(Սենատոր Բոբ Դոուլը եւ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման արշավը)
Դեկտեմբերի 5-ին 98 տարեկանում սենատոր Բոբ Դոուլի վախճանվելը մեծ կորուստ էր ինչպես ամերիկյան քաղաքականության, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Նա ավելի քան կենսունակ ներկայություն էր ամերիկյան քաղաքական թատերաբեմում, «ամենաերկարակյաց քաղաքական անձնավորությունը անցյալ դարի վերջին տասնամյակներում», ինչպես նրան բնորոշել էր «Նյու Յորք Թայմսի» աշխատակից Քեթրին Ք. Սիլյին ։ Նրան առաջադրել էին դառնալ փոխնախագահ 1976-ին եւ նախագահՙ 1996-ին, բայց նրան չհաջողվեց զբաղեցնել այդ պաշտոնները։ Այդուհանդերձ, նրա ազդեցությունը ամենից ավելի զգացվում էր Մ. Նահանգների սենատում, որտեղ նա ծառայեց քառորդ դար իր անձնական դրոշմը թողնելով որպես մարտավարական ղեկավար եւ օրենսդիր մարմնի իր 12.000 քվեների միջոցով, որոնց մեծ մասը ունեին պատմական նշանակություն։
Նրա անձնական կյանքն ու քաղաքական կարիերան ճկունության մարմնացումն են, տիպար օրինակը։ Սենատի ամբիոնի մոտ նա հմուտ գործավար էր, եւ անխոնջ ջատագովըՙ երկկուսակցականության։
Սենատի երբեմնի ընդդիմադիր գործիչ, այժմ Մ. Նահանգների նախագահ Ջո Բայդենը , լսելով նրա մահվան գույժը, ասել է. «Նա պատմության մեջ հազվադեպ հանդիպող ամերիկացի պետական գործիչ էր, պատերազմի հերոս եւ Մեծագույն Սերնդի ամենամեծերից մեկը»։
Ծնվելով Կանզաս նահանգի «Դաստ Բաուըլ» թաղամասում ապրող աղքատ ընտանիքում, նա համակ կարեկցանք էր տածում հարստահարվածների նկատմամբ, եւ այդ կարեկցանքը դարձավ իր քաղաքական «ապրանքանիշը», երբ 1964-ին քաղաքական իրավունքների, իսկ 1965-ին քվեարկելու իրավունքի ակտերը օրենք դարձրեց։ Թվում է նաեւ, որ այդ կարեկցանքը նշանակալի գործոններից մեկը դարձավ, որ նա ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը։ Այդ հարցում իր ներգործությունն էր ունեցել Ցեղասպանությունը վերապրած դոկտ. Համբարձում Քելիքյանը (Քեքլիկյան), որ պատահականորեն հայտնվել էր իր կյանքում եւ բուժել իր վերքերը։
Նրանց առասպելական հարաբերությունների պատմությունը լույս է ընծայվել բազմաթիվ հրատարակություններում եւ հատկապես անձամբ Դոուլի կողմից գրված «Մի զինվորի պատմությունը» վերնագրով գրքում։ Դոկտ. Քելիկյանը ոչ միայն նոր կյանք էր պարգեւել պատերազմի վետերան Դոուլին, այլեւ հասարակ բառերով նրան էր փոխանցել փիլիսոփայական կարեւորագույն մի սկզբունք, ասելովՙ «Դու պետք է փորձես ապրել այն ամենով, ինչ քեզ մնացել է, որովհետեւ այլեւս չես կարող հույսը դնել կորցրածի վրա»։ Այդ բառերով հայազգի բժիշկը Դոուլի իսկ խոստովանությամբ, դարձել էր նրա «երկրորդ հայրը»։
Քելիկյանը իր տեսակի մեջ եզակի էր։ Նա իր ծննդավայր Հաճընի ինքնապաշտպանության մարտերին էր մասնակցել եւ ողջ մնացել։ Հետագայում էլ դարձել էր համաշխարհային ճանաչողության հարգված վիրաբույժ, մնալով հայՙ հոգով ու սրտով։ Նա, առանց դատարկաբանությունների, գործնական ու անկեղծ խոսակցություն կարող էր վարել ամեն ինչի մասին, ինչը երեւի խորապես ազդել էր սենատորին։ Նա հայտնի էր իր պարզ, բայց իմաստալից ակնարկներով եւ թաքնված հումորով։ Նրա սովորական խոսակցություններն անգամ հում իմաստություն էին։
Քելիկյանը նաեւ գրական հակումներ ուներ, առանց հավակնությունների։ Առաջին իսկ հանդիպումից հետո նա ընկերանում էր անծանոթի հետ եւ անջնջելի տպավորություն թողնում նրանում իր հումորով։ Երբեք չէր վարանում կեսգիշերից հետո զանգել ինձ հայ գրականության մասին ինչ-որ հարց պարզելու, կամ հրահանգելու, որ իրեն գիշերային փոստով ուղարկեմ Գրիգոր Զոհրապի նովելների հատորը։ Չիկագոյի հայկական համայնքը, որտեղ Քելիկյանին կուռք էին համարում, բազմաթիվ զվարճալի պատմություններ կարող է հիշել նրա մասին։
Սա էլ մեզ բերում է պատմության մեջ անհատի դերի նշանակության խնդրին։ Դոկտ. Քելիկյանը կրքոտ ու զգայուն հայ էր, որն իր անպաճույճ պատմություններն էր պատմում։ Սենատոր Դոուլին, որ լսում էր այդ պատմությունները, նույնքան զգայուն էր մարդկային դժբախտությունների հանդեպ եւ դրանով է, որ մի մարդու անձնական պատմությունը երկար տարիներ դարձավ քաղաքական գործոն եւ առաքելություն Մ. Նահանգների սենատում, որտեղ սենատոր Դոուլի հակառակորդն էր հանրապետական կուսակցության սենատոր Ռոբերտ Բիրդը , անզիջում մի ռասիստ եւ «Ku-klux-klan»ի նախկին ղեկավարներից, որն ընդմիշտ ենթակա է թուրքական լոբբիին։
Մ. Նահանգների պատմության մեջ Ռոբերտ Բիրդը ամենաերկար ծառայած սենատորն է եղել եւ իր ամբողջ կարիերայի ընթացքում անխոնջ պաշտպանն է եղել Թուրքիայի, պաշտպանելով այդ երկրի արյունոտ պատմությունը։ Սա միանշանակ հանրային դիրքորոշում էր, որը համահունչ էր աֆրո-ամերիկացիներին վատաբանելու իր տեղական քաղաքականության հետ։
Ճիշտ այնպես ինչպես մենքՙ հայերս ենք այժմ սգում սենատոր Դոուլի մահը, թուրքերն էլ սենատոր Բիրդի մահը սգացին 2010-ին։ Այդ ժամանակ «Ամերիկայի թուրքական կոալիցիան» հայտարարություն թողարկեց միանալովՙ «Բոլոր ամերիկացիներին Արեւմտյան Վիրջինիայի լեգենդար սենատոր Ռոբերտ Բիրդի մահվան առթիվ։ Սենատոր Բիրդը Թուրքիայի ամենաեռանդուն պաշտպաններից էր կոնգրեսում եւ բարեկամը բոլոր թուրքական ծագումով ամերիկացիների»։
Հայտարարությունը նշում է նաեւ սենատոր Բիրդի «հերոսական» իրագործումներից մեկը։ «Սենատոր Բիրդը երկար ժամանակ պաշտպանել եւ առաջ է տարել ամերիկա-թուրքական հարաբերությունները։ 1990-ին ամերիկահայերի կողմից այսպես կոչված «Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի» ներկայացման ժամանակ սենատոր Բիրդը անդուլ ջանքեր գործադրեց խափանելու համար բանաձեւի անցկացումը եւ 3-օրյա թեժ քննարկումներից հետո ի վերջո կարողացավ տապալել բանաձեւի ընդունումը սենատում»։
Թուրքիայի կառավարությունը լավ էր վճարում այդ «արշավի» համար եւ երբ սենատորը այցելեց Թուրքիա, նրան գովասանքներ եւ մեդալներ շնորհեցին։ Թուրքական կառավարությունը նաեւ մասնակից էր սենատոր Դոուլի դեմ ծավալված կեղտոտ արշավին։ Մի պահ եղավ, որ նույնիսկ մտածում էին բոյկոտել բանանների ներմուծումը «Դոուլ սննդի ընկերությունից», մտածելով, որ սենատորը կապեր ունի այնտեղ։ Մինչդեռ նա ոչ մի առնչություն չուներ այդ ընկերության հետ, եւ իրեն բնորոշ չոր հումորով պատասխանեց. «Ես բանաններ չունեմ»։
Թվում է, թե սենատոր Բիրդը անձնական պատճառ ուներ այդքան կրքոտ կերպով պայքարելու համար Ցեղասպանության ընդունման բանաձեւի դեմ։ Հավանաբար «ընտանեկան» մի գործոն։ Շատերն են հավատացած, որ իր փեսան` թուրքական ծագումով իրանցի Մոհամմադ Ֆաթեմին պետք է որ դերակատարություն ունեցած լիներ այդ հարցում։
Մյուս կողմից, մեկ այլ փեսա` այս անգամ ծագումով հայ, չկարողացավ նմանօրինակ դերակատարություն ունենալ իր զոքանչի` Մ. Նահանգների պետքարտուղար Մադելին Օլբրայթի գործողությունների վրա, նույն` Ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցում։ Օլբրայթը ՄԱԿ-ում Մ. Նահանգների դեսպանն էր, նախքան նախագահ Բիլ Քլինթոնի կաբինետում ընդգրկվելը։
Ես առիթ ունեցել եմ հանդիպելու նրան։ Երբ խոսք բացեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին, նա անմիջապես միջամտեց եւ ասաց. «Դուք չեք կարող Հայոց ցեղասպանության մասին ինձ սովորեցնել ավելին, քան ես գիտեմ, որովհետեւ փեսաս, որ ծնունդով հայ է, բավականաչափ տեղեկացրել է ինձ»։ Անկարելի է իմանալ, թե այդ փեսան որքան առաջ էր գնացել իր հորդորներով եւ որքան խորն էր թափանցել տիկին Օլբրայթը այդ հարցում, բայց ակնհայտ է, որ այդ ժամանակ Մ. Նահանգների քաղաքականությունը դեմ էր այդ հարցի ճանաչմանը։ Նա պետք է հետեւեր Քլինթոնի՛ քաղաքականությանը։ Մենք գիտենք, որ երբ կոնգրեսում քվեարկության պետք է դրվեր Ցեղասպանության ճանաչման որոշումը, եւ ապահովված էր քվեների թիվը, դեմոկրատական կուսակցության նախագահը հրամայեց ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակին` Դենիս Հաստերտին օրակարգից հանել այդ բանաձեւի քվեարկությունը։ Ներկայիս շնորհազրկված Հաստերտը գոհունակությամբ կատարեց հրամանը։ Հետագայում պարզվեց, որ նա թուրքական կառավարության կողմից համապատասխան գումար էր ստացել։
Չնայած միշտ չէ, որ անհատները կարող են շրջել պատմության ընթացքը, բայց երբ ճիշտ անձնավորությունը ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին է հայտնվում, ապա շրջադարձային պատմական իրադարձություններ կարող են տեղի ունենալ, ինչպես սենատոր Դոուլի պարագայում։ Սակայն մեդալն ունի իր հակառակ կողմը։ Ցավալի է, երբ մարդիկ դեմ առ դեմ գալով պատմական հնարավորվություններին, չեն կարողանում օգտվել եւ բաց են թողնում ընձեռված հնարավորությունները։ Ասվածի օրինակ կարող է ծառայել Սթիվն Զաիլյանի պարագան, որն 1993-ին «Լավագույն սցենար» անվանակարգում արժանացավ Օսկարի ակադեմիական մրցանակին։ Նա սցենարը գրել էր Հոլոքոսթի մասին պատմող Սթիվն Սփիլբերգի «Շենդլերի ցուցակը» ֆիլմի համար, որ համայն աշխարհում միլիոնավոր մարդկանց էր հուզել եւ թեման անշուշտ հոգեհարազատ էր մեզ` հայերիս։
Հայկական համայնքում շատերն էին ակնկալում, որ Զաիլյանը առիթից կօգտվի եւ երկու միլիարդ գլոբալ հանդիսատեսի ներկայությամբ հրեաների պարագան կկապի իր նախնիներին պատուհասած ցեղասպանության հետ։ Փոխարենը նա մրցանակը ստացավ չոր ու ցամաք մի ելույթով, որ ոչնչով ուշադրության չարժանացավ։ Նրան հակառակ, 2003 թվի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ վավերագրական ֆիլմարտադրող Մայքլ Մուրի քաղաքական ելույթը սուլոցների արժանացավ եւ նրան հեռացրին բեմից։ Բայց նա արդեն խիզախությունն ունեցել էր հնչեցնելու իր ասելիքը։
Մեկ այլ օրինակ կարող է ծառայել բրիտանացի թատերագիր Հարոլդ Փինտերը , որ 2005-ին ստացավ գրականության Նոբելյան մրցանակը։ Նա չափազանց թույլ էր ճանապարհորդելու համար, բայց տեսաերիզի վրա ձայնագրել էր իր ելույթը, որտեղ փիլիսոփայական մի քանի մտորումներից հետո նա անխնա քննադատության էր ենթարկում աշխարհի քաղաքական գործիչներին։ Այնպես, որ, բոլորովին էլ անսովոր չէ մրցանակների արժանացած մարդկանց համար առիթից օգտվել եւ քաղաքական ուղերձ հղել համաշխարհային հանդիսատեսին։
Մինչ այս տողերն եմ գրում, բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայ գիտնականը` դոկտ. Արտեմ Փաթափությանը պատրաստվում է Ստոկհոլմ մեկնել ստանալու համար իր մրցանակը։ Մինչ շատ հավակնոտ կարող է թվալ խորհուրդ տալը գիտության ասպարեզում մի հանճարի, սակայն արդարացի է նրանից ակնկալել, որ այդ վեհաշուք միջավայրում նա որոշ ակնարկներ կկատարի հայոց պատմության մեջ դարակազմիկ իրադարձության վերաբերյալ, նշելով, գուցե իմիջիայլոց, թե հայկական արմատներով քանի ուրիշ հայեր կարժանանային Նոբելյան այդ մրցանակին, եթե տեղի չունենար Օսմանյան իշխանությունների իրագործած ցեղասպանությունը։
Ի դեպ, դոկտ. Փաթափությանի Նոբելյան մրցանակի արժանանալը շատ պատեհ ժամանակին տեղի ունեցավ, երբ Հայաստանը պարտվել էր պատերազմում, եւ հայերս ամենուրեք վշտի մեջ էինք։ Հայու հանճարի ոգին ինչ-որ ձեւով, ինչ-որ մի տեղ պետք է որ ընձյուղվեր։ Դա էր պատմության խորհրդավոր վրեժը։
Դոկտ. Քելիկյանը դրության բարձրության վրա գտնվեց եւ պատմություն կերտեց։ Սենատոր Դոուլը գնահատեց եղելությունը եւ իր առաքելության նշանաբանը դարձրեց այն։ Չնայած Սենատում իր քառորդ դարյա ներկայությանը չկարողացավ իրականացնել իր նպատակը, սակայն հարցը կենսունակ պահելու իր ջանքերը ի վերջո պսակվեցին հաղթանակով։ Բարեբախտաբար նա երկար ապրեց եւ տեսավ իր առաքելության կուլմինացիոն կետը, երբ Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատն ու Սենատը երկկուսակցական ամբողջ կազմով ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը։ Նախագահ Բայդենն էլ ավարտին հասցրեց այդ որոշումը։
Այսօր պահն եկել է, որ մենք ազգովին խորհրդածենք այս մեծ առաջնորդի նպատակասլաց կյանքի մասին, սգանք նրա կորուստը եւ փառաբանենք նրա մնայուն ժառանգությունը։
Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)