Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թուրքիան՝ Հայաստանի հետ փոխհարաբերության նախադրյալներից մեկը համարել և համարում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Իրենց պաշտոնական դիրքորոշմամբ՝ «ցեղասպանություն» տերմինը չի կարող օգտագործվել, քանի որ «ցավալի իրադարձությունները եղել են 1948 թվականից առաջ»:
Ընդ որում, հենց այս օրերին դատախազը միջնորդել է արդարադատության նախարարին, որպեսզի հետաքննություն իրականացվի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կենտրոնական գործադիր խորհրդի 26 անդամի նկատմամբ՝ «Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար»։ Դարձյալ գործի է դրվում տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում «թուրքական պետությանը վիրավորելու համար»:
Մի կողմ թողնենք խնդրին առնչվող Հայաստանի Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումները, Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն կարող, իրավասու չեն անտեսելու սեփական դատական ատյանների 1919-21 թթ. մի քանի տասնյակի հասնող դատավճիռները, որոնց մի մասով ներկայումս «ցավալի իրադարձություններ» կոչված դեպքերը բոլորովին այլ կերպ են որակվել. «ԷԹՆԻԿԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀԱՅ ԱԶԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉՆԵՐԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ և ԿՈւՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆԱՋՆՋՈւՄ, ԱՅԴ ԹՎՈւՄ՝ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈւՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»:
Այդ դատավճիռներն արձակած դատավորները հետագայում՝ 30-ականների սկզբներին կախաղան են բարձրացվել, բայց դատական ակտերը մնացել են ուժի մեջ: Դատական ակտերով շատերը անգամ մահապատժի են դատապարտվել: Ընդ որում, Սողոմոն Թեհլերյանին առավելապես արդարացրել են այն հիմքով, որ վերջինս կյանքից զրկել է արդեն իսկ մահապատժի դատապարտված էթնիկական դրդապատճառներով հայության դեմ ոճրագործություն կատարելու կազմակերպիչներից մեկին՝ թալեաթին: Այլ հարց, որ այդ սրիկան Գերմանիայում օժտվել է կեղծ փաստաթղթերով ազատ տեղաշարժի իրավունքով:
Հայոց Եղեռնը էությամբ ճշգրիտ համապատասխանում է ցեղասպանության հանցակազմին, իսկ այդ արարքը հանցագործություն է որակվել դեռևս 20-րդ դարի սկզբներին գործող միջազգային իրավունքի աղբյուրներով, իսկ այն, որ դրան հետագայում ստույգ անվանում է վերապահվել՝ ցեղասպանություն, բնավ չի նշանակում, որ մինչ այդ տեղի ունեցած նմանաբնույթ ոճրագործությունները սոսկ «ցավալի իրադարձություններ» են եղել:
Հ.Գ. թուրքական ներկայիս իշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները …