Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Դաստիարակության ոլորտում իր ուրույն տեղն ունի հեռուստատեսությունը: Մի անգամ արդեն առիթ ունեցել եմ` անդրադառնալով հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվող որոշ քստմնելի հաղորդումներին ու նմանատիպ սահմանում չունեցող տափակաբանություններին, որոնք իսկական մշակութային կողոպուտ են իրականցնում հեռուստադիտողի նկատմամբ:
Այդ թալանի ընթացքում իրենց ուրույն տեղն ունեն ֆիլմերը, որոնց մասին ցանկանում եմ խոսել: Անշուշտ, հիմա նորաձեւ է այն հայտարարությունը, թեՙ հետանկախության շրջանում հեռուստացույց չեն դիտում: Ես էլ չեմ ուզում պնդել, որ ամեն օր հեռուստացույց եմ դիտում, առավել եւսՙ դրանով հեռարձակվող նողկալի կադրերը, բայց ցանկանում եմ խոսել որպես մեկ-մեկ հեռուստացույց դիտող մարդՙ ընդգծելով, որ մասնագիտական որեւէ կապ չունեմ կինոաշխարհի ու ֆիլմարտադրության հետ:
Ի՞նչ է տալիս այսօր մեզ հայկական կինոաշխարհը: Թող ինձ ներեն մեր կինոյի մեծերըՙ այդ սիրողական կադրերը կինո անվանելու համար: Ո՞րն է սահմանումը կինոյի եւ ի՞նչ խնդիր ունի այդ կարգի ռեժիսորըՙ “ժամ լրացնելուց” բացի: Ասում ենՙ կինոն ինչ-որ տեղ պետք է արտացոլի նաեւ մեզ շրջապատող իրականությունըՙ մոտիկ ու հեռու: Ես վարդագույն ակնոցով չեմ նայում մեզ շրջապատող իրականությանը, բայց չեմ էլ ցանկանում հավատալ, որ այն այնքան տաղտկալի է, որքան ներկայացնում են ֆիլմերը, իսկ եթե այդպես է, ուրեմն վայ մեզ: Բայց մի՞թե կինոյի “շոշափման” ոլորտը միայն հանցագործությունների ու համալսարանական սիրավեպերի դաշտն է, կամ կենցաղային մակարդակից գոնե մի փոքր վեր չբարձրացողՙ հեռուստադիտողին թունավորող տգեղ “ներկայացումները”: Իսկ մյուս ոլորտնե՞րը. չկա՞ մի լուսավոր կետ, որին կարելի է անդրադառնալ: Օրինակՙ Արցախյան ազատամարտը համակողմանիորեն շոշափող քանի՞ ֆիլմ ունենք: Ինչ խոսք, կան, ստեղծվել են ֆիլմեր, որոնք ոչ թե բուն պատերազմի մասին են, այլ այդ պատերազմում հայտնված անհատի կամ անհատների մասին, իսկ դրանք, կարծեմ, տարբեր բաներ են: Կինոյի մակարդակով հայ հեռուստադիտողի պատկերացումները պատերազմի մասին սահմանափակվում են վերոհիշյալներից երկուսիՙ “Մի՛ վախեցիր”-ի եւ “Կյանք ու կռիվ”-ի շուրջ: Բայց պատերազմն այդպես չեն ներկայացնում: Օրինակները շատ են, հեռու չգնանք, միայն Հայրենական Մեծ պատերազմի մասին կարելի է թվարկել գոնե մի քանի տասնյակ հաջողված ֆիլմ, որոնք հաղթահարել են ժամանակի փորձությունը: Մեկ օրինակ միայն. “Բրեստի ամրոցը” շքեղագույն ֆիլմ է, որ պատմելով Բրեստի ամրոցի առման մասինՙ համակողմանիորեն շոշափում է պատերազմի մեկնարկն ու լրջությունը: Իսկ մենքՙ հայերս, “Արմենիա” ՀԸ-ի եթերում, շաբաթը չորս-հինգ օր “ծաղիկներ ենք փնտրում ձյան տակ”: Գրողը տանի…
Շատերն ասում ենՙ օրվա կինոյի որակը կապված է պահանջարկի հետ, բայց դա հեշտհերքելի պնդում է, որովհետեւ դեռ վերը նշեցի, որ կինոն միայն պահանջներ բավարարող չէ, այլ մակարդակ ստեղծող, մակարդակ բարձրացնող եւ դաստիարակող: Օրինակՙ 1962 աշնանը խորհրդային Հայաստանում տեղի ունեցած հայ կինեմատոգրաֆիստների հիմնադիր համագումարի ժամանակ, քննության առնելով հայ կինոյի օրվա վիճակը, կինոգետներից շատերը գալիս են եզրակացության, որ այն այսօր չի արդարացնում իրենՙ չկատարելով առաջադրված խնդիրները: Նրանք միաժամանակ նշում էին, որ կինոն չի կարող ինքնանպատակ լինել, ինչպես եւ ինքնանպատակ չի կարող լինել արվեստի որեւէ գործ: Բայց չմոռանանք, որ խոսքն այն շրջանի մասին է, երբ ստեղծվում էին հայկական կինոյի այնպիսի նմուշներ, որոնք այսօր արժեքներ են մեզ համար: Այսինքնՙ երբեք ազնիվ քննադատությունն ավելորդ չէ, որովհետեւ 1962-ից հետո ստեղծվեցին կինոյի եզակի նմուշներ:
Անդրադառնալով հայ կինոյի վիճակինՙ “Սովետական արվեստ” ամսագիրը հեգնական տոնով գրում էր.
“Անգույն, մեր կյանքն ու մարդուն աղքատիկ ձեւով ներկայացնող ֆիլմերի մեծ քանակ, սցենարական պորտֆելի պարտադրող աղքատություն, կինոաշխատողների մի մասի պրոֆեսիոնալ անպատրաստությունից էլ եկող ձախողումներ եւ, թվում է, մոտիկ ապագայի անորոշություն”:
Համագումարը մեծ աղմուկ առաջացրեց խորհրդային երկրում եւ ստիպեց լուրջ քայլերի դիմել. առաջինը եղավ Հայկական ԽՍՀ մշակույթի նախարար Հրաչյա Մարգարյանի “Սովետական արվեստ” ամսագրում հրապարակած հոդվածը, որում նա խիստ անբավարար գնահատականներ էր տալիս հայ կինոյինՙ այն անվանելով “միջակից չբարձրացող”: Նա շատ խիստ է դատում նաեւ կինոսցենարները, որոնք, ըստ նրա, անորակ ու մատների արանքով նայված էին: Ծանր մեղադրանքներ են հնչում նաեւ ռեժիսորների հասցեին, որոնք “գրեթե միշտ անկատար էին թողնում իրենց խոստումը”ՙ մատների արանքով նայելով նկարահանումներին.
“Վերհիշենք այն կինոնկարները, որոնք թողարկել է “Հայֆիլմ” ստուդիան վերջին տարիներին. “Ինչու է աղմկում գետը”, “Իմ ընկերոջ մասին”, “Փլուզում”, “Նրա երազանքը”, “Կոչված են ապրելու”, “Տժվժիկ”, “Թռիչք անդունդի վրայով”, “Հյուսիսային ծիածան”, “Փառքի օղակներ”: Եվ կտեսնենք, որ թողարկված ֆիլմերի գերակշիռ մասը, իր գաղափարական եւ գեղարվեստական մակարդակով միջակից չի բարձրանում”:
ՀԽՍՀ մշակույթի մինիստրը նշում էր, որ “Հայֆիլմ”-ի աշխատողները ինքնաքննադատության սովորույթ չունեն, “ստեղծագործական սկզբունքային հարցերում ինքնագոհություն են հանդես բերում” եւ գերադասում են աշխատել հեշտ ու պարզ ֆիլմերի վրա: “Իհարկե, վատ չի լինի տեսնել հայկական կրկեսի վարպետների արվեստը, տեսնել Գոհար Գասպարյանին եւ լսել նրա անզուգական ձայնը: Բայց չէ՞ որ այդ ամենի հետ մեկտեղ մեր կինոն խնդիր ունի վերարտադրել կյանքը, խոսել մեզ բոլորիս հուզող կենսական հարցերի, հասարակական պրոբլեմների մասին, ստեղծել ժամանակակից մարդու հարուստ կերպարը”,- գրում էր Հրաչյա Մարգարյանը:
Ամսագրի նույն համարում կինոգետ, թատերագետ Սաբիր Ռիզաեւը գրում էր, որ “Հայֆիլմ”-ի նկատմամբ ընդհանուր անտարբերություն կա. Հայաստանի կինոաշխատողների միությունը առանձնապես ջանք չի գործադրում, մշակույթի նախարարությունը “ձեւականորեն է ղեկավարում ստուդիան, գրողների միությունը բոլորովին չի հետաքրքրվում մեր կինոարվեստի ճակատագրով”:
“Թող որ այս հոդվածում ինչ-որ բան չափազանցված լինի, թող որ նորից մեղադրեն քննադատությանը, թե նա, իբր, չի ուզում ոչ մի լավ բան տեսնել ստուդիայի աշխատանքներում: Կարեւորն այն է, որ ստուդիան լավ աշխատի, որ հայկական ֆիլմերը միայն երրորդ կատեգորիայով չգնահատվեն, ինչպես գնահատվում են այժմ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության ֆիլմերի արտադրության գլխավոր վարչությունում”,- գրում էր Ռիզաեւը:
Ահա այսպես, խորհրդային ժամանակաշրջանում պատկան մարմինները պայքարում էին ավելի լավ, ավելի համապարփակ ընդգրկում ունեցող կինո ստանալու համար: Այդ պայքարի խթանիչն էր նաեւ հասարակությունը, որի ճաշակը կիլոմետրով բարձր էր այսօրվա հասարակության պատկերացումներից: Ո՞ւր կորան այդ մարդիկ վերջապես, ո՞ւր կորան այդ քննադատները, ինչո՞ւ են այսօր ընկել այս տիղմի մեջ եւ շարունակում ապրել այդ մթնոլորտում:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, երեւի, պարզ են, բայց ժամանակն ավելի լավ կգնահատի: Հետո: