Հակառակ լավատեսական բոլոր պնդումներին, չորեքշաբթի լույս՝ հինգշաբթի գիշեր ռազմական գործողություններն սկսվեցին ռուս-ուկրաինական՝ թե՛ շփման գծերի երկայնքով, թե՛ խորքային ռազմավարական կետերի վրա։ Նախագահ Պուտինի հայտարարած «Հատուկ ռազմական գործողությունների» գլխավոր թիրախ դարձան ուկրաինական ավիաբազաներն ու հրթիռային կայաններըՙ ուկրաինական զորքի հարձակման կամ հակահարձակման պոտենցիալը չեզոքացնելու ակնհայտ մտադրությամբ։ Գործի դրվեցին նաեւ բելոռուսական տանկային շարասյուները, որոնց, ըստ երեւույթին, տրված է հյուսիսում ուկրաինական ցամաքային զորամասերին զբաղ պահելու, ընդհուպ՝ մայրաքաղաք Կիեւին սպառնալու պարտականությունը։ Ակնհայտորեն վաղուց մշակված ռազմական պլան, որը գործի դրվեց հակառակ նախագահ Բայդենի ու ՆԱՏՕ-ի ղեկավարների նախազգուշացումին եւ հակառակ նախահարձակ չլինելու մասին Կրեմլի հավաստիացումներին։
Այո, աներեւակայելի, անգամ անկարելի թվացող պատերազմ սլավոնական երկու-երեք երկրների, միեւնույն ցեղի, պատմական միեւնույն անցյալի ժառանգորդ, գրեթե միեւնույն քաղաքակրթության կրող ժողովուրդների միջեւ, որը ոչ մի լավ բան չի կարող խոստանալ այդ ժողովուրդներին, որտեղ հաղթողը պարտյալ է ի սկզբանե։ Որտեղ իրական հաղթականը, ի սկզբանե, Արեւմուտքն է, այս օրերին ռուսական քարոզչական միջոցներում հաճախ հիշատակվող անգլո-սաքսոնական ուժերը, որոնք վաղուց, Խ. Միության կազմաքանդումից հետո, դադարել են զտարյուն անգլիական ու սաքսոնական լինել եւ, հատկապես Հարավսլավիայի անդամահատումից հետո, դարձել են բազմացեղ ու բազմանդամ, իրենց համար գլխավոր թիրախ ընտրելով Ռուսաստանի մեկուսացումն ու տկարացումը, հենվելով նաեւ սառը պատերազմի օրերից մնացող ռուսոֆոբիական զգացմունքների վրա։
Իրականում ո՞րն էր կամ որո՞նք էին պատճառները, որ Կրեմլի ղեկավարին ստիպեցին դրժել նախահարձակ չլինելու մասին տված խոստումը եւ մասշտաբային գործողություններ իրականացնել Ուկրաինայի հյուսիսային, արեւելյան ու հարավային սահմանների երկայնքով եւ ամբողջ օդային տարածքում, գլխավոր հենակետ ունենալով Դոնբասի եւ Լուգանսկի՝ օրերս ինքնահռչակ հանրապետություններ դարձած եւ մի շարք երկրների կողմից որպես այդպիսին ճանաչված տարածքները։ ՆԱՏՕ-ական սպառազինությունների ու կենդանի զորքի կուտակումնե՞րը այդ երկրում։ Իր դռան շեմին միջուկային զենքի տեղակայման իրական սպառնալի՞քը։ Թե՞ միշտ պաշտպանական խորք ունենալու առավելությունը բնավ չկորցնելու ռուսական դարավոր մարտավարությանը սպառնացող վտանգը։ Հավանաբարՙ այդ բոլորը։ Առավելՙ տնտեսական, առավել եւս՝ էներգակիրների վերահսկողությունը չկորցնելու մտահոգությունը։
Այսուամենայնիվ, ընդունելով հանդերձ վերեւի տողերում թվարկված պատճառների շատ ծանրկաշիռ լինելը, անխուսափելի է դառնում այն հարցը, թե Կրեմլը արդյոք ճի՞շտ է հաշվարկել այն ռիսկերը, որոնք հենց այս պահին, երբ թափով շարունակվում են ռազմական գործողությունները, կարող են հետեւել ոչ միայն տնտեսական պատժամիջոցների տեսքով, այլեւ՝ ռազմական հակահարվածների միջոցով, համաշխարհային առճակատման հեռանկարով հղի։
Ներկա պահին հարցերի հարցը մնում է այն, թե ո՞րն է Կրեմլի վերջնանպատակը։ Ապառազմականացնե՞լ ամբողջ Ուկրաինան, տապալե՞լ Զելենսկու կառավարությունը, ապազգայնականացնե՞լ (ինչպես երեկ առավոտ հեռուստաեթերով հայտարարում էր Պուտինը) ուկրաինացի ժողովրդին։ Հազիվ թե։ Ռազմական բախումները ցեղակից եւ արյունակից երկու ժողովուրդներին կարող են ընդամենը առավել խորը տարանջատել միմյանցից, մանավանդ երբ կան մեծաթիվ զոհեր եւ հսկայական վնասներ։
Եվ իրերի այս կացության մեջ առաջ է մղվում մյուս՝ մեզ առավել հուզող հարցը. ի՞նչ ենք անելու մենք ներկա իրավիճակում, առավել եւս՝ սպասվող աշխարհաքաղաքական անխուսափելի փոփոխությունների դիմաց։ Մանավանդ՝ Մոսկվայում փետրվարի 22-ին Պուտինի եւ Ալիեւի միջեւ կնքված «դաշնակցային համագործակցության» պայմանագրի ֆոնին, որը ակնհայտ սպառնալիքներ է պարունակում մեր երկրի հասցեին։ Մանավանդ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված՝ տխրահռչակ «Շուշիի հռչակագրի» պայմաններում։ Իրավամբ, 101 տարի առաջ Մոսկվայում համաձայնեցված եւ ապա Կարսում վավերացված պայմանագրի՝ մեզ համար ողբերգական պահերը հիշեցնող զարգացումներ, որոնց կողքի սյունակներում անդրադարձել է մեր աշխատակցուհին՝ հարակից շեշտադրումներով։ Նույն վիճակին անդրադարձ են կատարել, ներկա համարի տարբեր էջերում, մեր մասնագետ վերլուծաբանները, ընդգծելով զգոն լինելու անհրաժեշտությունը, մանավանդ նկատի առնելով մեր երկրի ներկա վիճակը, ազգային ներքին միաբանության բացակայությունը, իշխող ուժի անփորձ, անհեռատես եւ արկածախնդիր էությունը։
Սակայն, կարծում, եմ, զգոն լինելուց բացի մեզ անհրաժեշտ է շատ արագ կազմել համաձայնական նոր, ազգային միասնության կառավարություն՝ համալրելով այն փորձառու եւ կարող դեմքերով, դիմագրավելու համար սպառնալից մարտահրավերները։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ