Ատելությունից ոչինչ չի ծնվում, բացի ավելի խորը ատելությունից։ Կույր ատելությունը միայն կարող է մարդկանց դրդել երիտասարդ հղի կնոջ մահվամբ հրճվելու, թե մի ընդդիմադիր պակասեց, եւ միայն ատելությունը կարող է դրդել ուրիշներին, որ ափսոսանք հայտնեն հայտնի մի հրատարակչի Լինչի դատաստանից պրծնելու առթիվ։
Կարիք չկա հիշելու անունը այն անձի, որը սերմանեց այս ատելությունը մեր ժողովրդի մեջ, բայց կարիք կա այդ մարդուն հիշեցնելու հայտնի խոսքը՝ անձրեւ ցանողը փոթորիկ կհնձի…
Իսկ փոթորիկը, հերթականը, սկիզբ առավ Արթուր Վանեցյանի նստացույցով, Ազատության հրապարակում, որին հետեւեց պատերազմի մասնակից երկու երիտասարդների հացադուլը եւ ստորագրահավաքը։ Սկզբում թվում էր, թե դրանք ընդամենը «խղճմտանքի ձայներ» էին, անգործության համար մեղադրվելուց խույս տալու միջոց։ Սակայն շուտով զգացվեց, որ վերոհիշյալի ետին կար ընդդիմության գլխավոր ուժերի միջեւ ներքին համակարգում, կամ դրա նման մի բան։
Տեւական թմբիրից ընդդիմության դուրս գալու խթանիչը մինչ այդ պատահած երկու դեպքերն էին, ավելի ճիշտ՝ երկու իրադարձությունները։ Մեկը՝ ապրիլի 20-ին Մոսկվայում, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար ժամանած Նիկոլ Փաշինյանին ցույց տրված անսովոր ճոխությամբ դիմավորումն էր, իսկ մյուսը՝ ավելի շուտ, ապրիլի 13-ին, Ազգային ժողովի ամբիոնից միեւնույն անձի տվայտալից ելույթը, որը դժվար է ասել ինքնախոստովանա՞նք էր, ինքնացուցմո՞ւնք, ինքնարդարացման փո՞րձ, թե՞ զոհերն ու կորուստները առ ոչինչ համարող ուղեղի մորմոք։ Վերջապես՝ անհավասարակշիռ մարդու տվայտանք, որը հունից հանեց քաղաքականությունից խորշող մարդկանց անգամ եւ առաջին հերթին՝ սգավոր ծնողներին։
Ընդդիմության համար հարմարագույն առիթն էր բորբոքելու դժգոհության եւ ընդվզումի կրակը, առաջին հերթին սեփական անգործունեությունից դուրս գալու, երկրորդ՝ հաչս Կրեմլին, եւ ոչ միայն, ցույց տալու, թե վարչապետը այլեւս չի վայելում ժողովրդի մեծ մասի աջակցությունը եւ, հետեւաբար, իրավասու չէ բանակցություններ վարելու եւ Հայաստանի ու Արցախի համար որեւէ պայմանագիր ստորագրելու ո՛չ Բաքվի, ո՛չ Անկարայի եւ ո՛չ էլ մեկ ուրիշի հետ։
Պահը շատ հարմար էր ընդդիմադիր ուժերի եւ հատկապես Դաշնակցության համար, որ ցմրուր օգտագործեց ավանդաբար իր նախաձեռնությունը համարվող ջահերթը Ապրիլ 24-ին նախորդող գիշեր։ Իսկապես տպավորիչ, սովորականից անհամեմատ ավելի հզոր ու բազմամարդ այդ հակաթուրքական երթը ՀՅԴ-ն դարձրեց իր բենեֆիսը։ Կուսակցության ներկայացուցիչը, իր ֆորտեսիմո ճչոցներով չխորշեց անգամ հայտարարելուց, որ երթը առաջնորդվում է ՀՀ, ԱՀ եւ… Դաշնակցության դրոշով, այնինչ առաջնորդողը Հայ եկեղեցու սպասավորներն էին խաչով ու խաչվառով, եւ բազմության մեծ մասը մասնակցելու էր եկել ոչ թե որեւէ կուսակցության դրոշի տակ քայլելու, այլ՝ միահամուռ «Ոչ» ասելու Թուրքիայի հետ կեղծուպատիր խաղաղության դաշն կքնելու փորձերին։
Փաստորեն նույն պատգամն էր արձակվում հաջորդ օրը Ծիծեռնակաբերդից։ Այս անգամ՝ սովորականից ավելի բազմամարդ, ահելների ու ջահելների, ինչպես նաեւ մեկ օրում լրջացած հազարավոր երեխաների թաթիկներով Հավերժական կրակի շուրջ խոնարհվող ծաղկեփնջերի պատգամը։ Ինչո՞ւ չէ՝ նաեւ պետական ու դիվանագիտական դեմքերի, Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ եկեղեցական հայրերի պատգամը, որը ես կբանաձեւեի իբրեւ նախապայման՝ թուրքական փաստացի նախապայմաններով ընթացող բանակցություններից առաջ. հաշտությունը սկիզբ կառնի միայն ա՛յն պահից, երբ ցեղասպան Թուրքիան կընդունի իր հանցանքը եւ կսկսի հատուցում տալ հայ ժողովրդին՝ որպես վստահելի եւ միակ առհավատչյա Հայկական պետության ու հայ ժողովրդի հետագա անվտանգության։
Հետագա օրերին եւ առայսօր շարունակվում են հակաիշխանական ընդվզման հավաքները, երթերը, բողոքի ցույցերը, որոնց կուլմինացիան, համաձայն ընդդիմադիրների խոստումների, տեղի կունենա մայիսի 1-ին, Հանրապետության հրապարակում՝ «մանրամասն մշակված ծրագրով», ինչպես վստահեցնում են նրանք։
Վստահե՞նք նրանց խոստմանը, չգիտեմ։ Համենայնդեպս ապրիլի 23-ի երեկոյան, Հանրապետության հրապարակում, ջահերթի դուրս գալիս, ընդդիմության առաջնորդներից 2-րդ ու 3-րդ նախագահների իրար մոտ չկանգնելը, իսկ, մյուս կողմից, ցարդ կենտրոնական գլխավոր որեւէ դեմքի չհայտնվելը ընդդիմությունը առաջնորդողի դերում, հույս չի ներշնչում, որ ամեն ինչ կարգին է այդ ճամբարում։
Իսկ թե ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, գործող վարչապետը, անցյալ հունիսի 20-ի ընտրությամբ հաստատված իր խարխլված ժողովրդականությունը վերականգնելու համար՝ դեռեւս մնում է գուշակությունների ոլորտում։ Անշուշտ, դեռեւս նա ունի ռեսուրսներ՝ վարչական ու նյութական։ Սակայն մի մարդ, որը ի վիճակի չէ հաղթահարելու իր բարդույթները, ի վիճակի չէ, օրինակ, հրապարակավ ներողություն խնդրելու կամ ցավ արտահայտելու իր սեփական անվտանգությանը ծառայող ավտոշարասյան գործած ոճրի համար, չի կարող հաղթահարել նաեւ իր ատելավառ հոգուն եւ հրաժեշտ տալ իր զբաղեցրած պաշտոնին ու դուռը բացել քաղաքականորեն ընդունելի ու միակ խելամիտ լուծման առջեւ։
Այս կառավարությունը կորցրել է գոյություն ունենալու իր բոլո՛ր իրավունքները՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, բարոյական եւ ժողովրդային։ Միակ բանը, որ նա կարող է անել՝ զիջելն է իր տեղը ժամանակավոր կոալիցիոն մի նոր կառավարությանը։
Այլընտրանքը կոչվում է արյունահեղություն ու քաոս։
Աստված մի՛ արասցէ։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ