Խորհրդային Միության փլուզումին հաջորդած աշխարհաքաղաքական նոր կարգուկանոնը դեռ շարունակում է ձեւավորվել: Այդ պատճառով էլ միջազգային հարաբերություններում անպակաս են հետցնցումները: Դրանցից մեկը նախկին Հարավսլավիայի տրոհումն էր, մյուսը՝ Արաբական գարունը, երրորդը՝ պատերազմները Կովկասում եւ այժմ պատերազմի սպառնալիքը Ուկրաինայում:
Խորհրդային Միության ներփլուզումը 1991-ին շփոթ կացության առաջ կանգնեցրեց Ռուսաստանին, թույլ տալով Արեւմուտքին օգտվել հնարավորությունից եւ իր թաթը դնել գլոբալ քարտեզի վրա: Այդ ժամանակ Արեւմուտքը ավազի վրա գիծ քաշեց ահաբեկելով Սերբիային՝ էթնիկական այլ փոքրամասնությունների դեմ գործադրած նրա գործողությունների առիթով եւ Մոսկվային էլ հասկացնելով, որ եվրոպական մայրցամաքում նրա ազդեցությունն զգալիորեն նվազել է:
Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանն իր գծերը քաշեց ավազի վրա հայտնվելով սիրիական ճակատում, մինչ Արեւմուտքը ոգեւորված մեկը մյուսի ետեւից քանդում էր Միջին Արեւելքի երկրները: Ռուսաստանի՝ Սիրիայում հայտնվելը փաստորեն կանգնեցրեց Արաբական գարնան ընթացքը, որի վերջնակետը լինելու էր Իրանը: Այդ էր պատճառը, որ Իրանը միացավ Ռուսաստանին պաշտպանելու համար Ասադի վարչակազմը, չնայած նա վստահաբար ուներ նաեւ իր քաղաքական հետաքրքրությունները այդ տարածքում:
Ներկայիս բոլորի ուշադրությունը բեւեռված է Ուկրաինայի վրա, որի սահմաններում կուտակված են հարյուր հազարավոր ռուսական զորամիավորումներ, եւ արեւմտյան պետություններն էլ ահազանգում են ռուսական մոտակա ներխուժման մասին՝ հույսները չկտրելով դիվանագիտական բանակցությունների միջոցով լուծելու խնդիրը: Ֆրանսիան եւ Գերմանիան արդեն իրենց նախագահներին ուղարկել են Մոսկվա՝ բանակցելու, իսկ Միացյալ Թագավորությունը նրանց օրինակին հետեւել է Ռուսաստան ուղարկելով իր արտգործնախարարին:
Իր հերթին Մ. Նահանգների նախագահ Ջո Բայդենը zoom-ի միջոցով կապ է հաստատել նախագահ Պուտինի հետ: Բոլորն էլ խստորեն զգուշացրել են Կրեմլին, որ Ուկրաինա ներխուժման դեպքում ուժեղ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կկիրառեն, որը կխեղի Ռուսաստանի տնտեսությունը: Բացի այդ անմիջական զինվորական մասնակցության փոխարեն Արեւմուտքը պաշտպանական զինամթերք եւ տնտեսական օգնություն է ուղարկում Ուկրաինա:
Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան չեզոքություն պահպանի եւ խոստանա չմիանալ ՆԱՏՕ-ին: Նախագահ Պուտինը պնդում է, որ Արեւմուտքը պարտավորվել է դեպի հեռավոր արեւելք չընդարձակել ՆԱՏՕ-ն եւ դրանով չսպառնալ Ռուսաստանի անվտանգությանը: Իրականում Պուտինը ավելի մեծ գումար է բախտախաղի դնում ակնկալելով, գուցե, ստանալ նվազագույնը: Նա պահանջում է Արեւմուտքից ՆԱՏՕ-ի սահմանները ետ քաշել դեպի 1997-ի իրենց դիրքերը: Կրեմլը իր պահանջը հիմնավորում է հիշեցնելով Մ. Նահանգների պետքարտուղար Ջեյմս Բեյքրի՝ վարչապետ Միխայիլ Գորբաչովին տված բանավոր հավաստիացումն այն մասին, որ «ՆԱՏՕ-ն իր ներկա դիրքից ոչ մի մատնաչափ դեպի արեւելք չի ընդարձակվի»: Այդ խոստումը, որ չի պահպանվել, Բեյքրն արել էր վերամիավորված, Գերմանիայում Արեւմուտքի հաստատվելուց հետո:
Գորբաչովը թեեւ համարվում էր իր ժամանակի խորաթափանց պետական գործիչներից մեկը: Նրա մտքով չէր անցնում, որ նման բանավոր հավաստիացումը կարող էր անհետ կորել այն մարդկանց հետ, որոնք հնչեցրել էին այդ խոսքերը: Որեւէ իշխանության փլուզում առաջացնում է վակուում, որին փորձում են տիրանալ ուրիշ երկրներ:
Այդ ժամանակ Մ. Նահանգների գանձարանի քարտուղար Նիկոլաս Բրեյդին նախագահ Ջորջ Հ. Բուշին խորհուրդ էր տվել ասելով, որ Ամերիկայի մարտավարական առաջնահերթությունը պետք է լինի Խորհրդային Միությունը «վերածել երրորդ կարգի մի իշխանության. դա է մեր ուզածը»: Եվ իրոք, իր մահամերձ տնտեսությամբ Ռուսաստանն այդ ժամանակ այդ ուղղությամբ էր առաջ գնում, մինչեւ որ Պուտինն ստանձնեց իշխանության ղեկը եւ հասկանալով Մ. Նահանգների մտադրությունները, շրջադարձ կատարեց: ՆԱՏՕ-ի ընդարձակումը իրոք նպատակ ուներ պարփակելու Ռուսաստանին եւ չթողնելու, որ այն վերընձյուղվի որպես գերհզոր պետություն:
Ներկայիս ծայր առած Ուկրաինայի ճգնաժամը Ռուսաստան-Արեւմուտք առճակատման դրսեւորում է: Ֆրանսիան եւ Գերմանիան նվազ կարեւորություն են տալիս հարցին: Արտաքնապես Արեւմուտքը միացյալ ճակատ է ցուցաբերում ընդդեմ հնարավոր ռուսական ագրեսիայի, սակայն ճեղքեր դաշնության մեջ, այնուամենայնիվ, նշմարելի են: Գերմանիան, մասնավորապես, չափազանց շատ է կախված ռուսական էներգետիկ պաշարներից: Հատկանշական է, որ երբ նախագահ Բայդենը սպառնաց փակել Գերմանիային գազ մատակարարող «Հյուսիսային երկրորդ հոսքը» (North Stream 2) Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ներկայությամբ, վերջինս լուռ մնաց:
Մինչ սառը հարաբերությունները շարունակվում են, դիվանագիտությունը գործի է անցել: 2020 թվի նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Թուլսի Գաբբարտը վերջերս «Fox News»ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ նախագահ Բայդենը կարող է մեղմել կացությունը հայտարարելով պարզապես, որ Ուկրաինան չի միանալու ՆԱՏՕ-ին, քանի որ նման հնարավորությունը մոտալուտ չէ:
Դրան պետք է միացնել Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի լեզվի սայթաքումը: BBC-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ իր երկիրը կարող է վերանայես ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Ուկրաինայի արտգործնախարարությունը անմիջապես հերքել էր այդ հայտարարությունը նշելով, որ ՆԱՏՕ-ին միանալու հարցը ամրագրված է երկրի սահմանադրության մեջ:
Մինչ ճգնաժամը շարունակվում է եւ բազմաթիվ երկրներ իրենց դիվանագիտական անձնակազմն ու քաղաքացիներին տարհանում են Կիեւից, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ իր դեսպանատունը շարունակում է բնականոն աշխատել եւ մտադիր չէ աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ այնտեղ բնակվող հայրենակիցներին տեղափոխել այլ վայր: Բայց եթե նույնիսկ Հայաստանը ցանկանար եւ քաղաքացիներին դուրս հաներ այդ երկրից, չէր կարող գործնականորեն իրագործել այն, քանի որ նրանց թիվը հասնում է հինգ հարյուր հազարի եւ նրանք զգալի ներդրումներ են կատարում Հայաստանում:
Հայերն Ուկրաինայում, ինչպես նաեւ Ռուսաստանում, քաղաքական որեւէ ուժ չեն ներկայացնում, ի հակադրություն Եվրոպայի եւ Մ. Նահանգների, որտեղ նրանք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում: Նույնիսկ այն դեպքում, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ազգությամբ հայ է, այդ երկիրը 44-օրյա պատերազմի ժամանակ շարունակեց ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Այնպես որ կարելի է նշել, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները բավական բարդ են: Թուրքիան եւ Ադրբեջանը Ուկրաինային են պաշտպանում, եւ դա է՛լ ավելի է բարդացնում Հայաստանի վիճակը:
Ճգնաժամի այս օրերին նախագահ Իլհամ Ալիեւը Կիեւ շտապեց եւ այնտեղ պայմանագիր կնքեց, որը նաեւ ռազմական բաղադրիչ է պարունակում: Այդ քայլը չվրդովեցրեց Կրեմլին, որն այնքան պարտական է ալիեւյան վարչակարգին:
Եթե պատերազմ ծագի, հայերը սահմանի երկու կողմերում էլ տուժելու են, քանի որ Ռուսաստանում առնվազն երեք միլիոն հայ է ապրում, որոնցից շատերը փող են ուղարկում Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ շուկան է, եւ պատերազմը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի տնտեսության եւ մասնավորապես արտահանումների վրա:
Դրան գումարած՝ Ռուսաստանի դեմ նախատեսված հնարավոր արեւմտյան պատժամիջոցները դոմինոյի ներգործություն են ունենալու Հայաստանում, ինչպես պատահեց Իրանի պարագայում: Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանը Վրաստանից հետո երկրորդ երկիրն է, որ Հայաստանին կապում է արտաքին աշխարհի հետ, սակայն առեւտրաշրջանառությունը այդ երկրի հետ ցանկալի մակարդակի չի հասել Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների հետեւանքում: Նույնը կարող է պատահել Ռուսաստանի հետ, եթե վերջինս պատերազմի մեջ մտնի եւ նրա տնտեսությունը թուլանա դրա եւ պատժամիջոցների հետեւանքում:
Հաջորդ դժվարին կացությունը Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին: Ինչպես տեսանք վերջերս Ղազախստանում տեղի ունեցած ճգնաժամի օրերին, Մոսկվան Հայաստանին ներքաշեց հակամարտության մեջ, չնայած նրա առաջնորդությամբ զինվորական այդ դաշինքը մատը մատին չէր տվել, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա:
Կարծես ՀԱՊԿ-ի կողմից այդ վատ վերաբերմունքը բավական չէր, նրա ամենաճոռոմ անդամներից մեկի՝ Բելառուսի նախագահը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, վերջերս ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ ստորացուցիչ ակնարկներ կատարեց՝ ասելով. «Ո՞ւմ է պետք Հայաստանը: Նիկոլը (Փաշինյան) այլընտրանք չունի, բացի Միութենական Պետությանը մաս կազմելուց»: Վերջինիս ստեղծումը Մոսկվայի եւ Մինսկի նպատակն է եղել արդեն երկար ժամանակ: Լուկաշենկոն, որի վարկանիշը նվազել է նախագահական վերջին ընտրություններից հետո, նաեւ նախատեսել է, որ 15 տարի անց Ուկրաինան էլ կանդամակցի այդ Միութենական պետությանը:
Հաջորդ հարցը ԵԱՀԿ-ի ներգրավվածությունն է Ուկրաինայի ճգնաժամի մեջ: Արդեն այդ կազմակերպության Մինսկի խմբի առաքելությունը Ղարաբաղում ձգձգվում էր տարաբնույթ պատճառներով, իսկ այժմ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով դրա ներկայացուցիչները ավելի քան զբաղված են լինելու, ինչը նպաստավոր է լինելու Ադրբեջանի համար, որն անընդհատ խոչընդոտում է այդ կազմակերպության գործունեությունը Կովկասում: ԵԱՀԿ-ն այժմ հիմք կունենա իր պատվիրակներին չուղարկելու տարածաշրջան:
Նախագահ Ալիեւը բազմաթիվ անգամներ նշել է, որ ԵԱՀԿ-ն այլեւս այնտեղ գործ չունի, քանի որ պատերազմը կարգավորել է ղարաբաղյան հարցը: ԵԱՀԿ-Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որ կարգավիճակի հարցը դեռ չի լուծված եւ այն պետք է բանակցությունների միջոցով լուծվի: Պետք է նշել, սակայն, որ համանախագահների շրջանում էլ միակարծություն գոյություն չունի: Ֆրանսիան եւ Մ. Նահանգները առաջ են քաշում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մինչ Ռուսաստանն անընդհատ պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գործունեությունը պետք է սահմանափակի՝ կենտրոնանալով մարդասիրական հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների ազատ արձակման եւ մահացած զինվորների աճյունների փոխանակման հարցերը:
«Hyperallergic.com» կայքում տեղադրած իր հոդվածում լրագրող Սիմոն Մաղաքյանը գրում է, որ Ուկրաինայի ճգնաժամով խրախուսված Ադրբեջանը պաշտոնապես հանձն է առել աղավաղել Ղարաբաղի գրավյալ տարածքների հայկական հուշարձանների ինքնությունը:
Ղարաբաղյան պատերազմը Ուկրաինայի ճգնաժամի հետ կապ ունի այն պատճառով, որ 44-օրյա մարտերը հաղթանակ պարգեւեցին թշնամուն թուրքական «Բայրաքթար ԱԹՍ-երի» շնորհիվ: Նրանց նոր հատկանիշներն ու հաղթանակի հաջողությունը ավելացրել են նրանց առեւտրական արժեքը, եւ այն մեծ եկամուտ է բերում Թուրքիայի մահամերձ տնտեսությանը, քանի որ երկիրը շարունակում է բայրաքթարներ վաճառել Ուկրաինային: Չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, Արեւմուտքում որոշ ռազմագետներ գտնում են, որ բայրաքթարները ավելի լավն են, քան ավանդական ռուսական զենքերը, որոնք պարտության մատնվեցին Ղարաբաղում:
Ի դեպ, բացի Ուկրաինային զենք մատակարարելուց Թուրքիան հայտարարել է, որ պատերազմ ծագելու դեպքում լիուլի կատարելու է իր պարտականությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ուղղելու համար իր երերուն վարկը այդ դաշնությանը, չնայած նախագահ Բայդենը հայտարարել է, որ չի ցանկանում Ուկրաինայում կռվել ռուսական զորքերի դեմ:
Մինչ ռազմատենչ հռետորաբանությունները ավելի են սաստկանում, ռուսական տանկերը շարունակում են առաջանալ դեպի Ուկրաինայի սահմանները: Հույս հայտնենք, որ առողջ դատողությունը կգերակայի, եւ պատերազմը չի սանձազերծվի:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆՙ Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմանեց
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)