Դրա դրույթների տրամաբանությունը նույնն է, ինչ «Շուշիի հռչակագրի» հոդվածներինը
Փետրվարի 22-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Հանդիպման առանձնահատկությունը այն էր, որ իրականացավ Ուկրաինայի ճգնաժամի պատճառուվ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում։ Կողմերը, թուրքական մամուլի բնութագրմամբ, ստորագրել են «Դաշնակցային գործողությունների մասին հռչակագիր», որը նախատեսում է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական եւ քաղաքական համագործակցության հետագա զարգացումը։
Հռչակագիրը բաղկացած է 43 հոդվածից, իսկ հոդվածներն ունեն ընդհանրություններ դեռեւս 2021-ի հունիսի15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ալիեւի ստորագրած «Շուշիի հռչակագրի» հետ։ Հայկական լրատվամիջոցներն անկասկած կանդրադառնան Պուտին-Ալիեւ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ նաեւ հռչակագրին։ Այդ իսկ պատճառով մանրամասները շրջանցում եւ նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ «Շուշիի հռչակագրի» եւ մոսկովյան «Դաշնակցային գործողությունների մասին հռչակագրի» այն հոդվածներին, որոնք ընդհանրություններ ունեն, ձեւակերպվել են հայատյացության դիրքերից միեւնույն տրամաբանությամբ։ Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» Ադրբեջանի խորհրդարանից հետո փետրվարի 3-ին վավերացրեց նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովը՝ Մեջլիսը։
Գալով Շուշիի եւ Մոսկվայի հռչակագրերում տեղ գտած հոդվածների ընդհանրությանը, Մոսկվայի հռչակագրով կողմերը նշում են, որ իրենք համագործակցում են տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար, պատրաստակամություն են հայտնում միջազգային արդիական խնդիրներում որդեգրել նույն կամ համանման դիրքորոշումներ, պարտավորվում են խուսափել երկու երկրների միջեւ ռազմավարական առկա գործընկերությանն ու դաշնակցային համագործակցությանը վնասող ամեն տեսակի գործողություններից եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված նկրտումները համատեղ ջանքերով կանխելու վճռակաություն հայտնում։
Համանման հոդվածներից թերեւս ամենակարեւորը իրենց տարածքով անցնող «հաղորդակցության միջազգային միջանցքներին» առնչվող հոդվածն է, որտեղ ռուսական եւ ադրբեջանական կողմերը այդ միջանցքների անվտանգությունն ու անխափան գործունեությունն ապահովելու հարցում պայմանավորվում են աջակցել միմյանց։ Թեեւ չի նշվում, բայց միջանցքի պարագային խոսքն անկասկած «Զանգեզուրի, ինչու չէ նաեւ Մեղրիի» միջանցքի մասին է։ Կնշանակի Պուտինի հայատյաց նկրտումները դեռ չեն սպառվել, ոչ էլ նա հրաժարվել է Զանգեզուրի եւ Մեղրիի միջանցքները ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի բացելու մտադրությունից։
Ինչ վերաբերում է «Շուշիի հռչակագրին», որին դեռեւս 2021 թ. հուլիս-օգոստոս համարում մանրամասն անդրադարձել էր թուրքական «Kriter Dergi» երկամսյա հանդեսի կայքէջը «Շուշիի հռչակագիր. եղբայրության կնիքը» վերնագրով։ Կայքէջում հոդվածագիր Ֆերհաթ Փիրինչչին անդրադարձ է կատարում 2010-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված «Ռազմավարական համագործակցության եւ փոխադարձ օգնության» պայմանագրին, դա համարում է շրջադարձային երկու եղբայրական երկրներ հարաբերություններում, ավելացնելով. «Այս պայմանագրի շրջանակում ռազմական, քաղաքական եւ անվտանգության ոլորտներում համագործակցությունը առաջին պտուղը տվեց 2020-ին, երբ Հայաստանը հուլիսին Տավուշի մարզից հարձակվեց ադրբեջանական Թովուզ քաղաքի վրա, այնուհետեւ զարգացման գագաթնակետին հասավ ղարաբաղյան 2-րդ պատերազմում եւ պսակվեց փայլուն հաղթանակով»։
Ըստ հողվածագրի, հռչակագիրը սոսկ Թուրքիա-Ադրբեջան սերտ համագործակցության ցուցանիշը չէ, այլ երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղեգիծն է նաեւ, թերեւս դրանով էլ , որպես փաստաթուղթ՝ պատմական, որովհետեւ որքան էլ ստորագրված լինի երկու երկրների միջեւ եւ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները բարձրացնի «դաշինքի» մակարդակի, մեծ ներգերծություն է ունենալու տարածաշրջանի վրա, որովհետեւ իր մեջ «ներառում է նաեւ Հայաստանին, Կովկասին եւ թյուրքական աշխարհին հասցեագրված կարեւոր ուղերձներ»։
Այդ ուղերձներից առավել հետաքրքրականը թյուրքական աշխարհին եւ հատկապես Հայաստանին հասցեագրվածներն են։ Ահա թե թյուրքական աշխարհին ողղվածների մասին ինչ է գրում «Kriter»-ի հոդվածագիրը. «Հռչակագրում մատնանշվում է եռակողմ հայտարարության մեջ արտահայտված, սակայն դեռես այդ ուղղությամբ որեւէ առաջընթաց չարձանագրված «Զանգեզուրի միջանցքի» բացման եւ դրա արդյունավետ գործարկման նախապայմանը հանդիսացող Նախիջեւան-Կարս երկաթուղու կառուցման նշանակության մասին։ Դա կարեւոր է Ադրբեջանի հետ Թուրքիայի ուղղակի կապն ապահովելու առումով։ Այդ դեպքում արդեն Էդիրնեից մինչեւ Չինաստանի սահմանները, Միջին Ասիայի հանրապետությունների հետ Ադրբեջանի տարածքով հնարավոր է լինելու կառուցել հաղորդակցության նոր եւ հզոր մի ամբողջ ցանց»։
Թուրք հողվածագիրը «Շուշիի հռչակագրին» հաղորդում է կանխազգուշական նշանակություն Հայաստանի առումով եւ գրում՝ «Հռչակագիրը, ելնելով Երեւանի վարչակառգին ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու հավանականությունից, ստեղծում է վերջինին այդ մտադրությունից ետ պահելու բոլոր նախադրյալները։ Հռչակագրում տեղ գտած «կողմերից յուրաքանչուրի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններին կամ ազգային անվտանգությանը որեւէ սպառնալիքի, ինչպես նաեւ ոտնձգության դեպքում» արտահայտությամբ, ակնհայտ է, որ ակնարկվում են Հայաստանի հնարավոր սադրանքները։ Հռչակագրով կողմերը Հայաստանին տալիս են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առկա խնդիրները կարգավորելու հնարավորություն։ Հռչակագրում միաժամանակ 1915-ին առչվող արխիվները բացելու կոչ է արվել Հայաստանին, ընդգծելով անհիմն պնդումների այն վնասները, որոնք հասցնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Այս տեսանկյունից պետք է գնահատել Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդների դեկտեմբերին եւ հունիսին կայացած հանդիպումները, որոնցում նրանք արտահայտվել էին հանուն Կովկասի կայունության ու խաղաղության, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հարաբերությունների նորմալացման, 3+3 ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության մեխանիզմներ ստեղծելու հնարավորության մասին»։
Վերջում հողվածագիրը կրկին անդրադառնում է «Շուշիի հռչակագրին», ընդգծում դրա այսպես կոչված բարերար ազդեցությունը «թյուրքական աշխարհի» վրա։ Նա նկատի ունի «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդի», «Համաթյուրքական ակադեմիայի» ջանքերով ամրապնդել համերաշխությունը թյուրքալեզու հանրապետությունների միջեւ եւ բարձրացնել «համաթյուրքական ինքնագիտակցությունը»։ Թերեւս այդ առումով պատահական չէ, որ հեղինակը գրում է. «Որքան էլ Շուշիի հռչակագիրը ստորագրված լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, դրանում արտահայտված դրույթները չեն սահմանափակվելու այս երկու պետություններով, այլեւ անդրադառնալու են Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի վրա, հետեւաբար այդ հռչակագիրը միանգամայն կարելի է բնութագրել որպես «թյուրքական աշխարհի» մանիֆեստ», քանի որ Հարավային Կովկասում կարգավորում է տարածաշրջանային ռազմա-քաղաքական հավասարակշռություններն ու էական ներգործություն է ունենում թյուրքալեզու հանրապետությունների վրա»։