ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Երաժշտագետ
Օրերս հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ եւ հետաքրքրական զրույց ունենալ մերօրյա դաշնամուրային արվեստի ինքնատիպ ներկայացուցիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ֆրանսաբնակ դաշնակահար Լեւոն Կարապետյանի հետ: Վեց եւ կես տարեկան հասակում Լեւոնը կորցնելով տեսողությունը՝ այնուամենայնիվ հետամուտ եղավ դաշնամուրային կատարողական ասպարեզում իր նպատակների իրականացմանը: Այսօր մեծագույն ուրախությամբ կարելի է արձանագրել, որ նա իր ուրույն գույնն ու հմայքն է հաղորդում հայ կատարողական արվեստին:
–Լեւո՛ն, մի փոքր պատմե՛ք ձեր մանկության տարիների մասին: Ինչպե՞ս ձեր մեջ ձեւավորվեց Լեւոն երաժիշտը:
-Ծնվել եւ մեծացել եմ երաժշտական ընտանիքում: Հայրս Հայհամերգում բեմադրիչ էր, նաեւ կիթառ էր նվագում, եւ ես փոքր հասակից հաղորդակից էի երաժշտությանը, դեռ մեկուկես-երկու տարեկանից կարողանում էի ինքնուրույն միացնել ձայնարկիչը եւ ունկնդրում էի մեր տանը եղած ձայնապնակները: Նույնիսկ հիշում եմ, 90-ականների մութ տարիներին բավական ծանր էի տանում այն փաստը, որ հոսանք չկա եւ չեմ կարողանում լսել երաժշտություն: Շատ հանգիստ երեխա էի, սիրում էի մեքենաներով խաղալ, հեծանիվ քշել, նաեւ շատ խնամքով էի վերաբերվում խաղալիքներիս. ամեն անգամ խաղալուց հետո դրանք դասավորում էի իրենց տուփերի մեջ եւ պահում: Զարմիկներիս հետ հաճախ էի սիրում խաղալ քեռուս տան բակում, եւ քանի որ քեռուս տանը կար դաշնամուր, սիրում էի այցելել իրենց, եւ այդպես ծանոթացա դաշնամուրին: Ինձ դուր էր գալիս գործիքի հնչողությունը, ստեղնաշարը, եւ խնդրեցի ծնողներիս ինձ համար դաշնամուր գնել: Յոթ տարեկանում, երբ ես արդեն դաշնամուր ունեի ու արդեն հաճախում էի թիվ 14 հատուկ դպրոցը, սկսեցի իմ առաջին քայլերը երաժշտության մեջ: Առաջին դասերը ստացել եմ այդ դպրոցում գործող դաշնամուրի խմբակում, այնուհետեւ կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի խորհրդով ընդունվեցի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց՝ Կարինե Դարբինյանի դասարան:
–Իսկ ինչպե՞ս էր հաջողվում սովորել երաժշտական տեքստը, հաղթահարել խոչընդոտները:
-Սկզբնական շրջանում սովորում էի անգիր, այսինքն՝ դասատուն սովորեցնում էր նոտաները եւ այդպես սովորում էի երաժշտական ստեղծագործությունները եւ կատարում: Սակայն ժամանակի հետ պարզ դարձավ, որ այս կերպ երկար չեմ կարողանա պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երաժշտությամբ: Երբ արդեն 7-րդ դասարանում էի, ծանոթացանք կոմպոզիտոր, դաշնակահար Զոհրաբ Փարեմուզյանի հետ, որը նույնպես չի տեսնում, եւ նա ինձ սովորեցրեց կարդալ բրայլյան նոտագրությամբ: Այդպիսով, ես արդեն կարողացա դաշնամուրային նվագացանկն ընթերցել, եւ կարող եմ ասել, որ դաշնամուրային երաժշտության գրեթե 90%-ն այդ համակարգով առկա է: Բացառություն է ներկայացնում հայ երաժշտությունը, ինչը մինչեւ հիմա էլ սովորում եմ որեւէ մեկի օգնությամբ:
–Իսկ ինչպե՞ս կատարեցիք անցում դեպի երաժշտական մասնագիտական կրթություն:
-2004 թվականին ելույթ էի ունենում քաղաքապետարանի կողմից կազմակերպված մի համերգի: Համերգից հետո դասատուս ծանոթացրեց ինձ պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ Սերգեյ Քեչեկի հետ, որի մոտ էլ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում շարունակեցի երաժշտական կրթությունս: Հետո արդեն ընդունվեցի կոնսերվատորիա եւ շարունակեցի ուսումս դարձյալ Սերգեյ Քեչեկի դասարանում: Ի դեպ, պետք է նշեմ, որ Հեքիմյանի դպրոցում սովորելու ժամանակ, Մոսկվայում ուսումը շարունակելու համար ընտրել էին ինձ, իսկ դասատուիս առաջարկել էին տեղափոխվել ու աշխատանքը շարունակել այնտեղ: Բայց հայրս դեմ եղավ, որպեսզի մենք մեկնենք, իսկ դասատուս՝ Կարինե Դարբինյանը մեկնեց եւ վերջին 7-րդ դասարանը ես շարունակեցի Ռուզաննա Ազիզյանի մոտ: Այդ տարիներին նաեւ ինտենսիվ պարապեցի հարմոնիա եւ տեսություն, կուտակեցի անհրաժեշտ գիտելիքներ:
–Լեւո՛ն, պատմեք ձեր եւ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի՝ որպես դասատու հարաբերությունների մասին: Ինչպիսի՞ն էր նրա ազդեցությունը ձեր՝ որպես դաշնակահար ձեւավորման գործում:
-Սերգեյ Քեչեկի մոտ սովորելիս շատ գնահատեցի իր մանկավարժական եւ հոգատար մոտեցումը: Նա երբեք ուսանողին չի ստորադասում, եւ մեր շփումը կայանում էր որպես ընկերներ, հավասարը հավասարի հետ: Իրենից ես շատ կարեւոր մի բան սովորեցի՝ »րբեք իմ կատարումներով չհամեմատվել հայտնի կատարողների հետ, այլ միշտ փնտրել իմ անհատական մոտեցումն ու վերաբերմունքը երաժշտական ստեղծագործության հանդեպ:
–Կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնեցիք Ֆրանսիա՝ ձեր ընտանիքի մոտ: Ինչպե՞ս ընթացավ ձեր երաժշտական գործունեությունն այնտեղ: Պատմե՛ք ձեր ուսման, մրցույթների մասնակցության, ինչպես նաեւ ձեր շփումների մասին:
-Ընտանիքս հանգամանքների բերումով տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ ես կոնսերվատորիայում ուսանելու համար մնացի Երեւանում: Երբ ավարտեցի ուսումս, արդեն միացա ընտանիքիս: Ֆրանսիայում ես սովորեցի Ստրասբուրգի պարի եւ երաժշտության ակադեմիայում, Լորան Կաբասոյի հետ: Ունեցել եմ վարպետության դասեր հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են Բորիս Բերմանը (Լազար Բերմանի որդին է), Բեռնար Դասկոլին, բելգիացի դաշնակահար Լորան Բուլետը, Արմեն Բաբախանյանը եւ այլք:
Մասնակցել եմ մրցույթների Լիոնում, Իսպանիայում, բայց ընդհանուր առմամբ դրանց մի փոքր հումորով եմ վերաբերում, քանի որ հաճախ ենք ականատես լինում, որ մրցույթներում հաղթում են ոչ ամենաարժանավորները: Դա ինձ համար ընդամենը փորձ ձեռքբերելու առիթ է:
–Մի փոքր պատմե՛ք նաեւ նվագախմբերի հետ ձեր ելույթների մասին:
-Առաջին անգամ նվագախմբի հետ ելույթ ունենալու իմ փորձառությունը 2007-ին էր, երբ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեցի Մոցարտի 19-րդ կոնցերտը մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարութամբ: Առաջին անգամ հուզմունքը մեծ էր, բայց համերգը շատ հաջող անցավ, ինչը ոգեւորեց ինձ: Հաջորդիվ՝ 2010-2011 թվականներին, ելույթներ եմ ունեցել Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ, կատարել եմ Բեթհովենի թիվ 3 կոնցերտը՝ դիրիժոր Միխայիլ Տատարնիկովի ղեկավարությամբ: 2012-ին Բեթհովենի թիվ 3 կոնցերտով ելույթ եմ ունեցել նաեւ Հայաստանում՝ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարմամբ: 2016-ին Մարիինյան թատրոնում ելույթ եմ ունեցել Գրիգի կոնցերտի 1-ին մասի կատարմամբ, իսկ 2017-ին հանդես եմ եկել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել եմ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը: Ուզում եմ հատուկ ընդգծել այս համագործակցությունը, որովհետեւ Սերգեյ Սմբատյանի հետ ես շատ հարմարավետ էի զգում բեմում, երկուստեք կարողանում էինք զգալ բոլոր մուտքերը եւ երաժշտության շունչը, չնայած որ ես, բնականաբար, չէի տեսնում իր ժեստերը:
–Լեւո՛ն, ձեր երկացանկում են Բախի, Բեթհովենի, Շուբերտի, Չայկովսկու, Ռախմանինովի եւ հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները: Հետաքրքրական է, համերգների համար ի՞նչ սկզբունքով եք ընտրում ստեղծագործությունները եւ կազմում նվագացանկը: Որեւէ մեկն օգնու՞մ է ձեզ այս գործում:
-Դեռեւս ուսանողական տարիներից պատահում էր, որ լսում էի՝ ընկերներս ինչ-որ ստեղծագործություն են նվագում. հավանում էի ու որոշում էի ես նույնպես կատարել: Հետագայում արդեն դասական երաժշտության համերգների ժամանակ եթե որեւէ ստեղծագործություն հավանում էի, ցանկություն էր առաջանում իմ մեկնաբանությունը ունենալ:
Նաեւ երբեմն ծնողներս, եղբայրս եթե որեւէ դաշնամուրային ստեղծագործություն են լսում, առաջարկում են կատարել, կամ օրինակ, ես որեւէ կոմպոզիտորի երկեր ունկնդրելիս ընտրում եմ որեւէ բան կատարելու համար:
Օրինակ, հիմա շատ մեծ ցանկություն ունեմ կատարելու հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործություններ, մանավանդ Կոմիտասի վեց պարեղանակները: Ոգեշնչվել եմ Գրիգորի Սոկոլովի կատարումից, որը, հայ չլինելով, կատարում է դրանք:
Ինձ շատ հոգեհարազատ են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Ռախմանինովի ստեղծագործությունները, Շոպենի մանրանվագները՝ մազուրկաներ, նոկտյուրններ: Երբ երեխա էի, գուցե առանձնացնեի որեւէ կոմպոզիտորի, օրինակ, ասեի, որ միայն Բախ եմ սիրում, բայց հիմա, բնականաբար, այնքա՛ն լավ կոմպոզիտորներ կան, որ դժվար է առանձնացնել: Բայց եթե փորձեմ առանձնացնել, ուրեմն՝ Բեթհովեն, որի դաշնամուրային սոնատներն ու կոնցերտները շատ եմ սիրում:
–Խոսենք ապագայի ծրագրերի մասին նաեւ: Ի՞նչ մտադրություններ եւ նպատակներ ունեք:
-Մոտակա նպատակները կապված են Բեթհովենի թիվ 4 կոնցերտի կատարման հետ: Այժմ սովորում եմ այն եւ հետո արդեն Հայաստան կգամ՝ հավանաբար սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարելու: Իսկ վերջին տարիներին նաեւ անընդհատ միտք էր ծագում ձայնագրություններ կատարել. չէ՞ որ մեզնից հետո, այն, ինչ կարող է մնալ մարդկությանը, ձայնագրություններն են: Ուզում եմ հերթականությամբ ձայնագրել իմ ողջ նվագացանկը, թողարկել առանձին կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնապնակներ: Առայժմ այսքանը:
Լեւոնի հետ իմ հեռավար զրույցը ավարտվեց ջերմ մաղթանքներով եւ մոտ ապագայում իրական ծանոթության ակնկալիքով:
Տաղանդաշատ դաշնակահարի կատարումներն ինձ համար եւս հայտնություն էին: Լեւոնի նվագն աչքի է ընկնում իրեն հատուկ գույներով, անթերի հնչյունային հավասարակշռությամբ, չափավոր ու անկեղծ զգացմունքայնությամբ՝ զերծ ավելորդ պաթոսից եւ ցուցադրականությունից: Մեծակտավ ստեղծագործությունների կատարումներն առանձնանում են երաժշտական ձեւերի ավարտուն ըմբռնմամբ, իսկ մանրանվագները հատկապես հուզում են ինտոնացիոն քնքուշ հնչերանգներով: Լեւոնին հավասարապես լավ են հաջողվում երաժշտական բոլոր ժամանակաշրջանների ստեղծագործությունները՝ թույլ տալով ունենալ ընդգրկուն եւ բազմազան երկացանկ:
Անտեսելով կյանքի դժվարություններն ու խոչընդոտները, թերահավատ մարդկանց կարծիքները՝ Լեւոն Կարապետյանը կարողացել է պահպանել հոգու ամրությունն ու հավատը: Նրա խոսքը լի է լավատեսությամբ, կյանքի նկատմամբ սիրով եւ ճակատագրի յուրաքանչյուր փորձություն հաղթահարելու հաստատակամությամբ: Տաղանդաշատ դաշնակահարին մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ անսպառ գույներ իր հնչողական, ոգեղեն աշխարհում: