Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի հոբելյանական համերգին հնչեցին իր հեղինակած հոգեւոր եւ աշխարհիկ երգեր ու նվագներ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին ընծայված համերգին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կատարվեցին կոմպոզիտորի հեղինակածՙ փոքր կտավի մի շարք գործեր եւ բարձրարվեստ մշակումներ: Համերգին մասնակցում էին չորս երգչախմբեր եւ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղ. ղեկավար եւ դիրիժորՙ Սեդրակ Երկանյան ): Իր եղբոր արվեստին մի յուրօրինակ տուրք էր այդ երեկո Սեդրակ Երկանյանի դաշնամուրային մենանվագը: Նրա կատարմամբ հնչեց Ե. Երկանյանի «Ավետումը»ՙ խոհական-խորը, ալեկոծ տրամադրությամբ, եւ երկի խորագրից ավելի բովանդակային ծավալով, որ երաժշտության ըմբռնման լայն ազատություն է ընձեռում: Դաշնակահարը դեռ վաղ խոստովանել է, որ իր ավագ եղբորՙ Երվանդի օրինակն է ունեցել մանկուցՙ երաժշտությանը նվիրվելու, ստեղծագործելու շնորհի առումով: Երկու մաեստրոներ նույն գերդաստանից այսօր հայ երաժշտական մշակույթի փայլուն դեմքերի շարքն են դասվում, նրանց արվեստըՙ թե՛ արարման եւ թե՛ կատարման առումով, զգացմունքի կատարյալ անկեղծությունն ունի, մտքի զվարթությունը, առողջ եւ ապրեցնող տրամաբանությունը, մարդկայինը սերմանելու միտվածությունը եւ զորությունը, Աստվածային սիրո կնիքը, հայրենանվիրության ուխտը, դեպի Արարիչ ընթացքի համամարդկային փնտրումը…
«Արվեստագետի խնդիրն ու առաքելությունն, իմ կարծիքով, աշխարհն ու մարդկանց դարձնել ավելի մարդկային եւ բարոյական,- հարցազրույցներից մեկում ասել է կոմպոզիտորը:- Արվեստագետը պետք է իդեալը ցույց տա, բայց այդ իդեալը մեր օրերում կամ ուրիշ օրերում չի պատահում, իդեալը մարդու մեջն է: Իդեալը մարդկային ձգտում էՙ ապրելու համար ավելի ճիշտ աշխարհ «ստեղծել», որքան էլ այն հեռու կամ անհասանելի թվա»:
Իդեալի, կատարյալի, անեղծի փնտրումը կոմպոզիտորի մոտ ընթանում է աստվածայինի գոյաբանության արվեստային վերլուծության ուղով. մտածողի, քննողի, ստեղծագործողի ներքնատեսությանը, Արարչի էությունը բացահայտելուն, նրան ներդաշնակվելուն գալիս է օգնելու բանաստեղծական տողը, որ ինքը քաղում է Սուրբգրքային տեքստերից, միջնադարյան գրիչներից, արդի բանաստեղծներից: Դրա վկայություններն էին համերգային ծրագրում ընդգրկված շատ գործեր: Դրանցից էր «Սաղմոս Ծ»-ն, որ առաջին անգամ հնչեց Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, եւ որը նվիրված էր խմբավար Հարություն Թոփիկյանի հիշատակին: Ազդեցիկ, մերթ զուսպ-հուզական, մերթ մտքի բուռն ալեկոծումով գործն այս աղոթք եւ աղերս է, նվիրման մկրտարան: «Գեղարդ» երգեցիկ խմբին է նվիրված XIII դարի բանաստեղծ Հովհաննես Պլուզի խոսքով գրված «Արիք ի ծովակն իջնունք» ստեղծագործությունըՙ «Վեց խոհախրատական հայրեններ» շարքից: Այն ժողովրդական երգերի մի քանի մշակումների հետ կատարեց Մհեր Նավոյանի ղեկավարած երգչախումբը: Բանաստեղծական խոսքի անթերի երաժշտական «ընթերցումներ» են «Տխուրաչյա միրհավ»-ը, «Երազներ իմ փութանցիկ»-ը, որ համապատասխանաբար կատարեցին «Արար» եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը:
Հոգեւոր, տաճարական շատ նվագների հեղինակն ու մշակողն է Երվանդ Երկանյանը: Նրա հեղինակած նմանատիպ գործերն Աստծո փնտրումի հարատեւ ջանքի արդյունքն են, ներքին ինքնակատարելագործման, ինքնազննության, նարեկացիական խոկումների երաժշտական արտահայտություններն ասես, որ մեղեդիական մարմնացում են ստացելՙ աղոթարար հունչով եւ մարդկային ձայնովՙ մեր հոգու անկյունները ներթափանցելու, միաժամանակ Վե՜ր առաքվելու համար: Այդ մեղեդիներից մեկը միջնադարից մեզ հասած «Ու՜ր ես, մայր իմ» հոգեխորով մեղեդին է, որի նուրբ-արվեստավոր մշակումը թույլ է տալիս այն կատարելու տարբեր նվագարաններով: Ե. Երկանյանի հոբելյանական համերգին այն հնչեց Հասմիկ Մուրադյան-Հարությունյանի բլուլովՙ «Տաղարան» համույթի նվագակցությամբ: Խաչելության ցավից, ծարավից տանջվող եւ մարդկության մաքրագործման ու փրկության համար տոչորվող Քրիստոսի դիմումն է Աստվածածնին, իսկ ես նրանում տեսնում եմ նաեւ ազգիս տառապանքի կնճիռը, որ խորացել է մեր օրերում: Հոգեւոր ստեղծագործության կատարումը Կոմիտասի սիրած նվագարանովՙ բլուլով, այս գործի նոր ընկալում է բերում, իսկ բլուլահարուհին կատարելապես հաղորդում է գեղեցկահյուս մեղեդու դրամատիզմը, որ համընթաց թե՛ մարդկային է եւ թե՛ աստվածային…
Աստվածամոր պատկերը տեսլացավ Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով ի ծով» հոգեւոր նվագն ունկնդրելիս. Ե. Երկանյանի մշակմամբՙ այն երգեհոնով կատարեց Թերեզա Ոսկանյանը : Վերջինիս նվագակցությամբ էլ թավջութակահար Հենրի Երկանյանը նվագեց Ս. Ձորափորեցու «Որ նշանաւ ամենայաղթ» էլեգիան: Համաչափ-մեղեդային-կառուցիկ, անչափ հոգեհույզ «Տեսիլքը» հեղինակի հուշապատումն է իր երազների եւ կորուստների մասին, կարոտն ու անբառ անհաշտությունը ծնողների բացակայությանը, թերեւս նաեւՙ երիտասարդության տարիների սպասումների եւ իղձերի բախումն իրականությանը: Այս ամենի երաժշտական արտահայտությունն է «Տեսիլքը», որ կատարեց մաեստրո Սեդրակ Երկանյան եւ ջութակահար Քրիստինե Չթչյան դուետը:
«Աստուա՜ծ իմ, ինչպէ՞ս զքեզ ըմբռնեմ» հարցումըՙ Գայանե Ղամբարյանի ռեչիտատիվային երգեցողությամբ, ամենաազդեցիկ պահերից մեկն էր «Իրիկնային խորհուրդներ» լիրիկա-խոհական երկի: Որքան ձգտում ես նույնանալու աստվածային էությանը, այնքան գիտակցում ես քո անկատարությունը. բայց սա հուսակտուր հարցում չէ, այլ մաքրագործվելու անընդհատ աշխատանք, որ ոնց առաջներում ձեւակերպել է կոմպոզիտորը, պիտի բերի ազատության եւ անկաշկանդությանՙ ստեղծագործելիս, հասարակությանը մարդկային բարձր արժեքներով դաստիարակելուն, հոգեւոր պահանջմունքներն առաջ մղելուն:
«Տաղարանի» մեներգչուհի Լուսինե Մարկոսյանի մեցցո-սոպրանոյով «Ուրախացան ազգք մարդկան» ստեղծագործությունը պատարագումի զորությունն ուներՙ ներքին խռովքի եւ ներդաշնակման հաղորդմամբ: Եվ ես այն նմանեցրի Սուրբ պատարագներից հետո հաղորդության հացն ընդունելուն…
Նոյեմբեր 27, 2021
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ