Օրը սառն է, բայց արեւ կա մեջը, եւ մոտալուտ ձմռան շունչը մեղմվել է, ասես, աշնանամուտի միջօրյա պայծառությունից, երբ հասնում ենք Թալին: Այստեղ «Դյուցազնատան» բացումն էՙ մարզական սրահի, որի ստեղծման գաղափարը կյանքի է կոչվել «Hi-Am» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Շուրջ երկու տասնամյակ տարաբնույթ ծրագրեր հովանավորող եւ իրագործող հիմնադրամը, ի թիվս սոցիալական աջակցության, մշակութային եւ այլ նախաձեռնությունների, հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ուղղվածության գործողություններին, եւ դրա վկայությունն էր Թալինում հայ դյուցազունների կրթելու նպատակադրումով մարզասրահ ստեղծելը:
Հայ դյուցազունների մի ողջ սերունդ ունենք, որոնց սպորտային ռեկորդները գրանցված են Գինեսի գրքում: Նրանցից մեկիՙ թալինցի Ռոման Սահրադյանի պատմությունն այնքան ուսանելի էր, որ գաղափար ծագեց Ռոմանի եւ իր նմանների օրինակով աճեցնելու հզոր սերունդ, եւ առաջին քայլը, որ արվեց, հենց տեղումՙ մեր լեռնային բնակավայրում լուրջ կրթամարմնամարզական հիմնարկի ստեղծումն էր:
Հիմա չեն խոսում, թե ու՛մն էր այս գաղափարի, այսպես ասած, «հեղինակային իրավունքը»: Մարզական կենտրոնի բացմանը ներկա անձինք համահավասար շահագրգիռ են եղել եւ սրտացավ այս գործում: Սրահի բացման հանդիսավոր պահին կարմիր ժապավենը կտրողները «Hi-Am» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նշան Աճեմյանն է, որ առաջինն է դրականորեն գնահատել եւ ողջունել աճող սերնդին գրագետ մարզելու եւ նրանցով աշխարհին ներկայանալու գաղափարըՙ միջոցներ տրամադրելով մարզակենտրոնի ստեղծման համար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սապեյանը , որ հընթացս դրական է գնահատումՙ սրահի տարածքն ընդլայնելու միտքը, եւ Ռոման Սահրադյանը, որ անմիջականորեն տնօրինելու է «Դյուցազնատան» գործունեությունը: Նրանց հետ համահավասար նորաստեղծ սրահ մուտք են գործում «Hi-Am»-ի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Բաղդասարյանը , «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը , որ դպրոցի հոգեւոր հայրն ու ոգեշնչողը կարող է համարվել, եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Գեւորգ Ասլանյանը , որ իր բաժին ներդրումն ունի նաեւ այս ծրագրի իրագործմանը:
Արդեն մարզասարքերով կահավորված սրահում տեղի դպրոցի ուսուցիչների, բնակիչների շարքերում նկատում եմ մանչուկների, որ անարգել փորձում են ձգումներ-կքանստումներ անել. հետաքրքրված են մեծ ու փոքրով ժամ առաջ պարապմունքները սկսելու: Օրհնության իր խոսքն է ասում Կոտայքի թեմի Աբովյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Զոհրաբ քահանա Մանասյանը, ապագա դյուցազուններին կրթելու շնորհակալ գործում Ռ. Սահրադյանի առաքելության կարեւորությունն են ընդգծում Ն. Աճեմյանը, Վ. Թովմասյանը, այլք: Ուսուցչի ջանադրությունից է կախված ոչ միայն գործի հաջողությունը, այլ նաեւ այն, թե ոնց, անդրանիկ «Դյուցազնատնից» օրինակ առնելով, մարզում, հետո նաեւՙ հանրապետության այլ վայրերում կբացվեն նորանոր նման կրթա-մարզական օջախներՙ ընդգծում է Նշան Աճեմյանը: Հիմա ուսուցչի, փորձառու մարզիկի քննության պահն է, իր հանձնառության կատարման պատասխանատվության պահը: Ռոման Սահրադյանը, որ կրթությամբ պատմաբան է եւ դասավանդում է դպրոցում, լավ գիտե իր անելիքըՙ հայրենիքի սիրով եւ պատվախնդրությամբ տոգորուն սերնդին կրթելուն համահավասար ամրացնել նաեւ մանկանց ու նորահաս երիտասարդների մարմնի ուժը, դիմակայելու կորովը, հաղթելու վճռականությունը:
Թալինյան «Դյուցազնատունն» իր տեսակի մեջ առաջին «ծաղիկն» է: Այն կրթելու է «գինեսյան» հայ ռեկորդակիրներիՙ համոզված են թալինցիները: Եվ ես մտածում եմՙ գարունը հողի ծոցը ճեղքած առաջին ծաղկով է հենց գալիս…
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ