ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Իրանի դեմ այսպես կոչված արտակարգ դրությունը, որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցներ այդ երկրի դեմ։ Դա ասված է երեքշաբթի օրը ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։
Բայդենն ընդգծել է, որ «հարաբերություններն Իրանի հետ դեռևս չեն կարգավորվել», և «1981 թվականի հունվարի 19-ի [երկկողմ] պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում է»։ Խոսքն ԱՄՆ-ի և Իրանի միջև ալժիրյան համաձայնությունների մասին է, որոնք հանգեցրին 1979-ի հեղափոխությունից հետո Թեհրանում ավելի քան մեկ տարի որպես պատանդ անցկացրած ամերիկացի դիվանագետների ազատմանը: Այդ փաստաթղթերում, մասնավորապես, ամրագրված է երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։