Անկեղծ ասած չեմ հիշում որտեղ եմ կարդացել, բայց հայտնի պատմություն է: Դասընթացն սկսելուց առաջ դասախոսը գրատախտակին գրեց հաստ եւ մեծ մեկ թիվը եւ դիմելով ուսանողներին, բացատրեց`
– Սա յուրաքանչյուրի մարդկությունն է` կյանքում ամենաանհրաժեշտ որակը:
Հետո մեկի կողքին զրո գրեց եւ շարունակեց`
– Սա էլ ամեն մարդու ձեռքբերումներն են, որոնք մարդկայնության հետ նրան տասն անգամ ավելացնում են: Այնուհետեւ եւս մեկ զրո ավելացրեց եւ պարզաբանեց` սա էլ փորձն է, որը մարդուն դարձրեց 100: Եվ այսպես ամեն զրոյի հետեւից մի նոր զրո ավելացնելով՝ զգուշություն, քաղաքավարություն, սեր եւ այլն, դասախոսը բացատրեց, որ յուրաքանչյուր զրոն մարդուն ավելի ազնվական է դարձնում:
Բայց հանկարծ շրջվեց եւ ջնջեց մեկ թիվը, որը բոլոր թվերի սկզբում էր: Գրատախտակին անարժեք, անիմաստ ու անպիտան զրոներ մնացին: Նայելով այդ պատկերին` դասախոսը բազմանշանակ ավարտեց խոսքը.
– Եթե չունես մարդկություն, մնացածը արժեք չունի:
Ամենայն ափսոսանքով պիտի նշեմ, որ մեզանում այդ զրոները վերջին շրջանում շատ են պակասել եւ այդ գործընթացն սկսվեց այն պահից, երբ տարբեր նվաճողների ձեռքով ոչնչացվեց մեր ազնվականությունը: Հասել ենք այն հանգրվանին, որ մեզ քաղաքակիրթ ենք համարում, սակայն, ցավոք, «քաղաքակրթություն» հորջորջվող երեւույթը մեզանում հիվանդ է եւ այլասերված: Ապականված են բարոյական նորմերը: Ամոթ եմ զգում մարդ տեսակի համար: Մենք հաշտ չենք իրար հանդեպ, հաշտ չենք մեր խղճի հանդեպ, հաշտ չենք Մայր Բնության հանդեպ: Ինչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում: Պատմաբանիս դիտակետից կարող եմ վկայել` այդպես էլ չհասկացանք, որ քաղաքակրթություն ասվածն իրականում խաբելու, սեփական շահի համար ամեն բան զոհելու, ուրիշների հաշվին առաջ ընթանալու չգրված նորմերի ամբողջությունն է, իսկ մնացյալը մեր նման մշտապես երազախաբեությամբ ապրող ժողովուրդներին շփոթեցնելու արվեստն է…Ցավոք, մենք շարունակում ենք ինքնախաբվել, էդպես երեւի հարմար է ու հեշտ…
Եթե հետ գնանք գաղութատիրության շրջան, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ գաղութատերերը չկարողացան դիմանալ անկախության ձգտող ժողովուրդների ճնշմանը: Որովհետեւ չնայած նրանք ֆիզիկական հսկայական ուժ ունեին, սակայն կորցրել էին բարոյական ուժը: Նվաճված ժողովուրդներն այլեւս գաղութատերերի սուտ խոստումներին չէին հավատում: Արթնացել էին դարավոր ընդարմացումից, սթափվել: Այսօր էլ նույնն է: Միաբեւեռ աշխարհի վարիչները ԱՄՆ-ի առաջնորդությամբ ֆիզիկական մեծ պոտենցիալ ունեին, սակայն բարոյականը ունեի՞ն: Սա է խնդիրը: Աֆղանստանի, Իրաքի, Սերբիայի, Լիբիայի, Սիրիայի եւ Եմենի պատերազմները ու Պաղեստինի ժողովրդի տառապանքը վկայությունն են այն իրողության, այն բարոյական անկումի, որին հասել են մեծ տերությունները: Բնագավառի մասնագետների կարծիքով հենց Բարոյական ուժի տկարացումն է, որ հյուծեց եւ խիստ թուլացրեց միաբեւեռ այն համակարգը, որ հաստատվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո: Խորհրդային Միության գոյությունն էր Արեւմուտքին պարտադրում թեկուզ առերեւույթ բարոյական լինել, որպեսզի կարողանար սիրաշահել սեփական եւ մյուս երկրների ժողովուրդներին:
Իսկապես ի՞նչ արժեք ունի, եթե ֆիզիկական ուժ ունես, սակայն կորցրել ես քաղաքացիներիդ կամ այլ ժողովուրդների վստահությունը, որը միջպետական հարաբերություններում ամենամեծ արժեքն է: Հենց այդ արժեքն է, որ այսօր կորսված է: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ դաշնակից պետություններն անվստահություն ունեն իրար հանդեպ: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի վստահում Արեւմուտքին եւ դա փոխադարձ է: Կարծում եմ, որ հենց սա է Ուկրաինական հիմնախնդրի հիմնական պատճառը: Չկա, ամբողջովին կորսվել է այնքան անհրաժեշտ փոխվստահությունը:
Իսկապես էլ, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառները պարզելու համար հարկավոր է նախ ճանաչել Ռուսաստանի Դաշնության ռազմական հայեցակարգը: Այնտեղ նշված է, որ ռուսական պետության տարածքից բացի ՌԴ-ի համար կարեւոր են հետեւյալ չորս շրջանները. Բելառուսիա, Ուկրանիա, Հայաստան-Վրաստան եւ Ղազախստան: Ինչո՞ւ: Պատճառը հստակ է: Որեւէ օտար ներթափանցում այս շրջաններ կվտանգեն ՌԴ-ի սահմանները: Հետո էլ նրանք այդ շրջաններն օգտագործելով կկարողանան վնասակար եւ վտանգավոր գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ: Գուցե զարմանալի թվա, սակայն աշխարհագրությունն ու պատմությունն էլ են դա վկայում` Ռուսաստանը լինելով հարթավայրային երկիր, միշտ վախ է ունեցել թե՛ արեւմտյան եւ թե՛ արեւելյան հարեւաններից: Այսպես. Նապոլեոն Բոնապարտը 1812-ին եւ Հիտլերը 1941-ին շաբաթների ընթացքում հասան Մոսկվա: Սա է այն գլխավոր պատճառը, որ Ռուսաստանը միշտ ձգտել է ինքն իրեն շրջապատել բարեկամ, չեզոք կամ դաշնակից պետություններով: Սա էր պատճառը, որ երբ Խորհրդային Միությունը համաձայնեց Վարշավայի պակտից հրաժարվել, փոխարենը Արեւմուտքից պահանջեց խոստանալ, որ չի թափանցի Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ` Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, առավել եւս` նախկին ԽՍՀՄ հանրապետություններ` Մոլդովա, Ուկրանիա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա եւ Բելառուս: Սակայն այդ խոստումը դրժվեց, եւ 1997թ. սկսվեց ՆԱՏՕ-ի թափանցումը Վարշավայի պակտի նախկին անդամ երկիրներ, որոնք մեկ առ մեկ միացվեցին ՆԱՏՕ-ին: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը` դրժելով խոստումը, որ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր տվել ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովին, սկսեց այս հոլովույթը: Արեւմուտքն այլեւս Ռուսաստանին հաշվի չէր առնում: ՆԱՏՕ-ին միացան նաեւ Սլովենիան, Խորվաթիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Մոնտենեգրոն, 2009-ին էլ` Ալբանիան: Այսինքն` Եվրոպայից մնացին միայն Ավստրիան, Շվեյցարիան, Բոսնիա-Հերցեգովինան, Սերբիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան (օրերս հայտարարվեց նաեւ վերջին երկուսի շուտով միացման մասին):
Շրջադարձային եղավ 2003-ին ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք: Ռուսաստանն իրական վտանգն զգաց եւ հսկայական միջոցներ տրամադրելով ձեռնամուխ եղավ զենքերի արդիականացմանը: Որոշ թերություններով այն ավարտվեց 2010-ին: Բավականին լավ պատկերացնելով իրավիճակը` նախագահ Պուտինը ձեռնամուխ եղավ Ռուսաստանի հիմնարար վերականգնմանը եւ դա արեց ազգայնական ու կրոնական հիմքերի վրա: Լավ հասկանալով, որ դեռ ցարերի ժամանակներից Ռուս Ուղղափառ եկեղեցին եւ ազգային արժեքներն էին կազմում Ռուսաստանի հզորության հիմնաքարերը: Այդ ընթացքում ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դրոշով շարունակեց ընդլայնվել դեպի արեւելք` ընդհուպ մոտենալով ՌԴ-ի ռազմավարական շրջաններից մեկը համարվող Ուկրաինային: Ոչ-կառավարական բարեսիրական կազմակերպությունների քողի ներքո 2014-ին այնտեղ կազմակերպեց պետական հեղաշրջում, հեռացրեց ռուսամետ նախագահ Յանուկովիչին եւ իշխանության բերեց ֆաշիստական թեքում ունեցող ուժերին, որոնց կնքահայրն էր եղել ֆաշիստական Գերմանիայի գործակալ, ոճրագործ Բանդերան: Սրանք ամեն ինչ արեցին Արեւմուտքի կամակատարը դառնալու համար, մոռանալով, որ յուրաքանչյուր շարժում ունի նաեւ հակաշարժում: Հենց որն էլ իրագործեց Ռուսաստանը` երկու կարեւոր քայլ կատարելով. ա) հանրաքվեի միջոցով իրեն վերամիավորեց Սեւ ծովում առավելություն ապահովող Ղրիմը եւ բ) պաշտպանեց Ուկրաինայի ռուսախոս Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը:
Կիեւն այս գործողությունները լուծելու համար փոխանակ երկխոսության գնալու դիմեց ծայրահեղ քայլերի: Դրան սպասող Արեւմուտքը եւս գնաց ծայրահեղության եւ ընդդեմ Դոնեցկի ու Լուգանսկի` սկսեց զինել Կիեւին: Հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին, սակայն Ուկրանիան դեմոկրատացման քողի ներքո շարունակեց զինարշավը` ինքն իրենից վանելով եւ օտարացնելով ռուսախոս բնակչությանը: Ռուսաստանը հասկացնել տվեց, որ կդադարի վիճարկել ուկրաինական իշխանությունների օրինականությունը, եթե նրանք Ֆինլանդիայի նման հայտարարեն իրենց չեզոքության մասին եւ չմիանան ՌԴ-ին «ոչ բարեկամ կազմակերպութիւն» ՆԱՏՕ-ին: Ինչո՞ւ, որովհետեւ ռուսական վերնախավը տեղյակ էր Արեւմուտքի հին ծրագրերից մեկին, որի նպատակն է շրջապատել Ռուսաստանը, բազմատեսակ դժվարություններ ստեղծել այնտեղ, ներսից պայթեցնել այն եւ տեր դառնալ այդ երկրի անծայրածիր բնական հարստություններին: Պատմությունից հայտնի է, որ այդպիսի ծրագիր իրականացնելու հավակնություններ ունեին թե՛ Նապոլեոնը եւ թե՛ Հիտլերը: Ի դեպ, 1990-ական թուականների Չեչնիայի պատերազմի նպատակներից մեկն էլ դա էր:
Ռուսաստանի առաջարկած պայմաններն Արեւմուտքի դրդմամբ մերժվեցին: Պատասխանը եղավ Ուկրաինայի դեմ ծավալված եւ ցայսօր շարունակվող «հատուկ գործողությունը»: Իսկ հազարավոր զոհերն ու տուն-տեղ կորցրած միլիոնավոր փախստականները հզորների համար ոչինչ չարժեն, կարեւորը զինարդյունաբերու-թյան աստղաբաշխական եկամուտներն ապահովվեն:
Կիսում եմ համաշխարհային փորձագիտաան այն տեսակետը, որ այս պատերազմը նոր աշխարհակարգի ձեւավորման սկիզբն է կարծես, որովհետեւ նոր իրողություններ, նոր տեսակի ու բնույթի հարաբերություններ են ձեւավորվում աշխարհում: Սակայն ԱՄՆ-ը այդ «ՆՈՐ»-ին դեմ է եւ համառորեն չի ուզում ընդունել այն, քանի որ արդեն տեւական ժամանակ նա էր միայնակ որոշումներ ընդունում եւ դրանից հրաժարվելն ու ուրիշների հետ կիսելը այնքան էլ հեշտ չէ: Որ այս պատերազմից հետո նոր աշխարհակարգ պիտի հաստատվի, կասկած չկա, բայց ի՞նչ գինով, սա է հարցերի հարցը: Իսկ մեր անչափ կարեւոր է, թե այդ նոր աշխարհում ինչպիսի տեղ, դեր ու կարգավիճակ կհատկացվի Հայաստանին եւ նրա օրգանական մաս Արցախին:
Կարծում եմ այս հարցերի պատասխանների արմատներն ու բանալին կարելի է նշմարել 1919 թվականի մարտի 23-ին «ԽՈՉՍՈջրՍՏպ րսՏՉՏ» պարբերականում տպագրված Սերգեյ Գորոդեցկու «Ղարաբաղ» հոդվածում, որում ասվում է. «Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական հենակետերն ու խորհրդավոր ամրությունները: Երբ ազգի ճակատագիրը երջանիկ ընթացք է ունենում, այդ խորհրդավոր ամրությունը դառնում է ազգի մշակութային եւ քաղաքական մտքի կենտրոն: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, այդ գաղտնախորհուրդ ամրոցը դառնում է ազգային կյանքի հենակետ, հույսի կղզի, դառնում՝ ազգային ինքնության ապաստարան եւ վերածննդի գրավական ու բանալի:
Հայ ժողովրդի համար այդ դերը խաղացել եւ խաղում է Արցախ աշխարհը»:
Ասել է, թե կկարողանա՞նք տեր կանգնել Արցախին, պաշտպանել ու միակամվել, մեր համար էլ կնախատեսվի եւ կունենանք մեր արժանապատիվ տեղը եւ, որպես առանձնահատուկ առաքելություն ունեցող ժողովուրդ, նաեւ մեր դերակատարությունն այս նորացված աշխարհում: Նորություն չեմ ասում, սակայն չեմ էլ խուսափում կրկնելուց, որ առանց չափազանցելու ռուս-ուկրաինական ճակատում որոշվում է նաեւ այնքան չարչրկված Հայկական հարցի ճակատագիրը: Այնպես որ ազգովին խելացի ու հաշվարկված քայլեր պետք է անենք, որ նորից կոտրած տաշտակի առաջ չհայտնվենք: Գիտակցենք, որ փոփոխվող այս աշխարհում կարեւորվում են նույնիսկ ամենաթույլ ու փոքր ազգերը, որովհետեւ պատկերավոր ասած` այս պահին Երկիր մոլորակում տեղի է ունենում քվեարկություն հիշեցնող գործընթաց, որտեղ կարող է վճռորոշ լինել յուրաքանչյուր ձայն: Արդ, տեր կանգնենք մեր ձայնին:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
8-18.04.2022