Բաց նամակ բանաստեղծ Գրիգոր Ծատուրյանին` ծննդյան 75-ամյա հոբելյանի եւ նոր գրքի հրատարակման առիթով
Հարգելի Գրիգոր Ծատուրյան,
Ձեր նոր` «Կարոտի երկիր» գրքին ծանոթանալիս իմ մեջ ցանկություն առաջացավ արձագանքել եւ գնահատանքի խոսք ասել ընդհանրապես Ձեր հետաքրքրական եւ ինքնատիպ ստեղծագործական աշխարհի մասին: Մանավանդ կա հրաշալի առիթ` ծննդյան 75-ամյակ, հոբելյանական նշանավոր երեւույթ ձեր կյանքում` հետադարձ հայացքով նոր ժամանակների բարձունքից անցյալն ու ներկան իմաստավորելու եւ գալիք տարիների ճանապարհն ավելի վստահ անցնելու համար:
Շնորհավորելով ձեզ հոբելյանի առթիվ, ուրախ եմ, որ այդ տարիքում ստեղծագործական ոգեղեն տարերքը ձեր հոգեաշխարհի անբաժան ուղեկիցն է, թեեւ զարմանալի է, որ տասնամյակների ընթացքում ալեկոծող զգացումների ծնունդ երգերը միայն վերջին տարիներին եք ընթերցողին ներկայացրել չորս գրքով` «Խենթ է կարոտս», «Հին գինու պես են իմ կարոտները», «Քառյակների քառուղի» եւ օրերս լույս տեսած «Կարոտի երկիր» խորհրդանշական խորագրով ժողովածուն: Գրքերՙ որոնցում ներառված բանաստեղծություններն ու քառյակները, ըստ էության, քնարական պատկերախոս ուղերձ-խնկարկումներ են առ Հայրենիս ու Մայր ժողովուրդ, անսահման նվիրում հողին հայրենի, ազգային մնայուն արժեքների ձոներգում` հյուսված կարոտի, սիրո, ցավի եւ, ի վերջո, հուսո ու հավատի զգացումներով:
Ձեր պոեզիան ամենից առաջ հայրենախոս տարերք ունի, եւ դա ապացուցել եք ինչպես նախորդ գրքերում, այնպես էլ այս նոր` «Կարոտի երկիր» գրքում ամփոփված բանաստեղծությունների թեմատիկ-բովանդակային, ինչպես եւ ժանրային ինքնատիպ դրսեւորումներով: Այո՛, այո՛, հայրենի եզերքի, Հայաշխարհի ճակատագրի հանդեպ մտահոգության խոհերով հանդերձ` դուք, սիրելի բարեկամ, ձեր երգերում խնկարկում եք ՍԵՐԸ, ԿԱՐՈՏԸ, ԼՈՒՅՍԸ, ու նաեւ` ՑԱՎԸ, որ ալեկոծում է ձեր հոգին, եւ դա արտահայտում եք բազմաթիվ խոհերգերում: Բայց ամենից ավելի` անսահման կարոտի զգացումն է գերիշխում ձեր գրքերում (նաեւ վկա` դրանց եւ բազմաթիվ երգերի խորագրերը` «Հին գինու պես են իմ կարոտները», «Կարոտի բույրը», «Կարոտում եմ իմ տնակին», «Իմ կարոտները», «Նոսրանում են կարոտներս»…): Ու այսպիսի խոստովանություն.
Իմ ապրած եւ չապրած տարիներ,
Տարինե՜ր, տարինե՜ր,
Ե՞րբ այսքան հեռացաք`
Դառնալով կարոտներ…
Այսպես` Կարոտը դառնում է անձնանուն ձեր պոեզիայում եւ բազմաշերտ թեմաների մեջ իր արժանի տեղն է գրավում: Կարոտ սիրո, լույսի կարոտ, հայրենիքի կարոտ, շրջապատող աշխարհում բարու ու լավի կարոտ… Այսպես էլի «կարոտ» խորհրդանիշի քանի՜-քանի՜ դրսեւորում ու նաեւ` «Կարոտի… լավաշ» հուզիչ բանաստեղծության կարոտակեզ տողեր.
Մայրեր ու քույրեր
Խոնավ աչքերով
Թոնրի տաք շուրթին…
Կարոտ են թխում,
Ճակատում կռվող հերոս զինվորի
Հաղթակա՛ն կարոտ…
Ձեր ստեղծած գրականությունը ես կանվանեի «Կարոտի պոեզիա»` ինքնատիպ երեւույթ ժամանակակից հայ քնարերգությունում: Ահա ես բացում եմ «Կարոտի երկրի» դռները եւ ներս մտնելով ու խորասուզվելով բանաստեղծական շարքերի տիրույթում, դուրս գալն այլեւս անհնարին է դառնում: Գերագնահատումի խոսք չէ սա, այլ ձեր պոեզիայի հավատավոր ազդեցության արդյունք: Խորհրդանշական խորագրերով շարքերում («Լույս առավոտ», «Իրիկնային նրբանվագներ», «Ներաշխարհ», «Սիրո խնկաբույր», «Ոսկեհանդերձ», «Մարդ-աշխարհ», «Մանկաշխարհ») ներառված բոլոր խոհերգերի «ներաշխարհում» ձեր ասելիքը խորը հետագիծ է թողնում մեր հոգում եւ, հավատացեք, այս գնահատանքը գրականագետի իմ խղճին հավատարմության արտահայտությունն է: Դե՛, ասեք, ինչպե՞ս կարող էի երկար չունկնդրել ձեր «Լույս առավոտի» հուզիչ նվագները` ի նվիրում «Ծիրանի երկիր Հայաստանին», քաղաքամայր Երեւանին, սրբավայրեր Արարատին, Արագածին, հայոց տաճարակերտ կոթողներին, ծննդավայր Ջավախքի Ալաստան գյուղին… Ինչպե՞ս կարող էի չհիանալ «Իրիկնային նրբանվագներում» հայրենի բնության ձեր գունագեղ, քնարաշունչ «տեսարան-երգերով», դրանց պատկերախոս տարերքի այսպիսի իմաստավորումներով` «ձյունե թիթեռներ», «հեքիաթ-աշուն», «անձրեւի արցունքներ», «ոսկեհանդերձ բնաշխարհ», նաեւ ցավագին ապրումներով հյուսված` «աշուն-պատերազմ»… Այսպես նաեւ վայելեցի «Սիրո խնկաբույր» շարքի «Անլռելի զանգակատնից» հնչող նվագները, «Ներաշխարհի» խոհափիլիսոփայական մտորում-ապրումների, հոգեվիճակների, Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» գրքի տարերքին համահունչ ներհուն երեւակումները, նաեւ` «Մարդ-աշխարհ» շարքի տագնապալի ուղերձներում` պատերազմ կոչվող մարդակուլ չարիքի, այն սանձազերծող «աշխարհի ուժեղների» նշավակումներով: Եվ հուզմունքով ունկնդրեցի ձեր ցավերգերը, որոնցում խնկարկում եք Արցախյան ազատամարտում զոհված հերոս հայորդիների հիշատակը` հաստատելով այն ճշմարտությունը, որ մարդկության նվիրական երազանքը խաղաղությունն է, որ միայն խաղաղ պայմաններում մարդը կարող է արարել ու ստեղծագործել, ինչը դուք ապացուցել եք ձեր ապրած կյանքով:
Եվ այս ամենը իմաստավորելով` ես վերջում մտնում եմ ձեր «Մանկաշխարհը»` զարմանք ապրելով, որ խոհափիլիսոփայական բարձունքից դուք կարող էիք այնքան «իջնել-մանկանալ», որ ստեղծագործեիք նաեւ երեխաների համար` նրանց հոգեբանությանն ու մտածողությանը համահունչ երգերով: Հետո միայն վերհիշեցի ձեր` նվիրյալ մանկավարժի երկարամյա գործունեությունը Երեւանի դպրոցներում, որն անշուշտ, մեծապես նպաստել է մանուկներին հասցեագրված երգերի ծննդին:
Հարգելի Գրիգոր Ծատուրյան, ձեր գրական ճանապարհը, ձեր «կարոտի պոեզիան» արժանի են ավելի խորքային ու հիմնավոր անդրադարձի, բայց դա իմ այս «բաց նամակի» խնդիրը չէր: Կուզենայի վերջում մեջբերել «Կարոտի երկրի» նախաբան-խոսքի` իմ դիտարկումներին համահունչ տողերը` ձեր ստեղծագործությունների ճշմարիտ գնահատանքով. «…Դրանք քնարական նուրբ շնչով են հագեցած եւ աչքի են ընկնում խոհափիլիսոփայական իմաստությամբ, մարդու ու աշխարհի հանդեպ սիրո, հավատի յուրահատուկ դրսեւորումներով: Զգացմունքների մաքրությամբ, պատկերների հուզականությամբ ընթերցողին մղում են մեկ անգամ եւս նայելու պոեզիայի անսահման հնարավորությունների ակունքներին, գտնելու հոգու խորքում անթեղված բազմազան գույներն ու երանգները: Գրքի առանցքը սիրո, հայրենասիրության, հայրենի բնաշխարհի ու մարդկային ներաշխարհի թեմաներով գրված ստեղծագործություններն են…»:
Այսքանը, իմ բարեկամ, «բաժանումից» առաջ կրկին շնորհավորում եմ ձեզ` հոբելյանի առթիվ` մաղթելով կյանքի երջանիկ շարունակություն, ստեղծագործական նոր արարումներ: Եվ, հիշեք, մենք` ընթերցողներս, չենք հավատում ձեր տարակուսանքին.
Քանի՞ ծաղկած գարուն մնաց
Ինձ ապրելու,
Քանի՞ ծաղկունք հրա՜շք գարնան`
Ես չգիտեմ,
Միայն Տերը, Աստված գիտի…
Իսկ մենք գիտենք, որ դուք դեռ երկար եք ապրելու եւ այսուհետ էլ եռանդուն ստեղծագործելու «Կարոտի երկրում»:
Ձեր նոր գրքերի հետ կրկին հանդիպելու հավատով`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր