Յուրաքանչյուր զարգացում կովկասյան տարածաշրջանում գոյութենական նշանակություն ունի Հայաստանի համար: Այդ պատճառով էլ լրատվամիջոցները չափազանց մոլեգնած էին, մինչ քաղաքական կառույցները ինքնախարազանման սադիստական տրամադրության մեջ էին Հայաստանում քաղաքական վերիվայրումների ամբողջ ընթացքում:
Որոշակի քաղաքական նպատակներ հետապնդող բոլոր վերլուծաբանները վատ ծառայություն են մատուցում երկրին: Միայն նրանք, ովքեր համարձակվում են ցավալի իրականության մասին խոսել, կարող են օգտակար ուղիներ նշել եւ ռեալիստական պատկերացում տալ հանրությանը: Օրինակի համար «Ազատություն» հեռուստատեսության պանելային քննարկումների ժամանակ քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Իսկանդարյանը մռայլ դեմքով պնդում էր, որ հակառակորդի հետ բանակցություններում Հայաստանը, որպես պարտված կողմ, ի վիճակի չէ թելադրելու օրակարգի հարցերը: 2020 թվի նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանը ստիպված է իր թշնամի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել քննարկելու համար իրադրությունը 44-օրյա պատերազմից հետո, որը փոխեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը:
«Մարտավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» հրատարակած «Փոթորիկ կովկասյան երկնակամարում» (Storm Over the Caucasus) ռուսալեզու գրքի վերջաբանում Կառնեգիի մոսկովյան կենտրոնի աշխատակից Դմիտրի Տրենինը գրում է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն սկսվեց 2020-ի աշնանը, շրջադարձային նշանակություն ունեցավ ոչ միայն մասնակից երկրներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Այն փոխեց քաղաքական եւ ռազմական հավասարակշռությունը ամբողջ Հարավային Կովկասում: …Մ. Նահանգների եւ Եվրոպայի փոխարեն, այժմ Թուրքիան, Իրանը եւ Իսրայելն են տեւական ազդեցություն թողնում այն ամենի վրա, ինչ կատարվում է Ադրբեջանում, Հայաստանում, եւ այդ երկու պետությունների միջեւ: Այս հանգամանքը պետք է մղի ռուս քաղաքագետներին հետխորհրդային կամ Ռուսաստան-Արեւմուտք կոնտեքստի փոխարեն կենտրոնանալ երկրի հարավ-կովկասյան հարեւանների վրա եւ մշակել առավել համապատասխան մոտեցումներ նրանց հանդեպ է՛լ ավելի ընդարձակելով Միջին Արեւելքի քաղաքականության ոլորտները»:
Այդուհանդերձ, Հայաստանում շատերն են դեռ պահպանում սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպը եւ հավատում, որ Ռուսաստանին փոխարինող այլընտրանքը Արեւմուտքն է եւ այլ պետությունների ժողովրդավարական արժեքները: Փաստը, սակայն, որ Արեւմուտքը հակառակ իր հռչակած ժողովրդավարական եւ արդարության արժեքների, դեռեւս պահպանում է Միջին Արեւելքում միջնադարյան միապետերի, ցույց է տալիս նրա կեղծավորությունը կամ երկակի ստանդարտների դրսեւորումը:
Կովկասում զարգացումները գլխապտույտ արագությամբ են տեղի ունենում, եւ շատ դժվար է քայլք պահել դրանց հետ: Որոշված էր եռակողմ հանդիպում (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) կազմակերպել նոյեմբերի 9-ի տխրահռչակ տարելիցի առթիվՙ գնահատելու համար համապատասխան կողմերի փոխվարչապետների կատարած աշխատանքը եւ մի նոր համաձայնությամբ վերջնական տեսքի բերելու համար հրադադարի դրույթները:
Բայց այդ հանդիպման նախօրեին Ադրբեջանը նոր սահմանային ոտնձգություն սանձազերծեց Հայաստանի նկատմամբ: Հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվեց: Ի դեպ, Բաքվի քաղաքականությունը շատ թափանցիկ է: Նոր խնդիրներ առաջացնելով նա փորձում է խուսափել օրակարգի գլխավոր հարցերից: Պատերազմը ծագեց ղարաբաղյան հակամարտության հիման վրա: Բաքուն տեղում փաստեր ստեղծելով ինքնավար Հայաստանին խճճում է տարաբնույթ խնդիրներով: Առաջ քաշելով Զանգեզուրի միջանցքը ձեռք բերելու հարցը, Հայաստանին եւ տարածաշրջանի նրա գործընկերներին ստիպում է շեղվել ղարաբաղյան հիմնահարցից եւ զբաղվել Սյունիքում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործով:
Միջադեպերի ու ոտնձգությունների պատճառով կացությունն այնքան հեղհեղուկ էր դարձել, որ մի քանի շաբաթ առաջ հնչած Եվրոմիության նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, որ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը «Եվրոմիության արեւելյան գործընկերության» շրջանակներում հանդիպելու են Բրյուսելում դեկտեմբերի 15-ին, գալվանացրեց ամբողջ քաղաքական մթնոլորտը:
Ակնկալելով, որ կովկասյան օրակարգը կարող է փոխադրվի Արեւմուտք, Կրեմլը որոշեց առաջ անցնել եւ երկու կողմերին հրավիրեց հանդիպել Սոչիում նոյեմբերի 26-ինՙ համաձայնության գալու եւ բրյուսելյան հանդիպումը անտեղի դարձնելու նպատակով:
Այսպիսով, մի նոր քաղաքական ներկայացում տեղի ունեցավ Սոչիում, որտեղ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքժամյա լարված բանակցությունների ընթացքում: Հանդիպման հանրային մասում Ալիեւը ամբողջովին վերափոխված էր եւ պատրաստ կարգավորելու հարցերը որպես խաղաղասեր: Անհետացել էին նրա անախորժ ակնարկները «հայկական շների» վերաբերյալ: Չմոռանանք, որ նրա ռազմատենչ եւ կոպիտ վարքագիծը նողկալի բռնակալի էին վերածել նրան համաշխարհային քաղաքական թատերաբեմում: Բայց դա չէր վերափոխման միակ պատճառը: Կային նաեւ քաղաքական այլ գործոններ, որոնք նպաստեցին նրաՙ այսպես կոչված բարեկրթությանը:
Ալիեւը հայտարարեց, որ հարյուր տոկոսով կատարել է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ իրեն վերապահված պարտավորությունները եւ պատրաստ է անցյալի էջը շրջել եւ բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացել Հայաստանի հետ:
«Ներեցեք, որ չհամաձայնվեմ», պատասխանեց Փաշինյանը , հիշեցնելով ռազմագերիների եւ Ադրբեջանում դեռեւս պատանդ պահված հայերի հարցերը: Նաեւ այն փաստը, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակ խախտել էին Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բոլոր երեք ղեկավարներն էլ դրական գնահատեցին հանդիպումը` համարելով այն «կոնստրուկտիվ»: Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ որոշ անլուծելի թվացող խնդիրներ արդեն դարձել էին լուծելի:
Այն ինչ չափազանց անսովոր էր` Ալիեւի լռությունն էր միջանցքի հարցի վերաբերյալ: Առնվազն հանրային ելույթների ժամանակ: Դա ինտրիգային էր, քանի որ ինքն ու իր քաղաքական մենտորը` Թուրքիայի Էրդողանը մինչեւ վերջերս այդ հարցն էին առաջ քաշում եւ նույնիսկ սպառնում, որ ուժի միջոցով ձեռք կբերեն այդ միջանցքը: Հանդիպման ավարտին մեղմ մի հայտարարություն ստորագրվեց` կողմերին թողնելով լուծել ներքին հարցերը:
Ընդդիմությունը Հայաստանում, սակայն, վրդովված է եւ պնդում է, որ Փաշինյանը համաձայնություն է ստորագրել միջանցքի վերաբերյալ եւ ծախել Ղարաբաղը: Ցուցարարները խորհրդարանի առաջ պահանջում էին կառավարության հրաժարականը:
Սոչիի հանդիպման ավարտին հրապարակված եռակողմ հայտարարությունը նշում է, որ կողմերը համաձայնել են «քայլեր ձեռնարկել ամրապնդելու համար կայունությունն ու անվտանգությունը Հայաստան-Ադրբեջան սահմանում եւ ստեղծելու համար երկկողմ մի հանձնախումբ, որը կզբաղվի Ադրբեջանի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցության (կողմերի համաձայնությամբ) հիման վրա»:
Իհարկե, հեշտ է խոսել, քան գործել, քանի որ սատանան հենց մանրամասների մեջ է: Հակամարտության երկու կողմերը մեծապես գովաբանեցին ռուս խաղաղապահների դերը, մինչդեռ հայտնի է, որ Բաքուն փորձում է ազատվել նրանց ներկայությունից:
Իհարկե, նախագահ Պուտինը ոչ մի առիթ չկորցրեց ընդունելու երկու կողմերի երախտագիտական խոսքերը խաղաղապահների նշանակության եւ մանավանդ Ռուսաստանի, որպես միջնորդի, դերի վերաբերյալ: Այս հարցը առավելապես շեշտվում է Կրեմլի կողմնակիցների ելույթներում` համեմատվելով Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքով եւ հակադրվելով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքով:
Ներկայիս, մենք փոփոխություն տեսնում ենք Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքում: Այն դաշնակցայինից դարձել է միջնորդական` խաղի կանոնները փոխող կովկասյան քաղաքականության մեջ: Հայաստանի հետ կնքված պայմանագրերն այժմ ժամանակավրեպ են դարձել:
Ալիեւի տրամադրության վրա ազդած քաղաքական գործոնները (նույնիսկ ընդունումը, որ դրական ազդանշաններ կան Հայաստանից) չափազանց շատ են: Դրանցից մեկը Թուրքիայի գործոնն է: Անկարայի ընդարձակման (էքսպանսիական) ախորժակը շատ ավելի մեծ է, քան այդ երկիրը կարող է հոգալ իր մահամերձ տնտեսությամբ: Թավալգլոր արժեզրկվող թուրքական լիրան եւ արտակարգ ընտրություններ անցկացնելու ընդդիմության կոչերը համարյա հօդս են ցնդեցրել 2023-ին վերընտրվելու (եւ երկրորդ Աթաթուրքը մկրտվելու) Էրդողանի երազանքը:
Այդ պատճառով է, որ Էրդողանը արագորեն փորձեց հարաբերությունները կարգավորել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի հետ: Որպես վարձատրություն նա ԱՄՀ-ից ստացավ 10 միլիարդ դոլար ներդրումային փաթեթ` խթանելու համար Թուրքիայի տնտեսությունը: Էրդողանը Ալիեւին խորհուրդ տվեց միեւնույն ձեւով վարվել Իրանի հետ: Հայտնի է, որ Կովկասում սահմանային փոփոխություններ կատարելու կարմիր գիծն անցնելու հետեւանքում երկու երկրները քիչ էր մնում պատերազմեին միմյանց դեմ:
Բաքուն դրանից առաջ էլ չկարգավորված հարց ուներ Իրանի հետ` Կասպից ծովում հորատման իրավունքների առնչությամբ: Իրանը նույնիսկ պատերազմ էր պատրաստվում հայտարարել կանգնեցնելու համար Ադրբեջանի ոտնձգությունները իր տարածքում:
Բաքուն անմիջապես համաձայնություն ստորագրեց եւ դա իր դրական ազդեցությունն ունեցավ: Իրանի արտգործնախարար Հոսեյին Ամիր-Աբդոլլահիանը շնորհավորեց Բաքվին նոյեմբերի 9-ի հաղթանակի տարելիցի առթիվ: Իրանին նաեւ թույլատրվեց մասնակցել «գրավյալ տարածքներում» իրականացվող ծրագրերին, որ հնարավորություն է ընձեռելու Իրանին հետեւելու Ադրբեջանում Իսրայելի գործողություններին:
Այս նույն ժամանակահատվածում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Թեհրան էր այցելել նախապատրաստելու համար նախագահ Էրդողանի առաջիկա այցը այդ երկիր: Բայց նախքան այդ այցելությունը Էրդողանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդիպեցին Աշխաբադում (Թուրքմենստան) եւ զրուցեցին երկու երկրների միջեւ համագործակցության ապագա ծրագրերի մասին: Ռաիսին նույնիսկ իր գոհունակությունը հայտնեց ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար:
Բոլոր այս զարգացումները ցույց են տալիս, որ այս պահին Անկարան չի կարող թիկունք կանգնել Բաքվին մի նոր պատերազմում:
Մյուս գործոնը, որ նպաստել է Ալիեւին ավելի քաղաքավարի լինելու, այն է գուցե, որ նախագահ Պուտինը խորհուրդ է տվել նրան վերաձեւավորելու միջանցքի պահանջի հարցը այնպես, որ այն չհնչի որպես Հայաստանի ինքնավար տարածքից հավելյալ իրավունքներ են խլվում, այլ այն դրվի ռուսական զինուժի հսկողության ներքո, ինչպես ասենք Լաչինի միջանցքն է:
Հաջորդ հանդիպումը Բրյուսելում ծառայելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաակտիվացմանը: Այդ խմբի համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել: Թե ո՞ր կողմից` Հայաստանից թե Ադրբեջանից նրանք կմեկնեն Ղարաբաղ` խորհրդանշական քաղաքական ուղերձ է պարունակելու իր մեջ:
Տարածաշրջանում քաղաքական գործընթացները միշտ չէ, որ տեղի են ունենում Ալիեւի ակնկալած ուղղություններով: Այնպես որ, դա Հայաստանին հնարավորություն է տալու վերակազմավորելու իր զինված ուժերը, որպեսզի այդ կերպով կարողանա պահպանել իր դիվանագիտության հեղինակությունը:
Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)