Մինչ Կովկասում քաղաքական նոր կարգուկանոն է ձեւավորվում, Հայաստանը ստիպված կլինի դիմագրավել նոր ռիսկեր եւ նոր հնարավորություններ: Հարցն այն է, թե ինչպե՞ս է Երեւանը հաղթահարելու նոր իրավիճակը աղետալի պատերազմի քայքայիչ հետեւանքները կրելուց հետո:
Հայաստանը շատ ավելի լավ պատրաստված կլիներ նման հնարավորությունները դիմագրավելու` նախքան պատերազմը: Առկա է նաեւ այն լուրջ մտահոգությունը, թե արդյոք երկրի ներկա անփորձ ղեկավարությունը կարողանալո՞ւ է հաջողությամբ նավարկել այս փոթորկալից ջրերում եւ անկորուստ դուրս գալ դրանցից: Գլխավոր զարգացումներից մեկն այն է, որ Թուրքիան կարծես փոխել է իր դիրքորոշումը եւ ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ իր հարաբերություններում:
Մոտ մեկ տարի առաջ, Բաքվում կայացած հաղթանակի շքերթի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում էր, որ Ադրբեջան էր ժամանել իրականացնելու համար «իր նախնիների նպատակները»: Նա ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 3 ճարտարապետներից մեկի` Էնվեր Փաշայի հիշատակը: Այնպես որ, կայսերական Թուրքիայի ցեղասպանական մտադրությունները իր քաղաքական նպատակը դարձրած պետական գործիչը պետք է որ այլ դրդապատճառներ ունենա հանդես գալու խաղաղության նախաձեռնությամբ: Դա այլ բան չի կարող լինել, քան ժամանակավոր տակտիկական շեղում իր նախնական նպատակներից: Նույնիսկ եթե Թուրքիան մտադիր չէ իրագործել մի նոր ցեղասպանություն կամ շարունակել նախորդը, նրա պանթուրանական կայսրություն կառուցելու քաղաքական փառասիրությունները անհրաժեշտ են դարձնում նման փոփոխությունը:
Հայաստանի Գիտությունների ակադեմիայի աշխատակից, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ Հայաստանը շարունակում է պատնեշ հանդիսանալ Թուրքիայի «Մեծ Թուրանի» մտադրություններում: «Թուրքիան առանձին ռազմա-տեխնիկական համաձայնագրեր է ստորագրում բոլոր թյուրքախոս պետությունների հետ, մատակարարելով նրանց Թուրքիայում արտադրված զինամթերքով: Սա է Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա բանակի որդեգրած ուղին, քաղաքականությունը եւ գաղափարախոսությունը դեպի «Մեծ Թուրանի» կազմավորումը, որ Թուրքիան այլեւս չի թաքցնում ցույց տալ:
Սաֆրաստյանը այնուհետեւ նշում է, որ այդ գաղափարը նախկինում առաջ էր քաշել Մուսթաֆա Քեմալը, որ պահանջում էր խորտակել Հայաստանը` վերացնելու համար «այդ պատնեշը»:
Սաֆրաստյանի նախազգուշացնող խոսքերը ամբողջովին համընկնում են 2020-ի պատերազմում Թուրքիայի նպատակների եւ դերակատարության վերաբերյալ անգլիական «Economist» պարբերականի բնութագրումների հետ: Շաբաթաթերթը գրում էր. «Չնայած երկու պատերազմող երկրների եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված եռակողմ համաձայնության (նոյեմբերի 9-ի 2020 թ.) մեջ չի հիշատակվում, բայց Թուրքիան այդ պատերազմից մեծապես օգտվողների թվում էր: Նա ցանկանում էր Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջանցք ձեռք բերել, որպեսզի Թուրքիան կապ հաստատեր Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ:
Այնպես որ, երբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը պնդում է Հայաստանի ինքնավար տարածքից «միջանցք» ձեռք բերելու մասին, նա դրանով ցանկանում է Բաքուն միացնել Նախիջեւանին: Էրդողանի մտադրությունները, իհարկե, շատ ավելին են:
Սրանք են այն պարամետրերը, որոնց շուրջ տեղի են ունենում տարածաշրջանային քաղաքական ձեւափոխությունները:
Անզիջում դիրքորոշումից թուրք-ադրբեջանական տանդեմն այժմ հաշտեցման եզրեր է որոնում հասկացնել տալով, թե իբր խաղաղություն է ցանկանում հաստատել Հայաստանի հետ: Տրամադրությունների փոփոխման գործոններից մեկն այն է, որ այժմ, պատերազմից հետո, թուրքերը կարող են Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի մահամերձ տնտեսությունն է, որը մինչ օրս նպաստել է կառուցելու իր ռազմական ներուժը եւ սնուցելու իր կայսերական փառասիրությունները: «Գեյթստոուն ինստիտուտի» (Gatestone Institute) հրատարակած հանդեսում թուրք մեկնաբան Բուրակ Բեքդիլը գրում է. «Էրդողանը արագորեն ցած է գլորվում եւ դառնում է զոհը իր իսկ սխալ հաշվարկների:
Տնտեսության ողբերգականի հասնող վատ կառավարում եւ աշխարհա-ռազմավարական մարտահրավերներ, որոնք գերազանցում են Թուրքիայի քաղաքական եւ ռազմական կարողությունները»:
Իսկապես, Էրդողանի իշխանությունը առաջ բարգավաճում էր բերում Թուրքիային: 2002-ին յուրաքանչյուր շնչի ՀՆԱ-ն 3.668 դոլար էր, որը տասը տարի հետո դարձել էր 11.796 դոլար: Այսօր այն 7.500 դոլար է կազմում, որը բնակչության 50 տոկոսին ավելի ցած է գլորել, քան աղքատության եզրագիծն է նախատեսում: Այս դրամատիկական փոփոխությունները քաղաքական խժդժություններ է առաջացրել երկրի ներսում եւ խոչընդոտել նրա ընդարձակման փառասիրությունները:
Այդ պատճառով է, որ Կովկասում խաղաղության վերահաստատմանն ուղղված Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մերձեցման բանակցություններ սկսելու արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլու հայտարարությունը զարմանալի չէր: Սակայն Հայաստանը միակ երկիրը չէ, որին ձեռք է մեկնում Թուրքիան: Նախաձեռնությունը հարկավոր է դիտարկել Թուրքիայի արտաքին քաղաքականության տրանսֆորմացիայի կոնտեքստում: Թուրքիան այդ գործընթացը կարող է շրջել որեւէ ժամանակ, երբ կարողանա վերականգնել իր տնտեսությունը եւ ձեռք բերել բավականաչափ ռեսուրսներ վերադառնալու համար Էրդողանի երազանքների իրագործմանը:
Պարզվում է, Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը, թեեւ տակտիկական նկատառումներով, թելադրված էր Մ. Նահանգների կողմից: Այսպես, հիմնվելով թուրք պաշտոնատար մարդկանց զեկույցների վրա, Բլումբերգը (Bloomberg) տեղեկացնում է. «Թուրքիայի անակնկալ շրջադարձը համահունչ է նախագահ Ջո Բայդենի խնդրանքի հետ: Հռոմում հոկտեմբերին կայացած երկու ղեկավարների հանդիպման ժամանակ Բայդենը Էրդողանից պահանջել էր բացել Հայաստանի հետ իր երկրի սահմանները»: Զեկույցը նաեւ նշում է, որ «Էրդողանը կարողանում է օգուտ քաղել արտաքին քաղաքականության որեւէ շրջադարձային քայլից, որը կկայունացնի տնտեսությունը, քանի որ արագ թափով սլացող երկրի դրամական միավորի արժեզրկումը սպառնում է Էրդողանի ժողովրդականությանը 2023-ի ընտրությունների նախօրյակին»:
Բոլոր տեսակի գործնական նպատակների համար այս նախաձեռնությունը տնտեսական փրկօղակ է Թուրքիայի համար, որպեսզի կասեցվի լիրայի անկումը եւ երկրի 43 տոկոսի հասնող արժեզրկումը:
Թուրքիան սրել էր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, երբ Էրդողանը իրեն հռչակել էր սուննիների աշխարհի սուլթան: Այդ հարաբերությունները է՛լ ավելի էին սրվել Անկարայում սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգգիի սպանության պատճառով: Այս օրերին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Արաբական Էմիրություններում է` վերականգնելու համար խեղված հարաբերությունները: Նրանից առաջ ԱՄԷ-ի ներկայացուցիչն էր այցելել Թուրքիա 10 միլիարդ դոլարի ներդրում կատարելու ծրագրով: Հաջորդ տարվա փետրվարին նախատեսվում է Էրդողանի այցը Էմիրություններ` ձեռք բերելու համար նյութական նոր օժանդակություն:
Թուրքիան բանակցություններ է սկսել վարել նաեւ մի այլ հակառակորդի` Եգիպտոսի հետ, որը թշնամացել էր, որովհետեւ Թուրքիան պաշտպանել էր «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը, որ Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Անկարան եւ Կահիրեն Լիբիայում, որտեղ երկուսն էլ շահեր ունեն եւ հակառակորդ կողմերին են պաշտպանում, քիչ էր մնում զինված բախումների դիմեին: Ի դեպ, մեզ` հայերիս համար շահավետ էր հարաբերությունների այդ վատթարացումը, քանի որ դրա հետեւանքում Եգիպտոսը բաց արեց իր օսմանյան վայրագությունների արխիվը եւ նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներկայացվեց խորհրդարան: Մյուս կողմից, Թուրքիան դժվարությամբ է հարթում իր հարաբերությունները Իսրայելի հետ, չնայած անցյալում նա միակ մահմեդական երկիրն էր, որ դիվանագիտական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ եւ վերջինիս դուրս էր բերել տարածաշրջանային մեկուսացումից: Բայց երբ Էրդողանը սկսեց պաշտպանել պաղեստինցիների դատը, որն իր արձագանքը գտավ 2016-ին «Մավի Մարմարայի» միջադեպով, եւ Գազայի գոտուց Համասի ղեկավարներին հյուրընկալեց, լարվածությունը երկու պետությունների միջեւ սաստկացավ եւ դեռ չի մեղմացել:
Հայաստանը, ինչպես կարելի է նկատել, Թուրքիայի հետ տարաձայնություններ ունեցող տարածաշրջանային վերոնշյալ բոլոր հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ ունի:
Նախագահ Ալիեւի մերձեցման քայլերը նույնպես Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական դժվարին կացությամբ են թելադրված: Ընդամենը մի քանի ամիս առաջ, Բաքուն ոգեւորված իր հաղթանակով եւ Թուրքիայի պաշտպանությամբ, պատրաստվում էր պատերազմ մղել ընդդեմ Իրանի: Էրդողանն էր, որ զսպեց Ալիեւին, նշելով, որ իր կողմից օգնություն չի ստանա: Այդ պատճառով էլ Ալիեւը հնազանդորեն ներկա գտնվեց նոյեմբերի 26-ին Սոչիում եւ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներին, որոնց ընթացքում չանդրադարձավ «միջանցքի» խնդրին, բայց ոչինչ չփոխեց իր հանրային հռետորաբանության ոլորտում:
Այդ հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց երկաթուղային հաղորդակցության կապ ստեղծելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ քայլը ողջունեցին Մ. Նահանգների պետքարտուղար Էնտոնի Բլինկենը եւ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան :
Երեւան վերադարձին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց Կովկասում խաղաղության դարաշրջանի զգուշավոր սկզբնավորումը:
Թուրքիան եւ Հայաստանը նշանակել են իրենց համապատասխան ներկայացուցիչներին սկսելու համար տարածաշրջանում ճանապարհների եւ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման բանակցությունները: Չավուշօղլուն նույնիսկ հրապարակավ հույս է հայտնել, որ հնարավոր է դիվանագիտական հարաբերություններ եւս հաստատել: Այդ նպատակի համար Անկարան որպես հատուկ ներկայացուցիչ նշանակել է դիվանագետ Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը` Ռուբեն Ռուբինյանին, խորհրդարանի փոխխոսնակՙ «Իմ քայլը» իշխող կուսակցությունից: Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը կոփված դիվանագետ է, որն ունի չորս տասնամյակների փորձառություն: Որպես դեսպան Վաշինգոտնում նա առաջնային դեր է խաղացել ԱՄՆ-ի օրենսդրական մարմիններում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի տապալման մեջ:
Հայաստանի ընդդիմությունը քննադատում է 31-ամյա Ռուբինյանի` որպես անփորձ ներկայացուցչի նշանակումը, եւ մասնավորապես Փաշինյանի քաղաքականությունը, որ խուսափում է օգտվել կոփված դիվանագետների փորձառությունից: Ընդդիմությունը վարչակազմին մեղադրում է Մ. Նահանգներում դեսպան նշանակելու համար մեկին, որ սոսկ անգլերենին է տիրապետում եւ այժմ այս մեկին (Ռուբինյանին)ՙ պարզապես որովհետեւ թուրքերենին է տիրապետում` անտեսելով դիվանագիտական հմտությունները, որ անհրաժեշտ են նման պատասխանատու պաշտոնի համար:
Հայաստանը ճիշտ չի վարվում հայտարարելով, որ ցանկանում է մասնակցել բանակցություններին առանց նախապայմանների: Փոխարենը նա պետք է սկսեր մերձեցման բանակցությունները առնվազն մի քանի նախապայմաններով, որոնցից ոչ բոլորը կարող են լինել ռեալիստական: Նախապայմաններից մեկը պետք է լիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Էրդողանը վերջին մի քանի տարիներին ապրիլի 24-ին իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլի հայոց պատրիարքին: Նա կարող է վերանայել իր դիրքորոշումը եւ առավել ընդունելի ձեւակերպում տալ դրան:
Հայաստանը պետք է պնդի Կարսի 1921 թվի պայմանագրի չեղարկմանը, որով հաստատվել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանները: Նաեւ հետամուտ պետք է լինի, որ Ստամբուլի հայերից, Երուսաղեմի պատրիարքարանից եւ Անթիլիասի կաթողիկոսարանից բռնագրավված ունեցվածքները վերադարձվեն իրենց իսկական տերերին` հայերին, անշուշտ որոշակի պայմաններով: Եթե նույնիսկ Հայաստանը չկարողանա հասնել իր նախապայմանների իրականացմանը, դրանք միջազգային մամուլի էջերում իրենց արձագանքը կգտնեն եւ քննարկման առարկա կդառնան:
Չնայած Էրդողանը քողարկված ակնարկներով է խոսում նախապայմանների մասին, նա ցարդ խորհուրդ է տալիս Հայաստանին «իրեն լավ պահել եւ դասեր քաղել վերջին պատերազմից»` կատարելու համար բանակցությունների նախապայմանները: Անհրաժեշտ է, որ Ցեղասպանության ճանաչման եւ Կարսի պայմանագրի չեղարկման հարցերը լինեն բանակցությունների օրակարգում: Անընդհատ կրկնվող արտահայտություններն այն մասին, որ Անկարան բանակցությունների ընթացքում խորհրդակցելու է Ադրբեջանի հետ, նշանակում է, որ Ալիեւը շարունակելու է պնդել Զանգեզուրի միջանցքը ձեռք բերելու եւ Ղարաբաղից Հայաստանի հրաժարվելու պահանջները, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ:
Հայկական կողմը չպետք է մոռանա, որ Թուրքիան մասնակցելու է բանակցություններին, որովհետեւ դժվարին դրության մեջ է գտնվում: Նա պարտավոր է գործը առաջ տանել, եթե ցանկանում է արժանանալ Բայդենի սիրալիրությանը եւ փրկել իր տնտեսությունը: Հայաստանի նման Անկարան էլ մեծապես կախված է այդ բանակցությունների հաջող կամ անհաջող ելքից:
Սահմանների բացումը, ճիշտ է, խթանելու է Հայաստանի տնտեսությունը, բայց եթե հարկացուցակներն ու տնտեսական վերակազմավորման աշխատանքները պատշաճ մակարդակի չլինեն, թուրքական ապրանքաշրջանառությունը կգերազանցի Հայաստանի տնտեսության թողարկած ապրանքների քանակը: Արդեն իսկ համեմատելու եզրեր չկան երկու երկրների ակտիվ հաշվեկշիռների միջեւ, որոնք շատ ավելի տագնապալի կարող են դառնալ:
Հայկական կողմը բանակցությունների սեղանին պետք է ներկայանա այն հաստատ համոզմամբ, որ Էրդողանը չի բանակցում բարեհաճությունից դրդված, այլ ունի առաջին հերթին իր շահամոլական դրդապատճառները:
Ճանապարհը ականապատված է, բայց հույս ունենք, որ տեւական խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում առաջիկա բանակցություններից հետո:
Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)