«Աննախադեպ զեղչերից», «կտրուկ գնիջեցումներից» ու «լիկվիդացիոն գներից» խուսափելու համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը շուտով կլրացվի նոր գլխով, որը վերաբերում է «ակցիա» եւ «զեղչ» հասկացություններին։ Առաջարկվող նախագծով սահմանվում է՝ ակցիան վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման ընթացքում ծառայություն մատուցողի կամ վաճառողի կողմից իրականացվող միջոցառում է, որն ուղղված է ապրանքի կամ ծառայության առաջխաղացման եւ իրացման ծավալների մեծացմանը։
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ օրինագծի, ժամանակակից առեւտրի եւ ծառայությունների իրականացման գործընթացում կարեւոր դեր ունեն ակցիաները, զեղչերը եւ այլ մարկետինգային գործունեության միջոցառումները (բոլորը միասին այսուհետ նաեւ՝ Ակցիա), որոնք սպառողներին հնարավորություն են ընձեռում ապրանքները ձեռք բերել կամ ծառայությունները ստանալ առավել գրավիչ եւ շահեկան պայմաններով։
Զեղչն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գործող գնի կարճաժամկետ նվազեցումն է։ Գնի իջեցումը չի համարվում զեղչ, երբ վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացնելու մասին եւ չի նշում գնի իջեցմանը նախորդող գինը։ Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տեւել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։
Իսկ ինչ վերաբերում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառմանը, ապա այն ակցիա իրականացողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է,որի արդյունքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գինը չի փոխվում, սակայն ակցիայի արդյունքում դրանց ձեռքբերումը դառնում է այլ կերպ շահավետ:
«Առեվտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում նշվում է, որ ներկայումս ակցիա իրականացնողների գործողություններում նկատվում են խնդիրներ՝ պայմանավորված ակցիայի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությամբ, որպիսի պայմաններում վաճառողների եւ ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող մարկետինգային միջոցառումների ընթացքում հանդիպում են ենթադրյալ հասարակությանը մոլորեցման դրսեւորումներ։
«Խելքին մոտ որոշում է, եթե իհարկե վերահսկվեն պատասխանատու մարմինների կողմից։ Երբեմն մթերային խանութներում «աննախադեպ» ակցիաների ու «կտրուկ» գնիջեցումների ենք հանդիպում, բայց դա ուղղակի մոլորեցնելու տարբերակ է»,- մեզ հետ զրույցում ասում է 61-ամյա Սուսաննան, ապա ավելացնում, որ խանութի մշտական հաճախորդը չլինելու դեպքում շատ հեշտ կմոլորվես ու կսկսես առանց գներին ուշադրություն դարձնելու գնումներ անել։
Զրուցակիցներիցս մյուսը` 28-ամյա Գոհարը, պատմում է, որ մի անգամ «ընկել» է բրենդային խանութներից մեկի ծուղակը ու հիմա գնումներ կատարելիս մի քանի անգամ զննում է ապրանքն ու գինը, ապա այն գնում․ «Աննախադեպ զեղչ միայն մեզ մոտ», երեւի բոլորս էլ հանդիպել ենք այս աչք շոյող արտահայտությանը։ Գնեցի հագուստը 70% զեղչով, իսկ զեղչային շաբաթվանից հետո պարզ դարձավ, որ զգեստը առանց ակցիայի ավելի էժան էր քան ակցիայի շրջանակում»։
Քաղաքացիների կողմից նշված, ինչպես նաեւ այլ խնդիրների լուծման նպատակով է անհրաժեշտություն առաջացել նախաձեռնելու օրենսդրական բարեփոխումների աշխատանքները։ Օրինագծում ներկայացված են մի շարք երկրների օրինակներ՝ վերաբերող «Առեւտրի մասին» օրենքին։
Օրինակ Էստոնիայի Հանրապետության «Առեւտրի մասին» օրենքի «Ապրանքների զեղչով վաճառքի վերաբերյալ հաղորդակցություն» վերտառությամբ 11-րդ պարագրաֆի համաձայն`
Զեղչված ապրանքների վաճառքի մասին հաղորդագրությունում «լիկվիդացիոն վաճառք» կամ այլ բառեր կամ արտահայտություններ կարող են օգտագործվել զեղչված ապրանքների վաճառքի մասին տեղեկատվություն տրամադրելու համար, եթե.
* զեղչն իրականացվում է սահմանափակ ժամանակահատվածով,
* գնման պայմաններում վաճառքի ենթակա ապրանքի գինը զգալիորեն ցածր է սովորական գնից:
Այսպիսով նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։