Չինական ասացվածքն այն մասին, թե ճգնաժամը հնարավորությունն է ստեղծում, նոր կենսունակություն է հաղորդել Թուրքիային եւ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը։ Թուրքական տնտեսության ողբերգական գահավիժումը եւ 2023 թվականին Էրդողանի վերընտրվելու մարող հույսերը ստիպել էին իշխող AK կուսակցությանը վերանայելու իր արտաքին քաղաքականությունը` խուսափելու համար վերահաս աղետից։
Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը մոտիկ թե հեռավոր շատ երկրների էր թշնամացրել։ Լարվածություն էր առաջացել Հունաստանի հետ հարաբերություններում Էգեյան ծովի հարցով, Կիպրոսի հետ` կղզու օֆշորային գազի պաշարների հորատման հարցով, Իսրայելի հետ` Համասի եւ պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցով, Սաուդյան Արաբիայի հետ` Ստամբուլի Սաուդյան հյուպատոսարանում «Washington Post» պարբերականի լրագրող Ջամալ Խաշոգգիի սպանության առիթով, Միացյալ Արաբական Էմիրությունների հետ` «Աբրահամյան համաձայնության» (Abraham Accords) առիթով, որ պաշտպանում էր Մահմեդական եղբայրների խմբակցությանը, Չինաստանի հետ` Սինցզիան Ույղուրական նահանգում բռնություններ իրականացնելու առիթով, Հայաստանի հետ` Ղարաբաղյան պատերազմի առիթով եւ վերջապես Մ. Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հետ` Ռուսաստանից S-400 կործանիչներ գնելու առիթով։
Այս բոլոր սխալ քայլերը երկիրը առաջնորդել էին մեկուսացման եւ տնտեսական ճգնաժամի։
Մինչ Թուրքիան առիթի էր սպասում բարելավելու հարաբերությունները հարեւանների եւ դաշնակիցների հետ, Ուկրաինայում պատերազմ սանձազերծվեց եւ տվեց նրան այդ հնարավորությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կատարած այցելությունները հետ չպահեցին Ռուսաստանի նախագահ Պուտինին, որ «ձգանը չքաշի»։ Իսկ պատերազմի հայտարարությունից հետո էլ, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետի այցելությունն ու նախագահ Մակրոնի կոչերը նույնպես ապարդյուն մնացին, եւ Մակրոնը ստիպված եղավ զգուշացնել, որ «վատթարագույնին պետք է սպասել»։
Պատերազմը դաժան է, իսկ լրատվամիջոցները ուժեղ են։ Ուստի դժվար չէր Արեւմուտքի համար համաշխարհային բողոքի աղմուկ բարձրացնել ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի Ուկրաինայի տարածքում, հատկապես իրականում տեսնելով դրա հետեւանքներն ու կորուստները։
Ի վերջո, սակայն վատ չէր, որ Արեւմուտքը, Ուկրաինայի հաշվին թուլացրեց Ռուսաստանին տնտեսական առումով, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց արձագանքն են ունենալու ամբողջ աշխարհում։ Նավթի եւ մետաղի գներն արդեն իսկ ռեկորդային մակարդակի են հասել։ Արեւմտյան երկրների կողմից հինգ հազար պատժամիջոցներ են սահմանվել, որոնց Բլումբերգը բնորոշել է «միջուկային մակարդակի միջոցառումներ»։
Ուկրաինայի եւ Բելոռուսի սահմանին, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների երրորդ հանդիպման ձախողումից հետո, դիվանագիտական դադար է հայտարարված։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ուկրաինայի իր գործընկեր Դմիտրո Կուլեբան հանդիպելու են, ըստ Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլու թվիթերյան գրառումներին, Անթալիայում (Թուրքիա) մարտի 11-ից 13-ը տեղի ունեցող «Դիվանագիտական ֆորումի» շրջանակներում։ Ֆորումին մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգն ու Եվրոմիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը։(*)
Բանակցելու Էրդողանի եւ Մակրոնի նախկինում հնչեցրած հորդորները կտրականապես մերժվել էին նախագահ Պուտինի կողմից։ Նա պնդում էր, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ Ուկրաինայի կառավարությունը պետք է որդեգրի չեզոք քաղաքականություն, ճանաչի Լուգանսկի եւ Դոնբասի անկախությունը եւ ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժան մասն է։ Ռուսաստանի մյուս բարձրադիր պահանջը, որ որոշ ժամանակ է, ինչ երկրորդական է դարձել, ուղղված է ՆԱՏՕ-ին եւ հորդորում է վերջինիս վերադառնալ 1997-ի իր նախկին սահմաններին։
Շուտով աշխարհը կիմանա, թե ինչ գործոններ են ստիպել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա մերձեցման գլխավոր բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նույնպես հրավիրված են եւ մասնակցելու են դիվանագիտական այդ ֆորումին։
Անկարայում Եվրոմիության դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը գովասանքի խոսքեր է շռայլել ուկրաինական ճգնաժամի հարցում Թուրքիայի գործադրած ջանքերի կապակցությամբ։ «Մենք գնահատում ենք Թուրքիայի ներգրավվածությունը, պարտավորվածությունն ու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ ՄԱԿ-ում Թուրքիան պետությունների մեծամասնության հետ կողմ քվեարկեց առաջարկվող նախագծին», նշել է նա։
Ուշադրության են արժանացել նաեւ Թուրքիայի հարաբերությունները Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ։ Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը, անշուշտ, խրախուսել են Թուրքիային ստանձնելու հաշտարար միջնորդի դերը։
Ինչ որ Թուրքիային ցարդ հաջողվել է ձեռք բերել, սոսկ դիվանագիտական «հեղաշրջում» է, որը նրան դարձյալ միջազգային հանրության գիրկն է նետելու եւ արժանացնելու է համապատասխան վարձատրության։
Կարծես այդ դիվանագիտական հեղաշրջումը բավական չէր, որպեսզի Թուրքիան կենտրոնական դեմք դառնար, նրա բոլոր թշնամիներն այժմ հերթի են կանգնած այցելելու Թուրքիա եւ հարթելու Անկարայի հետ իրենց ձգձգված խնդիրները։ Տասը տարվա լարված հարաբերություններից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Անկարա է մեկնելու վերահաստատելու բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջեւ։
Թուրքիան կարող է հեշտությամբ հրաժարվել պաղեստինցիների դատը պաշտպանելուց։ Նա կարող է նաեւ Թուրքիայից վռնդել Համասի ներկայացուցիչներին։ Սրանք էին Իսրայելի պահանջները նախագահ Էրդողանից, որը սոսկ արջի ծառայություն էր մատուցում պաղեստինցիներին` մահմեդական աշխարհում պարզապես իր կերպարը բարձր պահելու նպատակով։
Հաջորդը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցն է։ Նա նախագահ Էրդողանին է հանդիպելու մարտի 13-ին։ Հունաստանն ու Թուրքիան արդեն երկար տարիներ իրար են մեղադրում Էգեյան ծովում սադրանքներ հրահրելու առնչությամբ։ Վերջերս արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ Էգեյան կղզիների ինքնիշխանությունը կարող է հարցականի տակ դրվել, եթե Հունաստանը շարունակի խախտել 1923 թվի Լոզանի պայմանագիրն ու 1947 թվի Փարիզի համաձայնագիրը։
Թուրքիայի արտաքին քաղաքականության բաղադրիչները իրենց ճիշտ տեղն են գրավելու, երբ Հայաստանի պատվիրակությունը հայտնվի Թուրքիայի շեմին` բանակցելու շրջափակումը վերացնելու եւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցերի շուրջ։
Թուրքիայի դիվանագիտության վերաձեւավորման կոնտեքստում եւ կիզակետում, մենք պարտավոր ենք քննարկել եւ վերլուծել Հայաստանի նորափթիթ դիվանագիտության ծանր իրավիճակը։ Հայաստանը, հատկապես Ուկրաինայում սանձազերծված պատերազմի հետեւանքում, մատնվել է դժվարին կացության։
Առաջին հերթին, լուրջ մտահոգության հարց է Ուկրաինայում ապրող 400-500 հազարի հասնող հայկական համայնքի ճակատագիրը։ Եթե չլիներ Արեւմուտքի անվերապահ աջակցությունը Ուկրաինային, Հայաստանը արդարացված կլիներ չեղյալ համարելու Զելենսկու կառավարությունը, այն պատճառաբանությամբ, որ վերջինս ռազմական օժանդակություն էր ցուցաբերել Ադրբեջանին եւ շնորհավորել էր նախագահ Ալիեւին 44-օրյա պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Բայց հարցը շատ ավելի բարդ է, քան թվում է։ Հայաստանը պարտավոր է նրբորեն կշռադատել իր գործողությունները կապված դաշնակից Ռուսաստանի եւ Եվրոպայի ու Մ. Նահանգների հետ իր զարգացող հարաբերությունների հետ։
Հայաստանը համարյա միակն էր, որ քվեարկեց Եվրոխորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության ժամանակավոր դադարեցման դեմ։ Նույն հարցով նա ձեռնպահ մնաց քվեարկելուց ՄԱԿ-ի մարդու իրավունքի խորհրդում։ Նաեւ ՄԱԿ-ի գլխավոր համաժողովում։ Վստահ չենք, որ այդ զգուշավոր դիրքորոշումները հարցականի տակ կդնե՞ն ԵՄ-ի խոստացած 2.6 միլիարդ եվրոյի օժանդակությունը, թե՞ ոչ, սակայն կարծես նման վերաբերմունքը բարկացրել է Ռուսաստանին, որն ակնկալում է հստակ, անվերապահ հավատարմություն։ Եվ իրոք, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ «համաձայնեցնելու համար երկու երկրների քաղաքականությունը Ուկրաինայում ծավալված պատերազմի վերաբերյալ»։ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ մեկը նման խորհրդավոր եւ անհստակ հեռախոսազանգ չի ստացել։ Նրանք նաեւ չեն էլ մասնակցել համաշխարհային կառույցների քվեարկություններին։ Ենթադրվում է, որ Լավրովը հանդիմանել է Երեւանին չեզոք դիրք բռնելու համար։ Շուտով նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ստորագրվելու է մի համաձայնագիր հար եւ նման այն մեկին, որը Պուտինը ստորագրեց Ալիեւի հետ Ուկրաինայի վրա հարձակումից ժամեր առաջ։ Այդ առթիվ Փաշինյանը վստահաբար պարսավանքի է արժանանալու։
Պուտին-Ալիեւ համաձայնագիրը Ադրբեջանին դարձրեց Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Այն միտված էր նաեւ չեզոքացնելու «Շուշիի հռչակագիրը», որը վերջերս էր վավերացվել Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից` ամրապնդելով երկու պետությունների միությունը։ Ներկայիս, կարծես, Պուտինը չի էլ մտահոգվում, որ Ադրբեջանի հետ կնքած իր համաձայնագիրը հակասում է Հայաստանի հետ ավելի վաղ ստորագրած ռազմական եւ քաղաքական պայմանագրին։ Հայաստանի հանդեպ անտարբեր այս վերաբերմունքն արտահայտված էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքում, որ ասել էր` «Ո՞վ է Հայաստանին բանի տեղ դնում։ Վաղ թե ուշ նա աղերսելու է, որ անդամակցի Ռուսաստանի նախաձեռնած Միութենական պետությանը»։
Մյուս կողմից, Ֆրանսիայի կառավարությունը քաջ գիտակցում է իր անելիքը։ Դիվանագիտական հաճոյախոսությունների միջոցով նա եւս միեւնույն ուղերձն է հղել Հայաստանին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ալիեւի հետ։ Ավելի վաղ, որպես Եվրոմիության ներկա նախագահը, Ֆրանսիան Ադրբեջանին վարձատրել էր երկու միլիարդ եվրո արժողությամբ օժանդակություն տրամադրելով այն բանի համար, որ Ալիեւը պարտավորվել էր Եվրոմիությանը բնական գազ մատակարարել, եթե ռուսական պայմանագրերը չգործեին։ Ալիեւի հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնը վարչապետ Փաշինյանին Փարիզ հրավիրեց նշելու համար երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մարտի 9-ի այդ տոնախմբություններում արվեստագետներ եւ գիտնականներ էին նախատեսված, բայց ոչ դիվանագիտական բաղադրիչ։
Այս ամենից բացի, ԵԱՀԿ-ն ու նրա Մինսկի խմբի արցախյան առաքելությունը կարծես փլուզվել է։ Այդ խումբն արդեն շատ էր ծանրաբեռնված ուկրաինական ճգնաժամի հետեւանքում, իսկ այժմ ամբողջովին կորցրել է հեղինակությունը եւ համագործակցությունը իր երեք (Ռուսաստանի, Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի) համանախագահների հետ։ Մինչդեռ ԵԱՀԿ-ի այս Մինսկի խումբը Հայաստանի վերջին հույսն էր լուծելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Արեւմուտքի ձեռնարկած պատժամիջոցների հետեւանքում Հայաստան են ժամանում բազմաթիվ ռուսներ։ Երեւանը շուտով կկարողանա հայտնաբերել, թե այդ հոսքը բարի՞ք է, թե՞ չարիք։
Մինչ դիվանագիտությունը փորձում է հարթել ուկրաինական ճգնաժամի կնճռոտ ճանապարհը, Հայաստանը գտնվում է երկու քարի արանքում։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
*) Հոդվածը գրվել է մարտի 7-ին եւ անգլերեն հրատարակվել «Միրորի» մարտի 8-ի համարում։