Հայաստանում կրթության որակից դժգոհ են բոլորը՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները, ուսանողները, դասախոսները, նաեւ՝ ոլորտի պատասխանատուներն ու պաշտոնյաները։ Բոլորը քննարկում են, մեղադրում նախորդ կամ հաջորդ օղակին, նախկին իշխանություններին, հասարակությանն ու ժամանակներին։ Որտե՞ղ է բացթողումը, ինչո՞ւ չենք կարողանում հասնել կրթության որակի բարելավման այն մակարդակին, երբ կվերականգնվի կրթության դերն ու հեղինակությունը, որից գոհ կլինեն կրթություն ե՛ւ ստացողները, ե՛ւ այն տվողները։
Անկախությունից առաջ կրթություն ստացած սերունդները երանությամբ են մտաբերում իրենց ժամանակի կրթական միջավայրը դպրոցում եւ բուհում, հպարտանում ստացած կրթությամբ ու դաստիարակությամբ։
1991-92 ուսումնական տարում երկրում գործում էր 1419 դպրոց, իսկ 2021-2022-ին՝ շուրջ 1400, որից 1300-ը պետական, մյուս մասը՝ մասնավոր։ 1991-92 ուսումնական տարում մեր երկրում գործում էր 14, իսկ 2021-2022-ին 55 բուհ՝ ներառյալ միջպետական համաձայնագրերով հիմնադրված համալսարանները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը եւ այլն։
Երեք տասնամյակը քիչ չէր, որ սեփական ճակատագիրը վճռել ցանկացող ժողովուրդը ուրվագծեր սեփական հայրենիքի զարգացման տեսլականը՝ սկսելով կրթությունից, որի հիմքերն առավել քան ամուր էին։
Կրթության վատ որակի մասին խոսելիս՝ հասարակության մեղադրանքների շղթայի առաջին օղակը դպրոցն է․հասարակությունն ունի ընտրության հնարավորություն՝ կամ մասնավոր դպրոցներ, կամ ռուս դասականների անունները կրող հանրակրթական դպրոցներ, որոնք մինչ օրս «լավ կրթության» ապահովման համբավ ունեն, կամ հանրակրթական պետական դպրոցներ՝ «սովորող երեխան ամեն տեղ էլ կսովորի» սկզբունքով։
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է, որ Հայաստանի կառավարությունը 2021-2026 թվականների ռազմավարական ծրագրերում, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում նախատեսել է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, փոփոխություններ իրականացնել ներառական կրթության ուղղությամբ, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման հնարավորություն։
Պետք է նկատել, որ հասարակությունը, ոլորտի ներկայացուցիչները ընդվզումով են վերաբերում յուրաքանչյուր փոփոխության, բարեփոխման։ Փոխնախարարն ընդունում է՝ անցումային, փոխակերպվող հասարակություններին բնորոշ է անվստահությունը․ «Մարդկանց մոտ ձեւավորվում է երկակի վերաբերմունք շրջապատող ամեն ինչի, այդ թվում նաեւ կրթության նկատմամբ: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքը պարբերաբար լուսաբանվում է հանրային քննարկումների, հանդիպումների միջոցով, որի նպատակը ոչ միայն հանրությանը իրազեկելն է, այլեւ իբրեւ գործընթացի ակտիվ մասնակից ներգրավելը»,-նշում է փոխնախարար Անդրեասյանն ու վստահեցնում՝ դժգոհությունները շատ հաճախ առաջանում են հասարակության անտեղյակությունից:
Կրթության որակի հարցը քննարկվում է նաեւ պետական կամ մասնավոր դպրոցների օրինակով։ Վերջինների թիվը գնալով մեծանում է, ինչը, ըստ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, հանրության պահանջներին համապատասխան է:
«Հաստատության ընտրության իրավունքը ծնողինն է։ Մասնավոր դպրոցների առկայությունը որոշակիորեն թեթեւացնում է պետության բեռը։ Որոշ մասնավոր դպրոցներ զգալի հաջողություններ են արձանագրել, որոնց փորձը եւս կիրառելի է»,-նշում է Ժաննա Անդրեասյանն ու վստահեցնում, որ աշխատանքներ տարվում են հանրակրթական դպրոցի նկատմամբ վստահության վերականգնման գործում։
Մասնագիտական վատ պատրաստվածություն, դպրոցների քաղաքականացում, դրա արդյունքում՝ ուսուցչի դերի նսեմացում, ճնշվածություն, սոցիալապես խոցելիություն, ցածր վարձատրություն եւ մի շարք այլ խնդիրներ․ փոխնախարարի կարծիքով՝ սրանք այն գործոններն են, որոնք նպաստեցին կրթության, ուսուցչի հանդեպ վստահության նվազմանը։ Այս խնդիրների լուծումը, ըստ փոխնախարարի, ջանք, միասնական կամք եւ տեւական ժամանակ է պահանջում:
Երեք տասնամյակների ընթացքում բարձրագույն կրթությունը եւս անմասն չմնաց պիտակավորումներից ու հետընթացից․ գիտության ոլորտը դարձավ անհրապույր։
«Կրթությունն ամուր պետություն ունենալու միակ հզոր զենքն է» կարգախոսը, փաստորեն, եղավ յուրաքանչյուր իշխանության նախընտրական խոստումը, լավագույն դեպքում՝ շնորհավորական ուղերձների կարեւոր բաղադրիչը։ Միայն այդքանը։
Թվում է՝ այսօր, առավել քան երբեւէ, Հայաստանի ապագան կախված է երկրում գիտության զարգացումից։
«Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը։ Հայաստանի Կառավարությունն ունի հստակ մշակված քաղաքականություն, եւ իր հետեւողական ջանքերն է ուղղում առկա խնդիրների լուծմանը, տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը»,- մեզ հետ զրույցում վերահաստատում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն ու ներկայացնում այն ուղղությունները, որոնք բխում են երկրի տնտեսական կարիքներից եւ գիտական հետազոտությունների արդի պահանջներից։
Գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրերի իրականացում, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացում, գիտության կառավարման ոլորտում սահուն սերնդափոխություն, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակումների ավելացում. այս եւ այլ անելիքների կողքին փոխնախարարը հավելում է ֆինանսական կողմը եւ նշում, որ 2022-ին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը աճել է 85 տոկոսով։ Փոխնախարարը վստահեցնում է, որ հաշվի են առնվել նաեւ ռազմական արդյունաբերության կարիքները՝ կազմակերպվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության թեմաների մրցույթ։ Բացի այդ, կազմակերպվում են մրցույթներ, որոնք ուղղված են համաշխարհային մակարդակով հավակնոտ ուղղություններում երիտասարդների առաջխաղացման եւ նոր խմբերի ձեւավորման համար։
«Ներկայումս ասպիրանտը իր 60 000 դրամ կրթաթոշակից բացի, ստանում է ամսական 150 000 դրամ աշխատավարձ, իսկ ղեկավարը՝ հավելյալ 50 000 դրամ։ Միեւնույն ժամանակ ասպիրանտը կարող է ընդունվել ինստիտուտ որպես գիտաշխատող եւ մասնակցել եւս երկու մրցութային ծրագրի»,-նշում է փոխնախարար Թռչունյանն ու նկատում՝ արդյունքում ասպիրանտի եկամուտը հավասարվում է ՏՏ ոլորտի սկսնակ աշխատողի եկամուտին եւ կանխվում է երիտասարդ գիտնականների արտահոսքը արտերկիր։ Վերջինս վստահեցնում է, որ գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական եւ գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ եւս աշխատանքներ տարվել են։
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Կարեն Թռչունյանն ընդգծում է, որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները շատ են, որոնք ուղղված են գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը։
Մինչ այդ, միմյանց անգործության մեջ շարունակում են մեղադրել կրթության ապահովման բոլոր օղակները՝ աշակերտն ու ծնողը ուսուցչին, ուսուցիչն ու դասախոսը՝ պետությանը, պետությունը՝ դպրոցին ու ընտանիքին։ Մեղադրանքների շղթայում կորցնում ենք պատասխանը մի շարք հարցերի՝ ո՞րն է որակյալ կրթությունը, մարդն ուզու՞մ է կրթություն ստանալ, եթե ներկա ժամանակներում հասարակությունում գնահատված է ավելի շատ բիզնեսում հաջողածը, ոչ թե ասպիրանտը, ինժեները, գիտնականը։ Որակյալ կրթության հուշերով ապրում են միայն ավագ սերնդակիցները, մյուսների համար դա լավ է, դեռ մի բան էլ ավելին։ Մեզ մնում է գոնե այսօր՝ երկրի անվտանգության խնդիրներից ելնելով, լիարժեք գիտակցել կրթության դերը, մոբիլիզացնել ողջ ներուժն ու լծվել կրթվելու կարեւորագույն գործին․ դա 21-րդ դարում ԼԻՆԵԼՈՒ պահանջ է։
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ