2021 թ. զուգահեռաբար հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով լույս ընծայվեց հեղինակի՝ Ստեփան Հասան-Ջալալայանի կողմից լայնորեն գովազդված «Ադրբեջանա-արցախյան հակամարտության գենեզիսը եւ դրա կարգավորման ուղիները» (Երեւան, հեղինակային հրատարակություն, 228 էջ) գրքույկը: Գրքույկի կազմից դատելով՝ հեղինակը ներկայանում է որպես քաղաքագիտության մագիստրոս, որի աշխատավայրը չի նշվել:
Գրախոսվող աշխատանքի թեման արդիական է, նույնիսկ հրատապ, քանի որ հայագիտության գնահատականներն ու նվաճումները լայնատարած քարոզի կարիք ունեն, մանավանդ որ մեր հետազոտությունները սովորաբար միայն հայերեն են հրատարակվում, իսկ փոքր տպաքանակն ու պետական ատյանների եւ զլմների կողմից նպատակամղված քարոզչական աշխատանքի բացակայության հետեւանքով դրանք հասարակությանը քիչ հասանելի են մնում:
Քանի որ գրքույկի անոտացիայից սկսած Ս. Հասան-Ջալալյանը շեշտում է, թե «գաղտնազերծված, նորահայտ, ինչպես նաեւ պատմաքաղաքագիտական գրականության հիման վրա առաջին անգամ ամբողջական ձեւով ցույց է տրված հակամարտության ծագումն ու դրա կարգավորման հնարավոր ուղիները» (հայերեն տեքստի էջ 2, ռուսերեն էջ 82, անգլերեն էջ 157) ստիպված ենք փաստել, որ վերոհիշյալ անձը՝ փորձելով ռահվիրայի դեր կատարել, ընթերցողին, մեղմ ասած, գցում է թյուրըմբռնման մեջ: Այդ իսկ պատճառով հայերեն 75, ռուսերեն 70 եւ անգլերեն 70 էջերից բաղկացած գրքույկի վերլուծությունը սկսենք պատմագրությունից, որը փաստորեն բացակայում է ընթերցողին ներկայացված տեքստում: Գրքույկում հանդիպում ենք միայն երկու մենագրության (Շ. Ավագյանի եւ Ա. Մանասյանի), արխիվային փաստաթղթերի մի ժողովածուի եւ պատմական իրադարձությունների եռանդուն մասնակիցների հուշերի երկու հատորների (Հ. Թումյանի եւ Ե. Իշխանյանի): Եվ սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր գիտական աշխատանք պետք է սկսել այն հեղինակների հիշատակումից, որոնք նկատելի ավանդ են ներդրել 1917-1920 թթ. արցախահայության՝ Հայրենիքի հետ վերամիավորման պայքարի լուսաբանմանը: Դրանք են Բ. Ուլուբաբյանի «Արցախի պատմությունը սկզբից մինչեւ մեր օրերը» (Երեւան, 1994, 378 էջ), «Արցախյան գոյապայքարը» (Ե., 1994, 300 էջ) եւ Վ. Բալայանի «Արցախի պատմությունը հնադարից մինչեւ մեր օրերը» (Ե., 2002, 408 էջ), «Դրվագներ արցախահայության ազատագրական պայքարի եւ պետականակերտման պատմության (1813-2007 թթ.)» (Ստեփանակերտ, 2012, 416 էջ), Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, ականավոր հայագետ Ռ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետությունը քառահատորյակի (Լոս Անջելես 1971, 1996 անգլերեն եւ Ե., 2005, 2015 հայերեն), Գ.Մ. Հարությունյանի «Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ.» (Ե., 1996, 299 էջ), Հ. Աբրահամյանի ծանրակշիռ հատորյակները՝ «Մարտնչող Արցախը 1917-2000» (գիրք Ա 1917-1921, Ե., 2003, 340 էջ, գիրք Գ 1985-2000, Ստեփանակերտ, 2007, 744 էջ), Շ. Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի (1920-1988 թթ.) իրականացրած ցեղասպանության անատոմիան» (Ստեփանակերտ, 2003, 238 էջ), Մ. Չալյանի «Освещение арцахского движения в армянской англоязычной прессе США » (Ե., 2006, 251 էջ) , Ա.Գ. Արեշեւի « Нагорный Карабах в региональной и мировой политике » (Մ., 2006, 128 էջ) աշխատությունները, Ս. Շահմուրադյանի, Վ. Միքայելյանի « Нагорный Карабах в 1918-1923 гг.» (Ե., 1992, 754 էջ), Յու.Գ. Բարսեղովի երկու հատորները « Нагорный Карабах в международном праве и мировой политике » (Մ., 2008-2009, 944 եւ 480 էջ) արխիվային փաստաթղթերի ժողովածուներ, պ.գ.թ. Ա. Մաղալյանի խմբագրությամբ «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» (Ե., 2007, 370 էջ) եւ պ.գ.թ. Մ. Հարությունյանի խմբագրած «Ադրբեջանի պետական ահաբեկչության եւ էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ» (Շուշի 2010, 348 էջ), «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն եւ արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչեւ միջազգային դատարան)» (Ե., 2021, 584 էջ), «Գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու), Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր» (Ստեփանակերտ, 2018, 534 էջ) միջազգային գիտաժողովների նյութեր: Որպես ընդհանրացում այդ պայքարը իր բաժինն է կազմել «Հայոց պատմություն (հատ. IV, գիրք Ա, Նորագույն պատմություն (1918-1945 թթ.)», (Ե., 2010, էջ 191-202) ակադեմիական հրատարակության էջերում:
Միայն Արցախի էլեկտրոնային գրադարանում կարելի է գտնել Արցախի պատմության վերաբերյալ 354 գիրք ու հոդված: Սրանց կարելի է գումարել Մ. Մալխասյանի ուսումնասիրությունը (Դետրոյտ, 1996), Լ. Չորբաջյանի ժողովածուն (Նյու Յորք, 2001), Թ. դե Վաալի գիրքը: Հեղինակին որպես պատմագրական ակնարկ օգտակար կլիներ նաեւ պ.գ.դ. Գ.Գ. Մախմուրյանի « Трагедия города Шуши 23-26 марта 1920 г. в отечественной и зарубежной историографии » («Պատմաբանասիրական հանդես», 2021, դ 2) հոդվածը:
Գիտական հետազոտությունների այս ազդու ցանկի ամբողջական անտեսումը մեզ հիմք է տալիս որակել Ս. Հասան-Ջալալյանի շարադրած տեքստը որպես սիրողական եւ հեղինակային իրավունքի տեսանկյունից ոչ բարեկիրթ հրապարակախոսություն: Հավաստի ու բազմիցս հրատարակված փաստերի օգնությամբ հեղինակը փառազերծ է անում ադրբեջանական բազմաթիվ եւ անկաշկանդ խարդախումները: Եթե մենք ի վերջո հասկացանք, որ անհնարին է լուռ մնալ հայ-ադրբեջանական գաղափարական ու քարոզչական կռվում, այլ հարկավոր է գործի դնել Հայաստանում ու արտերկրում հրատարակված գիտական մշակումների մեր կուտակված ծավալը, ապա գրախոսվող գրքույկը ընթերցողին ճիշտ տվյալներ է բերում իր Հայրենիքի անկակտելի մաս հանդիսացող Արխացի պատմության մասին:
Այդ հանգամանքով հանդերձ, պատմական փաստերի ճշգրիտ լինելն ու նրա բանավեճի հակաադրբեջանական տեղին ուղղվածությունը ուղեկցվում է խիստ բացասական հանգամանքով՝ սա վաղուց վերլուծված արխիվային փաստաթղթերի ծայրահեղ սակավությունն է: Փաստորեն տեքստի հիմքում միայն 1999 եւ 2008 թթ. հրատարակված Արցախի ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանի եւ երկրամասի ռազմական գործերի կառավարիչ Հարություն Թումյանի հուշերն են: Թեեւ հնարավոր էր ընդգրկել տեղական Խորհրդի քարտուղար Աբրահամ Կիսիբեկյանի «Հուշեր, 2 հատորով» (Ե., 2011, 519 եւ 606 էջ), միջազգային որակի մասնագետ Յու. Բարսեղովի արխիվային փաստաթղթերի եւ նրանց վերլությույանը նվիրված երկհատորյակը: Նշենք, որ գրքույի հեղինակը նույնիսկ չի նշում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Միքայելյանի անունը:
Եթե Ս. Հասան-Ջալալյանը՝ մանրամասն լուսաբանելով երկրամասում 1918-1920 թթ. գումարված համագումարները, վերապատմում է Հ. Աբրահամյանի «1918-1920 թթ. արցախահայության համագումարների ժողովրդավարությունը» տիտղոսով հոդվածը, ապա հղումներում դա չի նշում: Որեւէ աշխատության յուրացման նման փորձը չես կարող գնահատել այլ կերպ, քան բացահայտ գրագողություն: Ուշադիր որոնման արդյունքում մենք գտնում ենք այդ հոդվածը գրականության ցանկում, սակայն այդտեղ բացակայում են նույն հեղինակի քննարկվող թեմային վերաբերող գրքերը կամ եւս մեկ հոդված համագումարների մասին:
Քանի որ վերոհիշյալ համագումարները մանրամասն նկարագրված են 1971 թվականից, Ս. Հասան-Ջալալյանը պետք է ներգրավեր ակադեմիկոս Ռ. Հովհաննիսյանի «The Armeno-Azerbaijani Conflict Over Mountainous Karabagh, 1918-1919» եւ 1993 թ. լույս ընծայած «Mountainous Karabagh in 1920: an Unresolved Conflict» ծավալուն հոդվածները:
Ս. Հասան-Ջալալյանը լայնորեն կիրառել է ուրիշների աշխատությունները վերաշարադրելու եւ բանաքաղելու անընդունելի գործելաոճը, երբ նա փորձում էր իրեն վերագրել հին իշխանական տոհմին պատկանելությունը (տես այդ տոհմի ներկայացուցիչ Ժասմեն Ասրյանի 2021թ. մայիսի 21-ին «Ազգ» թերթի N 19, էջ 8-9-ում հրատարակած «Ինքնակոչ «Հասանի» ծակ մաշիկները» հոդվածը), արտագրում ու կեղծում Հասան-Ջալայանների տոհմի պատմությունը կամ «մեկնաբանում» Արցախի միջնանդարյան անցյալը: Ավելի վաղ եւ մանրամասն այդ ասպարեզում նրա գործած կոմպիլյացիաներն ու սխալները վեր են հանել պատմական գիտությունների թեկնածուներ Արտակ Մաղալյանն ու Լեռնիկ Մկրտումյանը՝ «Պայմանական» Ջալալի նոր արտագրությունները» հոդվածում (2017թ. սեպտեմբերի 15-ին լույս տեսած «Ազգ»ի N 34, էջ 8-9-ում):
Անդրադառնալով վերոհիշյալ բանաքաղումներին՝ «Ազգ»-ն արդեն երկու անգամ ի ցույց է դրել, որ գիտական նյութի վատ տիրապետումը եւ աղբյուրների հետ աշխատանքի բացակայությունը նսեմացնում են ոչ միայն գրքույկի հեղինակին, այլեւ ողջ հայագիտության՝ որպես գիտության ճյուղի հեղինակությունը:
Ընթերցողի ընկալումը հեշտացնելու եւ սեփական տեքստն ավելի համոզիչ դարձնելու նպատակով մեր կողմից քննարկվող գրքույկի էջերում ներկայացվում են մասնագետների մոտ կասկած չհարուցող արխիվային փաստաթղթերի ֆոտոպատճեններ: Թեեւ փաստաթղթերի բոլոր ֆոտոպատճենները վերցված են Տիգրան Քոթանջյանի համացանցում զետեղված « Нагорно-Карабахский конфликт в начале 20 века » (https:// bit.ly/2W6z6tg) հրապարակումից: Այս պարագայում մեր մագիստրոս քաղաքագետը հստակ նշում է իր կատարած հղումը: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւմ է կայանում գրախոսվող աշխատանքի նորույթը: Ինչո՞ւմ է հանդիսանում նրա առաջնությունը:
Ի դեպ, այլ ֆոտոպատճենների թվում Ս. Հասան-Ջալալյանը ներկայացնում է 1920 թ. փետրվարի 12-ից ապրիլի 10-ին Լոնդոնում գումարված համաժողովի Հայաստանի հարցերով հանձնաժողովի զեկույցի լուսապատճենը (հայերեն էջ 20-21, ռուսերեն էջ 98-99 եւ անգլերեն էջ 173-174): Լուսանկարում ներկայացված է այդ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույցի տիտղոսաթերթը, ուր չկա ո՛չ կնիք-մակագրություն, ո՛չ արխիվային դասիչ կամ ստորագրություն, այսինքն ոչ մի բան, որը թույլ կտար բնութագրել սույն մեքենագիր թերթը որպես փաստաթուղթ: Այդպիսի դրոշմանկարը չի կարելի անվանել արխիվային նյութի գիտական հրապարակում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ գրքույկի հեղինակը որեւէ պատկերացում չունի սկզբնաղբյուրների հրապարակման գործի մասին: Հարկ է նկատել, որ 1920 թ. փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջ. Քերզոնը կարդացել է սույն զեկույցը իր գործընկերներին, իսկ նրանց նիստերի սղագրությունները կազմել են «Documents on British Foreign Policy 1919-1939», 1 st series, in 27 vols. (vol. VII 1920, ed. by R. Butler and J.P.T. Bury. Lnd., HMSO, 1958, 744 Ր.) պաշտոնական կառավարական հրատարակության յոթերորդ հատորը: Գրքույկի հեղինակը անտեղյակ է, որ վերոհիշյալ փաստաթուղթը պահանջեցին վերափոխել եւ մարտի 24-ին միայն հանձնաժո¬ղովն ավարտեց հայ-թուրքական սահմանի նկարագրումը, որն էլ ամսի 25-ին ստացավ համաժողովի հավանությունը (p. 642-649): Այսպիսով, հեղինակը ներկայացնում է միջանկյալ մի տեքստ, որի վերջնական տարբերակը չի մտել Ս. Հասան-Ջալալյանի շարադրանքի մեջ:
Հավելենք, որ 1920 թ. փետրվարի 16-ին եւ 27-ին խոսելով հայ-ադրբեջանական սահմանազատման մասին՝ Քերզոնը երկու անգամ Ղարաբաղը վիճելի բնութագրեց, իսկ այդ տարածքը՝ գերազանցապես հայկական: Մարտի 25-ին Անդրկովկասի հանրապետություններին կես տարի հատկացրին բոլոր հիմնահարցերը լուծելու համար, իսկ հաղթող տերությունների ներկայացուցիչ սպաները տեղում ճշտելու էին սահմանագիծը. հակառակ դեպքում գլխավոր դաշնակից տերությունները իրենք էին կայացնելու իրավարար որոշում եւ գծելու էին սահման: Շեշտենք, որ Ղարաբաղի սահմանի վիճելիության մասին եզրույթը արժեզրկում էր 1919 թ. օգոստոսի 22-ի համաձայնությունը դեռ մինչ Խ. Սուլթանովի կողմից դրանից գրավոր հրաժարումը, ինչպես նաեւ Ղարաբաղում ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումն ու 1920 թ. ապրիլի 29-ին արցախահայերի IX համագումարի կողմից տխրահռչակ համաձայնագրի բեկանումը: Ի դեպ, փետրվարի 27-ին Լոնդոնում Քերզոնը Ղարաբաղը բնորոշեց որպես վիճելի՝ ելնելով սահմանային հանձնաժողովի զեկույցում տեղադրված բացատրություններից: Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակությունը մարտի 31-ին տարածքային հավակնություններ ներկայացրեց համաժողովին՝ Բաթումի եւ Կարսի նկատմամբ: Սակայն Լոնդոնում գտնվող դիվանագետները որոշեցին սպասել Ազգերի լիգայի գնահատականին:
Վերջը` հաջորդիվ
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՄԱԽՄՈՒՐՅԱՆ
պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող