ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
Ռաֆայել Իշխանյանի հիշատակին
Երեւանի պետհամալսարանում ուսանելու երրորդ տարվա սեպտեմբերի սկիզբն է: Նոր գիտակարգերի, հայ եւ համաշխարհային գրականությունների պատմության նոր փուլերի, գրական արեւելահայերենի տեսության հերթական բաժնի յուրացման շրջան է: Այս վերջինը` շարահյուսության բաժնով, մեզ ներկայացնելու է Ռաֆայել Իշխանյանը, որի անվան շուրջ մեզ դեռեւս ոչ լիովին ընկալելի աղմուկի մոտեցող խոսքուզրույց է շրջանառվում ժամանակ առ ժամանակ:
Եկավ օրնուժամը, հանդարտ, լայն քայլքով լսարանի աջ անկյունում տեղադրված ամբիոնին մոտեցավ Ռ. Իշխանյանը: Բարեւեց, հրահանգեց նստել ու կապույտ աչքերում առկայծող անչար խորամանկությամբ մի պահ զննեց մեզ ու տվեց առաջին հանձնարարությունը.
– Առանձին թուղթ հանեք, եթե չբավարարի, կավելացնեք:
Մեր` թղթերը հանելուց հետո շարունակեց.
– Գրում եք այսպիսի վերնագիր. «Ցուցակ այն օտար բառերի, որոնք մինչեւ այսօր գործածել եմ եւ այսուհետեւ չեմ գործածելու»: Ցուցակը լրացնելուց հետո գրում եք ձեր անուն-ազգանունները, ստորագրում եւ թղթերը փոխանցում եք ինձ: Կրկնում եմ, չմոռանաք վերջում գրել ձեր անունները եւ ստորագրել:
Եթե մինչեւ համալսարան ընդունվելս իմանայի, որ դասախոսը կարող է նման հանձնարարություն տալ բանասիրական կրթության եկած ուսանողներին, առնվազն տարօրինակ կթվար, բայց համալսարան ընդունվել էի գոնե հայ բանասիրության բաժնի մասին վսեմ պատկերացումներով եւ շատ շուտով հիասթափություն ապրել: Այնպես որ, խիստ տեղին թվաց նոր դասախոսիս պահանջը: Ինչեւէ, մի 15-20 րոպե տեւեց մինչեւ մեր «ստեղծագործական» աշխատանքի ավարտը, բայց Իշխանյանը չշտապեց հավաքել թղթերը: Հարյուրից ավել ուսանողների կողքով շրջելով` պահ առ պահ կանգ էր առնում այն ուսանողների մոտ, որոնք քիչ բառեր էին գրել, հորդորում էր անկեղծ լինել, ավելացնել բառերը, առարկողներին հեշտությամբ համոզում էր, որ քիչ են գրել եւ ահա թե ինչպես. «Ուզում ես ինձ համոզել, որ դու «կառնեզ» չես ասո՞ւմ, «բՌլՅանտ» չես ասո՞ւմ», եւ այսպես շարունակ, եւ, իսկապես, ուսանողները մեծ մասամբ ընդունում էին հուշումները: Ինչեւէ, թղթերը հավաքելուց հետո նախորդ կուրսերից մեկում նման հանձարարություն տալուն վերաբերող մի զավեշտալի դեպք պատմեց մեզ:
– Մի տարի այսպիսի առաջադրանք տվեցի մի լսարանում (ի դեպ, «կուրս» բառն էլ չէր գործածում, «լսարան» էր ասում – Դ. Գ.): Երբ ուր որ է պիտի հավաքեի թղթերը, տեսնեմ` մի տղա միայն անունն է գրել ու ստորագրել: Հարցնում եմ. «Ինչո՞ւ չես լրացրել»: Ասում է. «Ընկե՛ր Իշխանյան, ես օտար բառ չեմ գործածում»: Հարցնում եմ. «Դու ոչ մի օտար բառ չե՞ս գործածում»: Ասում է` չէ: Հարցնում եմ. «Ա՛յ տղա, դու ո՜չ մի օտար բառ չե՞ս գործածում»: Պատասխանում է. «Վա՛յ, հորս արեւ, ընկե՛ր Իշխանյան, ես վափշե ոչ մի օտար բառ չեմ ասում»: Ասացի. «Ա՛յ, դա գրի՛ր ու շարունակի՛ր»…
Մյուս անակնկալը հաջորդ դասին էր: Մռայլ էր: Թղթերի տրցակն անտարբեր նետեց ամբիոնին: Մի փոքր լուռ մնաց եւ սկսեց խոսել.
– Լավ, ի՞նչ կարելի է անել, ի՞նչ հրաշքով օտարամոլությունը հանենք մեր միջից, գոնե հայ բանասերների միջից: Հիմա ձեզ եմ դիմում: Վաղը-մյուս օրը ձեր մեծ մասը ուսուցչության է մտնելու դպրոց: Ի՞նչ բարոյական իրավունքով եք հայերենի քերականություն եւ հայրենասիրական ստեղծագործություններ սովորեցնելու, ինչպե՞ս եք կրթելու մատաղ սերնդին, երբ ինքներդ ձեր լեզուն չեք հարգում: Հայերենի այբուբենի տառաքանակը ձեզ չի՞ բավարարում, թե՞ գեղեցիկ չեն Մաշտոցի ստեղծած տառերը: Ինչո՞ւ եք ռուսերեն ստորագրում: Ես չեմ զարմանա, որ համալսարանի բանասիրականն ավարտելուց հետո դուք էլ ուրիշների նման ապագայում ձեր երեխաներին ռուսական դպրոց ուղարկեք…
Այս կարգի զրույցներ հաճախ էր ունենում մեզ հետ:
Ռ. Իշխանյանի` մեզ համար անսովոր իրողություններից մեկը չորս բանաստեղծից (Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց) ցուցակով անգիր հանձնարարելն էր: Մեր բախտը մի քիչ բերել էր: Նախորդ կուրսեցիները պաշտոնապես բողոքել էին անգիրների հանձնարարության համար, եւ՛ դեկանը, եւ՛ գրականագետները փորձել էին քննադատել Ռ. Իշխանյանին, թե նրա դասընթացը գրականագիտական չէ, իրավունք չունի գրականությունից առաջադրանքներ տալու: Իշխանյանը հարցրել է. «Ի՞նչ է իմ առարկայի անունը»: Պատասխանել են. «Ժամանակակից հայոց լեզու»: Հարցրել է. «Հայերենով ստեղծված գրականությունը ժամանակակից հայոց լեզու չէ՞»: Անակնկալի են եկել, փորձել են առարկել` ասելով, թե այդ լեզվի տեսությունն է: Իշխանյանն առարկել է. «Երբ առարկան կվերանվանվի «Ժամանակակից հայոց լեզվի տեսություն», ես էլ միայն տեսությանը հատուկ հանձնարարություն կտամ, իսկ քանի դեռ այդպես չի կոչվում, ե՛ւ տեսության իմացություն կպահանջեմ, ե՛ւ լեզվի իմացություն: Իսկ լեզվի բարձր իմացությունը լավագույնս գրականության լեզվի յուրացմամբ է ապահովվում»… Այնուամենայնիվ, ստիպված է լինում որոշ զիջումներ անել, որովհետեւ ծրագրով նախատեսված էր գրական արեւելահայերենի շարահյուսություն, իսկ Իշխանյանը նաեւ Վարուժան, Սիամանթո, Մեծարենց էր հանձնարարում… Հենց այստեղ էր բերել մեր բախտը. վերը նշված չորս հեղինակով էինք սահմանափակվում, որոնցից հանձնարարված գործերից մեր իմացությունը ստուգում էր տարեվերջյան քննությանը:
Գիտական մթնոլորտը թեժ պահելու զարմանալի հատկություն ուներ Իշխանյանը: Բառիս բուն իմաստով մարտնչում էր իր տեսակետները պաշտպանելիս: «Գոտեմարտի» մեջ էր թե՛ լեզվաբանների, թե՛ գրականագետների, թե՛ պատմաբանների հետ: Անցյալ դարի 60-ականների կեսերին գրեթե ողջ Հայաստանն էր տեղյակ լեզվաբանների` հոլովաքանակի բանավեճից, որի սկիզբը մեծ թափով հենց Իշխանյանը դրեց: Նա քաջատեղյակ էր, թե ինչպես խորհրդային գաղափարախոսության թելադրանքով Գուրգեն Սեւակի եւ Արարատ Ղարիբյանի միջոցով հասան Մանուկ Աբեղյանի գիտական հայեցակարգի վտարմանը: Եվ ահա սկսեց շրջանառվել հինգ հոլովի աբեղյանական տեսության տարփոողումը, իսկ մի քանի տարի տեւած բանավեճի շնորհիվ, 70-ականներից սկսած, ԵՊՀ-ում ձեւաբանության պաշտոնական դասընթացն անցկացվում էր այդ հայեցակարգով, սակայն մանկավարժական բուհերում 7 հոլովով էին դասավանդում (սա գիտական հարթակ չէ, բայց շտապելով ասեմ, որ ըստ իս` Մանուկ Աբեղյանի իրական հետեւորդը հոլովաքանկի հարցում Էդուարդ Աղայանն էր, որն ընդունում էր ոչ թե հինգ, այլ վեց հոլով` հետեւելով ոչ թե Աբեղյանի առանձնացրած թվաքանակին, այլ հոլովների առանձնացման սկզբունքին, բայց սա այլ խոսակցության նյութ է): Մի զավեշտալի դրվագ եմ ուզում հիշատակել այստեղ: Հինգ հոլովի տեսության ջատագովները հոլովների հարացույցից հանում էին սեռականն ու տրականը: Նիստերից մեկին ներկա է լինում գրականագետ Հրանտ Թամրազյանը, որը նույնպես չափազանց կարճ, բայց հիշարժան ելույթ է ունենում.
– Հարգելի՛ լեզվաբաններ, եթե պնդում եք, որ հայերենի կառուցվածքում մեզ հայտնի քանակով հոլովներ չկան, պարզ է, պիտի հանեք չեղած հոլովները: Մի խնդրանք ունեմ. ո՛ր հոլովն ուզում եք, հանեք, տո ուղղակա՛նն էլ հանեք, միայն սեռականին չդիպչեք…
Լեզվաբանների հետ երկու կարեւոր վեճ էլ ուներ, որոնցից մեկը` տեսական, մյուսը գործնական-քաղաքական բնույթ ուներ: Տեսականը դարձյալ Աբեղյանի հայեցակարգին վերադարձի պահանջն էր, այն է` նախադասությունը մեկ գլխավոր անդամ ունի` բայ-ստորոգյալ. ենթական նախորդի լրացումն է (ինձ համար անառարկելի է դասախոսիս այս պնդումը, թեեւ չի ընդունում նաեւ մերօրյա լեզվաբանական հանրությունը): Գործնական-քաղաքականը վերաբերում էր ուղղագրության հարցին` այսպես ասած դասական ուղղագրության դարձի պահանջին: Սա շատ ջուր առնող խմոր է, եւ չեմ ծավալվի, միայն ինձ համար տարօրինակ մի դրվագ պիտի ներկայացնեմ այս առթիվ: Անկախության շեմից սկսած` մի մասնավոր թերթ էր լույս տեսնում (թերթի անվանումը չեմ հիշում), որի խմբագիրը Ռաֆայել Իշխանյանն էր, եւ թերթը լույս էր տեսնում իբր դասական ուղղագրությամբ: Համալսարանի լեզվաբաններից մեկը «Մանկավարժ» ամսագրում թերթի մի համարից դուրս էր գրել դասական ուղղագրությանը հակասող բոլոր սխալները եւ համապատասխան ընդհանրացում արել: Մի քանի օր էր, որ լույս էր տեսել հանդեսի այդ համարը, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ հանդիպեցի դասախոսիս (երեք տարի էր, որ ավարտել էի համալսարանը): Որպիսությունս հարցնելուց հետո ակնարկեց նշածս հոդվածը, ասացի` կարդացել եմ: Հարցական նայեց ինձ. կարծիքս էր ուզում իմանալ. ժպտալով ասացի. «Ճիշտ է գրել, ընկ. Իշխանյան»: Ժպտալով հաստատեց կարծիքս. «Հա, ճիշտ էր»: Մի փոքր էլ զրուցեցինք ու հրաժեշտ տվեցինք միմյանց: Այդպես էլ առեղծված մնաց. արդյո՞ք հրաժարվել էր իր այն պնդումից, թե պիտի վերափոխվի ուղղագրությունը: Սակայն, անկախ նրա վերաբերմունքից, ինձ մի ուրիշ բան գոհացրեց` նրա կերպարը ինձ համար նորովի լրացնող շիտակությունը, անգամ եթե դա իր դեմ էր:(*)
Աղմուկով է անցել նաեւ Ռաֆայել Իշխանյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը (թեման` «Հայ նոր գրականության լեզվի պատմություն»): Այնքան բուռն է լինում բանավեճը, որ պաշտպանությունը տեւում է երեք օր: Մի քանի կարեւոր դրույթներ է առաջ քաշում Իշխանյանը` վիճարկելով գրական աշխարհաբարի ձեւավորումը Խաչատուր Աբովյանին վերագրելու անհեթեթությունը, ապացուցելով, որ Աբովյանը հիմնադիրն է ոչ թե գրական, այլ գրականության լեզվի, որը, ի դեպ, բնավ գրական չէ, բացի դրանից` լեզուն չի կարող ստեղծել մեկ անհատ, որքան էլ նա շնորհալի լինի, հիմնավորելով, որ արեւաելահայ գրական լեզվի ձեւավորման վերջնական հաստատումն ազդարարվում է Վահան Տերյանի բանաստեղծության լեզվով, որի առաջին իսկ ժողովածուի` «Մթնշաղի անուրջների» լույսընծայումը ստիպում է Հովհ. Թումանյանին եւ Ավ. Իսահակյանին վերանայել իրենց ստեղծագործության լեզուն, եւ ահա տերյանական լեզվի հենքով էլ շարունակվում է թե՛ գրականության, թե՛ առհասարակ գրական լեզվի զարգացումը: Հետաքրքրականն այն է, որ հակառակ քննադատողների` Իշխանյանի հանդուգն դրույթների եւ նրա նկատմամբ գուցե հենց դրանցով թելադրված անհանդուրժողության` այնուամենայնիվ, մասնագիտական խորհուրդը պաշտպանությանը դրական գնահատական է տալիս` շնորհելով նրան բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Պամաբանների հետ էլ մեծ վեճ ուներ, որի որոշ արձագանքներ ներկայացնում էր նաեւ մեր դասերի ընթացքում: Մի անգամ (հավանավաբար նման մի թարմ վեճից հետո) լսարան մտնելով` զայրալից ասաց. «Ա՛յ մարդ, մեր հարեւան Դարեհ I-ը մեր թվարկությունից առաջ` VI դարում, երեք լեզվով արձանագրություն է փորագրել տվել, որտեղ նաեւ Հայաստանի մասին է խոսում` նշելով «Արմինա», պարսկերենի կողքին երկու այլ լեզվով նույն արձանագրությունը կա, որտեղ դրանցից մեկով «Հարմինուեա» է, էն մյուսով` «Ուրաշտու» կամ «Ուրարտու», սրանք կպել են, թե Ուրարտուն Հայաստանը չէ: Նախ` շատ հնարավոր է, որ բաբելոներեն կոչված լեզվով արձանագրությունը ճիշտ վերծանված չլինի, երկրորդ` անգամ եթե ճիշտ է, ուրեմն Հայաստանն այդ լեզվով Ուրարտու է, ինչպես պարսկերեն Արմինա է, լեզուների մեծ մասով` Արմենիա, վրացիներն էլ բոլորովին այլ անուն են տալիս Հայաստանին: Ախր նույն բովանդակությունն է երեք լեզվով: Ուրեմն կան օտար գիտական ավազակներ, որ ուզում են զրկել մեզ մեր պատմական հիշողությունից, մեր գիտնականներն էլ գրկաբաց են ընդունում հայավնաս վարկածները: Եվ այդ ստի վրա մի ամբողջ կեղծ գիտություն է ստեղծվել` «ուրարտագիտություն»…
Ռաֆայել Իշխանյանի բազմաբնույթ ուսումնասիրություններից ինձ համար առանցքային նշանակություն ունի նրա` ծավալով ոչ մեծ (180 էջ) մի գիրք, որի դրույթներն արդիական են նաեւ բուհերում (ոչ միայն բանասիրության բաժիններում) ավանդելու առումով: Բանն այն է, որ ստալինյան շրջանում արմատավորված օտարաբան տերմիններին առավելություն տալու մտայնությունը դեռ իր ազդեցությունը չէր կորցրել 80-ականներին (ցավոք, նաեւ այսօր), եւ դյուրին չէր այդ պայմաններում բեկել հանրայնորեն կարծրացած մտածողությունը: Եվ ահա 1981-ին լույս է տեսնում Ռ. Իշխանյանի «Ակնարկ հայերենի տերմինաշինության» գիրքը, որը հենց հնարավոր քաղաքական պիտակավորումից զերծ պահելու համար ընդհանուր լեզվաբանության եւ հայոց լեզվի ամբիոնների գործընկերները որոշում են հրատարակության նպաստավոր շղարշ ապահովել: Սովորաբար նման հետազոտությունները լույս են տեսնում երկու գրախոսի երաշխավորությամբ, սակայն նշված գրքի տիտղոսաթերթի երկրորդ էջում կարդում ենք երեք գրախոսի անուններ` Էդ. Աղայան, Մ. Ասատրյան, Հ. Բարսեղյան: Առաջին գրախոսն ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչն էր, որի անվան առկայությունը գիտականության լրացուցիչ հիմնավորման ապահովումն էր: Եվ իսկապես, այն դրույթները, որ կայուն հիմքերով առաջադրում է Ռ. Իշխանյանը, միանգամայն ընդհանուր լեզվաբանական արժեւորում ունեն` լայն առումով հիմնված Վիլհելմ ֆոն Հումբոլդտի` լեզվի դինամիկ ձեւի հայեցակարգի վրա: Եվ ահա Ռ. Իշխանյանը ծանրակշիռ փաստարկներով ցույց է տալիս, որ հայերենն այն սակավ լեզուներից է, որոնց տերմինահամակարգերը գերազանցապես կազմավորվում են սեփական միջոցներով, որոնք տվյալ դեպքում հայերենի համար դարավոր ավանդույթ ունեն մի կողմից` 5-րդ դարի, մյուս կողմից` Մխիթարյանների տերմինակերտման հարուստ փորձառությամբ:
Վերը նշեցի Իշխանյանի` Մանուկ Աբեղյանի բայակենտրոն (ինքն էր այդպես անվանում) տեսության մասին: Իշխանյանի այս տեսակետն էլ ակամա քաղաքական երանգ ստացավ իմ համակուրսեցիներից մեկի` Կարոյի մասխարությամբ, որ նաեւ Իշխանյանի ականջով էր ընկել: Բանն այն է, որ ՊԱԿ-ը երիտասրադ «հակահեղափոխականների» էր հայտնաբերել (պաշտոնապես այդպես էլ ձեւակերպված էր, եւ այդ պիտակավորումը պահպանված էր միութենական թերթերում` ՍՏվՑՐՐպՉՏսþՓՌՏվպՐօ)` ի դեմս մի քանի ուսանողների, որոնց մեծ մասը մեր կուրսից էր` Իշխանյանի որդին` Վահանը (ավա՜ղ, օրերս անժամանակ վախճանված), Վարդան Դեւրիկյանը, Աշոտ Հայրունին, Կարո Մեսելջյանը եւ ես: ՊԱԿ-ում Կարոյին հարցաքննելիս հարցուփորձ են անում նաեւ դասախոսներից` Լեւոն Ներսիսյանից եւ Ռաֆայել Իշխանյանից: Երբ հարցնում են, թե արդյո՞ք Իշխանյանը չի խոսում ռուսական դպրոցների դեմ, պատասխանում է, թե խոսում է ոչ թե այդ դպրոցների դեմ, այլ այդ դպրոցներում հայ երեխաների ուսանելու դեմ եւ ճիշտ է անում: Հարցնում են, թե արդյո՞ք Կարոն Իշխանյանի բոլոր ասածներն է ընդունում, Կարոն պատասխանում է. «Չէ, բաներ կան, որ չեմ ընդունում»: Եվ երկար լռում է: Անհամբեր սպասում են ու խրախուսում, որ չքաշվի, թող անպայման ասի: Կարոս էլ հանգիստ տեղեկացնում է. «Օրինակ` համաձայն չեմ Իշխանյանի այն տեսակետին, ըստ որի` ենթական էլ խնդրի նման բայ-ստորոգյալի լրացումն է. ենթական գլխավոր անդամ է»… Քննիչի կատաղությունը գագաթնակետին է հասնում. «Ձեր տեղը նկո՛ւղն է, լակոտնե՛ր»…
Չորրորդ կուրսից հետո` ամռանը, սպայական կոչում տալու համար ամիսուկես զինծառայության կանչեցին մեր կուսին: Ծառայության ընթացքում` օրերից մի օր, դասակի հրամանատարը կարդաց վերը թվարկածս ուսանողներիս անունները` իրազեկելով, որ ծանուցագիր է եկել Գերագույն դատարանից` զարմացած ավելացնելով. «Այլախոների կո՞ւրս է, ի՞նչ է»… Հակիրճ տեղեկացնեմ, որ մեզնից մի կուրս ցած մի սփյուռքահայ ուսանողի էին ձերբակալել` Րաֆֆի Մելքոնին, արգելված գրականություն ԽՍՀՄ տարածք բերելու համար: Նրա մտերիմներին, որոնցից էինք նաեւ մենք, վկայության էին կանչում: Սակայն միայն Րաֆֆին չէր պատճառը: Մի խումբ ջահելներով` ե՛ւ մեր, ե՛ւ Րաֆֆիենց կուրսից, նաեւ մեր այլ ընկերներ այցելել էինք Արամ Մանուկյանի շիրմին, որտեղ մեզ մոտեցավ անծանոթ մեկը, հարցուփորձ արեց, թողեց-հեռացավ, եւ երբ ՊԱԿ էին կանչում մեզ, ցուցադրում էին նաեւ մեր խմբանկարներից` արված այդ նվիրական վայրում: Ինչեւէ, մեր «վկայությունները» տվեցինք դատարանում, բնականաբար, անվնաս: Իսկ ամենահետաքրքիր վկան մեր սիրելի դասախոսն էր` Ռաֆայել Իշխանյանը, որ բառիս բուն իմաստով տեսարանի վերածեց դատավարությունը: Երբ նրան ընդգծված հարգանքով հրավիրեցին ամբիոնի մոտ, սկսեց ձեռնահարել իր ականջին հարմարեցված լսասարքը, եւ այդ ընթացքում դատավորը ծավալո՜ւն տեքստով մի հարցադրում էր անում Իշխանյանին: Վերջինս շատ լավ տեսնում ու հասկանում էր, որ դատավորն իրեն է դիմում, բայց ձեւացնում էր, թե չի լսում: Այն է, երբ պիտի հարցադրումը վերջնական ձեւ ստանար, Իշխանյանը դիմեց դատավորին. «Էդ բան ե՞ք ասում, հա՞, կներեք, լավ չեմ լսում, խնդրում եմ` նորից կրկնեք հարցը»: Դատավորը, առանց ձայնի փոփոխության, նույն միապաղաղությամբ ծայրից ծայր նորից կարդաց հարցը, Իշխանյանը շատ լավ լսեց ու պատասխանեց: Դատավորի` Իշխանյանին տված հարցերից մեկն այն մասին էր, որ նրա տանը խուզարկություն է կատարվել, հայտնաբերվել են հակախորհրդային բովանդակությամբ գրքեր, որոնց մեջ նաեւ ռուս հեղինակենր կային: Իշխանյանը, շանթահարվածի պես ձեռքերն օդում խաչաձեւ թափահարելով, վրա բերեց. «Չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, իմ տանը ո՛չ մի հատ ռուսերեն գիրք չկա», եւ դատարանի դհլիճը պայթեց ծիծաղից… Հուզիչ էր Իշխանյանի եզրափակիչ խոսքը դատապարտվող մեր ընկերոջ մասին: Կարծես հոգեբանորեն կարողացավ ազդել դատարանի վրա` հիշեցնելով, որ Րաֆֆին այլ միջավայրում է ձեւավորվել, տեղահանված-սպանված նախնիների ժառանգ է, լավ ծանոթ չի եղել մեր երկրի բարքերին, ուստի խնդրում է` մեծահոգություն ցուցաբերել, չխորտակել երիտասարդի կյանքը, եթե հնարավոր է` ազատել, իսկ եթե չէ` ամենամեղմ պատիժը նախատեսել նրա համար…
Ի դեպ, կարելի է ասել` ծնողի հոգատարություն էր հանդես բերում յուրաքանչյուր արժանավոր ուսանողի հանդեպ, առանց որեւէ մեկի խնդրանքի` ինքն էր գտնում-դիմում հարկավոր մասնագետին` տվյալ մասնագիտության մեջ այս կամ այն ուսանողին ուշադրության կենտրոնում պահելու համար: Առհասարակ, դասի ժամանակ որսում էր նաեւ մեր տրամադրությունը: Մի անգամ անսպասելիորեն ընդհատեց դասախոսությունը` մոտենալով մի աղջկա, որին ուշադրություն չէինք դարձրել, քանի որ արտաքին նշաններ չկային: Պարզվեց` հուզված է մեր ընկերուհին, եւ Իշխանյանի հետաքրքրվածությունից չկարողացավ արցունքները զսպել: Առանց մանրամասնելու, թե ինչ է եղել, ասես կռահելով, որ վիրավորել են ուսանողուհուն, շատ ընդհանրական մեկ-երկու սփոփիչ խոսք ասաց, ապա իր վրա մի օրինակ բերեց. «Գիտե՞ք ինչ, միշտ չէ, որ հաշվի ենք առնում դիմացինի փխրուն հոգին, բայց փխրուն հոգու տեր մարդիկ էլ պիտի իմանան, որ ամեն խոսքի համար չի կարելի կեղեքվել: Օրինակ` եթե մեկն ասի` Իշխանյանը հիմար է, ես կփորձեմ իմ մեջ պարզել` արդյո՞ք այնպիսի բան եմ արել, որ արժանացել եմ այդ գնահատականին: Եթե զգամ, որ այդ մարդն իրավունք ուներ նման բան ասլու, կաշխատեմ վանել ինձնից իմ վատ գծերը, բայց եթե պարզեմ, որ այդպիսին չեմ, ուրեմն սխալվել է այդ խեղճ մարդը»… Բոլորս ծիծաղեցինք, նաեւ մեր հուզված ընկերուհին, որը խաղաղվեց, եւ հոգիների ներդաշնակ, անուշ ջերմություն իջավ լսարանի վրա:
Իմ մտապատկերում Ռաֆայել Իշխանյանը հայապահպանության քաջամարտիկ է, եւ դրա լավագույն դրսեւորումը նրա տարիների պայքարն էր` համոզելու հայ ծնողներին ապահովել իրենց երեխաների ազգային կրթությունը: 77 թվականին, երբ հաստատվել էր ԽՍՀՄ նոր սահմանադրությունը` այդ պետության մեջ ռուսերենի պետական կարգավիճակի մատնանշմամբ (նախորդ սահմանդրություններում այդպիսի կետ չի եղել), որը սպառնալիք էր Խորհրդային Հայաստանում ընդունվելիք նոր սահմանդրության համար, Իշխանյանը ամենաեռանդուն մարտնչողների շարքում էր: Նա բացահայտ էր պայքարում Հայաստանում անխղճորեն ուռճացած ռուսական դպոցների գոյության դեմ: Տարիներ շարունակ յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ը նա դիմավորել է Երեւանի տարբեր ռուսական դպրոցների բակում` հենց տեղում փորձելով համոզել հայ ծնողներին, որ մտափոխվեն, երեխաներին տանեն այդ դպրոցի հարեւանությամբ ցամաքող հայակական դպրոցներ: Եվ նրան չի հուսահատեցրել հաճախ անտաշությամբ իրեն պատասխանող ազգակիցների մերժումը, բայցեւ կարողացել է, այնուամենայնիվ, ուծացումից փրկել շատ երեխաների, որոնց ծնողները հետագայում իրենց երախտագիտությունն են հայտնել մտավորականին: Անպարփակ նվիրում էր պետք` չնահանջելու այս գոտեմարտում, որը, ավա՜ղ, այսօր էլ տանուլ ենք տալիս…
Ի՞նչ ասեմ, արդեն տարիներ շարունակ նվաստիս պայքարը հիմքում հենց իշխանյանական անկոտրումությունն ունի: Հատկապես ա՛յս ասպարեզում Ռաֆայել Իշխանյանն իմ անփոխարինելի ուսուցիչն է, որի ոգորումի թափը մանավանդ մեր դժվար ժամանակներում խիստ է կարոտելի:
*) Մեր հոդվածագրին եւ ընթերցողներին հիշեցնենք, որ Ռ. Իշխանյանը հաճախ էր հանդես գալիս «Ազգ»ի էջերում, ոչ այնքան մեր թերթի վայելած հեղինակության, որքան՝ դասական ուղղագրությամբ գրված հոդվածները նույն ուղղագրությամբ հրապարակելու մեր սկզբունքային կեցվածքի համար: Սկզբունք՝ որը «Ազգ»ը պահպանում է առայսօր:- Խմբ.:
Դավիթ Գյուլզադյան
Լուսանկարում՝ Իշխանյանը Շուշիում, 1960թ.
Ուղղում. «Ազգի» այսօր՝ մայիսի 27-ին լույս տեսած թերթում տեղ գտած տեխնիկական վրիպակի համար հայցում ենք հեղինակի եւ ընթերցողների ներողամտությունը: Ռաֆայել Իշխանյանի մասին սույն հոդվածի հեղինակը լեզվաբան Դավիթ Գյուլզադյանն է: «Ազգ-ում տպագրված նրա նախորդ՝ փետրվարի 18-ի հոդվածը Էրիկ Աթայանի մասին էր՝ «Կանքի եւ գիտության ներդաշնակ հայեցողությամբ»: