Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Վահան Թեքեյանի եռահատորյակի Ա. գիրքը

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ նույն հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի հեղինակած «Վահան Թէքէեան» երկերի եռահատոր ժողովածուի առաջին հատորը, որը ներկայացնում է հանճարեղ հայի 1901-1910թթ. գրած եւ մամուլում տպագրած հրապարակագրական հոդվածները:

 Գիրքը վերջերս մասնակցել է Լոնդոնի «Օլիմպիա» կենտրոնում անցկացված «Գրքի միջազգային ցուցահանդեսին», եւ այլ հայ հեղինակների գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրքերի հետ միասին ներկայացվել է Հայաստանի տաղավարում:

Գրքի շնորհանդեսը նախատեսվում է Երեւանում մայիսին (այս մասին լրացուցիչ կտեղեկացվի):

 Նշենք նաեւ, որ սփյուռքահայ հրապարագրի՝ Վահան Թեքեյանի մեծաքանակ հոդվածները սփռված են մամուլի էջերում: Գրքի հեղինակը հավաքել եւ ժամանակագրական կարգով զետեղել է դրանք այս հատորի մեջ:

 Վ. Թեքեյանի հոդվածներն առանձին հատորներով ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ:                         

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ