Սովորաբար նոր տարվա գալստյան հետ հույսեր են կապում, ճոխ բաժակաճառեր ու շռայլ մաղթանքներ փոխանակում: Այս անգամ հիմնական մաղթանքը նախորդ տարվա անորոշությունների ծովում անփարոս լողալու զգացողությունն ու մյուս դժվարությունները հաղթահարելու եւ գալիք տարում աներեր խաղաղության մասին էր: Մեկ էլ, որ բոլորս դադարենք դիվանագետ ու քաղաքագետ լինելուց, շատ դեպքերում անպտուղ գուշակություններ անելուց ու յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք: Դադարենք աջ ու ձախ տաղանդավոր ու հանճարեղ բնորոշումները շռայլելուց եւ մերօրյա գեներալի կոչման նման լրիվ արժեզրկելուց: Դեմքով շրջվենք հայ ժողովրդի ամենազորեղ ու ամենալուսավոր` Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության գաղափար-հաղթաթուղթը եւ լավագույնս օգտագործենք այն: Դադարենք կլկլոցաշաղախ եաժշտություն լսել, դեղին մամուլ ընթերցել ու էժանագին, գզվռտոցահարուստ հաղորդումներ դիտել: Թատրոն ու բարձրակարգ համերգների հաճախենք, կայուն դիմագիծ ունենանք, որպեսզի կարողանանք իրատեսական ընտրություններ կատարել եւ ոչ թե կուսակցությունից կուսակցություն ցատկոտենք եւ մերթ մի, մերթ մյուս կողմի օգտին քվեարկենք: Հարկավոր է նաեւ Արցախյան պՔտերազմից ու դրա հետեւանքներից եզրակացություններ կատարել: Առաջնորդվենք այն գաղափարով, որ յուրաքանչյուր պարտություն սկսվում է հաղթանակից հինգ վայրկյան անց: Իսկ պարտությունից անցել է մեկ լրիվ տարի, որը բավական ժամանակ է ուժերը վերադասավորելու եւ հայ ժողովրդի պատմության մեջ նոր հաղթանակների էջեր բացելու համար:
Ամեն նոր տարին բերում է նոր անակնկալներ: Այս անգամ դա Ղազախստանը եղավ: Եվրասիական այդ պետությունը, որպես ինքնավար հանրապետություն մինչեւ 1936թ. եղել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում: Այնուհետեւ, մինչեւ անկախացումը (1991թ.) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ: Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո` Նուր-Սուլթանը: Խոշոր քաղաքներն են Պավլոդարը, Կարագանդան: Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը:
2 մլն. 750 հազար քառակուսի կմ տարածքով աշխարհում 9-րդ երկիրն է եւ ունի մոտ 20 միլիոն բնակչություն: Բնակչության 1/3-ից քիչ ավելին ղազախներ, 30%-ը ռուսներ, 3,7%-ըՙ ուկրաինացիներ, մնացածը ուզբեկներ, գերմանացիներ, թաթարներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Այժմ հիմնականում որակյալ աշխատուժ ռուսախոս բնակչությունը երկրից հեռանում է: Ղազախստանում կա 25-30 հազարանոց հայկական համայնք, որը դրականորեն ներկայացված է բոլոր ոլորտներումՙ սկսած խոշոր բիզնեսից մինչեւ քաղաքականություն: Հայ համայնքի ներկայացուցիչ ԱԺ պատգամավոր եւ պետական տարբեր գերատեսչություններում պաշտոնավարող հայեր կան: Ենթադրվում է, որ կարճ ժամանակ հետո ղազախական իշխանություններին կհաջողվի իրավիճակը տանել կառուցողական հուն եւ լուծել ճգնաժամը: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ղազախստանում հայ համայնքի հետ կապված որեւէ խնդիր չկա:
Ղազախստանը ունիտար պետություն է, որի կազմի մեջ մտնում է 14 մարզ, 86 քաղաք, 168 շրջան եւ 174 գյուղ: Վերջում հիշեցնենք, որ Ղազախստանը Ունի օգտակար հանածոների մեծ պաշարներ: Նրան է պատկանում ուրանի արտահանման համաշխարհային չափաբաժնի 42 տոկոսը: Չունի պետականության կայուն ավանդույթներ եւ քաղաքական ինստիտուտների կայացած համակարգ, մարտունակ բանակ, սակայն ունի մեծ ախորժակով հարեւաններ` Ռուսաստանը եւ Չինաստանը: Հենց դա գիտակցելով էր, որ ծեր աղվես Նազարբաեւը մի քանի տարի առաջ ահազանգում էր` սպասվում են աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել աշխարհի քարտեզից Ղազախստանի անհետացմանը: Եվ այդ պատճառով նա գնաց որոշակի փոփոխությունների` հույս ունենալով կանխել իր եւ իր երկրի համար չարաղետ զարգացումները, սակայն կարծես թե ոչինչ չստացվեց,
Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով (առիթով) սկսվեցին հանրահավաքներ, որոնք չնայած իշխանությունների այդ վառելիքի գինը նվազեցնելու մասին հայտարարությանը, չեն դադարում: Ղազախստանի նախագահ Տոկաեւը հունվարի 5-ին հրամանագիր ստորագրեց կառավարության հրաժարականի մասին: Բայց ցույցերը չեն դադարում, հակառակըՙ իրավիճակը գնալով սրվում է: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, իր պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշեց որոշ ժամանակահատվածով ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: Իսկ քանի Հայաստանը ներկա պահին հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, ապա այդ որոշումը կրքեր բորբոքելու նոր առիթ դարձավ: Բոլորը բանավիճում են, թե որքանով էր ճիշտ եւ արդարացված այդ քայլը ներկա փխրուն իրավիճակում գտվող ՀՀ-ի համար: Նկատենք, որ չորս տարվա մեջ առաջին անգամ Հայաստանն իր շահերից բխող քայլ է անումՙ մասնակցում է Ղազախստանում թուրք-բրիտանական օպերացիայի տապալմանը: Իսկ այն պատճառաբանությունը, թե, իբր, Ղազախստանի հայերը թանկ կվճարեն դրա համար, հիմնազուրկ է: Հնարավոր է, որ ազգայնամոլ շրջանակներում ավելանան մյուս ժողովուրդների նկատմամբ բացասական տրամադրությունները, բայց դրանք էլ վտանգավոր չեն, քանզի շուտով արեւմուտքին կքշեն հետխորհրդային տարածքից եւ այս 30-ամյա մղձավանջը կավարտվի: Հետո էլ Ղազախստանի հայ համայնքին մահացու վտանգ կսպառնար ավելի շուտ թուրք-բրիտանական օպերացիայի հաջողության դեպքում:
Նշենք, որ այդ ամենով հանդերձ ՀՀ-ից զորք ուղարկելն անտրամաբանական քայլ էր, քանի որ մի քանի օբյեկտիվ պատճառներով կարելի էր դա չանել`ա) ՀՀ-ի զինված ուժերը նոր էինք դուրս եկել ծանր պատերազմից եւ երկրում մեծ թվով խնդիրներ կան, բ) Ադրբեջանի զորքը գտնվում է ՀՀ-ի սուվերեն տարածքում, որն ուղղակի թույլ չի տալիս մեր լավագույն ստորաբաժանումներից մեկը հանել պաշտպանությունից եւ ուղարկել Ղազախստան, գ) Ղազախստանում հայ զինվորի կյանքը վտանգվում է ոչ միայն իրավիճակով պայմանավորված, այլեւ, որ Ադրբեջանի աջակից Ղազախստանը «առանձնահատուկ» վատ վերաբերմունք ունի հայության նկատմամբ: Դա բազմիցս փաստել են ինչպես Ղազախստանի առաջին, այնպես էլ գործող նախագահները, ե) չի բացառվում նաեւ, որ Ղազախստանի դեպքերը ՀԱՊԿ-ի ուշադրությունը շեղող մանեւր են եւ հղի են Հարավային Կովկասում Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր հարձակումների վտանգով: Այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ էլ կան, որոնք ուղղակի մեր երկիրը գցեցին ծիծաղելի վիճակի մեջ: Օրինակ` մեր ներկա վարչախումբն առաջինն ինքն է խախտել այն չգրված օրենքը, որ «փողոցի թափթփուկը չի կարող գալ իշխանության»: Հարց է առաջանում. ինչո՞ւ պետք է պլեբեյների մեջ ամենալյումպենը դառնար կառավարող, որ հիմա էլ թքեր երկրի միջազգային հեղինակության վրա:
Այս առիթով նշեմ, որ մեծաքանակ գրականություն եմ ուսումնասիրել, «սանրել եմ» սոցցանցերն ու հեռուստառադիո հաղորդումները եւ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հետեւյալ կարծիքին եմ հանգել.
Չի բացառվում, որ ղազախական «շոուն» կազմակերպած լինեն ԱՄՆ-ը եւ նրա հետ խորամանկ սիրախաղի մեջ մտած ու ձեռք ձեռքի գործող Թուրքիան: Ու վերջինս ամեն ինչ անում է սրտացավ երեւալու եւ ԱՄՆ-ից անկախ գործելու տպավորություն ստեղծելու համար, սակայն պարզ է, որ այս երկու երկրները աշխարհաքաղաքական կարեւորագույն իրադարձությունների ժամանակ փոխլրացնում են միմյանց: Որտեղ Արեւմուտքի ձեռքերը չեն հասնում (հատկապես թյուրքալեզու երկրներում), նա գործում է Թուրքիայի ձեռամբ` փորձելով ցույց տալ, թե այն կապ չունի իր հետ եւ սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր հավատակիցների նկատմամբ, ինչպես Ղազախստանում: Բացառված չէր նաեւ, որ եթե ՀԱՊԿ ստորաբաժանումների մուտքը Ղազախստան 1-2 օրով ձգձգվեր, ապա Ալմաթի էր մտնելու թուրքական կամ ՆԱՏՕ-ի զորախումբը: Խաղաղապահ ուժերին Ղազախստան ուղարկելով` ՀԱՊԿ-ը փաստի առաջ կանգնեցրեց ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ Թուրքիային: Դրա վկայությունն են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ցավագին արձագանքները: Հատկապես նեոպանթուրքիզմի ճարտարապետներից Դավութօղլուն ցավագին ընդունեց այն փաստը, որ այսօր Ղազախստանում «Մեծ Թուրանի» գաղափարն ուղղակի խեղդվեց: Իսկ հայտնի է, որ նեոպանթուրքիզմը արեւմտյան նախագիծ է` հետխորհրդային տարածքը հիմնովին ցնցելու եւ Ռուսաստանին անչափելի վնաս պատճառելու համար: Արեւմուտքի նպատակն էր սեփական ժողովուրդների ուշադրությունը շեղել իրենց երկրներում խորացող դժվարություններից, սեղմել օղակը Ռուսաստանի կոկորդին, ստիպել նրան զիջումների գնալ, իսկ վերջնանպատակը` անհետացնել նրան աշխարհի քարտեզից: Այնպես որ, ՀԱՊԿ-ը Ղազախստանը վերադարձրեց եվրասիական ռելսերին եւ թուլացավ Ղազախստանը «թյուրքական աշխարհ» տանելու հնարավորությունը:
Ավելի հավանական է, որ սցենարը ռուսական է: Նպատակը` ա) կանխել Արեւմուտքի հակառուսական դավերը, բ) շեշտել, որ դա իր ազդեցության ոլորտն է եւ ոչ ոք իրավունք չունի այնտեղ խաղեր տալու, գ) Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ հատուկ նախաքայլ-մեսիջ էր ուղղված Արեւմուտքին` իր հզորության եւ աներեր վճռականության մասին, դ) սաստելով ղազախներին` զգուշացնել բոլոր հետխորհրդային ժողովուրդներին, որ անհնազանդության որեւէ դրսեւորում անպատիժ չի մնա, ե) ԽՍՀՄ-ի փլուզումով շատ բան չի փոխվել, զ) հերթական անգամ ցույց տալ, որ չի հանդուրժի, որ Արեւմուտքը շարունակի թուլացնել եւ որպես միակ հակակշռի, վերացնի նրան, է) օգտագործել հարմար առիթը «Մեծ Թուրանի» գաղափարը հենց Ղազախստանում խեղդելու համար եւ թյուրքական աշխարհին ցույց տալ, որ նրանք սթափվեն ստամբուլներում համաթուրանական ժողովներ ու միմյանց շքանշաններ բաժանելու էյֆորիկ վիճակից եւ ավելի իրատեսորեն վերաբերվեն «տարածաշրջանի հարցերի միակ կարգավորող» Ռուսաստանին:
Ավելացնենք, որ հարափոփոխ տեղեկատվության այս ֆոնին օրինական հարց է առաջանում. մեր հարեւան երկու եղբայրներն իրենց բարձրագոչ մուսուլմանական միության հետ միասին ինչու են լռում: Իսկ Դավութօղլուն էլ «զարմացել» է, որ Տոկաեւը իրենցից չի օգնություն խնդրել, այլ՛ ՀԱՊԿ-ից: Մինչդեռ իրենք արդեն պետք է, որ այնտեղ լինեին բոլոր դեպքերում: Չէ՞ որ այդ երկրում խնդիրները այնքան էլ ներքին չէին, երբ ցուցարարների մեջ, ըստ նախագահ Տոկաեւի, եղել են 3000-ից ավելի (20 հազար էլ ասվեց) ահաբեկիչներ: ԱՄՆ պետքարտուղարն էլ զարմացել է, թե ինչու պետք է ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր ուղարկեր Ղազախստան: «Մոռանալով», որ այն ՀԱՊԿ անդամ երկիր է եւ Տոկաեւը հատուկ կանոնակարգի համաձայն է խնդրել: Միաժամանակ «մոռանալով կամ շփոթելով» ՆԱՏՕ-ի անդամ գործընկեր Թուրքիայի «խաղաղապահի» դերը իբրեւ ագրեսոր երկրի կողմից մեծ հանցանք կատարելու հետ: Եվ դա ասում է այն Բլինքենը, որն Արցախյան պատերազմի ընթացքում ագրեսորին սաստելու նպատակով գոնե մեկ հայտարարություն չհնչեցրեց:
Հակված ենք կիսելու որոշ քաղաքագետների (ganajagran.com) այն տեսակետը, որ կարծես թե արաբական «գարնանը» հաջորդելու է գալիս թուրանական «գարունը», որը «հուշիկ» քայլերով մոտենալու է նաեւ մեր արեւելյան եւ արեւմտյան հարեւաններին: Հուսանք, որ այս անգամ գոնե դրական տեղաշարժեր կլինեն մեզ համար:
05-10.01.2022