Դժվար է ասել, «Կարմիր գիծ» արտահայտությունը միջազգային հարաբերություններում երբվանից է լայն տարածում գտել: Բայց ժամանակակից պատմության մեջ հայտնի է, որ առաջին անգամ այդ եզրույթն օգտագործվել է 1928 թվականի հուլիսի 31-ին թուրքական TPC նավթային ընկերության բաժնետերերի միջեւ ստորագրված «Կարմիր գիծ» անվանումն ստացած Համաձայնագրում, որտեղ թուրքական ընկերության հիմնադիր հայազգի Գալուստ Գյուլբենկյանը քարտեզի վրա կարմիր թանաքով սահմանագծել է այն տարածքը, որն այսօր կոչվում է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ: Գյուլբենկյանը դրանով առանձնացրել էր այն տարածքը, որի սահմաններից ներս նավթային ընկերության բաժնետերերին չէր արտոնվում նավթային ոլորտում ինքնուրույն գործունեություն ծավալել:
1970 թվականից ի վեր «կարմիր գիծ» արտահայտությունը փոխել է իր կիրառելիության ոլորտն ու ներկայումս օգտագործվում է բանակցության ժամանակ հակադիր կողմին ներկայացնելու համար այն շրջանակը, որի սահմանների վերազանցումն անթույլատրելի է համարվում:
Այսօր դիվանագիտության մեջ կենսական նշանակությամբ բանակցություններից առաջ, կարմիր գծերի սահմանումով, կողմերը նախապես հստակեցնում են իրնեց համար անսակարկելի եզրերը:
Այսպիսով, կարմիր գծերը սահմանվում են ճակատագրական նշանակություն ունեցող բանակցություններից առաջ, այլ ոչ թե ձեւակերպվում հընթացս՝ բանացությունների սեղանին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան