Այս տարի` 2021թվականին, լրացավ հայազգի նշանավոր գործարար, գյուտարար, բարերար, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ալեք Մանուկյանի ծննդյան 120-ամյակը (վստահ եմ, մեծանուն հայի մասին դեռ շատերն են գրելու, իսկ այս թերթային հոդվածը համեստ տուրք է նրա պայծառ հիշատակին): Սակայն ինչպես հաճախ է լինում մեզանում, այդ հոբելյանն էլ անցավ գրեթե աննկատ ու անարձագանք: Գիտեմ, որ ծանր վիճակում ենք, որ դժվար օրեր ենք ապրում, որ պատերազմ է ու քովիդ, սակայն նաեւ հասկանում եմ, որ մեր հերոսներին անուշադրության մատնելով հոգեւոր սով կառաջացնենք, որը խիստ վտանգավոր է…: Այս մոտեցումն էլ հոդվածը գրելու մեկնակետը դարձավ:
Մեզ թվում է, թե Աշխարհը, որում մենք ապրում ենք, տիեզերքում եթե ոչ լավագույններից մեկն է, ապա միակ հնարավոր մարդաբնակը: Այն ամենն ինչ այսօր մեզ հասանելի է եւ համարվում է ինքնին բնականՙ տարիներ առաջ, հրաշք կհամարվեր: Էլ չեմ խոսում դարերի մասին: Իսկ այդ բոլոր հրաշքները հեղինակներ ունեն: Հեղինակներ, որոնք իրենց գյուտերով հեղաբեկել են այդ նույն աշխարհը, դարձրել այն մի քիչ ավելի գեղեցիկ, երբեմն էլ` ավելի տգեղ, ուրախ ու ավելի տխուր, հզորացրել այն, երբեմն էլ` թուլցրել, դարձրել ավելի տաք ու թթվածնապակաս, բայց միշտ ավելի արագ ու հարմարավետ: Այդ հեղաշրջիչ ու ավելի հարմարավետ դարձնողների շարքում մեծ թվով հայորդիներ կան, իսկ նրանց խոնարհման արժանի համաստեղությունում իր անուրանալի տեղն ունի հայ հասարակական գործիչ, գործարար, գյուտարար, ճարտարագետ, արդյունաբերող, մեծահարուստ բարերար Ալեք Թագավորի Մանուկյանը:
Մեծահարգ հայորդին ծնվել է 1901թ. հունիսի 28-ին, Իզմիրի շրջանի Քեսապա գյուղաքաղաքում (Զմյուռնիա, այժմՙ Իզմիր), վախճանվել 1996թ. հուլիսի 10-ին ԱՄՆ-ի Միչիգան Նահանգի Դետրոյթ քաղաքում (Համազասպյան Վ., Ալեք Մանուկյան, Ե., 1994): 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի եւ նրա կնոջՙ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Հայրը հացահատիկի հաջողված առեւտրական էր, մայրը` Թագուհին, բացառիկ խելացիությամբ օժտված հայուհի էր: Ընտանիքի անդրանիկ զավակը (հինգ եղբայր եւ երկու քույր ուներ) կարողանալով փախչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ գրպանում ունենալով ընդամենը 50 դոլար, 1920 թ. նա գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1922թ. նրան են միանում ծնողները, եղբայրներն ու քույրերը: 1924 թվականիցՙ հաստատվել է Դետրոյթ քաղաքում: 1931թ. Ալեք Մանուկյանն ամուսնանում է Մարի Թաթյանի հետ, որն իր կյանքի ողջ տեւողությամբ իր ամուսնու խորհրդակիցն ու գործակիցը եղավ: Ունենում են երկու զավակներ` Լուիզ եւ Ռիչըրդ:
ԱՄՆ-ում առաջին տարիներին փախստականի կարգավիճակում քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողանում է հսկայական հաջողությունների հասնել: 1929 թվականին պտուտակների եւ ինքնաշարժի մեքենական մասերի արտադրության մեջ ձեռք բերած փորձառությամբ Ալեք Մանուկյանը 1929-ին հիմնում է «Մասկո» ճարտարարվեստական միջազգային ընկերությունը եւ սկսում է ավտոմեքենայի պահեստամասեր արտադրել: Ամենամեծ հաջողությունն ու հռչակը նրան եւ նրա հիմնած «Մասկո» ընկերությանը բերում է «Delta»-ն` մեկ բռնակով առաջին ծորակը, որով նրան հաջողվել է իրականացնել դասական ամերիկյան երազանքը: Այն մեծ փոփոխություն կատարեց ծորակի մասին պատկերացումներում, դարձավ ԱՄՆ-ում ամենափնտրված վաճառանիշերից մեկը եւ միլիոնավոր եկամուտներ ապահովեց գյուտի հեղինակին: Նրա ընկերությունն այսօր մաս է կազմում հայտնի «Fortune 500ե ձեռնարկություններին: Այսօր ամբողջ աշխարհը օգտագործում է նրա հանճարեղության չափ պարզ գյուտը, իսկ «Մասկո»-ն առաջին հայապատկան ընկերությունը եղավ, որի արժեթղթերը հայտնվեցին Նյու Յորքի սակարանում:
Որքան ավելանում էր ծորակի վաճառքը, նույնքան էլ` նվիրատվությունները ՀԲԸՄ-ին. «Տելթա» միաթեւ ծորակի բարիքէն օգտուեցաւ Ազգը եւ Բարեգործականը, որովհետեւ ծորակէն բխող բարիքին շնորհիւ Ալեք Մանուկեան իրականացուց իր ազգաշէն բազում երազները»: Գործարարը նվիրաբերելով միլիոնավոր դոլարներ, իր ունեցվածքն ուղղել է կրթական եւ բարեգործական ծրագրերի, որոնցից շատերը ծառայում են տասնյակ երկրների հայ համայնքներին: Իր ողջ գիտակցական կյանքում սեփական ժողովրդի ճակատագրով ապրող բարեգործն ու նվիրյալը ՀԲԸՄ-ին կատարած մեծաչափ նվիրատվություններից չբավարարվելով, աշխարահասփյուռ հայության հոգսերը փոքր ինչ հոգալու նպատակով, 1968 թ. մեկ միլիոն դոլար սկզբնական նվիրատվությամբ հիմնեց ՀԲԸՄ-ի «Ալեք եւ Մարի մանուկյան» մշակութային հիմնադրամը եւ ազգաշահ գործունեություն ծավալեց: Հիմնադրամը մեծ ներդրումներ կատարեց եւ լավագույնս նպաստեց հայ մշակույթի զարգացման կարեւոր գործում, սատարելով գիտական, գրական գործերի հրատարակությանն ու թարգմանական գործին, միաժամանակ օգնության ձեռք մեկնեց թոշակի անցած շատ մտավորականների եւ ուսուցիչների: Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը եւ հայկական ծրագրերի իրականացմանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի պատվո անդամը հիմնադրամին նվիրաբերեց ավելի քան կես միլիոն ամերիկյան դոլար, որը լավագույնս նպաստեց կյանքի կոչելու մի քանի կարեւոր ծրագրեր: 1994թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:
Իբրեւ երախտագետ քաղաքացի, Ալեք Մանուկյանը մեծագումար նվիրատվություններ է կատարել նաեւ ամերիկյան հիվանդանոցներին, թանգարաններին, համալսարաններին, դպրոցներին եւ բարեսիրական ու մշակութային կազմակերպություններին: Իսկ Դիտրոյթի իր ապարանքը` իբրեւ պաշտոնատեղի նվիրել է քաղաքապետարանին: Նրա նյութական աջակցությամբ Դիտրոյթի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցական համալիրում հիմնվել եւ հայկական կերպարվեստի, ոսկերչության, գորգագործության ընտրելագույն նմուշներով, ձեռակերտ ու մանրանկարչական գործերով համալրվել է «Ալեք Մանուկյան» թանգարանը, որը հանդիսանում է իր տեսակի մեջ ամերիկյան չափանիշներով եզակի, պրոֆեսիոնալ հաստատություն:
1930 թվականից անդամագրվել է մեկ այլ մեծանուն հայ բարերար Պողոս Նուբարի կողմից 1906 թ. հիմնադրված Հայ Բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), ինչպես նաեւ` Վարդանանց ասպետների եղբայրակցությանը: 1953 թ. Ընտրվելով ՀԲԸՄ-ի նախագահ, Ա. Մանուկյանն այդ պաշտոնը ձեռնահասորեն վարեց 30 տարի: 1970 թ. Միության ընդհանուր ժողովը, ի նշան երախտագիտության, նրա անսակարկ ծառայության, նրան ընտրեց ցկյանս նախագահ, իսկ 1989 թ., երբ առողջական պատճառով նա հրաժարվեց այդ պաշտոնիցՙ ցկյանս պատվավոր նախագահ: Երբ Մանուկյանն ընտրվեց նախագահ, ՀԲԸՄ-ի դրամագլուխը ութ միլիոն դոլար էր: Աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպություններից մեկի` ՀԲԸՄ-ի ջանքերը նվիրված են կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը: ՀԲԸՄիության որդեգրած նշանաբանն է ամեն տարի իրականացնել այնպիսի ձեռնարկներ, որոնք Հայաստանում, Արցախում եւ հայկական սփյուռքում կնպաստեն 500,000 մարդկանց կյանքի պայմանների բարելավմանը:
Խորապես գիտակցելով Միությունը նյութապես հզորացնելու անհրաժեշտությունը, նա զարկ տվեց մնայուն հիմնադրամների ստեղծմանը: Առաջին օրինակն ինքը տալով` նա փնտրեց, գտավ եւ ներշնչեց նոր բարերարներ, մնայուն նոր հիմնադրամներ ստեղծելով եւ դրանց միայն բանկային տոկոսադրույքներն օգտագործելով` իրականացրեց մեծ թվով ազգանպաստ ծրագրեր: Նրա ջանքերի շնորհիվ ՀԲԸՄ-ի ութմիլիոնանոց դրամագլուխը աճեց եւ հասավ 112 միլիոն դոլարի:
Ազգի ճակատագրով մտահոգ Մանուկյանը շրջում էր ՀԲԸՄ-ի մասնաճյուղեր ունեցող բոլոր երկրներում եւ իմաստուն ու հեռատես ղեկավարությամբ սատարում տեղի ղեկավարների գործունեությանը: Հանդիպում էր այդ երկրների ղեկավարների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ եւ միշտ բարձր պահում ՀԲԸՄ-ի ու հայության վարկը: Խորապես գիտակցելով սփյուռքում հայ վարժանների կենսական անհրաժեշտությունը, մեծ բարերարը հիմնեց «Ալեք եւ Մարի Մանուկյան» անունով վեց այդպիսի վարժարաններ: Լավագույնս հասկանալով առողջ եւ ուժեղ սփյուռքահայ երիտասարդություն ունենալու հրամայականը` նա տարբեր գաղթօջախներում հիմնեց նույն անունով երիտասարդական, համայնքային, մշակութային եւ մարզական բոլոր հարմարություններով օժտված տասներկու կենտրոններ: Որպես գնահատանք այդ ազգաշահ քայլի աշխարհի հինգ մայրցամաքներում ստեղծված հոգեւոր, կրթական, մշակութային, մարզական եւ այլ կենտրոնների վրա ոսկետառ դրոշմված է Ալեք Մանուկյան արժանավոր անունը:
Հայ ժողովրդի արժանավոր զավակն իր կյանքի յուրաքանչյուր նշանակալից հանգրվան նշել է մի դպրոց, մշակութային կենտրոն, մարզական համալիր, մի եկեղեցի եւ այլ ազգապահպան կոթողներ Հայաստանում կամ Սփյուռքում նվիրելով: Նա խորապես հավատացած էր եւ հաճախ էր սիրում կրկնել, որ «առանց եկեղեցիին ու լեզուին, չկայ հայութիւն»: Ուստի բոլորովին էլ պատահական չէր, որ շինարարական ծրագրեր նախաձեռնող շատ հոգեւոր կենտրոններ օգնություն ստանալու ակնկալիքով դիմում էին Ալեք Մանուկյանին: Այդպիսի կարեւոր ծրագրերից էր Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նոր շենքի կառուցումը, որը 1970-ական թվականներին հաջողությամբ իրականացվեց նրա մեկ միլիոն դոլարի նվիրատվության շնորհիվ:
Մանուկյանը սիրով ընդառաջեց օրվա «միարար եւ շինարար» վեհափառ Վազգեն Հայրապետի կոչին եւ մեծ գումարներ նվիրաբերեց Առաջին աշխարհամարտի ընթացքում Արեւմտահայաստանի կործանված եկեղեցիներից եւ մատուռներից փրկված եկեղեցական առարկաներն ու սպասքները ապահով շինության մեջ պատսպարելու գործին: Նա հանձն առավ կառուցել Էջմիածնի Մայր տաճարին կից «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատունը, որի բացումը տեղի ունեցավ 1982 թ.: Անխոնջ բարերարը մեծապես օգտակար եղավ նաեւ նյութապես վտանգավոր կացության մեջ հայտնված Վենետիկի Մխիթարյաններին: Ինչպես նաեւ այն, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ Երեւանի Ս. Գրիգոր լուսավորիչ Մայր տաճարի կառուցման ձեռնարկին հինգ միլիոն ամերիկյան դոլար նվիրաբերեց: Բարեգործականի ոսկեդարի կերտիչը, իր կյանքի նպատակակետն ընտրել էր ազգին ծառայել անձնվիրությամբ եւ անսակարկ նվիրումով: Նրա կյանքի վերջին երազանքը հայ ժողովրդի հզորությունն ու հավատը խորհրդանշող 1700 տեղանոց Երեւանի Մայր տաճարի կառուցումն էր, որը պիտի ոգեւորեր ու նոր հաղթանակների կոչեր բիլիական ժամանակներից սկսած բազում պատերազմների ու ցեղասպանության բովով անցած, բայց միշտ կանգուն մնացած հայ ժողովրդին: Իր տեսակի մեջ եզակի իրականություն դարձած այդ հրաշքը երկու հազար տարիների հերոսական պատմության շաղկապումն ու դրսեւորումը պիտի դառնար 20-րդ դարի հայ անզուգական դյուցազնի` պարտություն չունեցած եւ սպիտակ զույգ նժույգների վրա ազգային հերոս Անդրանիկի հրաշակերտ արձանի հարեւանությամբ:
«Հայրս հավատաց, Ալեք Մանուկյանի 80-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ շեշտեց որդին` Ռիչըրդը, թէ որեւէ կոթող, որեւէ եկեղեցի, թանգարան կամ կառոյց հիմնուաշ հայկական հողի վրայ, բաբախող խարիսխն է հայոց պատմութեան եւ կենսունակութիւնը հայ ժողովուրդին, որ ամէն պատճառ ունէր կոսնցնելու իր հաւատքը, բայց չկորսնցուց եկեղեցիին շնորհիւ»: Ալեք Մանուկյանն եկեղեցու հանդեպ իր հավատը, արժեչափերն ու հանձնառությունները փոխանցեց շատերին, հավատարիմ մնաց իր համոզմունքներին եւ արեց կարելին հայոց մշակույթի մշտնջենականությունն ապահովելու համար:
Ալեք Մանուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել Սփյուռք-Հայրենիք, իսկ 1988-ից նաեւ` Արցախ, կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Երախտապարտ հայ ժողովուրդը բարձր է գնահատել արժանավոր հային ու սեփական ժողովրդի հոգս ու ցավով ապրող նվիրյալին: Վազգեն կաթողիկոսից եւ Վկտոր Համբարձումյանից հետո 1994 թ. հոկտեմբերի 14-ին Ալեք Մանուկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում: Նա առաջին սփյուռքահայն էր նա, որ պարգեւատրվում էր այդ շքանշանով: Միաժամանակ նրան շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն: Պարգեւատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման:
Նրա անունով կոչվել են փողոցներ Երեւանում, Մոնրեալում, Գյումրիում, Արցախում եւ Սպիտակում: Ստեփանակերտում տաղադրված է նրա արձանը: Հայաստանի Ազգային հերոսը պարգեւատրվել է նաեւ ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: 2006 թ. Հայաստանում թողարկվել է նամականիշՙ նվիրված Ա. Մանուկյանին: Նրա բարերարությունների շնորհիվ, Ամերիկայում, Լիբանանում եւ Իրանում հաստատվել են 6 վարժարաններ եւ 12 երիտասարդական կենտրոններ: ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում նրա նվիրատվության շնորհիվ հիմնվել են Հայոց պատմության, Հայոց լեզվի եւ գրականության ամբիոններ: 1968-ին հաստատված ՀԲԸՄիության «Ալեք եւ Մարի Մանուկյան» մշակութային հիմնադրամը մեկ միլիոն դոլարի սկզբնական նվիրատվությամբ հետզհետե հարստացավ նոր նվիրատվություններով: Դրա նպատակն էր զարկ տալ հայ մշակույթի զարգացմանը, սատարել գրական, գիտական, բանասիրական գործերի հրատարակությանը եւ թարգմանությանը, օգնության ձեռք մեկնել հանգստյան կոչված մտավորականներին: ԱՄՆ-ում եւս Ալեք Մանուկյանը մեծագումար նվիրատվություններով սատարել է հիվանդանոցների, թանգարանների, գրադարանների, վարժարանների, բարեսիրական ու մշակութային շատ հաստատությունների: Իսկ Դիտրոյթի իր ապարանքը նվիրել է քաղաքապետարանին:
Վստահ եմ, Վարդգես Համազասպյանին դեռ շատ կենսագիրներ են հաջորդելու, որոնք ավելի ամբողջական, խորությամբ ու սրտացավորեն կներկայացնեն արժանավոր հային, նրա ազգանվեր գործունեությունն ու անշահախնդիր առաքելությունը` ի նպաստ համայն հայությանը եւ նրա լուսավոր ապագայի: Մարդու` որն իր ողջ գիտակցական կյանքն ու աշխատած մեծաքանակ գումարները նվիրաբերեց հայրենի ժողովրդին, մարդու, ազգային հերոսի, որի անունն է պարզապես Ալեք Մանուկյան: