Հարգելի «Ազգ»,
Որպես Խորեն Աբրահամյանի թոռ՝ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Ձեր թերթի հունվարի 29-ի համարում լույս տեսած Արծվի Բախչինյանի «Խորեն Ստալբե. «Իմ հայրը Խորեն Աբրահամյանն է… » նյութի համար: Խնդիրը բավական նուրբ է, սակայն ճիշտ եւ նրբանկատ մոտեցման շնորհիվ այն մատուցվել է շատ կոռեկտ, առանց սենսացիաների (ցավոք սրտի, նյութը առանց հեղինակի ու Ձեր թերթի թույլտվության փախցրած տարբեր կայքէջեր հանուն իրենց ռեյտինգի փոխել էին վերնագիրը՝ տալով էժանագին սկանդալային բնույթ): Այդպիսով հայ ժողովուրդը հայտնաբերեց իր զավակներից մեկին, իսկ Խորեն Աբրահամյանի ժառանգները՝ իրենց հարազատին:
Ի պատասխան շատերի հարցումների ասեմ, որ այնպես էր ստացվել, որ Խորեն Ստալբեի՝ 2019 թվականին Հայաստան կատարած կարճատեւ այցելության ժամանակ Խորեն Աբրահամյանի ոչ բոլոր ժառանգներն էին առիթ ունեցել հանդիպել նրան, սակայն Արծվի Բախչինյանի հարցազրույցի շնորհիվ բոլորս տեղեկացանք նրա մասին եւ արդեն իսկ հարազատական կապի մեջ ենք նրա հետ: Իր հայությամբ հպարտ, Լատվիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի պատերազմը բարձրաձայնող արվեստագետը մեծ ջերմությամբ արձագանքեց իր հայ հարազատների նամակներին:
Կարեւոր եմ համարում նաեւ նշել, որ տարիներ առաջ ինձ որոշ ինֆորմացիա հասել էր Ռիգայում ապրող հորեղբորս մասին, սակայն այն ժամանակ հնարավորություն չկար ստուգելու, մյուս կողմից էլ Խորեն Ստալբեն այդ տարիներին դեռեւս չէր հայտարարում, որ ինքը հայաստանցի նշանավոր դերասան-ռեժիսորի որդի է:
Այս պատմության հետ կապված այլ մանրամասներ այլեւս վերաբերում են միայն ընտանեկան շրջանակին: Սենսացիայի սիրահար մեր հանրությունը թող բավարարվի այսքանով եւ մեկընդմիշտ իմանա, որ Խորեն Աբրահամյանի ժառանգները ընդունում են եւ հպարտ են նրա կես լատվիացի որդիով, ինչպես Խորեն Ստալբեն է հպարտանում իր ժառանգությամբ:
Հարգանքով՝
ԼՈՒՍՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դերասանուհի
Հ.Գ.- Եթե իմ այս նամակին ինչ-որ լրատվամիջոցներ որոշեն անդրադառնալ, թող չկրկնեն նախորդ անգամվա սխալները եւ պարտադիր նշեն «Ազգ»-ը որպես սկզբնաղբյուր: