ՆԱԻՐ ՅԱՆ
Մանիպուլյացիայով, կեղծիքով, շարվեշարան ստերով, զրպարտանքով, խմբագրված ու խմբավորված հարցերով, հարցերի պատասխաններից բխող նոր հարցեր տալու կամ արձագանքելու հնարավորություն չտվող փակ ասուլիս, որտեղ ֆեյսբուքյան մեկնաբանություններն էին անգամ կողպված:
Հանրային հեռուստատեսության եթերում Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հաջորդ իսկ օրըՙ հունվարի 24-ին, հերթական ասուլիսը տվեց:
Փաշինյանը հայտարարեց, որ պատեհ չի համարում մեկնաբանել, թե Արմեն Սագսյանի հրաժարականի դրդապատճառները բավարա՞ր են, թե ոչ: Նաեւ ասաց, որ հրաժարականից երեքուկես ժամ առաջ է իմացել Արմեն Սարգսյանի մտադրության մասին: Նախագահն է զանգել ու տեղեկացրել նրան:
Սաՙ Փաշինյանի խոսքը հալած յուղի տեղ ընդունողների համար, իսկ նրա քայլերի բուն նպատակները հասկացողները լավ գիտեն, որ Արմեն Սարգսյանը պետք է հրաժարական տար աշնանըՙ սահմանադրական բարեփոխումներից հետո, սակայն քանի որ բարեփոխումները ձգձգվում են, իսկ Փաշինյանի ասուլիսից պարզ դարձավ, որ շատ հավանական էՙ դրանք առհասարակ չլինեն, Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրաժեշտ տվեց Հայաստանին ու իր պաշտոնին:
Հետաքրքրական է, որ երբ նա 1996-ին երեք ամսով դարձավ Հայաստանի վարչապետ, կարճաժամկետ պաշտոնավարման իր հրաժարականը նույնպես Հայաստանում չտվեց:
Քաղաքագետներն ու վերլուծաբանները զգուշացնում են, որ նախագահի հրաժարականին հետեւելու են ոչ բարենպաստ ժամանակներ ու իրադարձություններ: “Նախագահն ուղղակի փախավ, խուսափեց ավելի վատ դեպքերի պատասխանատվությունից”,-միաբերան ասում են նրանք:
Նախագահի հրաժարականը Փաշինյանը ծավալուն մեկնաբանությունների թեմա չդարձրեց. Էրդողանն ու Ալիեւն իրենց առավել հետաքրքրող հայտարարությունների էին սպասում:
Բանակ
“Մենք Զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու”,- ասաց Փաշինյանը:
Աշխարհի ամենաագրեսիվ, ահաբեկչությունների որջ հանդիսացող պետության ղեկավարն անգամ նման հայտարարություն չէր անի: Աշխարհի ամենահետին, ամենահեղինակազարկված պետության ոչ թե ղեկավարը, անգամ ժեկի պետը նման խոսք չէր հնչեցնի: Մի կողմից սա նշանակում է, որ ըստ Փաշինյանիՙ Հայկական զինված ուժերը մինչեւ հիմա ուրիշի տարածքները նվաճելու խնդիր են դրած եղել իրենց առաջ ու կատարել են այդ խնդիրը, իսկ մյուս կողմից այս հայտարարությունը նշանակում է, որ մենք այսուհետեւ հլու-հնազանդ, ստրուկ, կամակատար, ծնկած կառույց ենք ունենալու, որին դժվար է անգամ բանակ անվանել:
30 տարի հաղթած բանակ ունեցող երկիրը, որի ժամկետային զինծառայողի ստվերից վախեցել է անգամ թուրք գեներալը, այսօր խոսում է ամուլ, խեղճացած, կռացած բանակ ունենալու երանելի նպատակի մասին: Այսինքնՙ մինչեւ հիմա ի՞նչ է արել մեր բանակը, ուրիշի հողե՞րն է նվաճել, մեր հարեւանների տարածքնե՞րն է մտել:
Դե եթե Փաշինյանը համարում է, որ մինչեւ 1990-ականները Արցախում ադրբեջանցիներ են ապրել, որոնք նույնքան իրավունքներ ունեն Արցախի նկատմամբ, որքան արցախցիները, Շուշին էլ դժգույն ու դժբախտ քաղաք է, ադրբեջանական ուժերն էլ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածք են մտել, ուրեմն նաեւ համոզված է, որ մինչեւ հիմա Հայոց բանակը նվաճողական ռազմավարություն է իրականացրելՙ գրավելով ադրբեջանական հողերը:
Վարչապետի աթոռը զբաղեցրած արարա՛ծ, լավ կլիներ իմանայիր, որ հայկական զինված ուժերը, Հայոց բանակը մինչեւ հիմա իրականացրել են անկախ Հայաստանի եւ անկախ Արցախի ինքնիշխան տարածքները պաշտպանելու, հայկական երկու պետությունների անվտանգությունն ապահովելու առաքելություն:
Քո երկրի սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է քո զինվորը. սա է սահմանազատման միակ ճշմարիտ կանոնը, որով առաջնորդվում են պետությունները, անգամ եթե տասնամյակներ շարունակ ունեն դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիր: Դա նվաճողական ռազմավարություն չէ, այլ արժանապատիվ, պետական ու ազգային շահը պաշտտպանող, անվտանգություն ապահովող գերագույն կառույցի գործառույթ, որը բնորոշ է յուրաքանչյուր նորմալ պետության:
Իսկ երբ նշում եսՙ “Մենք պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ”, չե՞նք տեսնում, թե ինչպես ես փորձում, ջանք ու եռանդ չես խնայումՙ ազատվելու բանակի պրոֆեսիոնալներից, ինչպես ես նրանց անվանազրկում, ինչպես ես շարքային զինծառայողից մինչեւ սպա, նսեմացնում, դարձնում պոտենցիալ գերի:
Ձմռան ցրտին մեր զինվորը վրանի տակ է քնում, թաց գետնին, մեր խրամատներն անպաշտպան են, չկահավորված, սպառազինությունը խայտառակ վիճակում է, իսկ Պաշտպանության նախարարը մի քանի տասնյակ հազարանոց դոլարի հարսանիք է անում:
Փաշինյանն ասաց, որ ինքը դեռ 2018 թվականին գիտեր, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում:
Սա պետական հանցագործություն կատարելու մասին խոստովանություն է: Փաստորեն, նա խոստովանում էՙ իր պաշտոնավարման սկզբին գիտեր, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, բայց 2020 թվականին երկիրն ու մի ամբողջ սերնդի տարավ դավադիր պատերազմիՙ ոչնչացման, կործանման:
Սրանից ավելի, էլ ինչպե՞ս պիտի աղաղակի այս անձը, որ 44-օրյա պատերազմը նենգադավ գործարք է եղել, որին սիրահոժար համաձայնել է, որպեսզի Արցախից ձեռքերը վերջնականապես լվա, իր համար ատելի Արցախից ազատվի: Հիմա էլ Արցախի փոքրիկ պատառիկի պաշտպանության պատասխանատվությունը գցում է ռուսների վրա: Հայտնի է, որ 2022-ի ամռանը Արցախից դուրս կգա վերջին հայ զինվորը:
Ադրբեջանի պատմության մեջ երբեւէ չի եղել մի ղեկավար, որն այսչափ պաշտպանի Ադրբեջանի շահը, որքան Փաշինյանըՙ լինելով Հայաստանի ղեկավար:
Հիմա էլ հայտարարել է, թե քովիդով վարակվել է ու ինքնամեկուսացել: Քովիդի դեմ 3 անգամ պատվաստվածը վարակվել է քովիդով: Սա նախ հերքում է իր նշանակած նախարարի պնդումները, հողին է հավասարեցնում պարտադիր պատվաստումների քարոզարշավը, թե միայն պատվաստվելով է հնարավոր չվարակվել քովիդով: Երկրորդՙ նա խուսափում է հունվարի 28-իՙ Հայոց բանակին նվիրված միջոցառումներին մասնակցելուց: Թերեւս կատարում է այլոց հրահանգըՙ ոտքդ չտեսնենք Արցախում, չհամարձակվես երեւալ Հայոց բանակի տարեդարձի արարողություններին:
Քովիդի թեստի “դրական” պատասխանը մի քիչ էլ Փաշինյանին ծառայեց. Նա Եռաբլուր չի գնա. չափազանց լավ է պատկերացնում, թե հունվարի 28-ին Եռաբլուր գնալովՙ ինչեր կարող են պատահել: Հերոսածին մայրերի ցասումն այլեւս սահման չունի. ու Փաշինյանը դա լավ գիտե:
Հայոց ցեղասպանություն:
Վարչապետի աթոռն զբաղեցրածը ինտենսիվորեն հրաժարվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումից, այդ հարցում Թուրքիային պատասխանատվության ենթարկելուցՙ ասելով. “Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, իսկ ցեղասպանության ճանաչման լոկոմոտիվը միշտ Սփյուռքն է եղել”:
Փաշինյանը, փաստորեն, մանեւրեցՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նույնացնելով Հայ դատի հետ: Անշուշտ, նա տարբերում է Հայ դատը Հայոց ցեղասպանության ճանաչումից: Աշխատելով իր ընտրազանգվածի վրաՙ նա այս հարցում էլ դիմեց մանիպուլյացիայի ու կեղծիքի, թե իբր Հայաստանի ոչ մի ղեկավար պահանջատիրական դիրքորոշում չի ունեցել, ի՞նքն ինչու պետք է ունենա:
Հայտնի է, որ 30 տարվա մեջ Հայաստանի որեւէ ղեկավար Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել, խոսքը մինչեւ հիմա վերաբերել է Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջին, նաեւ Թուրքիայիՙ հայերի նկատմամբ կատարած ցեղասպանության փաստն ընդունելուն:
Փաշինյանի խոսքից ստացվում է, որ անկախ, ինքնիշխան Հայաստանի որեւէ ղեկավար այս խնդիրը չի՞ բարձրաձայնել, այս պահանջը պետական մակարդակով չի՞ ներկայացրել:
Սուտ, զրպարտություն, որով նա արդարացնում է իր այսօրվա քայլերն ու թրքահպատակ, թրքահաճո քաղաքականությունն ու ծրագրերը:
Այսինքնՙ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ապրիլի 24-ը, Հայաստանի նախորդ ղեկավարների ապրիլքսանչորսյան ելույթները գոյություն չե՞ն ունեցել:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ապրիլի 24-ի Թուրքիան ահուդողով է սպասել, թե էլ ո՞ր երկիրն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, թե ԱՄՆ-ը հերթական անգամ ի՞նչ սանկցիաներով ուղերձ է հղելու Էրդողանինՙ սպառնալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մոտ 30 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ դա տեղի է ունեցել հիմնականում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաների աշխատանքի շնորհիվ: Գուցե կարելի էր ավելիին հասնել: Իհարկե, կարելի էր: Իհարկե, Սփյուռքը եւս մեծապես նպաստել է այդ գործընթացին, բայց Հայաստանի Հանրապետության դերակատարումն ուրանալը կամ նսեմացնելն ուղղակի անբարոյականություն է: Մյուս կողմից էլ Փաշինյանն իր հայտարարությամբ փորձում է նոր սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի միջեւ. Արցախից պրծավ, հիմա էլ թիրախում Սփյուռքն է:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տերելիցի միջոցառումները, “Հիշում եմ եւ պահանջում” կարգախոսը Հայաստանի Հանրապետության պետական դրսեւորում ու դիրքորոշում էր, որը պաշտպանվեց, տարածվեց, ծավալվեց Սփյուռքի ջանքերով ու շնորհիվ:
Փաշինյանը հող է նախապատրաստում հանրության լայն զանգվածների ընկալումների համար, որ Թուրքիայի հետ սիրախաղն ավելի անբռնազբոս դարձնի, “բարեկամության դարաշրջանը” թեթեւ ձեռքով, հանգիստ խղճով բացի: Մի՞թե դրա ապացույցը չէ, որ Երեւան-Ստամբուլ թռիչքից օգտվողների համար արտոնություն է սահմանվելՙ 3 տարի ազատվել օդի հարկից:
Մուստաֆա Քեմալը “Պայքար Հայաստանի դեմ” գրքում կետ առ կետ նշել է այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանին տիրելու համար:
Դրանք են՝
«1. Հայկական բանակի զենք-զինամթերքի առգրավումը՝ կանխելով նրա ռազմական կառուցվածքի վերականգնումը:
2 . Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական վերահսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքում և այդպիսով վերահսկել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները:
3. Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում, պայմանով, որ այն միշտ հայության աչքում ներկայացվի որպես խաղաղ»:
Սարսափելի է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարի ելույթները կրկնում են Մուստաթա Քեմալի ծրագրերը, նա նույնությամբ իրականացնում է Հայաստանի կործանումը երազող Քեմալի նպատակները: Քանի՞ անգամ է նա կրկնել “Խաղաղության պայմանագիր” արտահայտությունը:
Մի կողմից թուրքական, մյուս կողմիցՙ ադրբեջանական շահը. միասինՙ Մեծ Թուրանի ծրագիրը:
Փաշինյանը հայտարարեց. “Խաղաղություն Ադրբեջանի հետ լիելու է ամեն գնով”:
Նախորդ ասուլիսին էլ ասել է, թե այդ խաղաղության համար կորուսներ ենք տվել ու էլի ենք տալու: Իսկ վերջերս էլ հայտարարեց, թե խաղաղ օրակարգի համար մեզ ամուր նյարդեն են պետք:
Նա բաց տեքստով վերահաստատեց իր նպատակըՙ սողացող պատերազմ լինի, թե ակտիվ պատերազմ, ադրբեջանցիները 45 կմ մտնեն Հայաստանի ինքնիշխան տարածք, թե՞ 145 կմ, Ալիեւը Երեւան էլ հասնի, ազգը ցեղասպանվի էլ, մեկ է, Ադրբեջանի կամքն եմ կատարելու, պանթուրքական շահն եմ պաշտպանելու:
Նա ոչինչ չի թաքցնում, ամեն ինչ ասում է բաց տեքստով:
Ով աչք ունի, տեսնում է, ով ականջ ունի, լսում է, ով խելք ունի, հասկանում է, որ “ամեն գնով” ասվածն ամեն օր է իրականացվում: Արցախը կորցրինք. Ամեն բացվող օր մոտեցնում է Հայաստանը վերջնականապես թրքացնելու վերջաբանին: