Լույս տեսավ հայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն շվեդերեն (180 էջ): Այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը եւ հայ ժողովրդին: Թարգմանությունն իրականացրել է շվեդաբնակ բանաստեղծ, թարգմանիչ Կարո Հակոբյանը, հատորի խմբագիրն է Դիքսի Էրիքսոնը: Գրքի կազմին որպես պատկերազարդում օգտագործված է ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի գործերից մեկը:
Սոնա Վանը (Տեր-Հովհաննիսյան) Հայաստանում ծնված եւ ԱՄՆ-ում բնակվող մրցանակակիր բանաստեղծուհի է: 1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1978-ից բնակվում է Կալիֆորնիայում: Հեղինակ է մեծ մասամբ քնարախոհական բանաստեղծությունների, որոնք լույս են տեսել առանձին ժոողվածուներով՝ «Լույսի ծվեններ» (1996), «Ես անուն չունեմ» (2003), «Ես ձայն եմ լսում» (2006), «Չառա անունով թռչունը» (2011) եւ այլն: Սոնա Վանի ստեղծագործությունները թարգմանվել են 22 լեզուներով (ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, հունարեն եւ այլն): «Լիբրետո անապատի համար»-ը մինչ այժմ առանձին գրքերով թարգմանաբար լույս էր տեսել նաեւ անգլերեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն:
Կարո Հակոբյանը ծնվել է Իրանում, միջնակարգ կրթությունն ստացել է Լիբանանում՝ Անթիլիասի դպրեվանքում: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է եւ համակարգչային գիտությունների մասնագետ: Շվեդիայում զբաղվում է հանրային, կրթական եւ գրական գործունեությամբ: Նախագահում է «Եվրոպայի հայերի համագումարը», եղել է Շվեդիայի հայկական միություների համադրող կենտրոնի նախագահը, 11 տարի խմբագրել այդ կենտրոնի «Նոր հորիզոն» ամսագիրը: 2000-ին հրատարակել է «Գերված սրտեր» բանաստեղծությունների ժողովածուն, 2012 թվականին Երեւանում նրա եւ այլ թարգմանիչների ջանքերով լույս է տեսել ժամանակակից 22 հայ բանաստեղծների գործերն ամփոփող «Արարատի շուքի ներքո» ժողովածուն՝ շվեդերեն:
Ա. Բ.