Հայաստանի Զինված ուժերը երեկ միանգամից երկու կորուստ են ունեցել։ Երկուսն էլ ժամկետային զինծառայողներ են 18 ու 19 տարեկան։ Դեռ կյանք չմտած երիտասարդները զոհվել են խաղաղ պայամններում, ու որ ամենացավալին է՝ ոչ թե հակառակորդի սադրանքի պատճառով, այլ ծառայակցի, հրամանատարի հետ լեզու չգտնելու կամ բոլորովին այլ պատճառով։
Պատճառները երբեմն այնպիսին են, որ պարզապես հրապարակել չենք կարող՝ չվնասելու թե՛ տղաների հարազատների բարոյահոգեբանական առողջությանը, թե՛ ազգային անվտանգությանը։ Թե իրականում ինչն է երեկ զոհված զինվորների մահվան պատճառը, պաշտպանության նախարարությունը, վստահաբար, չի հանրայնացնի, հարուցված քրեական գործն էլ, մյուս գործերի նման, ամիսներով, գուցե տարիներով այդպես էլ հարուցված կմնա։ Իրականում, գուցե, պետք էլ չէ, որ հասարակությունն իմանա «ինքնասպանության հասցնելու» դեպքի մանրամասները. պատերազմից հետո հատկապես 18-ամյա նորակոչիկների ծնողները սրտի դողով, կսկիծով են տղաներին բանակ ճանապարհում ու բոլոր ժամանակների նման մտածում՝ որդուն «մոտիկ տեղ գցելու», ոչ սահմանապահ զորամասում «տեղավորելու», հնարավորության դեպքում՝ ծառայությունից ընդհանրապես ազատելու մասին։ Արհավիրք, պատերազմներ, կորուստներ ու անօդաչու թռչող սարքերի տեղատարափ անձրեւ տեսած հասարակությունը, անդամահատված ու անհետ կորած զինծառայողների խեղված ճակատագրերն աչքի առաջ ունենալով, կարող է նաեւ այդպես մտածել։ Հարազատի, ծանոթի, հարեւանի կամ պարզապես անծանոթի անսփոփ վիշտը տեսնողը կամ դրա մասին լսողն իրավունք ունի անհանգստանալու իր զավակի, մինուճարի, օջախի շարունակության մասին։
2018-ի քաղաքական վերադասավորումներից կամ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը շատացել են։ Միայն 2020-ի հունվար-փետրվարին (մեկուկես ամսվա ընթացքում) խաղաղ պայմաններում 13 զինվոր է մահացել։ Այն ժամանակ իրավապաշտպանններն ու հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչները բողոքի ակցիաներ կազամկերպեցին, հրապարակային ելույթներ ունեցան, բայց այն ժամանակ դեռ հեղափոխական «դուխը» վայելող վարչապետը հարցը փակեց, գնաց։ Ի տարբերություն 2020-ի՝ այժմ ո՛չ բողոքի ակցիա իրականացնող, ո՛չ էլ «ախ» ասող կա։
Նման միջադեպերը եթե նախկին իշխանության ժամանակ էին գրանցվում, ապա «նախկինները», ամենաքիչը պաշտպանության փոխնախարարի (հաճախ հենց նախարարի մակարդակով) իրենց պարտքն էին համարում այցելել խաղաղ պայմաններում մահացած զինվորի հարազատներին, մասնակցել հոգեհանգստյան կամ հուղարկավորության արարողությանը, խոսել, սփոփել ու եթե հարկ կա, որոշ դրվագներ կամ պարզաբանումներ ներկայացնել։
Ներկա «հեղափոխականները» սակայն բանակին ամենաթանկը՝ զավակին տված ու նրա դիակը ստացած զինվորի ծնողներին վշտակցման խոսքեր նույնիսկ չեն էլ փորձում ասել։ Պարբերաբար զինվորի մահվան մասին լսելն ասես աքսիոմ է, ու ցավին անտաբեր, դավին անտեղյակ ենք բոլորս։ 18-ամյա տղաների մահվան մասին կարդում ենք, մի պահ քարանում ու շարունակում ապրել այնպես, ասես ոչինչ էլ չի եղել։ Վերքն, այո, տիրոջն է ցավ տալիս, բայց հարցեր չբարձրացնելու, պահնաջատեր չլինելու, պաշտոնատար ու պատկան մարմիններից ցավոտ հարցերի պատասխաններն ամեն ինչի գնով չստանալու անտարբեր այս իրավիճակը բոլորիս համար է անեծք դառնալու, քանզի վաղուց արդեն դավին ենք անտարբեր, ցավին՝ անտեղյակ։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ