Ոստիկանները պարտավոր են ապահովել խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը, պաշտպանել նրանց սադրիչներից, հրահրիչներից, անզուսպ հարձակվողներից, ձու, շիշ նետողներից, թքողներից, հայհոյողներից: Ոստիկանները պարտավոր են կանխել միջադեպերը, ոչ թե թույլ տալ, որ միջադեպը լինի, հետո փորձեն հարթել այն:
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը միակն է հայաստանյան իրավապաշտպան կառույցներից, որն անդրադարձել է Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոն-Հայաստանի» իրավապահների գործունեությանը, պահվածքին, խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության գործելաոճին:
«Հայաստանի հելսինկյան կոմիտեն» ապրիլ-մայիս ամիսներին մշտադիտարկել է 80 հավաք եւ ուսումնասիրել մասնակիցների եւ ոստիկանների փոխհարաբերությունները, առանձնացրել բոլոր խախտումներն ու անօրինականությունները, որոնք հակասում են խաղաղ հավաքների անցկացման կանոններին:
Պատրաստվել է 20 էջանոց զեկույց, որը ներկայացվելու է Հայաստանում գործող դեսպանատներին, ինչպես նաեւ միջազգային կառույցներին:
Խաղաղ հավաքների ժամանակ օրինազանցություններ են թույլ տվել, բռնի, բիրտ ուժ են կիրառել հատկապես կարմիր եւ սեւ բերետավորները, որոնք առանձնանում են ընդգծված ագրեսիվությամբ ու անգութ պահվածքով: Լրատվամիջոցների շնորհիվ արձանագրվել են բռնություն, ֆիզիկական ուժ գործադրելու բազմաթիվ դեպքեր. թիվը հստակ չէ, քանի որ Հայաստանում ամեն օր տեղի են ունենում հավաքներ ու անհնազանդության ակցիաներ, օրական մի քանի հարյուր քաղաքացի է բերման ենթարկվում, եւ այդ ընթացքում կարմիր եւ սեւ բերետավորները շարունակում են կոպտորեն խախտել բերման ենթարկվողի իրավունքները:
«Հայաստանի հելսինկյան կոմիտեն» առանձնացրել է ցուցարարների վրա թքելու, բռունցքով հարվածելու, ցուցարարի գլուխը ճզմելով, գետնին քսելով՝ նրան դեպի ավտոմեքենա քարշ տալու, ցուցարարի ձեռքը կոտրելու, մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքեր: Եղել են նաեւ անչափահասներին, երիտասարդ աղջիկներին բերման ենթարկելու եւ այդ ընթացքում նրանց նկատմամբ բռնի ուժ գործադրելու դեպքեր:
Միայն մայիսի 17-ին երկու ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 417 քաղաքացի: Հասկանալի է, որ նրանցից ոչ մեկին ոստիկանները թեւանցուկ կամ փաղաքշելով չեն ուղեկցել ու սիրալիր նստեցրել ոստիկանական ավտոմեքենա: Անգամ այն դեպքերում, երբ բերման ենթարկվողն ասել է՝ կամովին գալիս եմ, մի քաշքշեք, կարմիր ու սեւ բերետավորները բիրտ ուժ գործադրելով են նաեւ նրան բերման ենթարկել:
Հենց այս գործողությունների համար է Հայաստանի ոստիկանությունը մեկ շաբաթում ստացել 6,5 միլոն դոլարի պարգեւավճար:
Խաղաղ հավաքները ճնշելու տեսանյութերով ու լուսանկարներով հեղեղված են հայաստանյան լրատվամիջոցները, սակայն լուռ են բոլոր դեսպանատները եւ «ժողովրդավարության բաստիոնում» մշտական կամ ժամանակավոր գործունեություն վարող միջազգային, օտարերկրյա կառույցները:
Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկման հետ անմիջականորեն կապված է նաեւ «Համախմբում» շարժման ներկայացուցիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ձերբակալումն ու կալանավորումը: Ինչո՞ւ, որովհետեւ նա եւս մասնակցում էր խաղաղ ցույցերին եւ նրա անունը կապվեց գաղտնի մի ձայնագրության հետ, որտեղ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն է փողի թեման բացում, ասում, որ եթե հանրահավքաներին մասանակցելու մեջ փող չկա, ինչո՞ւ պետք է ուսանողները գան ցույցի:
Թոռնիկին դարձրին գործ տվող, որպեսզի արանքից հանեն Ավետիք Չալաբյանին, իբր նրա հեղինակության վրա ազդեն: Այնինչ անհեռատես, անգրագետ ու փնթի հերթական պլանը ձախողվեց: Ավետիք Չալաբյանը երկու ամսվա կալանքից հետո դուրս կգա՝ որպես հերոս ու բարձր վարկանիշով քաղաքական ընդդիմադիր գործիչ: Իսկ այս դեպքից հետո սոցցանցերում եւ իրական կյանքում դիմացինին վիրավորելու համար ասում են՝ հո դու Թոռնիկ չե՞ս:
Ուրեմն, փողի մասին խոսք բացող, անգամ գին՝ ամեն ուսանողի համար 1000 դրամ առաջարկող Թոռնիկին չեն ձերբակալում, Չալաբյանին էժան բազարի մեջ ներքաշող Թոռնիկին ազատ են թողնում, խոսակցությունը գաղտնի ձայնագրող Թոռնիկին ձեռք չեն տալիս, բայց թոռնկության թակարդն ընկած Ավետիք Չալաբյանին ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հոդվածով կալանավորում են:
«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը վերլուծել, ուսումանասիրել է հենց այդ հոդվածը եւ հետազոտության արդյունքը ներառել կազմակերպության զեկույցում: Պարզվում է՝ Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը, որը օրենսդրական փոփոխությունների փաթեթի հետ 2021 թվականի մարտին ներկայացվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ- ԺՀՄԻԳ-ին եւ ընդունվել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ, անգլերեն տարբերակում տարընթերցումների տեղիք է տվել: Հոդվածի հայերեն բնօրինակի եւ ԱԺ-ի կողմից ընդունված տարբերակի 2-րդ մասը նախատեսում է պատասխանատվություն հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Այն ձեւակերպված է այսպես. «Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով»:
Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ- ԺՀՄԻԳ-ին Հայաստանի ներկայացրած անգլերեն տարբերակում կիրառվել է «to make a person participate» ձեւակերպումը, որը նշանակում է ստիպել, հարկադրել: Այսինքն՝ անգլերեն թարգմանված տարբերակում հավաքին մասնակցելու համար անձին կամ անձանց նյութապես շահագրգռելուց բացի, պետք է անպայման լինի նաեւ հարկադրելու, ստիպելու տարրը, որի առկայության դեպքում է միայն պատիժ սահմանվում: Եթե առկա է միայն նյութապես շահագրգռելու տարրը, արարքը քրեորեն պատժելի չէ: Միայն հարկադրանքի առկայության դեպքում է արարքի համար սահմանվում քերական պատիժ: Նյութապես շահագրգռելը քրեորեն պատժելի է միայն նախընտրական քարոզարշավների դեպքում, իսկ հայտնի է, որ Ավետիք Չալաբյանի դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե նախընտրական, այլ ուղղակի խաղաղ հավաքի մասնակցությանը: Բացի այդ, այստեղ չկա հարկադրանքի տարր, Չալաբյանը չի՛ հարկադրում անձին կամ անձանց մասնակցել ընդդիմության հավաքին, իսկ նյութապես շահագրգռելն, ըստ միջազգային իրավունքի եւ օերնքի, քրեորեն պատժելի չէ:
Հայտնի է, որ ԱՄՆ-ում կան կազմակերպություններ, որոնք գումարի դիմաց ցուցարարներ են տրամադրում, եւ դա քրեորեն պատժելի արարք չի համարվում, ինչպես անօրինական չէ ցուցարարներին տրանսպորտով ապահովելը: Ի՞նչ տարբերություն՝ ցուցարարին փողո՞վ ես բերում հավաքի, թե նրան ապահովում ես անվճար տրանսպորտով: Երկու դեպքում էլ կա նյութապես շահագրգռելու տարր: Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանություններն իրենց հավաքների ժամանակ ցույցի մասնակիցներին ավտոբուսներով անվճար տեղափոխում են: Ուրեմն ինչո՞ւ նրանց այդ արարքը չի դիտարկվում որպես նյութապես շահագրգռելու փաստ ու պատժի չի արժանանում:
Ստացվում է՝ եվրոպական կառույցները դրական եզրակացություն են տվել , համարել, որ «Խաղաղ հավաքների անցկացման ուղեցույցին» համապատասխանում է Հայաստանի իշխանությունների ներկայացրած լղոզված, տարընթերցման տեղիք տվող մի օրենք, որի անգլերեն տարբերակում շեշտվում է, որ քրեական պատիժ է նախատեսվում այն դեպքում, երբ հավաքին մասնակցելու համար անձին կամ անձանց նյութապես շահագրգռելու հետ մեկտեղ կա նաեւ հարկադրանքի տարրը: Մինչդեռ հայերեն տարբերակում հավաքին մասնակցելու համար անձին կամ անձանց նյութապես շահագրգռելն արդեն իսկ քրեորեն պատժելի է համարվում, եթե անգամ հարկադրանքի տարրը չկա: Այս հիմքով էլ հենց Ավետիք Չալաբյանը կալանավորվել է ու քրեական պատժի ենթարկվել:
Ստացվում է՝ Հայաստանի իշխանություններն իրենց միամիտի տեղ դրած՝ մոլորեցրել են եվրոպական կառույցներին:
ՆԱԻՐ ՅԱՆ