Հայաստանաբնակը, ինչպես ընդամենը երեք տասնամյակ առաջ իր բախտակից բալթյան ու արեւմտաեվրոպական հանրապետությունների մարդիկ, ցանկանում ու երազում է արդեն որոշակիորեն կայացած այդ պետությունների քաղաքացիների պարզ առօրյայով ապրելու համեստ միջավայրը ունենալ: Նման ցանկությունն առաջացել է այն պարագայում, երբ այդտեղ եւ այլուր ժամանակավորապես թե արդեն մշտապես բնակվող իր հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու ծանոթները մշտապես են փաստում, որ իրենց հարեւանները, լինեն թե աշխատանքային գործընկերները, որեւէ առանձնահատկությամբ չեն զանազանվում. ժամանակին աշխատանքի են գալիս, ընդմիջմանը համեստ սնվում եւ իրենց արածից բավարարված տուն մեկնում, հաջորդ աշխատանքային օրվան նախապատրաստվում, հետն էլ հանգստյան օրերի անելիքները ծրագրում, արձակուրդի պլանները կազմում: Կարծես արտառոց ոչինչ չի կատարվում, ինչ լինելու է լինում է, գնումներ կատարելիս թվերում փոփոխություններ նկատվում են, սակայն ոչինչ, տանելի են, ինչ-ինչ միջոցներով դրանք կարելի է հաղթահարել:
Եթե համառոտ ասենք, մարդ արարածի այդ տեսակները, լատիշ թե էստոնացի լինեն, կամ չեխ թե լեհ, մեր հեռու ու մոտիկ մարզաբնակներից էապես ոչնչով չեն տարբերվում ու առանձնանում, որը նաեւ իրենք են փաստում մեր հայրենակիցների հետ զրույցներում: Ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը, որ մենք սովորականից հաճախ ենք առանձնացնում նրանց, ինչ-որ հատկություններ վերագրում, որոնցից իմա` չգիտես ինչու զուրկ ենք, անգամ անկարող ու անօգնական: Մի տեսակ թե յուրօրինակ փակուղային վիճակ է ստեղծվում, որից թվում է ելք չկա, սակայն քանի որ ամեն պարագայում ելք այնուհանդերձ կա, հարկ է փորձել, անգամ Պարույր Սեւակի ձեւակերպմամբ` պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ խոսքերից հետո: Թե ինչու որոշակիորեն կտրուկ, ստորեւ:
Հանրահայտ է, որ Հայաստանի հանրապետությունում աղքատ ու ծայրահեղ աղքատ բնակչության հատված կա` իշխանության հավաստմամբ: Նկատենք, որ նման խավ կա անգամ կայացած երկրներում, միայն թե` այլ չափանիշներով, այնպես որ` ո՜ւր նրանց աղքատը, ո՜ւր մեր ծայրահեղ աղքատը. դրանք տարբեր հասկացություններ են: Այդ տարբերությունը մասամբ իսկ նվազեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թվականի հունվարի 1-ից 26,5 հազար դրամ կենսաթոշակ ստացողների ամսվա գումարը բարձրացրեց 28,6 հազար դրամի, ամբո՜ղջ 2,1 հազարով: Թե ինչ է կարելի գնել այդ գումարով արդեն իսկ սկսված աննախադեպ գնաճի պայմաններում, հնարավոր չէ որեւէ ձեւով պատկերացնել կամ հաշվել: Ի հավելումն այս վիճակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ 600 հազարի մոտեցող կենսաթոշակառուների ստացածն անգամ 5,4,3-հազարական դրամով յուրաքանչյուր ամիս բարձրացնելը հնարավոր չէ, քանզի այն բնուջեից հարյուր միլիարդավոր դրամների հատկացում կպահանջի, որը պարզապես չկա, առաջիկա տարիներին էլ չի լինի: Ի՞նչ անել:
Վարչապետական շնորհներով օժտված ՀՀ շարքային քաղաքացիս, որ նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, միասնական սոցիալական ծառայություն կատարած հարցմանս պատասխանից տեղեկացավ, որ կենսաթոշակառուներից 302510-ի ամսվա ստացածը փոքր է 40-հազարական դրամից: Բարեբախտաբար այդ օրերին հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին եռամսյակում աճել է 9,6 տոկոսով, որը մի քանի հարյուր միլիարդ դրամ է կազմում: Այնքանով որքանով բյուջեից վերաֆինանսավորումները կառավարության համար սովորական գործընթաց են, ինչո՞ւ այն չի կարելի կիրառել, 300 հազար կենսաթոշակառուներից առավել ցածր ստացող, ասենք, 150 հազար կենսաթոշակառուների նկատմամբ: Անգամ 10 եւ 15 հազար դրամով բարձրացումը պահանջում է 18-27 մլրդ դրամի հատկացում, բյուջեի` 1-1,5 տոկոսի ծախս: Ծնվեց «Մինչ կգան լավ ժամանակները, եթե իհարկե կգան» հոդվածը, որը տպագրվեց «Ազգ»-ի ապրիլի 29-ի համարում: Չմոռանամ հիշեցնել, որ վարչապետական շնորհներով օժտվածից հանրությունն ակնկալում է արդարացնել աննախադեպ պայմաններում հայտնված մեր մարդկանց ակնկալիքները, որն իրականացրի թերթում տպագրված մտորումներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունարան հանձնելու միջոցով: Նշել էի, որ «կառավարությունում հրատապության կարգով քննարկելու նպատակով ներկայացնում եմ ՀՀ քաղաքացուս առաջարկը` 2-րդ կիսամյակում նվազագույն կենսաթոշակի փուլային բարձրացման վերաբերյալ»: Նկատի ունեի հիմա՛ լուծել 28,6 հազարից մինչեւ 35 հազար դրամ կենսաթոշակ ստացողների հարցը, հաջորդ փուլում՝ 35-40-հազարական ստացողներինը, եւ այսպես շարունակ: Ավաղ, սպասումներս չարդարացան, ՀՀ կառավարության հաջորդ մի քանի նիստերում կենսաթոշակների վերաբերյալ հարց չքննարկվեց: Փոխարենը 40 օր անց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխան ստացվեց, որը խնդրի առումով նախորդ ամիսներին արվածի պարզ շարադրումն էր: Ահա այն, որը ստորագրել է նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:
«ՀՀ վարչապետի աշխատակազմից 03.05.2022թ. թիվ 14/14.45/14249-2022 գրությամբ ստացված դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Սա նշանակում է, որ որքան մեծ է աշխատանքային ստաժի տեւողությունը, այդքան բարձր է կենսաթոշակի չափը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն կենսաթոշակի չափը` 28,600 դրամ` նախկինում սահմանված 26,500 դրամի փոխարեն:
Միաժամանակ հայտնում եմ, որ Կառավարությունն իր գործունեության ծրագրում ամրագրել է, որ քայլեր է ձեռնարկելու մինչեւ 2026 թվականը` նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին»:
Թե ինչու էր պետք նման գրություն մոգոնելու նպատակով ժամանակ ծախսել, պարզապես անհասկանալի է, քանզի էլեկտրաթեյնիկը թե արդուկը միացնելիս էլ լսում ես ՀՀ կառավարության` հարգելի ու սիրելի քաղաքացիների հանդեպ նվիրումի ու հոգատարության մասին: Պարոնայք կառավարիչներ, որտե՞ղ են ձեր նշած հատկանիշները դրսեւորվում: Եթե դեղատների ու կոմունալ վճարումների կետերի ճանապարհին, դրանք ամենուր բարեկարգ են գործարարների շնորհիվ, որտեղ կենսաթոշակառուներն ավելի շատ ավելացված արժեքի հարկ են մուծում, քան ստացած 28,6 հազար դրամն է: Հետո` գումար չի մնում թոռնիկին պաղպաղակ գնելու, ընկերոջ հետ գարեջուր ըմպելու կամ օրվա լրագրերից գոնե մեկը վերցնելու համար:
Իսկ առաջարկ, կարծես չի էլ եղել. ինչ է սա, եթե ոչ …
Իսկը` ԽՄԿԿ-ի ժամանակները:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ