Այս օրերին, երբ համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները գերկենտրոնացել են ռուս-ուկրաինական պատերազմի վրա եւ «փորձագետ»-ամենագետները հաճախ Լուգանսկի ու Դոնեցկի տեղն էլ չիմանալով շատ արագ ուկրաինագետ ու պուտինագետ են դարձել, հասկացա, որ լինելով պատմաբան անչափ դժվար է դառնում լրագրողական հոդված գրելը։ Քանի որ պատմաբանին փաստեր են անհրաժեշտ, վավերագրեր, սակայն այդ ամենն այնպես են խառնել-խճճել, որ «ըսի-ըսավների» հիման վրա եւ առանց դրանց ճշմարտացիությունը հավաստելու, պատմաբանն իրեն հատուկ չափանիշերով կդժվարանա գրել։
Աստված բարեհաճ էր գտնվել հայերիս հանդեպ` վստահել դրախտը։ Մարդկության պորտալարը մեր լեռնաշխարհում է կտրվել, մեր նախնյաց ձեռամբ։ Արեւի զավակներ ենք։ Արիացեղ։ Վահագն, Անահիտ, Աստղիկ, Տիր,Մանե, Ծովինար, Նարէ, Միհր,Արամազդ, Արա։ Սակայն այն պահել-պահպանել չկարողացանք ու պատժվեցինք։ Այսօր էլ շարունակում ենք պատժվել, քանի դեռ խելքի չենք եկել։ Ի՞նչ է, հայը մի անգա՞մ էլ պիտի ցեղասպանվի, որ խելքը գլուխը գա ու հասկանա, որ միայն Ռուսաստանն է` իր կայսերական նկրտումներով հանդերձ, մեր բնական եւ ռազմավարական դաշնակիցը։ Ոչ թե ՆԱՏՕ-ն իր նավերով, որոնք այդպես էլ երբեք անգամ չփորձեցին (եւ ոչ թե չկարողացան) բարձրանալ մեր լեռնաշխարհը։ Դրա փոխարեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բայրաքթարները 2020-ին շատ հեշտ ու ազատ բարձրացան ու արեցին իրենց սեւ գործը։
Խելքի գալու փոխարեն, մեր ժողովուրդը հեռացել է իր կրոնից, հավատքից ու ազգայինից, դեմառդեմ հայտնվել է այսօրվա դաժան իրականությանը, շփոթվել։ Այն իրավիճակներից է այսօր, որի մասին զգուշացնում էր Նժդեհը. «Հայաստանը որոշ ժամանակաշրջաններում ավելի հայից է պարտված եղել, քան օտարից», ուստի եթե խելքի չգանք, էլի կցեղասպանվենք։ Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասան, իսկ երբ դերասանին դեր են տալիս, անկախ դրական կերպար է, թե բացասական, պետք է լավ խաղա, լինի համոզիչ։ Երբ մեր պետության ղեկավար ենք ընտրում, անկախ նրա մարդկային որակից ու ճաշակից, պետք է լավ կառավարի, ամենուր եւ ամեն ինչում պաշտպանի իր պետության շահը։ Այնինչ Հայաստանն այսօր մի երկիր է, որի նախագահին ոչ մի հայաստանցի չի ճանաչում… ու ցավն էն է, որ չի էլ ուզում ճանաչի։ Երեւանը մի մայրաքաղաք է, որի բնակիչները չեն ճանաչում քաղաքապետին, նույնիսկ անունը չեն հիշում։ Կալավանցի մի գյուղացի, որն իր տունը հյուրատուն էր դարձրել, հիմա դառնում է Սյունիքի մարզպետ, Սյունիքի, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակության սահմանային մարզ է։ Բայց չէ որ հյուրատուն ու մարզ կառավարելը բոլորովին տարբեր բաներ են։ Խորենացու «Ողբի» կամ Աբովյանի «Վերք Հայաստանի» ժամանակներ են։ Ինչ անեմ, ես էլ Կողբացի դառնամ ու «Եղծ իշխանությա՞ն» գրեմ…
Նույնկերպ` ավելի քան բարեհաճ, Բարձրյալը վարվել էր ուկրաինացիների հանդեպ։ Նրանց տվել էր Եվրոպայի ամենամեծ տարածքը, ընտիր բնություն, ստրատեգիական գերազանց եւ գերիշխող դիրք Սեւ ծովում, չքնաղ Ղրիմը։ Զարգանալու անսահմանափակ հնարավորություններ, ազգակից սլավոնական պետությունների հարեւանություն, ռուսական էներգակիրները Եվրոպա արտահանման լոգիստիկ գերիշխող դիրք եւ այլն եւ այլն։ Երբեք չես համեմատի երեքհազարամյա պետականության պատմություն ունեցող հայի ճակատագրի հետ։ Սակայն քաղաքական էլիտայի մարազմատիկ տկարությունն ու սադոմազոխիզմը կործանեց այդ հրաշալի երկիրը։ Այնինչ ընդամենը մի փոքր հեռատեսություն էր պետք, շատ քիչ գրագիտություն, շատ քիչ խելք. չեզոքություն ընտրելու եւ եվրասիական ինտեգրացիայի Մոսկվայի առաջարկները չմերժելու համար։ Դիտում եմ Զելենսկու լացակումաց հեռավար ելույթը Եվրոպառլամենտում, եվրոկանանց հոտնկայս եւ խրոխտ ծափահարությունները եւ մտածում եմ, որ մարդկային էշությունն իսկապես սահմաններ չունի։ Բայց չեմ բացառում նաեւ, ավելին, դրա հոտն եմ առնում, որ հավանաբար այս համեղ պատառը բաժանելու գլոբալ դավադրություն կա։ Ակամա պատմությունից հիշեցի Լեհ-լիտվական տարածքների չորս բաժանումները XVIII դարում։ Իսկապես լավ է ասված` մեռելների համար բոլորովին էլ կարեւոր չէ, իրենք դեմոկրատական երկրում կթաղվեն, թե՞ ավտորիտար…
Ռուսաստանն էլ մի լավ օրի չէ ։ Դրա մասին է վկայում օրերս Պուտինի ձայնափող Դմիտրի Կիսիլյովի հնչեցրած հետեւյալ ճիչ-հայտարարությունը. «Մեր սուզանավերը կարող են արձակել 500 միջուկային մարտական գլխիկ, ինչը կոչնչացնի Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, այն սկզբունքով, թե մեր ինչին է պետք աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստանը»։ Եվ սա ասվեց այն պարագայում, երբ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ ՆԱՏՕ-ն եւ թե՛ աշխարհի որեւէ այլ երկիր, անգամ ոչ պաշտոնական մակարդակով, գոնե առերեւույթ նույնպիսի սպառնալիք չեն հնչեցրել Ռուսաստանի հասցեին, այլ մշտապես հորդորել են ձեռնպահ մնալ կործանարար, ագրեսիվ հավակնություններից, երջանիկ ապրել Աշխարհի ընտանիքում՝ հարգելով եւ ընդունելով խախաղ համակեցության կանոնները։
Դրությունը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի շարունակումը կարող է վերածվել աշխարհակործան համաշխարհային պատերազմի։ Հետեւաբար խնդրի հնարավորին արագ լուծումից է կախված Երկրագնդի ճակատագիրը։ Իսկ ի՞նչ հնարավոր լուծումներ կարող են լինել։
Ամենաիդեալական տարբերակը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ փոխզիջումային համաձայնության կայացումն է, որը ենթադրում է Ուկրաինայի կղմից որոշակի պարտավորությունների ստանձնում՝ իր ներքին ու արտաքին ինքնիշխանության չխաթարման պայմանով (օրինակ, Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամագրվելուց, բայց անխոչընդոտ միանալ Եվրոմիությանը)։ Սակայն առալժմ նման երկուստեք ընդունելի համաձայնության կայացումը կասկածելի է։ Ռուսաստանը, կարծես, թե մտադիր է շարունակել եւ խորացնել առաջխաղացումն մինչեւ Ուկրաինայի կապիտուլյացիան, որին, անկասկած, կխոչընդոտի Արեւմուտքը։ Արդյունքում էսկալացիան աննախադեպ կաճի։ Իսկ այդպիսի պայմաններում, երբ սպառված կլինեն մեծածավալ պատերազմի կանխման դիվանագիտական լծակները, առաջ է կգան ոչ ստանդարտ միջոցներ կյանքի կոչելու անհարժեշտություն։ Մասնավորաբար, հարկ կլինի կողմերին հասկացնել, որ մարդկային կյանքն ամենաթանկն է, որ նրանք իրենց խելահեղ հայտարարություններով վտանգում են ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքի անդամների, հարազատների, եւ առհասարակ մի ամբողջ անմեղ ժողովրդի կյանքը։ Հետո էլ` մինչեւ 500 միջուկային հրթիռների օդ բարձրանալը, Ռուսատանը կարող է դադարել գոյություն ունենալուց։ Հետեւաբար, կարծում ենք, որ համաշխարհային պատերազմի զսպման ճիշտ միջոց կարող է լինել այս ամբողջ ողբերգության ակունքներում կանգնած Զելենսկու եւ նրա անհեռատես թիմի ինքնակամ, կամ էլ շրջապատի պարտադրմամբ հրաժարականը։
1959-61թթ. Կարիբյանից հետո Ուկրաինական ներկա ճգնաժամն ամենավտանգավորն է։ Այն ոչ միայն բեւեռների բախման հետեւանք է, այլեւ իր մեջ մի քանի թաքուն շերտեր ունի։ Դրանք առաջին հայացքից կարծես թե չեն երեւում, սակայն ակնրեւ է, որ ուկրաինական տարածքներին տիրելու հարեւան պետությունների պատմական պահանջներն են։ Այսպես, միջնադարում լեհ- լիտվական պետությանը պատկանող ուկրաինական տարածքները 18-րդ դարում Լեհաստանով եւ Վարշավայով հանդերձ անցան ռուսական կայսրությանը։ Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ողջ Արեւմտյան Ուկրաինան մտավ նորից վերստեղծված Լեհաստանի կազմի մեջ։ Ավելի ուշ` 1939թ. Ռիբենտրոպ-Մոլոտով խորհրդագերմանական պակտով Արեւմտյան Ուկրաինան միավորվեց Խորհրդային Ուկրաինային, որն էլ 1954թ. նվեր ստացավ Ղրիմը։ Պատերազմից հետո Ուկրաինայի կազմի մեջ մտցվեց նաեւ Հունգարիայից անջատված Անդրկարպատյան Ուկրաինան։ Իսկ չափից ավելի ինքնավստահ զգացող բոլշեւիկներն էլ այս միութենական հանրապետության մեջ էին մտցրել հսկայածավալ ռուսաբնակ տարածքներ` Մալոռուսիան։ Այս ամենի արդյունքում Լեհաստանը միշտ Արեւմտյան Ուկրաինան եւ Արեւմտյան Բելոռուսիան համարում է իր պատմական տարածքը եւ լեհական ազգայնական շրջանակները անընդհատ թեժ են պահում Ստալինի եւ Հիտլերի հանցավոր պակտի հետեւանքների վերացման եւ «արդարության» վերականգնման պահանջը։ Այնպես որ, ռուսական իշխանությունների գործունեությունը պատմական արդարության վերականգնման առումով, հիմա մեր աչքի առաջ է։ Իսկ լեհերը բավականին նուրբ գործելաձեւեր են որդեգրել։ Գրկաբաց ընդունում են փախստականներին։ Հետո Եվրոմիությունից հսկայական փողեր կստանան, իսկ հետագայում էկ` հնարավոր է այդ նույն փախստականներին հայրենիք տալու հարց բարձրացնեն։ Ենթադրում եմ, որ Հունգարիայի ձայնն էլ մի օր կլսենք։ Էլ չեմ խոսում էրդողանի էլ եւ թյուրքախոս պետությունների մյուս լիդերների մասին, որոնք բարձրաձայնում են Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնման խնդիրը, այսինքն` վերադարձը դեպի օսմանյան հայրենիք։
Պատմությունից հայտնի է, որ ցանկացած կոնֆլիկտ իր մեջ պարունակում է ինչպես լուրջ մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ։ Ռուս-ուկրաինական կոնֆլիկտն էլ այս առումով բացառություն չէ եւ Հայաստանի համար շատ լուրջ մարտահրավերներ է պարունակում։ Ակնհայտ է, որ պատերազմի պատճառով էականորեն կնվազեն դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանումը եւ Ռուսաստանից այստեղ ուղարկվող տրանսֆերտները։ Բայց մյուս կողմից էլ դրական է, որ Ռուսաստանից Հայաստան զգալի թվով մարդիկ են եկել ու նաեւ տարբեր բիզնեսներ են տեղափոխվել այստեղ։ Ավելի հոյակապ է, որ դեպի Հայաստան հատկապես IT ոլորտի ներկայացուցիչների, որ նույնն է` ուղեղների ներհոսք կա։ Իսկ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ այդ մարդկանց համար լավ պայմաններ, ապահովի, որպեսզի ավելի շատ մարդիկ հաստատվեն այստեղ ու նպաստեն մեր երկրի զարգացմանը։ Այս պահին հենց սրա մասին է հարկավոր մտածել, ինչպես նաեւ վերահսկել, որ տաքսիստներն աստղաբաշխական թվեր չկրակեն, որ բնակարանավարձերը պալատավարձեր չդառնան, իսկ սննդի կետերում աշխատեն սովորական ռիթմով եւ գները հաշվելուց ոլոռն ու խավիարը «չշփոթեն»։ Իսկ նման երեւույթներ, ցավոք, արդեն կան եւ դրանց պատճառով է նաեւ, որ հարեւան Վրաստանում արդեն երեսուն հազարից ավելի են եկել, իսկ մեր մոտ դեռեւս` անհամեմատ քիչ։
Իրավիճակն իսկապես բարդ է եւ անկանխատեսելի։ Առավել մեզ համար, քանի որ մեր հարեւաններից երկուսն առնվազն մեզ բարեկամ չեն։ Հետեւաբար եւս մեկ անգամ ցանկանում եմ զգոնության կոչել բոլորիս եւ հիշեցնել Վլադիմիր Սոլովյովի սшտարող խոսքը հայերի վերшբերյալ. «Սա ի՞նչ է. Երբեք չեմ տեսել, որ որեւէ հայ նման զզվելի եւ կենդանական մտքեր արտահայտի, իսկ ադրբեջանցի լրшգրողը ասում է, թե մենք պետք է սպшնենք բոլոր հшյերին, քանի որ նրանք թշնшմի են։ Պատկերացնո՞ւմ եք քսանմեկորորդ դարում լրագրողը ուզում է գնալ եւ սպшնել բոլոր հայերին, այդ թվում` նորածիններին։ Հետաքրքրական է, Ալիեւը ու մյուս պшշտոնյաները սրա մասին բան չեն ցшնկանում ասե՞լ։ Բա ասում էին` մենք ուզում ենք խաղաղ ապրել հшյերի հետ։ Այսպես եք ուզո՞ւմ խաղшղություն։ Ես երբեք չեմ տեսել, որ որեււէ հայ նման զզվելի եւ կենդшնական մտքեր արտահայտի։ Իսկ ադրբեջանցիների մոտ այս՝ անասունին բնորոշ մտքերը հшնդիպում եմ։ Ավելին, մեկ այլ ադրբեջանցի լրագրող էլ ասում է` Լավրովն ու վшրչապետ Միշուստինը` ազգությամբ թշնամի են, քшնի որ հայ են։ Սա անասունին բնորոշ մտածելшկերպ է, սա Ադրբեջանի խшյտառակությունն է», որից իսկապես սթափվել, զգուշանալ եւ որին արժանապատվորեն դիմակայել է հարկավոր։
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պատմագիտության դոկտոր
12.03.2022