ սակայն փաստարկում է, որ հոգեկան խնդիրներ ունեցողների թիվն աշխարհում, Գերմանիայում, Բեռլինում օրեցօր ավելանում է՝ բոլորին ինչպե՞ս են մեկուսացնելու: Ինչ վերաբերում է հանցավոր արարքի ենթադրյալ հեղինակի՝ 29 տարեկանից ավելի մեծ երեւալուն, մասնագետները կարծիք են հայտնում, որ շիզոֆրենիայով տառապողների համար սա անբնական չէ:
Իմ նախորդ հրապարակման մեջ, հենց վերնագրում գրել էի «խարան» բառը: Տարիներ շարունակ գերմանական մեդիան, մասնավորապես MDR-ը «Հայկական մաֆիա» ձեւակերպումն էր գործածում հայազգի, առավելաբար՝ Հայաստանից Գերմանիայում բնակություն հաստատած, իրենց օրինախախտ վարքով, աղմկահարույց պատմությունների պատճառով իրավապահների ուշադրությանն արժանացած որոշ անձանց վարքը ներկայացնելիս: Գերմանահայ համայնքային կառույցները, դատապարտելով օրինախախտների գործունեությունը, այնուհանդերձ ընդվզեցին այդպիսի պիտակավորման դեմ: Ճիշտ է, Գերմանիայի քրեական հետախուզական վարչությունը ավելի ուշ հերքեց «հայկական մաֆիայի» գոյությունը, բայց «խարանը մնաց», ինչպես գերմանական լրատվամիջոցներից մեկում դժգոհություն էր հայտնել Թյուրինգիա երկրամասի հայ համայնքային գործիչներից Անդրանիկ Վարդանյանը, որին անդրադարձել ենք «Ազգ»ի 2019-ի հունվարի 18-ի հրապարակման մեջ: //archive.azg.am/AM/2019011804
Հայկական կազմակերպությունները՝ Գերմանահայոց առաջնորդարանը, համայնքային կառույցները՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Գերմանահայկական ընկերակցությունը շատ արագ դատապարտեցին հունիսի 8-ին տեղի ունեցածը, ցավակցագիր ուղարկեցին Հեսսեն երկրամասի դպրոց, ինչպես նաեւ իրազեկեցին, թե իրենց ծանոթ չէ կասկածյալը: Հայտնի դարձավ, որ Ամստերդամի սուրբ Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրենությունն էլ գրավոր ցավակցություն է հայտնել Հեսսեն երկրամասի հյուսիսում Բադ Արոլզենի դպրոցին, որի շատ սիրված ու հարգված 51-ամյա ուսուցչուհին զոհվեց (մեր նախորդ հրապարակման մեջ, հենվելով գերմանական աղբյուրներին հաղորդել էինք, թե 31 տարեկան է, աշակերտների մի մասը՝ ծանր վիրավորվեց հունիսի 8-ին ողբերգական պատահարի պատճառով:
Այս ողբերգությունն առիթ դարձավ, որ Գերմանիայում նորից սկսեն արծարծել անվտանգության հարցը՝ ինչպես քաղաքը դարձնել առավել անվտանգ: Բեռլինի քաղաքապետ Գիֆֆեյը RBB-ի ռադիոհարցազրույցում այսպես ասաց. «Պարզ է, որ մենք չենք կարող ողջ քաղաքը կամ կենտրոնական այդ հատվածը արգելապատնեշով առանձնացնել: Բայց պաշտոնյաները պիտի մտածեն, հնարավոր ուղիներ որոնեն՝մեր անվտանգությունն ամրապնդելու համար»: Ոստիկանության պաշտոնյաներից մեկը սակայն, ինչպես ներկայացրեց RND-ն, նկատել տվեց, որ այս նորագույն զինատեսակի՝ մեքենան մարդկանց խմբի վրա ուղղելու դեմ 100 տոկոսանոց պաշտպանություն չի կարող լինել:
Տարբեր լրատվամիջոցներ սկսեցին շրջանառել ավտոմեքենայի մեջ եղած պլակատների մասին՝ հիշատակելով իրավապահների հաղորդումը, թե դեռեւս կապ չեն տեսնում դրանց բովանդակության եւ հանցավոր արարքի միջեւ: «Ցիցերո»-յի հոդվածագիրը տեղին դիտարկում է արել՝ պարզ չէ նաեւ, թե «ու՞մ են պատկանում այդ պլակատները, հայտնի է, որ ավտոմեքենան վարորդինը չէ, պատկանում է նրա ավագ քրոջը»:
«Բեռլիներ կուրիեր» բուլվարային թերթն առայժմ իմ կարդացած միակ աղբյուրն է, որ հունիսի 9-ին այսպես է ձեւակերպում՝ «Թեեւ գերմանահային հարցաքննում են, սակայն որեւէ հարցի պատասխան չի տրվում: Բայց նշաններ կան, որ Հայոց ցեղասպանությունը կարող է արարքի շարժառիթ լինել», գրում է հոդվածագիրը՝ հիշատակելով ավտոմեքենայի մեջ գտնված Թուրքիային հասցեագրված պլակատները: Մեկ հաստատական, մեկ հարցական ձեւակերպմամբ ընթերցողին մատուցված այդ նախադասությունը թերթին առիթ է տալիս ծավալուն անդրադարձով ներկայացնել Օսմանյան կայսրության իրականացրած ոճիրը, դրա մեջ Գերմանիայի դերը, Թուրքիայի ուրացումը, Բունդեսթագի 2016-ի հունիսի 2-ի՝ «ցեղասպանություն» եզրույթն ամրագրող բանաձեւից հետո Թուրքիայի բողոքը…«Գոռը կամենում էր նշավակե՞լ, դատապարտե՞լ Թուրքիային ցեղասպանությունն ուրանալու համար» կասկած արտահայտող ենթավերնագիրը թերթի հոդվածագիրը «լրացնում է» արդեն հայտնի դարձած փաստով՝ «Ցեղասպանության պատճառով Բեռլինում արդեն մահափորձ եղել է: Գերմանիայում 60 հազար հայ է ապրում, Բեռլինում՝ մոտավորապես 2000-ը, իսկ նրանց քրիստոնյա համայնքն այդտեղ 1923-ին է հիմնադրվել: 1921-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Հարդենբերգփլացում բոլորի աչքի առաջ վրեժ լուծեց Թալեաթ փաշայից: Պատահականությո՞ւն է, որ 101 տարի հետո վրեժխնդրության վայրին մերձակա Բրայթշայդփլացում է մի գերմանահայ ավտոմեքենայով գործողություն իրականացնում, որի մեքենայի մեջ Թուրքիային ուղղված պլակատ կա»: «Բեռլիներ կուրիերը» իր հարցը հիմնավորում էր նույն օրը ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ առկա կասկածով՝ «նշաններ կան, որ ենթադրյալ հոգեմտավոր խանգարում ունեցողի գործողությունները կարող են դիտավորյալ բնույթ ունենալ: Այնուամենայնիվ նախաքննությունը բոլոր ուղղություններով շարունակվում է»: «Բեռլիներ կուրիերի» հաղորդածը, թե Գոռի ազգանունը H-ի փոխարեն V-ով է սկսվում, Բեռլինի դատախազությունը, ի պատասխան մեր՝ հունիսի 15-ի հարցման՝ չհաստատեց, վերակրկնելով արդեն շրջանառվողը: Բեռլինի ներքին գործերի սենատոր Իրիս Շփրանգերը հունիսի 9-ին հաղորդել էր, որ «Հանգամանալից ստուգվել են կասկածյալի բջջային հեռախոսը, համակարգիչը»: Դատախազությունից էլ մեզ նույնը հաստատեցին՝ հորդորելով սպասել դրանց վերծանմանը, ինչը երկարատեւ գործողություն է:
Բեռլինի դատախազությունից մեր հարցմանը տվեց հստակ պատասխան՝ «մեղադրյալը ծնվել է Հայաստանում, ունի ինչպես ԳԴՀ, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն»: Մեղմ ասած՝ տարօրինակ է, որ վերջին հարցի հստակ պատասխանը դեռեւս չենք ստացել ՀՀ ԱԳՆ-ից, Բեռլինում ՀՀ դեսպանությունից, որոնց գրավոր հարցում ենք ուղղել: Ձեռագիր պլակատների մասին մեր հարցին ի պատասխան դատախազությունից մեկնաբանեցին, թե քանի որ դրանք առերեւույթ կապ չունեն հանցագործության հետ, դրանց ձեւակերպումների մասին մեզ չեն ծանուցում, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մեղադրյալը հավանաբար նկատի ունի «այսպես կոչված» ԼՂ հակամարտությունը: Դատախազության պատասխանից չի հստակեցվում՝ մեղադրյալը մասնագիտություն, աշխատանք ունե՞ր: Տնային խուզարկության բացահայտման մասով վերահաստատվում է, թե հայտնաբերվել են ծանր հոգեկան հիվանդության մասին վկայող դեղամիջոցներ եւ փաստաթղթեր: Արդյոք իրականում նա հիվա՞նդ է, կամ որքանո՞վ է դա ազդել հանցագործության կատարման վրա, դեռեւս պարզ չէ, հայտնի կդառնա հետաքննության ընթացքում, իպատասխան մեր հարցման պարզաբանեցին Բեռլինի դատախազությունից:
Մենք հետեւողական ենք լինելու այս պատմության բացահայտմանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա