Աշխարհի տասնյակ երկրներ ու միջազգային կազմակերպություններ, տարբեր տարիների ընդունելով մեր նկատմամբ իրագործված ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթեր, դրանցում սովորաբար նշել են՝ Հայոց ցեղասպանությունը կամ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, Օսմանյան Թուրքիայում կամ պարզապես՝ Օսմանյան Թուրքիայի կողմից: Իսկ դրա ի՞նչ աշխարհագրություն է նշված մեր իսկ իրավական փաստաթղթերում, որոնք, թվում է, կարող էին ինչ-որ տեղ նաեւ հիմք ու ելակետ լինել օտարների համար:
Այս հարցի լուրջ մտածել տվող պատասխանը Հայկական ՍՍՀ 1988 թ. նոյեմբերի 22-ի՝ մեր այս կարգի առայժմ միակ օրենքի հենց վերնագրում է: Որն ինքնին, թույլ տվեք կարծել, այդ առումով խնդրահարույց է: Օրենքը «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» է վերնագրված, այս ձեւակերպումն է կրկնված նաեւ փաստաթղթի առաջին կետում:
Կարելի է հասկանալ, որ այն ժամանակ՝ դեռ խորհրդային իշխանության օրոք, այսքանն էլ առաջընթաց համարձակ քայլ էր, որը չպետք է թերագնահատել: Բայց դրանից իրողությունը չի փոխվում: Իրավական թերի կամ թույլ ձեւակերպումը կարող է երբեւէ իրավական անցանկալի հետեւանք առաջացնել: Թող պարզունակ չհնչի, բայց երբ ասվում է՝ Օսմանյան Թուրքիայում, կարող է նաեւ հարց առաջանալ, չէ՞, թե այդ հայերը օսմանյան կամ այլ Թուրքիայում ի՞նչ գործ ունեին: Իսկ երբ ինքներս ենք արձանագրում թե՝ Օսմանյան Թուրքիայում, դրանով արդեն մենք մոռանալ ենք տալիս, որ դա տեղի է ունեցել ամենից առաջ մեր իսկ բնօրրանում, մեր տանը, հազարամյակների մեր հայրենիքում, մոռանալ ենք տալիս նաեւ Հայոց ցեղասպանության երկրորդ էական հետեւանք մեր հայրենազրկումն ու էլի ուրիշ բան…
Արդեն 1990 թ. օգոստոսի 23-ի մեր Անկախության հռչակագրում՝ 11-րդ կետում, ավելացված է «եւ Արեւմտյան Հայաստանում», ինչը գոնե մեկ քայլ առաջ է: Ի դեպ, ՌԴ Պետդումայի 1995 թ. ապրիլի 14-ի դատապարտող հայտարարությունում, թերեւս որպես միակ օրինակը, գրված է միայն «Արեւմտյան Հայաստանի տարածքում», իսկ ժամանակը՝ ոչ թե 1915, այլ 1915-1922 թվականներ:
Թվում է՝ եթե Հայոց պետությունը, մեր Անկախության հռչակագրին համապատասխան, շարունակելու է սատար կանգնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին ու նաեւ հետամուտ լինել ընդունելի իրավական հետեւանքների, ապա պետք երբեւէ գտնի ու օրենսդրորեն ամրագրի մեր եւ մարդկության դեմ գործված այդ հանցագործության աշխարհագրության ճշտված ձեւակերպում: Ասենք, օրինակ, «Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրությանը բռնակցված այլ վայրերում եւ դրանցից դուրս»:(*)
Վերն ասվածի հաշվառումով մոտավորապես նման մի տարբերակի կշռադատված ընտրությունն, արդեն, մասնագետների գործը կլինի:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի
*) Խմբ. կողմից ավելացնենք՝ «Արեւմտյան Հայաստան» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «Կիլիկիա»ն: