Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին արտերկրից, բայց ամենօրյա ռեժիմով հետեւող քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ 44-օրյա պատերազմի, դրա ելքի ու դրանից հետո կատարվող իրադարաձությունների թիվ մեկ մեղավորը իշխանությունն է: «Ազգ»ի հետ զրույցում նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմն են պարտության առաջին մեղավորը, քանի որ լավ առաջնորդությամբ կարելի էր հաղթանակի հասնել: Անկախ հանգամանքից, շարունակում է մեր զրուցակիցը, թե նախորդ իշխանություններն ինչքան աններելի բացթողումներ ու մեղքեր ունեն բանակաշինության հարցում, երկու տարին բավարար ժամանակահատված էր, որպեսզի մեծածավալ աշխատանքներ իրականացվեին ՀՀ Զինված ուժերում: Ըստ մեր զրուցակցի՝ նոր բան չէ նաեւ ընդդիմության՝ միմյանց սեւացնելու ձեռագիրը, ու եթե նախկինում գոյություն ուներ իրական ու կեղծ ընդդիմություն, ապա այժմ այս երկուսին ավելացել է նաեւ նախորդ իշխանության ներկայացուցիչներից ձեւավորված ըննդիմությունը, որն իրական ընդդիմություն չէ:
«Ներկա իշխանությունը նախորդի ժառանգությունն է, նրանք օրգանական կապի մեջ են, ու այսօր Հայաստանի խորհրդարանում ներառված բոլոր ուժերը պատասխանատվություն ունեն 44-օրյա պատերազմում պարտվելու մեջ: Բազմաթիվ սխալներ են արել ու արվում մինչեւ հիմա. համապատասխան ու անհրաժեշտ սպառազինություն ձեռք չի բերվել, պետական ռեսուրսները ոչ թե մեր երկրի անվտնագությանն են ուղղվել, այլ՝ ընդամենը մի քանի անձանց կամ նրանց ընտանիքներին: Սրան էլ հավելած՝ դիվանագիտական ձախողումները. թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանը մնացել է առանց ռազմավարական գործընկերների:
Հայաստանը, տարիներ շարունակ վիժեցնելով արեւմտյան ուղղությամբ տարվող քայլերն ու, հատկապես, Ազատ առեւտրի ու ասոցացման պայամնագիրը (ՍԵՊԱ)-ն, որոշակիորեն հեռացել է Արեւմուտքից: Ռուսաստանի գիրկը նետվելով էլ՝ բացի թղթի վրա գործընկերության մասին ասվող խոսքերը՝ իրական գործընկերություն չստացանք ու չտեսանք: Պատերազմի ժամանակ ու դրանից հետո հնչող տարատեսակ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ այս ամենն ռուս-թուրքական համատեղ ծրագիր է (Ակնայում ձեւավորված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի նման), ու, անկեղծ ասած, մտավախություն ունեմ, որ մեր երկիրը ռուս-թուրքական գրկախառնության մեջ սեղմված է մնալու: Պատերազմից հետո Արեւմուտքից դրական ազդակներ եկան, բայց ՀՀ իշխանությունն անգամ դրանց դրականորեն չարձագանքեց»,- նշում է նա:
Քաղաքական գործիչն այն համոզմանն է, որ հայաստանյան քաղաքական դաշտը երրորդ ուժի կարիք ունի: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրույթունների ժամանակ, ասում է, հույս ուներ, թե հին ընդդիմադիրները կմիավորվեն, բայց ինչպես 2018-ին, այնպես 2021-ին կոպիտ սխալը թույլ տվեցին, ու ամեն մեկն առանձին-առանձին գնաց ընտրության՝ փոշիացնելով քվեներն ու դաշտը թողնելով նախորդ ու ներկա իշխանություններին, այսինքն նրանց, որ մեղավոր են 2020-ի պատերազմի աղետալի հետեւանքների համար:
«Հին ընդդիմադիրները գոնե այժմ պետք է միավորվեն ու համապատասխան քայլեր իրականացնելով՝ իրավիճակ փոխեն երկրում: Հակառակ պարագայում այն ծրագիրը, որ մշակվել է Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից, հնարավոր չի լինի չեզոքացնել: Շատ բարդ ժամանակներում ենք ապրում, կոնկրետ քայլերի անհրաժեշտություն կա, իսկ առանց բոլոր ուժերի միավորման որեւէ փրկություն մեր երկրի համար չի կարող լինել: Քայլերի հաջորդականություն, հստակ ռազմավարություն ու հուսալի գործընկերներ պետք է ունենանք՝ կարողանալու համար լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները: Մեղավորներ փնտրելու որսի հետ կապված ասեմ նաեւ, որ իհարկե, պարտությունը հենց այնպես չի լինում, իհարկե, յուրաքանչյուր պարտություն մեղավորներ ունի, ճիշտ այնպես, ինչպես հաղթանակն է կերտող ունենում: Ու դրա համար անհրաժեշտություն կա հասկանալու՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Այն ինֆորմացիան, որին ես տիրապխետում եմ, թույլ է տալիս եզրակացնել՝ բացի այն, որ ներկա իշխանությունները ուղղակի փայլում են դիլետանտությամբ ու կազմակերպչական հմտություններ չունենալով, Հայաստանում դավաճանների ու գործակալների կոնկրետ ցանց է գործել: Ով գոնե մեկ անգամ եղել է Արցախում, հստակ պատկերացնում է` Հադրութն, այնուհետ Շուշին վերցնելն այդքան դյուրին չէր կարող լինել: Հարձակվելու առումով՝ ադրբեջանցիներն ավելի հարմար հատվածներ ունեին՝ Ասկերանի (Ակնայի) եւ հյուսիսից էլ Մարտակերտի ուղղությունները: Բայց այդ ուղղությամբ մերոնք կարող էին կասեցնել թշնամու հարձակումը, իսկ հարավը, որ լեռնային տեղանք է, հակառակորդը, չգիտես ինչպես, կարողացել է «ճեղքել» ու հասնել Շուշի: Ակնհայտ է՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ եղել են, ու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում մասնակցություն են ունեցել նաեւ մեծաթիվ հայ պաշտոնյաներ: Կարծում եմ՝ մի օր Հայաստանում այնպիսի իշխանություն կլինի, որ անաչառ կերպով կքննի այդ ամենը»,- իր նկատառումներ է ներկայացնում Մարտիրոսյանը:
Մեր զրուցակիցը կոպտագույն սխալ է համարում պարտված իշխանությանը նորից ընտրելը: Ըստ նրա՝ խորհրդարանում են հայտնվել նախկին երկու նախագահները, որոնց կառավարման համակարգի պատճառով է նաեւ այսօր նման իրավիճակ ստեղծվել: Իսկ բոլոր այն անձինք, հավելում է Ա. Մարտիրոսյանը, որ այս տարիներին, արդարացիորեն կամ անաչառորեն պայքարել են ՀՀ-ում իրավիճակ փոխելու համար, դուրս են մղվել դաշտից:
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու խաղաղության դարաշրջանի մասին նախկին պատգամավորն ասում է, որ Սփյուռքի՝ Ցեղասպանությունից հետո գաղթածների սերնդի ներկայացուցիչներ համար բացարձակ ընկալելի չէ հայ-թուրքական ջերմացման միտումը, ու դա հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան անմիջականորեն մասնակցել 44-օրյա պատերազմին: Պատերազմի ժամանակ, երբ դրսի կուսակցություններ, եկեղեցիներ ու այլ կառույցներ միասնաբար ջանքեր էին գործադրում ինչ-ինչ հարցեր լուծելու, հանգանականություններ անելու համար, այժմ, փաստացի, նման դիսկուրսի պատճառով տարանջատում, սեպ է խրվում նրանց միջեւ: Սեպ խրողը, իհարկե, Թուրքիան է, Հայաստանի իշխանություններն էլ մեծ ջանասիրությամբ փորձում են էլ ավելի մեծացնել սեպից առաջացած ճեղքը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ