Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Իրանի նախագահ Ռայիսիի հրավերով մայիսի 29-ին այցելեց Թեհրան: Վերջին անգամ Տաջիկստանի նախագահը Իրան էր այցելել 9 տարի առաջ:
Պատմամշակութային ընդհանրություններով հարուստ երկու երկրների միջեւ հարաբերությունների լարվածությունը սկիզբ էր առել այն բանից հետո, երբ 2015 թվականին, «Իրանը եւ Իսլամական Միասնականությունը» նշանաբանով թեհրանյան կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ուղարկվել Տաջիկստանի «Իսլամական շարժում» կուսակցության առաջնորդ Մահի էդ-դին Քաբիրիին, որը միջոցառումից ընդամենը մի քանի ամիս առաջ մեղադրվել էր Տաջիկստանում հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Այդ ժամանակ Դուշամբեում համոզված էին, որ Իրանում կան ուժեր, որոնք աջակցում են ընդդիմադիր կուսակցությանը, եւ կոնֆերանսի շրջանակներում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի հետ Մահի էդ-դինի հանդիպումը ներկայացվում էր որպես ապացույց: Իսկ Տաջիկստանը մտահոգ էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Իրանի դիրքի փոփոխմամբ, կնվազեն «Իսլամական շարժում» կուսակցության վրա ներազդելու Դուշամբեի հնարավորությունները:
Երկկողմ հարաբերությունների «ձնհալը» սկսվեց Իրանի նախագահ Ռայիսիի Դուշամբե կատարած առաջին արտասահմանյան այցելությունից հետո, որը տեղի ունեցավ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով: Թեեւ այցելության առիթը ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հարցն էր, սակայն նախագահ Ռայիսիի այցելությունը նաեւ երկկողմ հարաբերությունների վերականգմանը ծառայեցնելու լավագույն հնարավորություններից էր:
Բնականաբար, Թեհրան-Դուշամբե հարաբերությունների բարելավումը երկուստեք փոխշահավետ է: Քանի որ Իրանը ձգտում է նոր գործընկերների միջոցով թեթեւացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառած հետեւանքների բեռը, Իսկ ցամաքի մեջ պարփակված Տաջիկստանն էլ ցանկանում է Իրանի օգնությամբ հասու դառնալ ազատ ծովային ուղիներին:
Երկու նախագահների մասնակցությամբ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ նախագահ Ռայիսին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար, եւ անդրադարձել երկու հարեւան երկրների միջեւ, հատկապես Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, ձեւավորված կրոնադավանական, լեզվամշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերություններին:
Իրանական արարողակարգի բարձր չափանիշներին համապատասխան, Էմամոլի Ռահմոնին հնարավորություն էր տրվել նաեւ հանդիպել երկրի հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ: Հանդիպումն ընթացել է արեւելյան փոխադարձ հաճոյաբանական արտահայտությունների կիրառման պայմաններում: Խամենեին խորհրդանշական է համարել Էբրահիմ Ռայիսիի՝ երկրի գործադիր իշխանության ղեկն ստանձնելուց հետո նրա առաջին արտասահմանյան այցը Դուշամբե:
Այցի ընթացքում ստորագրվել է քաղաքական, առեւտրատնտեսական ու մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության 17 փաստաթուղթ: Երկկողմ քննարկումների առանցքում եղել է նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին զարգացումները:
Հատկանշական է, որ Տաջիկստանի նախագահի թեհրանյան այցից ընդամենը 2 օր առաջ՝ մայիսի 27-ին, Դուշամբեում անցկացվել է Աֆղանստանի առնչությամբ անվտանգային հարցերին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ երկրների ներկայացուցիչները (Իրան, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկիստան), բացառությամբ՝ Աֆղանստանը ներկայացնող թալիբների: Խորհրդաժողովին չի մասնակցել նաեւ աֆղանական անվտանգային հարցերի հետ անմիջական առնչություն ունեցող Պակիստանի ներկայացուցիչը:
Եթե համեմատելու լինենք Էմոմալի Ռահմոնի ներկայիս թեհրանյան այցելությունը Տաջիկստանի նախագահի Իրան կատարած նախորդ այցերի հետ, ընդամենը կարող ենք արձանագրել Ռահմոնին ուղեկցող տաջիկ թիկնապահների ձեռքին երեւացող հսկայական պայուսակների առկայությունը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ