Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին անդրադառնալու կարիք չկա։ Նրա՝ էթիկայի նորմերը հաճախակի խախտող ելույթները վաղուց ո՛չ զարմացնում, ո՛չ էլ հուզում են։ Տարօրինակը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի կողմից բեմադրվող տեսարանների վրա զարմացողների ու զայրացողների, իսկ որ ավելի ցավեցնող է՝ դրա հիման վրա կատակներ անողների վարքագիծն է։ Ցավոք պետք է արձանագրել, որ հայհոյանքն ու փողոցային բառապաշարը քաղաքական գործիչների խոսույթի անբաժանալի մասն են դարձել։ Իշխանությունն ու ընդդիմությունն ասես մրցավազքի մեջ են, թե «կռուտոյ» երեւալու համար ով կարող է ավելի լպիրշ հայհոյանք տալ։
Ազգային ժողովի 5 գումարում եմ տեսել, թեժ բանավեճերի, մեղադրանքների պակաս երբեք չի եղել։ «Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» դիսկուրսը միշտ էլ խորհրդարանականների օրակարգում է եղել։ Վիրավորական արտահայտություններ, այո, նույնպես եղել են, բայց հահոյանքներ, ըստ իմ ավագ գործընկերների պատմածի, Ազգային ժողովի թիվ մեկ քաղաքական ամբիոնը մեկ էլ 1990-ականներին է լսել։
Ինչ խոսք, Փաշինյանը բոլորի «պորտը տեղը դնելու» մասնագետ է, նրա հետ այդ հարցում որեւէ մեկը դժվար թե ոտք մեկնի։ Մեկնողն էլ պետք է յոթը չափի, մեկը՝ կտրի՝ հասկանալու, թե կարողանալո՞ւ է համարժեք պատասխան տալ կամ արձագանքել։ Հարցն այն չէ, թե երկրի ղեկավարը կոնկրետ, հասցեական հարցերն ինչպե՞ս է հմտորեն շրջանցում ու հարցերին անդրադառնում ըստ իր նպատակահարմարության, այնպես որ հանկարծուհանկարծ ինքը տուժած դուրս չգա։ Օրինակ նրա՝ «թափ տալու» մասին անչափ տհաճ համեմատությունն Ազգային ժողով-կառավարություն հերթական հարցուպատասխանը տապալեց։ Հայհոյանքի նմանվող այդ արտահայտությանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փորձեց արձագանքել՝ «մի բարկանա, պարոն գայլ» կոնտեքստի մեջ։ Պաշտպանության նախկին նախարարն ավելի քան տասը րոպե բացատրում էր, թե ինչ է ցանկացել ասել իրենց խմբակցության պատգամավորը, կամ խմբագրելով ասածները՝ նշում էր, թե «Արցախի հողերն, առաջին հերթին, ադրբեջանցիներն են օկուպացրել» եւ այլն։ Տպավորություն էր, թե ընդդիմադիրները, որ թվում էր՝ այդ խոսքերից հետո բողոքի ակցիաներով իշխանությանն օրուարեւ չեն տալու, իշխանավորներից պատիվ են պահանջելու, փաստորեն՝ եղելությունը մեղմելու ու այլեւս իրենց վրա չբարկանալու հորդորով մեկը մյուսի հետեւից ելույթներ էին ունենում։
Փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորական խոսքերը, ատելությամբ ու թույնով համեմված ելույթները, հայհոյախառն արտահայտությունները, անչափ զզվելի են իհարկե, բայց միամտություն է նաեւ հուսալ, թե հայաստանյան քաղաքական դաշտի հաճախ ոչ շատ ինտելեկտուալ ու բավարար գիտելիքների պաշար չունեցող ներկայացուցիչները կհրաժարվեն փողոցը քաղաքական ամբիոն բերելու արդեն սովորական դարձած երեւույթից։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ