Կամ՝ Գրելը որպես կոչում, որպես պատիժ
Նրա առաջին գեղարվեստական գիրքը լույս տեսավ 2014-ին՝ «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» այլաբանական խորագրով, Էլդա Գրինի առաջաբանով, որը վերնագրված էր «Անհավակնոտ պատմություններ»: Առաջաբանի հեղինակը բացահայտում է ԱՐԾՈՒԻԻ հմտությունը՝ ստեղծելու «մերկ աչքերով» գրված, առանց գունազարդման, իրապատում պատմություններ, որոնք ընթերցելուց հետո մեր անհեթեթ աշխարհի արժեքային համակարգը վերանայելու հրամայականն ավելի հրատապ է դառնում: Իսկ գրքի հեղինակն իրեն հատուկ համեստությամբ նախաբանում նշում է, որ գրող լինելու հավակնություն չունի, պատմում է պատմվածքատիպ պատմություններ, թեկուզեւ գրելու միջոցով: Եվ ընդամենը երեք տարի անց Արծուին՝ Արծվի Բախչինյանը, իր ընթերցողին զարմացնում է արդեն բառի ամենադրական ու ամենահամարձակ իմաստով հավակնոտ իր վեպերով՝ «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին», իսկ 2019-ին՝ «Հնազը Ճահճավան քտա-ից» արտասովոր վերնագրերով, որոնք մեծ արձակի լուրջ հայտեր են՝ ինքնատիպ թեմաների ընտրությամբ, նորաբանություններով, բառաստեղծումներով ու լիովին տարբերվող լեզվամտածողությամբ: Հայտնենք նաեւ, որ պատրաստ է հեղինակի երրորդ վեպը, եւ հուսանք, որ այն շուտով կգտնի իր հրատարակչին: Այսօր Արծուին գրական աշխարհում իր ուրույն ձեռագիրն ու տեղն ունեցող հեղինակ է, որի ընթերցողների շրջանակն անհամբերությամբ է սպասում սիրելի գրողի ամեն հաջորդ գրքին:
Վերջին ամիսներին, իբրեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս եւ գրական բաժնի արվեստանոցի ղեկավար, մեր բուհում նախաձեռնել ու վարում եմ «Հանդիպումներ ԵԹԿՊԻ-ում» շարքը, որի նպատակը երիտասարդներին իրենց կողքին ապրող արվեստի տարբեր ոլորտի գործիչներին եւ նրանց ստեղծագործության հետ ծանոթացնելն է: Օդ ու ջրի պես անհրաժեշտ համարեցի մեր բուհ հրավիրել Արծվի Բախչինյանին, հատկապես՝ գրական կուրսերի ուսանողների համար: Ընթերցողին ծանոթ են նաեւ Արծվի Բախչինյանի գիտական աշխատությունները, հոդվածներն ու հարցազրույցները՝ մասնավորապես «Ազգ»ի էջերում, սակայն առաջին անգամ ուսանողները հնարավորություն ունեցան խոսելու նրա գրականության շուրջ եւ անմիջականորեն շփվելու, հարցեր ուղղելու հեղինակին:
ԵԹԿՊԻ-ի Անրի Վերնոյի անունը կրող սրահում հավաքված օպերատորական, դերասանական եւ սցենարադրամատուրգիական բաժինների տարբեր կուրսերի ուսանողներն ընթերցել էին հեղինակի վեպերը, պատմվածքներն ու «Լյամփ-Լյամփ» պիեսը, որն առանձնակի հետաքրքրություն էր առաջացրել նրանց մեջ: Հանդիպումն ազատ, անկաշկանդ, հարց ու պատասխանի ձեւաչափով էր, հետեւաբար երիտասարդների հնչեցրած հարցերի պատասխանները հետաքրքրական եւ օգտակար կլինեն ընթերցողին: Ուրեմն ինչո՞ւ չհրապարակել դրանք (որոշ կրճատումներով) նաեւ մամուլում՝ ընթերցող լայն հասարակությանը հասու դարձնելու համար, մանավանդ որ այդ մտքերը մեկտեղված՝ գրականության եւ հումանիզմի մասին մանիֆեստի արժեք են ձեռք բերում եւ ապագա արվեստագետի համար դասագրքային նշանակություն կարող են ունենալ:
Եվ այսպես, հյուրը՝ անվանի հայագետ, պատմաբանասեր, կինոգետ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, գրող, ԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակի դափնեկիր, թարգմանիչ, լրագրող, մի շարք գիտական ու գեղարվեստական գրքերի հեղինակ՝ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ:
Գրելը որպես կոչում, որպես պատիժ
Երբեք երջանիկ ժամանակներ չեն լինում, իսկ աշխատանքն այն կղզին է, որին մարդը կարող է միշտ ապավինել: Պատերազմից հետո աշխատանքս ոչ թե կրկնապատկեցի, այլ տասնապատկեցի: Միշտ եմ կողմ եղել, որ ոչ մի րոպե իզուր չանցնի, կյանքի ամեն ակնթարթից մենք սովորելու եւ աշխարհին տալու բան ունենք, եթե մանավանդ ասելիք ունես, սիրում ես կյանքը, մարդկանց, իսկ ես մարդկանց շատ եմ սիրում եւ միշտ գրում եմ նրանց մասին: Վիլյամ Սարոյանի դասն էր՝ ամենուրեք փնտրել բարին, սիրել մարդուն, լավը տեսնել նրա մեջ: Իսկ երբ տեսնում ես, որ մարդիկ հետաքրքրվում են քո գործով, հասկանում ես, որ իզուր չէ աշխատանքդ՝ վճարվես, թե ոչ, միեւնույն է՝ անում ես. դա կոչում է, դա նաեւ պատիժ է, խաչ է, որ պիտի կրես: Ասեմ, որ հատկապես դրսում հրատարակված իմ աշխատությունների համար ես երբեւէ չեմ վճարվել, տարիներ շարունակ գրել եմ՝ գրեթե չվճարվելով, քանի որ հասկացել եմ, որ դա է իմ կյանքի գործը:
(Չ)Սպասելով մուսային
Ինչ լավ է, որ օրն ունի 24 ժամ. եթե ճիշտ ես ծրագրում կյանքդ, ամեն ինչ էլ հասցնում ես: Իսկ եթե գրող մարդ ես, օրական առնվազն մեկ էջ կարող ես գրել: Աճառյանն ասում էր՝ եթե գրես ամեն օր, տարվա վերջում կունենաս 365 էջանոց գիրք: Ինչ վերաբերում է գեղարվեստականին, պետք է գրել այն ժամանակ, երբ գրվում է, բայց որոշակի կարգապահությունը, աշխատասիրությունը պարտադիր է: Ես չեմ հավատում էն գրողներին, որ «Մեծապատիվ մուրացկանների» բանաստեղծի պես ասում են՝ սպասում եմ, որ մուսաս գա եւ ինձի ներշնչե (իսկ եթե երկու ոսկի տան՝ ավելի շուտ կգա մուսան):
Գրական փորձառություն
Երբ առաջին անգամ իմ ստեղծագործությունը տպագրվեց, ես 16 տարեկան էի: Այն ժամանակ կար «Պիոներ» ամսագիր: Ի դեպ, գրել էի թատերական թեմայով՝ «Մեր դպրոցական բեմում» վերնագրով: Փակագծում ասեմ, որ դպրոցս հիշում եմ ամենայն տհաճությամբ. եթե մի բան կա, որ կցանկանայի իմ կյանքում փոխակերպել՝ դպրոցն է: Բայց դպրոցի ամենահաճելի պահերը կապված էին այն չորս անգամվա հետ, երբ բեմ եմ բարձրացել որպես դերակատար: Հաջորդ պատմվածքս հրատարակեցի դրանից երեւի մի տաս տարի անց: Գրել, իհարկե, շարունակում էի, հատկապես դետեկտիվներ էի հորինում, կուրսընկերուհիներիս էի ցույց տալիս. շրջապատիս ուրախացնելու ու զարմացնելու համար էր, բայց գրական նպատակ չունեի, լույս ընծայելու մտադրություն չկար, եւ այդ տարիների գործերս երբեք էլ չեմ հրատարակի: Այնպես որ, պետք է ահագին ժամանակ անցնի, մինչեւ կբյուրեղանա, կհստակվի ասելիքդ եւ ոճդ: Նույնիսկ երբ առաջին վեպս գրեցի՝ ներշնչված մի նկարչի կյանքի պատմությունից (գրեցի Արզնիում, չորս օրում, քանի որ մեջս շատ էր խմորվել այդ սյուժեն), մեկ տարի թողեցի դարակում, որ թրմվի, «դամ առնի»: Մեկ տարի անց կարդացի եւ տեսա, որ փոխելու ոչինչ չկա, ու հասկացա, որ գուցե հրատարակելու ժամանակն է… Ասեմ նաեւ, որ լինելով գրող՝ նույնչափ նաեւ ընթերցող եմ, գրողը պետք է շատ կարդա, հատկապես ժամանակիցներին, թեկուզ իմանալու համար, թե ինչպես չպետք է գրել, կամ՝ ինչ են գրել, որ չկրկնի:
Մարդը՝ ներշնչանքի աղբյուր
Մարդն ինձ համար անսպառ ներշնչանքի աղբյուր է, հատկապես մեր հայրենակիցները չափազանց վառ են, հաճախ՝ հակասական եւ բեւեռային, յուրաքանչյուրը մի անհատականություն է, բազմաթիվ հայերի ճակատագրեր՝ ինքնին գրքի նյութ: Հանգամանքների բերումով շատ եմ շփվում մարդկանց հետ եւ նրանց անվերջ բացահայտում եմ՝ աշխարհով մեկ: Ինձ համար հետաքրքրական մարդն անսպառ է՝ որպես գրականության, եւ ստեղծագործող անհատը՝ որպես ուսումնասիրության նյութ:
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս գրել
Այսպիսով, շատ բանով ու շատերով կարող ենք ներշնչվել, բայց դա ինչպե՞ս դառնա գեղարվեստական գրականության նյութ: Նախ, պետք է հաշվի առնենք՝ իսկապե՞ս այս պատմությունը, այս կյանքը, որ պատրաստվում ենք ներկայացնել, շատերին կարող է հետաքրքրել: Անշուշտ, եթե կա ցնցող, ինտրիգային պահ, շատերի կհետաքրքրի: Մյուս կողմից էլ հերոսդ կարող է մեծ բաներ չանել, փիլիսոփա չլինել, բայց գոնե իր մեջ ունենա այն խայծը, որի հետեւից ցանկանաս գնալ: Եվ երկրորդ՝ կհետաքրքրի, եթե ընթերցողը կարողանա իրեն, իր ժամանակը, իր ծանոթներին տեսնել տվյալ կերպարների մեջ: Անհատականի մեջ ունենալ համընդհանուրը՝ սա՛ է գրականությունը: Գրականությունը նաեւ երրորդ նպատակով է ստեղծվում՝ մեջդ եղած ինչ-որ բացասականը քեզնից հանելու, թոթափելու համար: Այդ նպատակով է գրվել «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպս: Սրա նորությունն այն է, որ 30 տարի է, ինչ Հայաստանում կա մի իրականություն (Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները), որը երբեւէ չէր արտացոլվել ժամանակակից գրականության մեջ, իսկ ես տհաճ փորձառություն եմ ունեցել երկու տարի նման միջավայրում աշխատելու, եւ այս վեպով մեծ մասամբ ձերբազատվեցի այդ անհաճո բեռից: Կյանքում միշտ էլ, ցավոք, տհաճություններ հանդիպում են, եթե գրող եք եւ ուզում եք ազատվել այդ բեռից՝ նրանց գրականության հերոս դարձրե՛ք եւ շարժվե՛ք առաջ:
«Ա լա Շեքսպիրից» մինչեւ «Լյամփ-Լյամփ»
Դպրոցական տարիներին շատ էի գրում փոքրիկ պիեսներ: Երբ չորրորդ դասարանում Շեքսպիր կարդացի, ինձ շատ էր տպավորում հատկապես փակագծերում հայտնվող «Մեռնում է» արտահայտությունը: «ՀԱՄԼԵՏ – Մնացյալը… լռություն է (մեռնում է)»: Ես էլ այդ կերպ սկսեցի պատմություններ հորինել ու հերոսներ մեռցնել: Գրում էի նաեւ բարբառով ոտանավորներ եւ հեքիաթներ՝ ներշնչված Թումանյանից, Աթաբեկ Խնկոյանից: Հետո պիես գրելը մոռացա, բայց թերեւս վերջին տարիների թատերական վերելքն ինձ անսպասելիորեն նորից մղեց դեպի դրամատուրգիա, եւ գրեցի «Լյամփ-Լյամփ» պիեսը: Ինչպես «Հնազը», այնպես էլ այս պիեսը հետաքրքրական ձեւով ստեղծվեցին: Չգիտեմ, ձեզ հետ պատահե՞լ է… երբեմն ինչ-որ հերոս գալիս-մտնում է քո մեջ: Կանգառում էի, շատ անտրամադիր էի մեր երկրի վիճակի համար… երբ մեկ էլ չգիտես ինչպես գլուխս ներխուժեցին յոթ տիկնայք, ու ես հասկացա, որ իրենք պետք է բեմից խոսեն, խենթություններ անեն, ծիծաղեն ու ծիծաղեցնեն: Իսկ առհասարակ պիես գրելու համար պետք է թատրոնում շատ լինել. Շա՛տ կարդացեք համաշխարհային գրականություն, թատրոնի անցյալի ու ներկայի մասին նյութեր: Սենյակում փակված դրամա գրել չի լինի: Պետք է նաեւ զգաս՝ ընտրածդ թեման այսօրվա հանդիսատեսին պե՞տք է, թե՞ ոչ: «Լյամփ-Լյամփը» երեւի գրեցի, քանի որ ուզում եմ մեր ժողովրդին մեկ ժամով անհոգ տրամադրություն պարգեւել: Երանի՛ բեմադրվի…
Հայ կինը
Կյանքի բերումով աշխատել եմ կանանց կոլեկտիվներում ու վստահ եմ, որ եթե մենք այսօր կանք, հասել ենք 21-րդ դար, ապա հայ կնոջ շնորհիվ է: Ես որոշ առումով ֆեմինիստ եմ (չնայած ֆեմինիզմի -իզմը չեմ սիրում): Գտնում եմ, որ հայ կինը անցյալում թե այսօր ֆենոմենալ երեւույթ է, եւ նա ու նրա ստեղծածն արժանի են շատ ավելի մեծարման եւ ուշադրության, գրական եւ գեղարվեստական նոր տիպի հերոսներ դառնալու: Ի դեպ, վերջերս «Արմավիր» քրեակատարողական բանտում դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում զեկուցում կարդացի հենց հայ կնոջ մասին, եւ ունկնդիրների խանդավառությւոնը շատ մեծ էր: Մշտապես կանանց հետ շփվելով, աշխատելով՝ տեսել եմ, որ մեր հայուհիներն իրականում շատ ուժեղ են, համարձակ, ազատամիտ, երբեմն՝ չափից ավելի, հաճախ՝ խենթուկ, իսկ մենք ահա, նրանց մեծ մասամբ ընկալում ենք «խոնարհ ու հեզի» կարծրատիպի մեջ: Իսկ որքա՜ն հայուհիներ են առաջ անցել իրենց ժամանակից, տարբեր ժողովուրդների կյանքում դարձել այս կամ այն գործի առաջամարտիկ: Հիմա հիշեմ միայն ինձ մշտապես ոգեշնչած պարուհի եւ գրող Արմեն Օհանյանին, թե ինչպես գավառական միջավայրում ծնունդ ու հասակ առած այս աղջիկը դարձավ համաշխարհային մեծություն: Ի դեպ, շուտով լույս կտեսնի իմ ու ամերիկաբնակ պատմաբանասեր Վարդան Մատթեոսյանի անգլերեն գիրքը՝ նվիրված տղամարդու անունով այս բացառիկ կնոջ կյանքին ու գործունեությանը…
Կինոարվեստի նպատակները
Ես գրեթե ամեն օր կինոնկար եմ դիտում: Շատ եմ սիրում բրիտանական կինոն, քանի որ բրիտանացիներն են ամենից հաջող ներկայացնում ինձ սրտամոտ երկու բնագավառ՝ պատմությունը եւ կենսագրությունները: Վերցնում են ինչ-որ պատմական իրադարձություն կամ ուշագրավ կերպար եւ հյուսում նրա կյանքի պատմությունը՝ գրագետ, գեղեցիկ ձեւով, եւ լսարանը ապահովված է, ես որ երբեք չեմ ձանձրանում (թեեւ ընդունում եմ, որ հաճախ դրանք շատ կապ չունեն այսօրվա հետ):
Մենք այնքա՜ն վառ դեմքեր ունենք. յուրաքանչյուրի կենսագրությունը կարող է ֆիլմի նյութ լինել: Իհարկե, պատմական, «կոստյումային» ֆիլմեր նկարահանելը ծախսաշատ է, բայց եթե այդ պատմություններն անգլերենով, ֆրանսերենով կամ այլ լեզվով մենք կարողանայինք միջազգային կինոասպարեզում հետաքրքրություն առաջացնել, հաստատ կշահեինք: Նման ծրագրեր նախաձեռնելու համար ամենից առաջ ոչ թե դրամ, այլ ազգային մտածողություն է պետք, բայց մենք այդպես էլ կինոյի առավելություններից չկարողացանք օգտվել, չստեղծեցինք այն ազգային հողը, որով մեր ունեցածն աշխարհին կարողանայինք ներկայացնել, թեկուզ եւ սահմանափակ միջոցներով:
Բառերի աշխարհը՝ փոթորկվող օվկիանոս
Ես միշտ շրջապատի հանդեպ շատ ուշադիր եմ, ֆիքսում եմ տեսած նորույթները, բայց եթե դու լեզվի, խոսքերի աշխարհում ես՝ կարեւոր է նաեւ անընդհատ գրառումներ կատարել, ուստիեւ երեկ գրողի ձեռքին անհրաժեշտ էր նոթատետրը, իսկ այսօր՝ ձեռքի հեռախոսի նշումների բաժինը: Բառերի աշխարհը փոթորկվող օվկիանոս է, եւ մեր ուղեղն ի զորու չէ այդ ամենն իր մեջ պահել: Ուրեմն գրառումնե՛ր արեք. ստեղծագործականությունն ազդակ է, հաճախ պիտի բռնել, թե չէ թռչունի պես կթռչի-կգնա:
Բրամսն ասում էր՝ սիմֆոնիաներ գրելիս ավելի շատ ռետին եմ օգտագործում, քան մատիտ: Այնպես որ դուք էլ ավելի շատ ջնջեք, քան գրեք, որոշ ժամանակ հանգիստ թողեք ձեր գրածները, ապա նորից վերադարձեք, որ հասկանաք՝ դիմանո՞ւմ են ժամանակի փորձությանը: Ինչպես Բուալոն է խորհուրդ տալիս. «Ավելի քիչ լրացրե՛ք, ավելի շատ կրճատե՛ք»: Հրապարակելը չպետք է վերջնական նպատակը լինի. հիմա այնքան հեշտ է դարձել տպագրվելը, մարդիկ կան, որ անգամ հաշվում են, մրցում միմյանց հետ հրապարակումների թվով: Պետք է ծանր դատես՝ պատրա՞ստ ես քո այդ աշխարհը բացել աշխարհի առաջ: Ես երեւի գրող չդառնայի, եթե ժամանակին իմ մեծ թվով գրածները չոչնչացնեի. հիմա եմ ափսոսում՝ թող մնային, է՛լի, ո՞ւմ էին խանգարում, բայց դա ինձ միշտ մղեց ավելի լավին ձգտելու: Առաջ գնալու համար պետք է ինքնաքննադատական տարրը գերիշխի, այլապես զարգացում չի լինի, կլճանաս:
Արվեստի նպատակները
Հանդիսատեսին, ընթերցողին պետք է փորձես հավատ ներշնչել, սեր եւ հույս տալ: Ի վերջո, արվեստը պիտի տարբերվի նորությունների թողարկումից. աշխարհի քաոսային վիճակում եւս մեկ անգամ համոզվելու համար պարտադիր չէ արվեստի ստեղծագործություն դիտելը: Մենք դա ամեն օր տեսնում ենք հեռուստաէկրաններին, կարդում մամուլում եւ սոցցանցերում: Ես չեմ վախենում այդ առումով հնաոճ երեւալ եւ գտնում եմ, որ այո՛, արվեստը պետք է կրթի, սնի հոգին, բացի միտքը: Չեմ հասկանում երկու կինոտաղանդներին՝ Պազոլինիին ու Լարս ֆոն Տրիերին, որոնք մարդկային էության եւ վարքի ամենաստոր ծալքերն են բացում՝ ամենապրոֆեսիոնալ եղանակով արվեստի լեզվով հուսահատություն ու պաթոլոգիա հրամցնելով դիտողին: Այդպես էլ ինձ համար անընդունելի է մնում չարիքը, հիվանդագինը գեղարվեստականացնելու մոլուցքը: Վերջերս կարդացի ռուս արդի գրականության ամենաճանաչված գործերից մեկը՝ Պավել Սանաեւի «Թաղե՛ք ինձ շրիշակի հետեւում» վիպակը: Եվ ափսոսացի, որ ժամանակ վատնեցի մի գործի վրա, որը թեեւ մի շնչով է ընթերցվում, սակայն որի առյուծի բաժինը սոսկ մի հոգեկան հիվանդ պառավի անեծքներն ու լուտանքներն են…
Զվարճանք, թե… Ասում են՝ ժողովրդին պետք է ուրախացնել, զվարճացնել, հատկապես սերիալ ստեղծողները պնդում են՝ ինչո՞ւ եք արհամարհում տնային տնտեսուհիներին, նրանք մեծ կրքեր են ուզում, վառ գույներ, ո՛չ փիլիսոփայություն: Միշտ էլ հեշտ է արդարացնել միջակությունը, անարժեք բաները, ասելով՝ կա պահանջարկ, ուրեմն պետք է այն բավարարվի: Այդպես պոռնոարդյունաբերությունը (լեզուս չի պտտում դա նույնիսկ «կինո» անվանել) վաղուց ի վեր արդարացնում է իր գոյությունը. ուրեմն ի՞նչ, դրա՞ն զարկ տանք… Կինոարվեստը, գրականությունն ու թատրոնը շատ ավելի կարեւոր գործառույթներ ունեն, քան զուտ զբաղեցնել-զվարճացնելը: Ես միշտ պատրաստ եմ ընկերներիս, հարազատներիս զվարճացնել, նույնն անել նաեւ գրականությամբ, բայց արվեստում ծիծաղեցնելն ավելի խորը պետք է լինի, քան սոսկ բանանի կճեպի վրա մարդուն դնելն ու նրան սայթաքել տալը: Ես կողմ եմ ցանկացած ծանր թեմա թեթեւ ձեւով, կատակերգության լեզվով ներկայացնելուն, այդպես ասելիքն ավելի ազդեցիկ է լինում: Ի վերջո, գեղարվեստում ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել, մնում է միայն ճիշտ ձեւը գտնել: Եվ կեցցե՛ նա, ով գտնում է: Մաղթեմ, որ դուք նույնպես գտնեք: Եվ մի օր կարողանաք ապրել ձեր ստեղծագործությամբ…
ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ